Աբգար Հովսեփի Օրբելի (1849 — 1912), հայ իրավաբանական գործիչ, դատավոր, փաստաբան: Հովսեփ Օրբելու ավագ որդին, Վարվառա Արղության-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների հայրը, Օրբելիների իշխանական տոհմից:
Կենսագրություն
Աբգար Օրբելին ծնվել է 1849 թվականին Հովսեփ Օրբելու ընտանիքում: Սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսումը ավարտելուց հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և որպես հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա՝ Քութայիսում: Հետագայում, տեղափոխվելով Թիֆլիս, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
Մահացել է 1912 թվականին:
Ընտանիքը
Աբգար Օրբելին ամուսնացել էր իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկի հետ։ Ունեցել են երեք որդի՝
Ռուբեն Օրբելի (փետրվարի 26, 1880 — մայիսի 9, 1943), հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում.
Լևոն Օրբելի — (հուլիսի 7 1882 — դեկտեմբերի 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ.
Հովսեփ Օրբելի — (մարտի 20, 1887 — փետրվարի 2, 1961), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ: