Ինտրա (Տիրան Չրաքյան, 1875, սեպտեմբերի 11, Կ. Պոլիս — 1921, հունիսի 6, Սլիվան (Աղձնիք նահանգ)), հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա։
Ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 11-ին Կ. Պոլսում: 1881-85 թվականներին սովորել է Կ. Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին Պերպերյան վարժարանում։1895-1915 թվականներին դասավանդել է գավառական և Կ. Պոլսի վարժարաններում։1921 թվականին ձերբակալվել է Թուրքիայի դեմ խռովություն սերմանելու մեղադրանքով, Կոնիայից քշվել Դիարբեքիր, տանջանքներին չդիմանալով մահացել գաղթի ճանապարհին։
Կենսագրություն
Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում։ 1881-1885 թվականներին սովորել է Կ. Պոլսի Սուրբ Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին՝ Պերպերյան վարժարանում։ Հաճախել է նաև Կ. Պոլսի Գեղարվեստական վարժարանը։ 1897 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու։ 1895-1915 թվականներին (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայկական վարժարաններում։
Զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906 թվականին լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան, և որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակէն դիտուած» (1906), «Կարծիքներ եւ կարծողներ» (1908) հոդվածներում։ 1908 թվականին հրատարակել է «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն։ Այս երկու գրքերի համար նա ընտրել է Ինտրա անունը (Տիրանի շրջափոխությամբ կազմված)։
Գրել է նաև էսսեներ, ճամփորդական ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն։
Չրաքյանի ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը։ Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական եւ գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»։ Ըստ Չրաքյանի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը։ «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ։ Չրաքյանի փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն։ Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են։ Նա քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը։
1895-1896 թվականների ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը, 1915 թվականից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։ 1914-1918 թվականներին ծառայել է թուրքական բանակում՝ որպես թարգման-քարտուղար։ Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները։ 1921 թվականին ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել Դիարբեքիր։ Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին։
Երկեր
Ներաշխարհ, Կ. Պոլիս, 1906, 252 էջ:
Ներաշխարհ, Պէյրութ, 1955, 192 էջ:
Ընտիր երկեր, Պէյրութ, 1974, 320 էջ:
Երկեր. Նոճաստան, Այլ բանաստեղծություններ, Արձակ էջեր, Քննադատական հոդվածներ, Նամակներ Վերժինին, Երևան, 1981, 432 էջ:
Ներաշխարհ, Երևան, 2006, 208 էջ:
Հովին ձայնը (Երկեր), գիրք Ա. Ներաշխարհ, Նոճաստան, Երևան, 2014, 504 էջ:
Հովին ձայնը (Երկեր), գիրք Բ. Էսսեներ, Հոդվածներ, Գրական դիմանկարներ, Գրախոսություններ, Երևան, 2014, 456 էջ:
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի