Ա
Առտվան ժամերգությունը նոր կը սկսեր, մթության մեջ կորսված դեկտեմբերի առտու մը, ցուրտ ու խոնավ. կոչնակը օդին ու բուքին մեջ կ՚արձակեր իր ընդհատվող վայունը, մինչդեռ թափուր եկեղեցին պանդուխտ քահանային ձայնովը կ՚արթննար, կը սարսռար իր քարակոփ պատերուն ու կամարներուն մեջ։
Տերտերը կ՚երկնցներ իր աղոթքը, սպասելով բարեպաշտներուն որոնք չէին գար. վասն զի ո՞վ կու գար եկեղեցի, ձմեռ ու լուր օր մը, այս չլուսցող առտվանցով։
Քահանան շուրջառը ուսին իր ժամերգությունը կը շարունակեր։
— Տեր զի բազում եղեն մեղք իմ և բազում անօրենությունք իմ։
Խուլ ու տարտամ ձայնով մը որ տիրող կես մթության կը հարմարեր, անտարբեր իր շուրջի միայնության, և անզգա ձայնագրի մը պես արտասանելով աղոթքին տուները. իրեն համար քսան տարվան սովորություն մը։
Հետո երկրորդ ստվեր մը տեսնվեցավ իր քովը. լուսարարն էր, այս որմերուն պահապանը, անոնց պես ամուր իր անտանելի պաշտոնին մեջ, սիրելով այս ստվերները, այս լքումը և կամարներեն կախված, կամ ասրբերու պատկերներուն առջև հաստատված կանթեղները, որոնք իր հիվանդագին զավակներն էին գրեթե, փութալով անոնց քով, մեկեն մյուսին, անոնց շարունակ սպառելու մոտ կյանքը արծարծելով։
Քիչ քիչ մեկ երկու հոգի ալ երևցան, ժամկոչը, հետո մուրացիկ ծերուկ մը իր փայտե գավազանին կռթնած. ու հետո երկու պանդուխտ որմնադիրներ, հազիվ քուներնուն արթնցած։ Հիմա առտուն կը ճշտվեր. կանուխ գործի գացող բանվորներ կու գային խաչ մը հանելու դրան մոտ և հաջողություն խնդրելու. ժամուն սովորական աղոթողները ասոնք։
Բ
Սարաֆը ուշ եկավ եկեղեցի այն առտու. Առավոտ լուսոին կեսին միայն հասավ, ինք որ ամեն օր զայն ծայրե ծայր ըսելուն կը պարծենար։
Դուրսը տիրող ցուրտին հակառակ, քրտնաթոր մտավ ներս, ծանրաշարժ ու պարարտ մարմնին բեռան տակ շնչասպառ. երեսը խաչակնքեց, ծնրադրեց, ֆեսը վար առած, ցույց տալով յուղոտ ու հերաթափ գանկ մը. հետո բարձրաձայն հառաչանք մը ելավ կուրծքին խորեն, խորեն.
— Մեղա՜ տեր։
Երբեք մեղա բառը այսքան ստույգ անձկությամբ, այսքան անկեղծ ապաշավի մը արտահայտության ձևով լսված չէր։ Դասին մեջ չոքած սարաֆին կլոր մարմինը, ծռած գլուխը, կիսափակ աչքերը, ողորմելի ու գթության արժանի պատկեր մը կը ձևացնեին աստվածային զայրույթին տրամադրության տակ դրված. և ինք հանցանքին մեծությանը չափ այսպես անկեղծ զղջումի մը գալով միայն թողություն կ՚ակընկալեր կարծես, երբ՝ հետզհետե կը կրկներ մարող, սպասող ձայնով մը, առանց քաշվելու զինքը լսողներեն.
— Մեղա՜ տեր, մեղա՜ տեր։
Հետո, թեթևցած, ոտքի ելավ ու իր հաստ ձայնը՝ տերտերին ձայնին միացավ. ու լուռ եկեղեցին կ՚ապշեր, կը խռովեր՝ ունկնդրելով այս մարդուն։
Ինքը՝ իր տանը մեջ ըլլալ կը թվեր. դասը, գավիթը, խորանը բոլորովին իրն էին անշուշտ. ինք կ՚ըսեր աղոթքը միայնակ, քահանայեն առաջ, բառերը հատիկ հատիկ, ամեն պարբերության նշանակությունն ու սրբությունը շեշտելով. պահ մը կը հոգներ, շունչ առնելու կը ստիպվեր, ու վայրկյան մը վերջը նորեն կը սկսեր, ընդմիջելով քահանային անորոշ մրմունջը և ծուռ ծուռ նայելով անոր երեսը, երբ սոխալ մը սպրդեր կամ վարանում մը տեսներ նոր տուն մը սկսելու ատեն։
Վայրկյան մը նորեն կը մասնավորվեր իր աղոթքը, անհամար ծնրադրություններու խառնված, համբուրելով գետնի աղտն ու փոշին, ու լալագին և սրտաշարժ ձայնով մը վերադառնալով իր անձին.
— Մեղա՜ տեր։
Գ
Մարտիրոս աղան այսպես էր ամեն առտու, անպակաս եկեղեցիեն, իր ներկայությամբը ապահովելով եկեղեցիին բոլոր ծեսն ու արարողությանց կանոնավորությունը, և ոչ մեկուն փախուստի ճամփա չձգելով շարականներեն բառ մը պակաս կարդալու համար։ Քահանան այս աշխարհականին բարեպաշտութենեն կը դալար. քարոզիչն ու թաղականփտրհուրդը կ՚ակնածեին իրմե և գյուղացին կը մեծարեր այս հավատացյալ աղան որ իր բոլոր հարստության հակառակ աղքատի մը պես խոնարհ ու աստվածավախ կը թվեր։ Պոլիս, իր խանութին մեջ, Մարտիրոս աղա մեծազոր մարդ մըն էր։ Հայր մայր չուներ, այլ հորեղբայրներու ու հորեղբոր որդիներու անհատնում շարք մը որոնք փոխն ի փոխ կու գային իր քով, սորվելու դրամ շահելու արհեստը, հաճախորդներու հետ վարվելու կերպերը, բայց գիշերները տունը սարաֆին հետ Եկեսցեի կենալը աչք առնելով։ Այսպես անոր մեյ մեկ մանրանկարները կը դառնային, Աստվածասիրությունը Դրամասիրության հետ հաշտեցնելու գաղտնիքը գտնելով։
Բայց անոնցմե ոչ մեկը աղային չափ հարստանալու հնարը կը տեսներ։
Իրենց ժառանգական վաշխառուի բոլոր ճարտարությամբը, ստակ փոխ տալու ձևով աշխարհ կողոպտելու բոլոր խորամանկությամբը, ոչ, այդ հարստության չէին կրցած տիրանալ, և ինքնիրեննին, երբ իրենց մեծավորին քով կեղծավորություն ընելե ու սպասավորի դիրք մը ունենալե տաղտկացած բերաննին բանային, կը հասկցվեր որ իրենց խելացի ազգականը ի՛նչպիսի դեպքերե կրցած էր օգուտ քաղել։
Դ
Հայրենիքեն գբեթե բոբիկ եկավ Պոլիս, նիհար ու վատույժ պատանի որ խաներու, քարուկիր սենյակներու խոնավության մեջ ծառայությամբ հավաքած հինգ հարյուր ղրուշով բացավ իր սարաֆի տոլապը, ճշմարիտ «տոլապ» մը զոր մինչև ալն օրը ոչ ոք իրեն չափ վարպետությամբ դարձուցած էր։ Իր հայրենի քաղքին մեջ զոր Մարտիրոս մեր երկրիը կը կոչեր, տիրացություն ըրած ու ժամասիրություն ժառանգած էր ադկե։
Իր աղքատության, որբության բոլոր թշվառությունները տիրացոփ զգեստը հագնելով կը մոռնար, և աստուծո առջև, աստուծո տան մեջ, իր անկյալ դիրքեն կը բարձրանար հանկարծ ուրիշներու հավասար ըլլալու և իր ջերմեռանդությամբը զանոնք գերազանցելու չափ։ — Եվ ի՞նչպես չսիրեր եկեղեցին ուր ո՛չ հարուստ ըլլալու, ո՛չ բախտավոր ըլլալու պետք կար աստուծո աչքին։ Այսպես երջանիկ ապրեցավ քանի մը տարի, մտածեց որ երկինքին թագավորությունը տնանկներու հատկացված է ու մխիթարվեցավ իր ներկա չքավորութենեն։ — Բայց երբ տասնըութը տարին թևակոխեց, բռնի Պոլիս ղրկեցին զինքը մարդ ըլլալու համար, իբրև թե աղքատ ըլլալուն համար մարղ եղած չըլլար մինչև այդ ժամուն։
Իր տաժանելի ուղևորության միջոցին, հետո շոգենավին մեջ և մանավանդ Պոլսո մեջ, իր համոզումները, սփոփանքները անբավական մնացին։
Ո՛չ, այս մայրաքաղաքը երկրին չէր նմաներ բնավ։ Ակնա տնակներուն երդիքը, գլուղացվոց շալվարը, կիներու աղտոտ լաչակը չտեսավ հոս, նոր աշխարհ մը՝ նոր գաղափարներ արթնցուց. վայելքի պետքը դրամի պետքը ցուցուց։ Իր բարեպաշտությունը որ մինչև այն ատեն անշահասեր էր, պահանջող, ուզան բերան դարձավ:
Մայր եկեղեցվո մեկ անկյունին մեջ քաշված՝ անհատնում աղոթքներու ու շարականներու քաղվածքով ստակ և դարձյալ ստակ ուզեց աստուծմե. և իր աշխատության փոխարեն առած չնչին գումարները որոնք զինքը կը շլացնեին, աստվածային պարգևներ կը համարեր և իր աղոթքներուն վարձատրությունը։
Այսպես իր առևտուրը աստվածասիրության հետ խառնված մնաց. այն բոլոր առիթները ուսկից դրամ շահելու կարելիությունը նշմարեց, իր օգտին համար աստուծո կողմե հատկապես կարգադրված նկատեց ու բան մը չհարցուց ա՛լ իր խղճին։ Աստված իր ըրածը չէ՞ր գիտեր միթե։
Ե
Անգամ մը միայն տարակոաեցավ, վարանում մը զգաց: Անոր բարեպաշտ մարդու համբավեն խաբված, իր մահամերձ բարեկամներեն մեկը մեծ, շատ մեծ, իր չտեսածին չափ մեծ գումար մը ավանդ հանձնեց իրեն, մահվընեն վերջը այդ գումարը ազգին ու իր ազգականներուն մեջ բաժնելու խնդիրքով. Մարտիրոս աղա նախ չհավատաց այս անակնկալ վստահության, հիվանդին անկողնին քով նստած, սենյակին դուռը գոց, նախ անդիմադրելի մարմաջ մը զգաց տեսնելով այդ գումարը զոր հիվանդը փոքրիկ սնտուկե մը կը հաներ. հետո հիվանդը հոն խղդելու և ստակները հափշտակելով փախչելու գաղափար մը ունեցավ, հիմարի գաղափար մը. բայց այս փորձությանց դիմադրեց. ի՜նչ հարկ անոնց. միթե աստված իր դեմը հանած չէ՞ր այս հիվանդը. ու աստուծո թողուց որ իր ուզածին պես տնօրինե ամեն բան։ — Մարտիրոս աղա նախ դիմադրեց, չուզեց ընդունի այս ավանդը, ցած ձայնով, վախնալով որ դրան մոտ սպասող մեկը չըլլար ու իմանար այս ավանդի խնդիրը, հետո քիչ քիչ տկարացավ, ավանդին պայմանները հարցուց. նախ է՛ն գլխավորը, տոկոս պիտի տա՞ր. ոչ, ըսավ հիվանդը, այն ատեն ա՛լ անձնատուր եղավ, ստացավ ավանդը, և աստվածանշունչեն հատվածներ բերավ մահամերձին ազգասիրությունը գովելու համար։
Հիվանդը մեռավ և հուղարկավորներուն մեջ Մարտիրոս աղա իր արցունքներովը անկեղծ ու անսահման կսկիծով մը ննջեցյալին ամենեն սրտակից բարեկամը համարվեցավ։
Հուղարկավորության տևած բոլոր միջոցին ամբողջ ճամփուն երկայնությամբը այս մեռած մտերիմին վրա խոսեցավ, բարեմասնությունները, պարկեշտությունը գովեց, անոր կյանքեն մասնավոր դեպքեր պատմեց և լացավ, մինչդեռ ուրիշներ, դագաղին ընկերանալով հանդերձ, իրենց քամիալին, քոնեշիմենթոին, փիացաին խոսքերը կ՚ընեին. Մարտիրոս աղա զայրացավ ու իբրե թե ինքը ըլլար այս անճահ խոսակցությունը ընող, կսկծալի ձայնով մը գոչեց.
— Մեղա՜ տեր։
Մարդիկը լսեցին վայրկյան մը, քանի մը քայլ ալ ըրին լռությամբ. հետո մեկը, պասմաի վաճառական մը, շարունակեց իր խոսքը.
— Աճեմներուն պերաթները ձեռքե հանելու է։
Զ
Մարտիրոս աղա անկե վերջը իր բարերարը նկատեց ննջեցյալը. թող չտվավ որ մեկը գեշ ըսե անոր վրա. միթե այս մեծ հարստությունը անոր չէ՞ր պարտեր. ո՛չ, ապերախտ մարդ չէր. հետո այդ ավանդը յուրացնելու համար խորհեցավ ամիսներով. նախ ըսավ որ իրավունք չուներ ուրիշին ինչքը գողնալու. վերջը ինքնիրեն հարցուց թե ինչո՞ւ աստված իրեն հանձնել տվավ այդ ավանդը և ոչ ուրիշի մը. այս հարցումը իր տարակույսները վանեց. աստված այս առիթը կը ներկայացներ իրեն հարստանալու համար, և ինք՝ իբրև խելացի մարդ՝ առիթեն օգուտ կը քաղեր, մինչդեռ անխելք մը այդ բանը չպիտի մտածեր. այսպես բացատրեց աստուծո կամքը և ճշմարիտ գոհունակությամբ մը ավելցուց.
— Կամք տյառն օրհնյալ եղիցի։
Անդին՝ ննջեցյալին ազգականները կարոտության, չքավորության մեջ կը մնային, անոր այրին Մարտիրոս աղային կը դիմեր պզտիկ օգնություն մը հայցելու համար, իբրե իր ամուսնին սրտակից բարեկամեն։
Մարտիրոս աղա չզլացավ այդ օգնությունը, բայց այս դիմումը իր տարակույսները նորեն արթնցուց. պահ մը խորհեցավ որ ըրածը ճշմարիտ գողություն մըն էր. բայց ո՞ր մեղքը թողություն չստանար եթե մարդս մեղայի գա. ու այս հույսով, սարաֆը թախանձագին ներում մը խնդրեց.
— Մեղա՜ տեր։
Պահ մըն ալ ըսավ որ ազգականներուն դրամը տա բայց ազգին դրամը պահե. ի՞նչ է վերջապես ազգին դրամը. չէ՞ մի որ ուրիշ մը պիտի ուտեր։
Այս վարանումներով կը պահեր, այսինքն կը գործածեր ստակը որ իր ճարպիկ ձեռքերուն մեջ արդյունաբեր կը դառնար, բարեբախտ դեպքերով կը կրկնապատկվեր, այնքան որ այս հաջողությունը իր գողության արդարացումը կ՚ելլար և իր զղջման ընդունելի եղած ըլլալուն ապացույց, զղջում մը զոր սովոր էր ա՛լ հայտնելու ամեն առթիվ, խորունկ հավատքի ձայնով մը.
— Մեղա՜ տեր։
1890