Լեռ Կամսարի ազատ ոգին ծյուրվում էր, շնչահեղձ էր լինում։ Պետք էր փախչել բոլշևիկյան բռնատիրությունից։ Փորձում է օգտվել իրանական անձնագրից։ 1932 թ. դիմում է Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսին, որ նորից վերադառնա Իրան, սակայն մերժվում է։ Ոչ մի ելք չէր գտնում բոլշևիկյան այդ դժոխքից դուրս գալու համար։ Իսկ հպատակվելն ու հարմարվելն իր էությունից վեր էր։
Կասկած չուներ, որ ձերբակալվելու է, որովհետև բոլշևիկյան արատների մասին խոսել էր բարձրաձայն, օրը ցերեկով։ Ո՜չ էր ասել լենինյան սոցիալիզմին։ Նա համոզված էր, որ մարդն աշխարհ է գալիս անհավասար և անհավասար էլ թողնում այս աշխարհը։ Բռնի հավասարեցումն անհնար է, քանի որ աշխարհի զարգացումը կանգ կառնի։
Ի՞նչ է նշանակում բանվորա-գյուղացիական երկիր։ Ինչպե՞ս կարող է բանվորը կամ գյուղացին կառավարել փիլիսոփային, գիտնականին, արվեստագետին։
Եվ ինչո՞ւ է սոցիալիզմը տարածվում բռնի՝ արյան և մահվան միջոցով։ Նորաստեղծ կուռքերն ինչո՞ւ սվինով են ուզում մտցնել իրենց գաղափարախոսությունը մարդկանց ուղեղը։
Իսկ ո՞ւր է կորել Աստված։ Եթե կա, գոյություն ունի, ինչո՛ւ տեր չի կանգնում իր իսկ ստեղծածներին, արդեն որերորդ անգամ ծառանում է նրա ըմբոստ ոգին։
Նույնիսկ Թուրքիայում նա չէր տեսել, որ արյունարբու բռնակալին դիֆերամբներ նվիրվեն։ Այս ի՞նչ զարհուրանք է բոլշևիզմը, որ կարող է ծնել մարդուկներ, որ իրար հերթ չտալով փառաբանում են ճիվաղ Լենինին և արյունռուշտ Ստալինին։
Վախը մարդու մեջ արթնացրել էր բոլոր ստոր բնազդները՝ քծնանք, լիզանք երեսպաշտություն, զրպարտանք, դավաճանություն։ Այսպես էլ զուլո՛ւմ սխալական աշխարհ, որ միշտ արդարությունը խոշտանգվում է։
Եվ երբեմնի չարաճճի երեխան, զվարթ, աշխույժ և սրամիտ պատանին, միայն ծիծաղ հարուցող կոմիկ դերասանը ընկճվեց, մռայլվեց, քաշվեց ինքն իր մեջ և ներանձնացավ։ Խռովեց Աստծուց, իրեն շրջապատող աշխարհից և ուրացող ու դավաճան մարդկանցից։
Հատված Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի առաջաբանից
***
1935 թվականի նոյեմբերի 25․․․
Չարագուշակ լույսը գաղտագողի տարածվում էր Չարի թագավորության կողմից բռնազավթված մռայլ ու մեռյալ Երևանի վրա։ Կրեմլի վիշապը ավեր-զավեր, արյուն-արցունք, մահ ու կոտորած էր հեղեղում աշխարհի մեկվեցերորդի գլխին։
Այդ աղետալի մթնալույսին երկու սվինավոր չեկիստ ներխուժեցին Լեռ Կամսարի տուն։ Կինն ու երեք մանկահասակ երեխաները ժահրատեսիլ սվինավորների տեսքից սմքեցին և տեղում քարացան։
Տունը մի քանի րոպեում քաոսի վերածվեց խուզարկության ժամանակ։
Բռնագրավելով երգիծաբանի ձեռագրերը և նամակները, չեկիստները երկու կողմից շրջապատելով, երևանի փողոցներով տարան նրան դեպի Անհայտություն և երկարատև Մոռացում․․․
Վանուհի Թովմասյան
Բանտարկյալի հուշերից Լեռ Կամսար
Ես ձերբակալվեցի 1935 թվի նոյեմբերի 25-ին և դատապարտվեցի 20 տարվա տաժանակրության։
Թե ո՞ր հանցանքիս համար, մինչև օրս էլ չեմ հիշում։
Չեմ հիշում ես, որ մեծ հիշողության տեր մարդ եմ։
Ես հիշում եմ, թե ինչպես 15 տարի առաջ իմ մեկուսարանում պառկածս ժամանակ ներս թռավ մի ծիտ և առաստաղին կպած ծրտեց աչքիս մեջ, բայց չեմ հիշում, թե իմ «դատավարությանը» ի՞նչ հանցանք առաջադրեցին ինձ դատավորներս։ Մի բան, որից կարելի է ենթադրել, որ իմ գործած հանցանքը ծտի ծերտից էլ փոքր է եղել։ Այլապես պիտի հիշեի։
Ասենք, մեր երկրում բանտարկվելու համար այնքան էլ հանցանքի կարիք չի զգացվում։ Բռնում են անմեղ, ստիպում են ինքդ քեզ համար հանցանքներ որոնես, տաս դատավորի ձեռքը, որ քեզ դատապարտի։
Այդ էլ կարելի է ու զարմանալի չէ։ Միայն թե ժամանակ տային մտածելու։ Մանավանդ ինձ, որ բնականից մի փոքր շատ եմ անմեղ և հանցանք ճարելու համար շատ երկար պիտի մտածեի։
***
Երբ ինձ երկաթուղի դրին Սիբիր քշելու՝ Երևանում սաստիկ տոթ էր։
Բայց ես արդեն սկսեցի դողալ սաստիկ ցրտից։ Հենց վագոնում սկսեցի սառչելու փորձեր կատարել, որ Սիբիրում հանկարծակիի չգամ։
Ա՜խ, եթե ինձ հաջողվեր հենց Երևանում սառչել ու Սիբիրի արհավիրքները չտեսնել․․․
Որովհետև Սիբիրում իմ միակ ցանկությունն էր մեռնել, և Երևանի տաք հողում թաղվել։ Ու սաստիկ զարմանում եմ՝ թե ինչո՞ւ տաք երկրում ապրողները չեն շտապում մեռնել։ Քսան տարի Սիբիրում ապրելը հեշտ է, իսկ հավիտյան այնտեղ մեռնելը՝ զարհուրելի։ Որովհետև մի անգամ թաղվելուց հետո գետինն այնպես է սառչում, որ այնտեղից դուրս գալու այլևս ոչ մի հնար չի լինում։ Եթե Հիսուսը խաչվելուց հետո թաղված լիներ Սիբիրում, ոչ թե երեք օրից հետո, այլ երեսուն դար էլ աշխատեր, չէր կարող հարություն առնել։ Այնտեղ հողը դինամիտով են պայթեցնում, իսկ եթե Հիսուսն իր գերեզմանը դինամիտով պայթեցներ, գերեզմանից դուրս գալուց հետո քառասուն օր երկրի վրա ման չէր գա, այլ անմիջապես երկինք կհամբառնար, իհարկե, մեծ կտորը ականջն ունենալով։
Եվ Սիբիրում թաղվածները երբեք «վերջին դատաստանին» չեն ներկայանա։
Գաբրիել հրեշտակի դա՞րդն է կտրել դինամիտ պայթեցնելով այնտեղ, մեռածների հոգիները երկինք տանել դատելու։
Նրանց դատավճիռը կլիներ «ի բացակայության»։
***
Սովետական մարդն իր «ազատ» վիճակում էլ բանտարկված է, որովհետև իր երկրից դուրս գալու իրավունք չունի։ Այդ վիճակում, երբ բանտարկում են մարդուն, նա հագնում է կրկնակի բանտ։
Բայց բանտերի շարանը դրանով էլ չի վերջանում, որովհետև երկրորդ բանտի մարդն էլի հնարավորություն ունի նոր հանցանքներ գործելու և երրորդ բանտն ընկնելու, որը կոչվում է մեկուսարան։
Այսպիսով, մարդը դառնում է ձվի դեղնուց, շրջապատված կեղևով․․․
Եվ մեր պետությունն այդ մարդուն անվանում է «աշխարհի ամենաազատ մարդը»․․․
Լավ չէ՞ր, որ Աստված մարդուն անասուն ստեղծեր, որ նա լեզու չունենար այսքան խոշոր սուտ խոսելու։
Եվ մեզ մոտ բանտերն այսպես անվերջ են նրա համար, որովհետև հանցանք գործելը սաստիկ դյուրամատչելի է։ Աջ ոտքդ գցես հանցավոր ես, ձախը գցես՝ հանցավոր ես։
Մեզ մոտ հանցագործությունը առանձին ֆիզիկական ուժ չի պահանջում, նա ավտոմատ է․․․
***
Տաժանակրությանս առաջին տարին բեռնակիր էի։ Գետանավի ապրանքներ էինք դատարկում, այն ճոճուն սանդուղքների վրայից ափ հանելով։
Ես ֆիզիկական աշխատանքի անսովոր՝ բեռս ծանր։
Մի անգամ հավասարակշռությունս կորցնելով՝ բեռանս հետ գետը գլորվեցի։ Բրիգադիրը լողվորներ ջուրը գցեց փրկելու ոչ թե ինձ, այլ իմ բեռը։ Ես փրկվեցի լողվորներից մեկի ոտներին կառչելով։ Լողվորը քացի էր տալիս ինձանից ազատվելու, ես մեռնողի ճիգով կպել էի նրա ոտքին։ Վերջում բեռս ազատելուց հետո, ի միջի այլոց նաև ազատեց ինձ։
Դրանից հետո ինձ դատեցին։ Չիմացա ազատվելո՞ւս համար, թե ուժիցս վեր ծանր բեռ տանել չկարողանալուս համար։ Հավանաբար, երկուսի համար էլ։ Որովհետև ո՞վ է տեսել այս երկրում, որ մարդ ցանկանա ապրել և հանդգնի գետում չխեղդվել։ Ո՞վ է տեսել, որ մարդ ուժ չունենա ամեն ծանրության բեռ տանելու։
Անգամ ճոճվող սանդուղքի վրա․․․
Այստեղից հանցանքների նոր շարան։ Բանն այնտեղ կարող է հասնել, որ չպատժվելու համար դու աչք պետք է առնես Մասիսն անգամ շալակել և անցնել․․․ ճոճուն սանդուղքի վրայից։
Հանցանքի աբստրակցիա․․․
***
Երկրորդ տարին չորս ընկերներով լծված, գերաններ էինք քարշ տալիս գետափ չորս սահնակներով։ Առաջին սահնակին լծված էինք մենք՝ մարդիկս, երկրորդ սահնակին՝ եղջերուներ, երրորդին՝ ձիեր, չորրորդին՝ շներ։
Եթե եղջերուները, ձիերն ու շներն էլ սոցիալիստներ լինեին՝ մենք կարող էինք «սոցմրցման» պայմանագիր կնքել իրար հետ և «կարմիր տախտակին» արժանանալ։
Բայց մեր անասուն կոլեգաներն անհատապաշտ էին, իրենց տրված կերը ուտում էին առանց ցեղակիցներին հաշվի առնելու։
Մի օր քաշող շներից մեկը սատկեց, նրա փոխարեն պատիվ ունեցա ինքս լծվելու։
Ես պայթելու աստիճանի ուժ էի գործադրում միանգամայն վստահ, որ իմ նախորդ շան նման անպատիվ չեմ սատկի, այլ որպես մարդ, պատվավոր կմեռնեմ։
Հետո՝ ես ախր հայտնի գրող եմ։ Ամերիկայում հրատարակվող մի հանդես ինձ անվանել է «Ներկայումս ապրող մեծագույն հայ երգիծաբան»՝ հնարավո՞ր բան է, որ «սատկեմ»։
Եվ ոչ մեռնեմ, և մեռնելուց հետո էլ․․․ անմահանամ։
Ա՜խ, եթե իմ լծակից շները կարդալ իմանային, ճանաչեին իմ ով լինելը, արդյոք ավելի հարգանքով չէի՞ն վերաբերվի ինձ հետ, քան Սովետական կառավարությունը․․․
***
Երբ կալանավորներին քշում են հեռավոր անտառ նոր լագեր կառուցելու, սկզբում շինում են բանտ ընդհանրապես հանցավորների համար, նրա կողքին էլ մի շարք մեկուսարաններ, ավելի մեծ հանցագործներ բանտարկելու։
Մենք ուղարկված էինք այդպիսի ամայի անտառ նոր լագեր կառուցելու գերաններից։
Դեռ գործը չսկսած մեզանից հինգ հոգի հիվանդացան, բայց չկարողանալով իրենց հիվանդ լինելն ապացուցել՝ սիմուլյանտ* հռչակվեցին և պիտի իրենց պատիժը կրեին մեկուսարան-բանտերում։
Նույն երեկոյան հինգ հիվանդներից երեքն իրենց հիվանդությունները հաստատելու համար մեռան, իսկ երկուսը շտապ մեկուսարաններ սկսեցին կառուցել, որ բանտարկվեն։
Կարե՞լի բան է պատիժն անորոշ ժամանակով հետաձգել։
Ինչո՞ւ ամեն կալանավորի շալակին չեն բարձում մի մեկուսարան, որ հանցանք գործելուն պես մեջը նստի և․․․ ինքն իրեն շալակի։
***
Եվ ահա մի ամսից ավելի է, ինչ ես պառկած եմ մեկուսարանում մեն մենակ։
Իմ միակ ընկերներս երկու ծտանման մանր թռչուններ են, որոնք բույն են շինել խցիկիս առաստաղում և ապրում են իրենց համար։
Նայում եմ նրանց և ասում․
— Երանի ձեզ։ Դուք ապրում եք կարճ ճանապարհով։ Այսինքն միմիայն ուտում և սիրում եք իրար։ Չգիտեք ի՞նչ է սոցիալիզմ, Սովետական կառավարություն, Չեկա, բանտ, աքսոր ու տաժանակրություն։ Իսկ չճանաչել այս բոլորը, նշանակում է լինել աշխարհում ամենաերջանիկը։ Ուզում ես թռչուն եղիր, կենդանի, թե գազան։
Ձեր խոսք տալն իրար ու ամուսնանալը մեկ է լինում, իսկ որ մարդ լինեիք՝ նշանդրեք, թաբախ*, դհոլ, զուռնա, ամուսնություն ու բաժանում։
Ինչքա՜ն չունեք այն ավելորդ բաները, որ մարդիկ ունեն։
Փառք տվեք արարչին, ուրեմն, որ մարդ չեք ծնվել։
Մարդկությունն ավելորդաբանություն է։
Եթե ոչ գազանություն…
1964թ. անտիպ