Վահագն Դավթյանը Պարույր Սևակին նվիրված բանաստեղծություն էր գրել այդ օրը, կարդաց ու խոսեց.
— Գիտե՞ս, Սիլվա, արդեն 10 տարուց ավելի է, ինչ Պարույրը չկա, ու երբ գրիչը վերցնում եմ հուշեր գրելու, զգում եմ, որ չեմ կարողանում. նա ինձ համար երբեք հուշ չի դառնում: Վթարից մեկ ժամ հետո Արարատի շրջանի հիվանդանոցում էի: Ասես քնած լիներ, միայն քունքին փոքրիկ,
շատ փոքրիկ , մի աստղաչափ վերք կար․․․
Բժիշկն ասաց, որ կինը՝ Նելլին, մահամերձ է , և ձեռքով անվերջ կողքի անկողինն է շոշափում ու կրկնում. «Ու՞ր ես Պարույր…» …
Պատմեց նաև, թե ինչպես են ծանոթացել ինքն ու Սևակը ․«Պատերազմից վիրավոր վերադարձել էի: Տրամվայի կանգառում ինձ ծանոթ մի աղջկա՝ Սուսաննային տեսա ,անշուք արտաքինով մի տղայի հետ էր։ Ծանոթացրեց ,
զրուցեցինք: Մի երկու կանգառ չէինք գնացել և այդ տգեղ պատանին՝ ամենագեղեցիկը դարձավ:
Պարույրի հետ մեր առաջին հանդիպումն էր դա։ Մի խորը հոգոց հանեց, վա՜խ , Պարույր ջան , ասելով․․․
Համալսարանում սովորելու տարիներին առաջին զեկուցումը իմ մասին Պարույրը կարդաց: Նույնիսկ միասին բանաստեղծություն ենք գրել: Պարույրը թղթերի մեջ պահած է եղել, վերջերս Ալբերտ Արիստակեսյանը ասաց:
Ի դեպ Դավթյանը ինձ խնդրեց, որ անպայման կարդամ Սևակի վաղ շրջանի գրված գործերը: Ինքը մի քանիսը անգիր գիտեր, արտասանեց . «․․․Քանզի դու էիր միայն, հասկացար ապրումներս խելագար…», «Ճաշակած մայրական գգվանքի կարոտի լեղին…»: Զարմանալի հիշողություն ուներ Վահագն Դավթյանը, կարող էր ժամերով անգիր ասել սիրած բանաստեղծությունները, նաև ռուսերեն, բայց երբեք չլսեցի, որ իր գործերից արտասաներ…
…Կինո «Նաիրի»-ի հարևանությամբ մի հանրակացարան կար, այժմ «Հյուրերի տուն» է կոչվում, անցնում ենք կողքով:
Ցույց տվեց այն սենյակի պատուհանը, որտեղ ուսանողական տարիներին ապրել են Պարույր Սևակը, Վազգեն Գևորգյանը, Սուրեն Աղաբաբյանը և ինքը՝ Վահագն Դավթյանը: Ամենավերջին պատուհանն էր, ասաց. «Ծայրահեղ սենյակ» էինք դրել անունը: Պարույրը շատ օրինակելի ուսանող էր. ա՜յ մարդ, գիշերները, որ քունը չտանի, ոտքերը դնում էր սառը ջրով տաշտի մեջ, սեմինարի համար Մարքսի «Կապիտալ»- ը մշակում… Երկու տարով ինձնից փոքր էր, բայց ինձնից բարձր կուրսում էր սովորում, չէ՞-որ, ինձ դպրոցն ավարտելուց հետո մտցրին ապրանքատար վագոնի մեջ ու տարան պատերազմ: Գիտե՞ս, հրաշք է, որ ես ապրում եմ. իմ ծնված թվի տղաներից ընդամենը 3 տոկոսն է վերադարձել պատերազմից: Մի հրաշալի ռուս հրամանատար ունեինք՝ Միշուլին ազգանունով: Գերմանացիները հենց ռմբակոծում էին, ինձ ուղարկում էր զինվորական խոհանոց: Գիտեր, որ բանաստեղծություններ եմ գրում, ինքն էլ Եսենին էր պաշտում…
Սիլվա Յուզբաշյան
ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ 1982թ. հունիս
Աղբյուր՝ Վահագն-Դավթյան։