Բնագրային վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ Մեսրոպ Մաշտոցի և նրա համախոհների կողմից սկսած լուսավորչական շարժումը բավական կարճ պատմական ժամանակահատվածում սպասված արդյունքների հանգեցրեց: Նրանց գործունեության շնորհիվ Հայաստանում մի ողջ սերունդ դաստիարակվեց ազգային-քաղաքական շահերի ոգով և ամբողջովին նվիրվեց երկրի անկախության վերականգնման գործին: Այդ սերնդի ներկայացուցիչներից մեկն էր նաև Մեսրոպ Մաշտոցի կենսագիր Կորյունը:
Կորյունի մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանվել են իր երկում: Մենք գիտենք, որ նա հայկական առաջին դպրոցում` Վաղարշապատի վարդապետարանում, եղել է Մաշտոցի ավագ աշակերտներից: Ուսման ավարտից հետո նա Հայաստանի գավառներում ուսուցչություն է արել, ապա, 424 թ. Ղևոնդ անունով մեկի հետ մեկնել է Կոստանդնուպոլիս` հունարեն ուսումնասիրելու և հունական մատենագրության մեջ հմտանալու համար:
Բյուզանդական կայսրության մայրաքաղաքում նրանք միացել են Մեսրոպ Մաշտոցի և Սահակա Պարթևի ավագ աշակերտներից Հովսեփ Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն. «պատահեց, որ մեր Հայաստան աշխարհից դիմեցին, իջան հունական կողմերը մի քանի եղբայրներ, որոնց առաջինի անունը Ղևոնդես էր, և երկրորդը ես Կորյունս էի, և Կոստանդինական քաղաքում մոտեցան, հարեցան Եզնիկին, իբրև ընտանեգույն սննդակցի, և այնտեղ միասին կատարեցին հոգևոր պիտույքի խնդիրը» (1): Այսինքն, Կոստանդնուպոլսում ուսում ստանալուց զատ նրանք զբաղվում էին նաև թարգմանչական գործունեությամբ:
Վերադառնալով Հայաստան` Կորյունը շարունակում է զբաղվել կրթական և քարոզչական գործունեությամբ: Իսկ իր ուսուցչի` Մեսրոպ Մաշտոցի մահից հետո նա մտորում է գրել նրա կենսագրությունը. «Մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում էի իրողությունները հիշելու, ահա եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա [Մաշտոցի] աշակերտի հրամանն այդ անելու համար, դրա հետ նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը»: Ստանալով կաթողիկոսի հրամանը` Կորյունը գրում է իր հանճարեղ երկը, որը վերտառել էր «Պատմութիւն վարուց և մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմաչի», համառոտ` «Վարք Մաշտոցի»: Ամենայն հավանականությամբ այն գրվել է 443-450 թթ. միջև (2):
Սակայն Կորյունի բնագրի հետ միասին մեզ է հասել այդ աշխատության ևս մեկ տարբերակ, որ հայտնի է Սուտ-Կորյուն անունով: Դրա վերնագիրն է «Ի յիշատակի պատմութեան վարուց երանելւոյ սուրբ վարդապետին Մեսրովբայ, զոր ասացեալ է նորին աշակերտի Կորեան» (3): Ինչ վերաբերվում է «Վարքի» բնօրինակին, ապա մեզ է հասել ոչ թե V դարի հեղինակային բնագիրը, այլ` XVII դարի Ամրդոլու վանքի մի ընդօրինակություն, որի գրիչը Սահակ Վանեցին է, և հետագա ուրիշ գրչություններ: Այն համգամանքը, որ դարերի ընթացքում Կորյունի գիրքը կարող էր ենթարկվել զանազան գրիչների ազդեցությանը, առիթ է տալիս որոշ հայագետների պնդել, որ այն մեզ է հասել փոփոխված տեսքով (4): Սակայն Ա. Մարտիրոսյանն իր «Մաշտոց» երկասիրության մեջ բավական հիմնավորված փաստարկներով ապացուցում է, որ Սահակ Վանեցու ընդօրինակած Մաշտոցի Վարքը լիովին համապատասխանում է Կորյունի բնագրին: «Կորյունի բնագիրը աղբյուրագետին կասկածի կամ տարամիտության ոչ մի առիթ չի տալիս: Այնտեղ չկա այնպիսի հատված, որ դուրս մնար կոնտեքստից: «Վարք Մաշտոցին» պահպանել է յուրօրինակ և զարմանալի ամբողջականություն» (5):
Կորյունի աշխատանքը V դարի հայ մյուս մատենագիրների գրքերից տարբերվում է, թե՚ ոճով, և թե՚ իր առջև դրված նպատակներով: Ի տարբերություն իր գործընկերների, Կորյունը նպատակ չի ունեցել գրել հայ ժողովրդի ընդհանրական կամ կոնկրետ մի որևէ ժամանակահատվածի պատմություն: Նրա խնդիրն էր գրել «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր տրված շնորհքը, այլև այդ մարդու լուսավոր ուսման և հրեշտականման առաքինի կրոնավորության մասին» (6): Իսկ այն հարցին, թե ինչու V դարի հայ մատենագրին պետք էր գրել նման աշխատություն, նա պատասխանում է իր երկասիրության վերջնամասում. «[Եվ այս] պատմեցինք ոչ ի պատիվ Աստուծու սրբերին, որոնք` ամենապայծառ հավատով ու վարքով ճանաչված` հարգվեցին, այլ ի քաջալերիչ օրինակ իրենց հոգևոր զավակներին և այն ամենքին, որ նրանց միջոցով աշակերտելու են սերնդե սերունդ» (7):
Փաստորեն Կորյունն իր գիրքը գրել է պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Մեսրոպ Մաշտոոցի աշակերտներն ու հետևորդները քաջալերվելու կարիք ունեին: Ուստի Կորյունի աշխատության նպատակները ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել գրքի գրման ժամանակաշրջանի քաղաքական և կրոնական անցքերը:
428 թ. Հայաստանի պարսկահպատակ մասում ևս իր գոյությունը դադարեց հայ Արշակունիների թագավորությունը: Վռամշապուհ արքայի մահից հետո Հայաստանում որոշ ժամանակահատված գահակալեց նրա որդի Արտաշեսը: Սակայն վերջինս գահազրկվեց պարսիկների կողմից: Օգտագործելով հարմար առիթը` պարսից արքունիքը թագավորի հետ միասին աթոռազրկեց նաև թարգմանչական շարժման առաջնորդներից մեկին` Սահակ Պարթևին: Այդպես Հայաստանում վերացան Արշակունիների հարստությունը և Լուսավորչի տան կրոնական բարձրագույն իշխանությունը: «Այսպիսով եկեղեցական բարձր իշխանությունը, — այդ կապակցությամբ գրում է Լեոն, — որ կարողացել էր այնքան մեծ հեղինակություն վաստակել երկրի մեջ, դառնում էր խաղալիք, պատահականությունների մատնված: Պարսկական կառավարությունն ամենից շատ այս հիմնարկությունից էր երկյուղ կրում, և հասկանալի է, որ պիտի օգտվեր այս հարմար առիթից` նրան մահացու հարվածներ հասցնելու համար» (8): Ստեղծված իրավիճակում առաջին պլան մղվեց հայ նախարարների դերը: Սակայն նրանք պարսից արքայի մոտ ամբաստանեցին իրենց արքային և խնդրեցին առհասարակ վերացնել ազգային թագավորությունը: «Եվ բանսարկուները կարծում էին, թե իրենց անմիտ խորհուրդով պիտի կորցնեին նրան, պատճառ դառնալով իրենց անձերի ու Հայոց աշխարհի մի բարի վիճակի և չգիտեին, թե ինչպես իրենց մեղքերի համար տակավին մաշվելու և չար ծառայության էին մատնվելու Աստծուց» (9):
Այդ ամենին հետևում է ազգային կյանքի մի անհանգիստ ու խառը շրջան: Հայ եկեղեցին ընկնում է ասորական եպիսկոպոսների գերիշխանության տակ, որոնք թալանում էին եկեղեցու գույքը: Նախարարների ցանկությամբ պարսից արքունիքի կողմից կաթղիկոս հռչակվեց Սուրմակ անունով ասորի երեցը, որն Աղբիանոսի տոհմից էր: Սակայն Սուրմակի հովվությունը դուր չեկավ հայ նախարարներին և նրանք պարսից արքայից նոր կաթողիկոս են խնդրում: Այդ ժամանակ Հայաստան է ուղարկվում Բրքիշո անունով ասորի մի այլ հոգևորական, որն էլ բազմում է հայոց կաթողիկոսական գահին: Բրքիշոն «Հայոց աշխարհը ժամանեց իր հայրենակիցներով, որոնք կրոնի տեսակետից թույլ էին, նրա հետ Ասորեստանից էին եկել իրենց աշխարհի սովորությամբ` տանտիկնանցով: Նրանք չէին ապրում ըստ սուրբ ու անբիծ հավատի, որ սուրբ նահատակ Գրիգորն էր կարգել ու հաստատել Հայոց բոլոր եկեղեցիներում» (10): Բնական է, որ ասորի հոգևորականների նման վարքուբարքը չէր կարող դուր գալ հայ նախարարներին և ժողովրդին: Նրանք դարձյալ դիմում են պարսից արքային` խնդրելով «տալ մի ուրիշ մարդ ըստ իրենց վարք ու բարքի» (11): Իսկ նախարարների կեսն էլ խնդրում էր վերադարձնել Հայաստան Սահակ Պարթևին:
Պարսից Վռամ թագավորը համաձայնում է ազատել Սահակ կաթողիկոսին, սակայն Հայոց կաթողիկոսական աթոռին գահակից է անում նաև Շամուել անունով մի ասորու, «որպեսզի մեծն Սահակին ընդդիմադիր և հակաթոռ լինի» (12): Վռամ թագավորի այս քայլը հստակ պատկերացում է տալիս հայ եկեղեցու հանդեպ պարսից արքունիքի քաղաքականության վերաբերյալ: Այն միանգամայն հստակ կերպով ցույց է տալիս, որ հայկական թագավորությունը վերացնելուց հետո պարսիկները նույնքան ջանք էին գործադրում, որպեսզի ջլատեն և մասնատեն նաև հայ եկեղեցին: Ընդ որում, այդ գործն իրականացնելու համար նրանք դաշնակցում են ասորական եկեղեցու հետ, որն ավանդաբար հավակնություններ է ունեցել հայ եկեղեցու նկատմամբ: Ժամանակին, ասորական եկեղեցու ներկայացուցիչները ամեն կերպ խոչնդոտում էին հայկական եկեղեցում հայերենի գործածմանը` որպես պաշտոնական լեզու: Սակայն Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի խելամիտ քաղաքականությունը հնարավոր դարձրեց շրջանցել ասորական արգելքը: Հետագայում, երբ հայկական թագավորությունն այլևս դադարել էր գոյություն ունենալուց, իսկ Սահակ հայրապետը գտնվում էր պարսկական գերության մեջ, ասորիներին հաջողվում է պարսից արքունիքի օժանդակությամբ ուժեղացնել իրենց դիրքերը Հայաստանում և նրանք դարձյալ վերսկսում են հայոց լուսավորչական շարժման դեմ ուղղված իրենց քաղաքականությունը:
Իրավիճակն է՚լ ավելի բարդացավ V դարի 40-ականներին` Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից հետո: Հայաստանում կաթողիկոսի տեղապահ դարձավ նրանց աշակերտ Հովսեփ Վայոցձորեցին, որի գահակալության տարիներին ասորի հոգևորականները հասան իրենց հզորության ու կարողությունների գագաթնակետին: Նրանք անխնա պայքար սկսեցին Սահակի և Մաշտոցի աշակերտների դեմ, ինչի արդյունքում հալածվեցին Խոսրովիկը, Մովսեսը, Ղազար Փարպեցին և ուրիշներ: Այն փաստը, որ ասորիների հալածանքները բավական մեծ վտանգ են ներկայացրել լուսավորչական շարժման ներկայացուցիչների կողմից, վկայում է նաև Կորյունը: Խոսելով իր համառոտագրությունների մասին` նա գրում է. «Ոչ թե սուտապատում ճարտարախոս լինելով մեր խոսքերով` իմ հոր մասին կարգեցինք [այս], այլ շատը թողնելով և նշանավոր գիտակներից քաղելով, այս համառոտը գրեցինք, որ ոչ միայն մեզ, այլև այս մատյանը կարդացողներին հայտնի է: Որովհետև իսկապես չէինք դիմանալ նրանց յուրաքանչյուրի բոլոր արածները գրքի մեջ նշանակելուն, ուստի պատսպարվեցինք այս ավելի հեշտ ու դյուրինով: Սրբերի բազմախուռն վաստակները թողեցինք, որպեսզի մանրամասնորեն պատմենք կարևորագույն հանգամանքները» (13): Այն հանգամանքը, որ Կորյունը նույնպես խուսափում է ասորիների վրեժխնդրությունից երևում է մեջբերված հատվածում կիրառված «չէինք դիմանալ» և «պատսպարվեցինք» արտահայտություններից: Փաստորեն նա ձգտել է գրել այնպիսի մի աշխատություն, որի քննադատությունն ասորիների կողմից պարզապես անհնարին կլիներ: Դա է պատճառը, որ Կորյունը չի նկարագրել «սրբերի բազմախուռն վաստակները»: Այդ իրողությունն է վկայում նաև Ա. Մարտիրոսյանը, որը գրում է.
«Ինչպես տեսնում ենք.
1. Կորյունը Մաշտոցի կենսագրությունը գրելիս իր իմացածի մեջ ընտրություն է կատարել և ամեն ինչ չէ, որ ներկայացրել է ընթերցողին:
2. Ընտրություն կատարել է ինչ-որ հանգամանքից ելնելով:
3. Գրի է առել այն, ինչը ընդհանուր ճանաչում է գտել ժամանակակիցների կողմից և դիտվել անվտանգ:
4. Նա պատսպարվել է առաքելականով, որ համարում է հեշտ ու դյուրին, բայց ինչ Մաշտոցն արել է առաքելական գործունեությունից դուրս, չի անգոսնում, այլ դիտում է իբրև «բազմախուռն վաստակներ»:
5.Վարքը գրել է իբրև քաջալերիչ օրինակ, որպես դաս սերունդներին և ըստ այդմ ներկայացրել Մաշտոցի կյանքը» (14):
Այն, որ Կորյունի նշված մոտեցումը պատճառաբանված է Թարգմանչաց շարժման ներկայացուցիչների դեմ ասորական եկեղեցու հալածանքներով, կարծում ենք, կասկածից վեր է: Հայաստանում գործող և պարսից արքունիքի շահերին հետամուտ ասորի հոգևորականները Թարգմանչաց շարժումը համեմատում էին «եռալեզվության աղանդի» հետ: Ղազար Փարպեցին պատմում է, որ նրանք հալածում էին թարգմանիչներին, այդ թվում նաև իրեն: «Արդ, ես ահա իմ գործածների համեմատ ընդունեցի պատիժը և հրեշտակների ու մարդկանց առաջ խոստովանում եմ: Իսկ ուրիշ առաքելանման մարդիկ ինչու՞ այսպիսի և սրանից էլ առավել տառապանքներ կրեցին այս աշխարհում և խստագույն վշտով վախճանվեցան:
Երանելի փիլիսոփա Մովսեսը, ար արդարև, մինչդեռ ապրում էր իր մարմնական կյանքը, արդեն երկնային զորականներին էր քաղաքակից, չէ՞ որ տեղից տեղ հալածվեց հայոց այդ աբեղաների ձեռքով: Չէ՞ որ նրա լուսավորող ու տգիտահալած գրքերը անգիտությունից փաթաղիկես էին համարում նրանք և էլի ուրիշ բաներով խայտառակեցին: Սակայն հետո այլոց տված ամոթանքից` մի խաբեական եպիսկոպոսություն մահադեղի պես խմեցրին այն սրբին և խեղդեցին… Անարատ և ամենքի հարգելի տեր Խոսրովիկը դեռևս մեր սահմանին չէր հասել տունդարձի ճանապարհին, երբ իմացան և իբրև թշնամու դեմ զինվեցին` ասելով. «Այդ մյուս թարգմանի՞չն ուր է գալիս»: Եվ օրհնյալը հեռվից հեռու լսելով մահաձայն աղեղների աղմուկը, աղոթեց Բարձրյալին ու շուտափույթ ընդունեց իր խնդրած մահը: Նրա տենչալի նշխարներն ուրիշները, և ո’չ թե մենք, արժանի եղանք ընդունելու… Եվ սրանց այսպես հալածվելն ու հայհոյանքներով հալածվելը մենք ոչ թե ինչ-որ ժամանակ երեկոյան զրույցներին ինչ-որ մեկի հաղորդածից գիտենք, այլ մեր օրերում, մեր ժամանակում կատարված տեսանք բոլորը» (15):
Ահա այս օրերում է ստեղծագործել նաև Մաշտոցի ավագ աշակերտներից Կորյունը: Նա, Ղազար Փարպեցու պես, ականատեսն էր իր աշակերտակիցների և գաղափարական ընկերների նկատմամբ ասորի հոգևորականների հալածանքների: Եվ որպեսզի Լուսավորչական շարժման գլխին կախված վտանգը չվհատեցնի շարժման ներկայացուցիչներին, որոշում է կայացվում զանազան ճանապարհներով ոգևորել, քաջալերել ազգային-քաղաքական շահերին հետամուտ լինող հայ հոգևորականներին: Ահա այդպիսի մի գործ է նաև Կորյունի հեղինակած «Վարքը»:
Փաստերը վկայում են, որ հետմաշտոցյան շրջանի Թարգմանչաց շարժման գաղափարախոսները քաջ գիտակցում էին ասորի հոգևորականներից բխող վտանգի չափը: Վռամշապուհ արքայի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեությունը բավական ուժեղացրել էր եկեղեցու դերը հայ ազգի քաղաքական շահերի հետապնդման գործում: Եկեղեցին հիրավի դարձել էր այն կառույցը, որը համախմբում էր ազգի բոլոր խավերը: Այն իր վրա էր վերցրել արդեն իսկ կործանված հայկական պետականության գործառույթների մեծ մասը և կազմակերպված կերպով ժողովրդին առաջնորդում էր դեպի ազգային-ազատագրական պայքար, դեպի Ավարայր: Եվ այդ պարագայում, երբ հայ եկեղեցին մնացել էր ազգային ինքնության պահպանման և հայկական պետականության վերականգնման միակ հույսը, միանգամայն անթույլատրելի էր, որպեսզի այն ընկներ օտարների ազդեցության տակ: Մանավանդ, որ այդ օտարները սպասարկում էին Հայաստանի դեմ քաղաքական և կրոնագաղափարական զավթողական ծրագրերը իրականացնող Պարսկաստանի շահերը: Եվ Լուսավորչական շարժման առաջնորդներն ու գաղափարախոսները, չնայած դաժան հալածանքներին, պայքարի ելան պարսից արքունիքի օգնությամբ Հայաստանում ուժեղ դիրք ձեռք բերած ասորի հոգևորականության դեմ: Եվ կրոնագաղափարական այդ պայքարի ընթացքում Կորյունը գտնվել է առաջին շարքերում, իսկ նրա հեղինակած Մաշտոցի «Վարքը», իբրև խորհրդանշան, ոգևորել է իր գաղափարակից ընկերներին` նպաստելով նրանց բաղձալի հաղթանակին:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հղումներ
_____________________
(1) Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 77:
(2) Տե՚ս Ա. Տեր-Ստեփանյան, Կորյուն, Հայ Մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր (գիտ. հոդվ. ժող.), Երևան, 1976, էջ 20:
(3) Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 20:
(4) Տե՚ս Ա. Մաթեւոսեան, Կորիւնի Մեսրոպ Մաշտոցի պատմութեան ձեռագրի մի թղթի տեղափոխութիւն, Հայագիտական մատենաշար «Բազմավէպ», թիվ 32, Վենետիկ, 1990:
(5) Ա. Մարտիրոսյան, Մաշտոց, էջ 155:
(6) Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 25:
(7) Նույն տեղում, էջ 101։
(8) Լեո, Հայոց պատմություն, հատ. 2, էջ 11:
(9) Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, էջ 29:
(10) Նույն տեղում, էջ 61։
(11) Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, էջ 270:
(12) Նույն տեղում, էջ 271։
(13) Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 101:
(14) Ա. Մարտիրոսյան, Մաշտոց, էջ 162-163:
(15) Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, էջ 483-485: