Մի սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետեւելով իրենց սարսափահար ներուն,
Սեւ ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում
Ու գնում են առաջ անիրական ձայնով,
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:
Վագոններում նստած ուղեւորներ անթիվ,
Իրենց առօրեական հոգսերի մեջ թաղված,
Կամ ծամում են երգեր, կամ խմում են գինի,
Կամ իրար են նայում հայացքներով շաղված,
Կամ քնում են եւ կամ իրար ընդմիջելով
Լիրբ, վավաշոտ, տխուր պատմություններ պատմում՝
Մի կերպ կյանք են դարձնում կյանքը աղավաղված:
Թանձրանում են դանդաղ լույսերը թու՜յլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռներն իրար վրա աղմուկներ են դարսում,
Ներս է մտնում ահա ուղեկցողը հարբած,
Նրա համար ոչինչ չկա այս աշխարհում,
Եվ աչքերը ասես նժույգներ են արնոտ՝
Մութ հոնքերի ծալվող աղեղներով թամբած:
Ու փնտրում են նրանք, այդ աչքերը վայրի
Անտոմս ուղեւորներ, մարդիկ, որոնք հիմա
Դրամ պիտի դնեն դեղին ձեռքերի մեջ,
Եվ նա պիտի առնի,
Ծռմռվելով ժպտա
Ու գոհանա, գնա:
Թանձրանում են դանդաղ լույսերը թու՜յլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռները խուլ դարձյալ աղմկում են մի քիչ,
Հեռանում է դանդաղ ուղեկցողը հարբած:
Ու էլ չկան արդեն անտոմս ուղեւորներ.-
Հիմա բոլորն արդեն օրինավոր որբեր,
Հիմա բոլորն արդեն հավասար են իրար,
Եվ էլ չկան ինչ-որ հարազատներ, խորթեր.-
Հիմա բոլորն արդեն վայրի այս թափորին
Եվ ճորտեր են, եւ տեր:
Անտու՜ն ուղեւորներ, անտու՜ն ուղեւորներ,
Ոչ ոք չի հարցնում ձեզ, թե դուք ու՞ր եք գնում,
«Անտու՜ն ուղեւորներ, անտու՜ն ուղեւորներ»՝
Վագոնների չորուկ չխկրտոցն է կրկնում,-
Անհայրենիք, անտուն կրակների նման
Ինչու՞ այս աշխարհի անկյուններն եք ցրվում:
Ու՞ր եք գնում արդյոք, ոչ ոք չի հարցնում ձեզ,
Եվ դուք կուչ եք գալիս անհայտության վախից,
Ձյուների մեջ ընկած արյան կաթիլի պես,
Կարծրանում եք՝ որպես մի ահարկու թախիծ:
Եվ սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետեւելով իրենց սարսափահար ներուն,
Սեւ ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում,
Ու գնում են առաջ անիրական ձայնով՝
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում: