Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Գյումրին աչքի է ընկել իր պատմաճարտարապետական հուշարձաններով, հետաքրքիր ավանդույթներով և ավանդազրույցներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը՝ սկսելով Գյումրու պատմությունից, պատմական հուշարձաններից:
Գյումրի
Գյումրին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ: Այդ կապակցությամբ ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն ասել է. «Նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչև Իշկիկուլու երկիրը»: Նախկինում քաղաքն ունեցել է Կումայրի, այնուհետև՝ Ալեքսանդրապոլ, Լենինական անվանումը:
«Սև» և «Կարմիր» բերդեր
«Սև» բերդը, որն այժմ պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին, մեծամասամբ ծառայում է՝ որպես համերգային սրահ:
Ցարական ժամանակաշրջանում կառուցված բերդն աչքի է ընկնում յուրօրինակ պատմաճարտարապետական ոճով: Այն կառուցվել է Նիկոլայ I-ի օրոք՝ 1837 թվականին՝ Ալեքսանդրապոլը վերածելով բերդ-ամրոցի: Բերդի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո, որին գումարվեցին նաև ռուս-թուրքական պատերազմները: «Սև» բերդը, որը որոշակիորեն նման է ֆրանսիական «Ֆորդ Բոյար» ծովային ամրոցին, մեր տարածաշրջանում եզակի պատմաճարտարապետական հուշարձան է հանդիսանում:
«Կարմիր» բերդը, որի շինարարությունն ավարտվել է 1864 թվականին, որպես ռազմական ամրոց՝ պատկանում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային: Այն հանդիսանում է զենքի պահեստ: Ռազմական և պաշտպանական նշանակության այս ամրոցը, սակայն, ոչ մի պատերազմի ժամանակ չի օգտագործվել:
Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի
Սա «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու լուսանկարն է, որն արվել էր 1878 թվականին լուսանկարիչ Դմիտրի Նիկիտինի կողմից՝ տեղ գտնելով «Ալեքսանդրապոլի ջոկատի ալբոմ» ժողովածուում:
Եկեղեցու ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է եղել: Այն կառուցվել է 1859-1873 թվականներին՝ Գյումրու բնակչության հանգանակությունների շնորհիվ։ Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին:
«Մշակ» թերթ. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչև հիմա 80.000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»։
Եկեղեցին դիմացել է 1926 թվականի երկրաշարժին: Սակայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ «Սուրբ Ամենափրկիչն» ավերվել է, այնուհետև՝ լիովին վերանորոգվել: Խորհրդային իշխանությունները փորձել են 1932 թվականի քանդել եկեղեցու զանգակատունը տանկերով, հետո պայթեցրել այն։ Սակայն 1964 թվականին Գյումրու գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է եկեղեցու զանգակատունը:
Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցում, որը վերափոխվել էր համերգային դահլիճի, ելույթ է ունեցել «հայկական սոխակը»՝ Գոհար Գասպարյանը:
Հնչել են Մոցարտի, Բախի և Կոմիտասի անզուգական ստեղծագործությունները:
Գյումրու Ռուսթավելի փողոց
Ազգագրագետ Անդրանիկ Շահինյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ փողոցը վրաց էպոսագետ Շոթա Ռուսթավելու անունով է կոչվել, ում մասին հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում հայտնի գրող Հովհաննես Թումանյանը:
«Եթե փողոցին անդրադառնանք, ապա այն հայտնի է եղել Այհայի դար անվանումով: Դա կապված է մի ավանդազրույցի հետ, որի մասին մեզ պատմում են տարեց մարդիկ: Ինչպես գիտենք, Գյումրիում տարածված է եղել, երբ տղամարդն անցնելիս է եղել, կինը պետք է անպայման ոտքի կանգնի և գլուխ խոնարհի: Այդպես էլ եղել է այս պարագայում:
Տիրատուրենց ազգից Խաչատուր անունով մեկն անցնելիս է եղել, և մի օր անցնելիս, բոլորը կանգնում են, բացի մի կնոջից: Այս մարդը բացականչական արտահայտություն է անում՝ այ Հայհա՜յ, էս դու ո՞ւմ կինն ես, որ ոտքի չես կանգնում, դրանից հետո փողոցի անվանումը տարածվել է Այհայի դար անունով: Ընդհանրապես, երբ նայում ենք փողոցին վերևից ներքև, այն բավական նման է դարի: Դրանից հետո փողոցը հայտնի է դարձել վրաց էպոսագետ Շոթա Ռուսթավելիի անվանումով, ով շատ լավ ներկայացնում է վրացական կոլորիտն ու մշակույթը»,- նշեց Անդրանիկ Շահինյանը:
Ազգագրագետն անդրադարձավ նաև ղայֆախանեին, որոնք շատ գեղեցիկ ներկայացվում էին Ռուսթավելի փողոցի տաղավարներում:
«Այս փողոցում է դա եղել, որտեղ մարդկանց հյուրասիրում էին այրված գարուց պատրաստված սուրճ և տարբեր տեսակի բույսերից պատրաստված թեյեր: Գյումրին այն քաղաքն է, որը դրսի ժողովրդին ներկայացնելու շատ բաներ ունի»:
Մեզ հատկապես հետաքրքրեց փողոցի հետ կապվող Զնգոյի մասին պատմությունը, որն «Ալեքպոլյան պատմություններ» խմբում բավական հետաքրքիր ձևով էր ներկայացված:
«Գաղտնի պատմությունների փողոցը։ Այս փողոցում է ապրել Զնգոն, որը տատմեր էր։ Պատմում են, որ Զնգոյի մոտ են եկել այն կանայք, որոնք ուզում էին ընդհատել հղիությունը։ Մի անգամ մի կին է եկել, փող չունենալու պատճառով՝ իր կապույտ մատանին է տվել Զնգոյին։ Զնգոն այդ մատանին տվել է իր սիրեցյալներից մեկին։ Տիրատուրենց Մարգարի ղայֆախանում այդ կնոջ ամուսինը տեսնում է իր կնոջ մատանին ինչ-որ մեկի մատին, հարցնում է, թե սա ո՞ւմ մատանին է, տղամարդն ասում է՝ կնոջդ մատանին է, ինքն էր նվեր տվել, բայց չի ասում, թե ինչ ճանապարհով է իրեն հասել։
Այս մարդը՝ Ավդալենց Թաթոսը, գալիս է տուն, կնոջը սպանում է, իսկ տարիներ անց, երբ իմանում է ողջ ճշմարտությունը, մեղքի զգացում է ունենում, գնում է Արշակ Բրուտյանի մոտ, պատվիրում է, որ իրեն նկարի, նկարվում է, ու ինքն իրեն կախում է։ Սա իրական պատմություն է, վավերագիրը «Կումայրի» արգելոց- թանգարանում պահպանվող Արշակ Բրուտյանի կողմից նկարված Ավդալենց Թաթոսի յուղաներկ-դիմանկարն է։ Այդ դիմանկարում նա մեղքից թմրած հայացքով է։ Առ այսօր էլ Գյումրին հիշում է այդ պատմությունը, կա «Զնգոյի վարտիք» արտահայտությունը, այսինքն՝ Զնգոն բոլորի տունը գնում էր, բոլորի կյանքի պատմություններին տեղյակ էր»:
Լենինականի 16 հարկանի շենք
Գտնվել է ներկայիս Ալեք Մանուկյան և Ջիվանի փողոցների խաչմերուկում՝ 50-ամյակի կամրջի կողքին:
Հայտնի լեննականցիների կենսագրություններ
Ալեքսանդրապոլ, 1906 թվականի լուսանկարում պատկերված է Սիմոն Թոփչյանը՝ իր ծնողների՝ Գևորգ Կարապետի Թոփչյանի և Մարիամ Թոփչյանի հետ։ Գևորգ Թոփչյանը կոշկակարների համքարության ղեկավարն էր։ Նրանք ապրում էին Ալեքսանդրապոլ քաղաքի Ալեքսանդրովսկի փողոցում։
1906 թվականին Ձորի Մայլում մեծ ջրհեղեղից հետո երեք եղբայրներից փրկվել է միայն Սիմոն Թոփչյանը։ Սիմոն Թոփչյանը դարձել է Լենինականում ստեղծված Հայաստանի առաջին սպորտ դպրոցի տնօրենը, Հայաստանի սպորտ կոմիտեի անդամ և Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ։
Պոլոզ Մուկուչ, երգիծաբան
Պոլոզ Մուկուչը՝ Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը, ծնվել է 1891 թվականի հունվարի 7-ին, Գյումրիում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր գտնվում: Մկրտչին բարձրահասակ լինելու պատճառով՝ «Պոլոզ» էին անվանում:
Պոլոզ Մուկուչը հագնվում էր բնիկ գյումրեցու ոճով՝ լաստիկ կտորից արխալուղ, թափովի շալվար, կրում էր կաստոր կտորից գլխարկ՝ շափխա, փափուկ կաշվից կոշիկներ: Մկրտիչը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում, փոդրաթչի էր՝ պատվիրատու:
Պոլոզ Մուկուչն իր ձիասայլով հայտնվելով քաղաքի տարբեր հատվածներում՝ մարդկանց միրգ հյուրասիրելուց բացի, կատակներ էր պատմում:
Մհեր Մկրտչյան
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը՝ ծագումով մշեցի, իսկ մայրը վանեցի էր։ Գյումրու նկարչական և երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Թատրոնում մեծ վարպետությամբ խաղացել է մեծ և փոքր դերեր։ 1956 թվականին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է «Այբոլիտ-66», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ունայնություն ունայնության», «Ալի Բաբան և քառասուն ավազակները» և այլ ֆիլմերում, ինչի շնորհիվ համաշխարհային հռչակ է վայելել: Դերասանը մահացել է 1993 թվականին:
Ուշագրավ է Ռուբեն Մխիթարյանի հեղինակած գրառումը. «Մեր տունը փոս է, ինչքան խելառ կա` հոս է: Մեր տունը 120 տարվա ընթացքում շատ անուններ է ունեցել: Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Կումայրի, Գյումրի: Սակայն մեր տան սերունդները իրենց բաժանում են երկու ժամանակաշրջանի` գյումրեցիների ժամանակաշրջան և լեննականցիների: Պապս բնիկ գյումրեցի էր, չնայած կյանքի մեծ մասն ապրեց Լեննականում: Ես բնիկ լեննականցի եմ, չնայած կյանքիս մեծ մասը ապրել եմ Գյումրիում:
Լեննականում ապրող գյումրեցիների մեջ խելառները շատ էին: Ավելի շուտ «սայլուկները»: Հենց «սայլուկ» բառն է «խելառ» բառի հոմանիշը գյումրվա-լեննականյան բարբառում: Սակայն պետք է մի փոքրիկ ճշտում մտցնել: «Սայլուկը» «խելառի» փաղաքշական ձևն է: Օրինակ` եթե մեկը իր մեքենան խփում է ուրիշի մեքենային, ասում են, որ նա «խելառ» է: Իսկ եթե նա մեքենան խփում է ուրիշի մեքենային, որովհետև ղեկը փախցնում է, որ փողոցը սխալ տեղից անցնող երեխային տակը չգցի` ասում են, որ նա «սայլուկ» է:
«Խելառները» պապայի փողերով ինստիտուտ կընդունվին, իսկ «սայլուկները» դուրս կմնան ու բանակ կերթան: «Խելառները» գոլդ համարներով խախտում կենեն, իսկ «սայլուկները» պարտաճանաչ սաղ ակտերը կմուծեն: «Խելառները» կաշխատին խելոք օջախից իրանց տղու համար աղջիկ ուզեն, իսկ «սայլուկները» հետո էդ աղջկան ու իրա էրեխուն կպահեն: «Խելառները» իրանց գերդաստանին կհավաքեն ու կերթան Եվրոպա հանձնվելու, իսկ «սայլուկները» Մոսկվայից տուն կզանգեն ու տոմսի փող գուզեն, օր կռնանան վերադառնալ:
Կամ Գյումրիում ապրող լեննականցի կամ Լեննականում ապրող գյումրեցի: Մի խոսքով` կամ մեկը, կամ մյուսը: Սակայն այս բառերից շատ բան է կախված իմ տան նիստն ու կացը հասկանալու համար, քանզի երկաշարժից հետո «խելառները» փրկվեցին, իսկ «սայլուկները» մինչև հիմա շարունակում են այնտեղ ապրել:
Գյումրին միշտ համարվել է արվեստների և արհեստների քաղաք: Այստեղ արհեստը միշտ հասել է արվեստի աստիճանի, այլ ոչ թե հակառակը` արվեստը արհեստի աստիճանի: Չփորձելով նսեմացնել այս երկու բառերի նշանակությունն ու իմաստը, միայն ասեմ, որ յուրաքանչյուր բնագավառում աշխատող գյումրեցի մասնագետը փորձել է այդ բնագավառը դարձնել մի առանձին արվեստի տեսակ, չնայած այդ բնագավառի ի սկզբանե արհեստ լինելուն:
Բերեմ մի քանի օրինակ:
Գյումրեցի հաշվապահն իրեն համարում է «նկարիչ», քանի որ եռամսյա հաշվետվությունները հանձնելու ժամանակ այնպիսի թվեր է «նկարում» հայտարարագրերում, որ ողջ հարկային տեսչությունը ժամերով ապշած նայում է այդ թվերին և աչքերին չի հավատում:
Գյումրեցի հարկայինի տեսուչը իրեն համարում է «քանդակագործ», քանի որ բյուջեն լցնելու համար նա պատրաստ է «քամել» նույնիսկ քարը և ստանալ քարից այն, ինչ ուզում է, ինչը երբեք չի կարող ստանալ ոչ մի հանճարեղ քանդակագործ:
Գյումրեցի քրեականի քննիչը իրեն համարում է «բանաստեղծ», քանի որ ցանկացած չնչին «բանից» կարող է «ստեղծել» «Մատյան ողբերգություն»:
Գյումրեցի ոստիկանը իրեն համարում է «գրող», չնայած ժողովրդի մեծ մասը նրան համարում է «գրող ու սև ցավ» միասին վերցրած:
Գյումրեցի մաքսատան աշխատողն իրեն համարում է «բալեթմեյսթր», քանի որ մաքսատունը անցնելու համար յուրաքանչյուրը պատրաստ է նրանց դիմաց պարել բոլոր պարերը, նույնիսկ «Սարի սմբուլը»»:
Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը
Ռուսթավելի փողոցի հին լուսանկարը՝ newmag.am կայքի
Ռուսթավելի փողոցի հաջորդ լուսանկարը՝ Գուրգեն Գինոսյանի
Լուսանկարները՝ «Ալեքպոլյան պատմություններ» խմբի
Աղբյուր՝ 168.am։