1981 թվականի հոկտեմբերի 25-ին եկել եմ Ղարաբաղ։ Այն ժամանակ Ստեփանակերտ-Երևան չվերթներ գործում էին։ Օդանավակայանում ինձ դիմավորեց շինվերանորոգման արվեստանոցի ղեկավար Ռոմա Երիցյանը, և առաջինը նրանք առաջարկեցին տեսնել Գանձասարը։ Երբ տեղ հասանք, հուզմունքս չկարողացա զսպել. տեսքից հիացած էի, և այն զգացումը կար, ասես, Արևմտյան Հայաստանում լինեի. մեր նախնյաց երկիրն էլ էր գերված, Գանձասարն էլ էր գերված։ Նայում էի լուռ, հետո ասացի՝ «Գանձասարը մեր ժողովրդի ստեղծագործ ոգու ճիչն է»։
Գալով այստեղ` առաջին հերթին սկսեցի հետաքրքրվել արցախյան եկեղեցիներով։ Ինձ («Շուշվա անկյուն» են ասում) քաղաքի այդ մասում մեկսենյականոց բնակարան էին տվել։ Գրողները լսել էին, որ վերականգնող վարպետ է եկել և ոգևորվել էին. խմբով նրանք մեր տուն են եկել՝ Սոկրատ Խանյանն էր, Գուրգեն Գաբրիելյանը, Արմո Լեռնենցը, Հրաչյա Բեգլարյանը, Վազգեն Օվյանը… Գուրգեն Գաբրիելյանին համարում եմ Ղարաբաղի Թումանյան, Խանյանին նմանեցրել եմ Ստեփան Զորյանին…
Սոկրատը ծոցագրպանից հանեց շվին ու նվագեց. հայկական հողի բույրը զգացի։ Գաբրիելյանը երգեց «Ղարաբաղի հորովելը», տաղիկներ։ Հետո նստեց ու էքսպրոմտով գրեց.
Քո Մասիսն ու Սիսը թողած`
Բարով ես եկել, ախպեր ջան։
Մեր Մռովին, Քիրսին սիրած
Սարով ես եկել, ախպեր ջան։
Բարով ես եկել, սարով ես եկել,
սիրով ես եկել, ախպեր ջան։
Ղարաբաղցի եղբայրներիդ
սրտերում կապրես, ախպեր ջան,
Նրանց երկնած սուրբ գրքերի
էջերում կապրես, ախպեր ջան։
Բարով ես եկել, սարով ես եկել,
ախպեր ջան։
Գրածի ձեռագիրն առայսօր պահպանում եմ որպես սուրբ մասունք։
Ես չէի պատկերացնում, թե Ղազանչեցոց եկեղեցին վերականգնելիս ինչ դժվարությունների կհանդիպեմ։ Գրողների հետ կապը, զրույցները, շփումներն ինձ ոգևորել են հաղթահարելու դրանք։ Նրանք ինձ հարազատ էին դարձել։ Այն հեռավոր ժամանակներից ծանոթ էի և Մաքսիմ Հովհաննիսյանի հետ, որին նվիրել եմ մի բանաստեղծություն։ Իմ շփումներն ավելի շատ էին Գուրգեն Գաբրիելյանի հետ, քանի որ նա ավելի շփվող էր, ասող-խոսող։ Մեր մեջ 11 տարվա տարիքային տարբերություն կար, բայց նույն ամսվա ծնունդներ էինք, ինքը ծնվել էր հունիսի 11-ին, ես՝ 22-ին։ Իրեն ասել եմ, եթե դու ոչինչ էլ գրած չլինես, Ղարաբաղի հորովելը՚ բավական է, որ դու անմահանաս։ Ինքը գիտակցում էր իր մեծությունը։ Նրա մեծությունն ես էլ էի զգում: «Ղարաբաղի հորովել»-ի խորությունն ու իմաստնությունը, ինձ թվում է, առայսօր գնահատված չէ։ Ամեն անգամ լսելով` ես նոր մտքեր եմ հայտնաբերում. դա հայ ժողովրդի փիլիսոփայության, կենսակերպի ընդհանրացումն է. «Դլվես կանգնած քերծը տու վըս…»։ Ինչպես է գտել այս խոսքերը։ «Էդ հունց հանկարծ բոյ քշեցիր, դարդը սրտաս տէն քշեցիր», -գրողի զրույցը ճուվարանի մեջ նստած երեխայի հետ էր. իմաստուն գրող է, իր ազգի իմաստնությունն է խոսել նրա շուրթերով… Նախ ինքն էլ երգում էր իր հորինած երգերը՝ քնարական և ժողովրդական։
Մեր հանդիպումները տարբեր առիթներով էին, տարբեր մարդիկ կային, օրինակ, քամանչահար Հենրիկ Առստամյան կար, որի արվեստը անզուգական էր։ Ցավոք, նա կյանքից շուտ հեռացավ։ Հաճախ էինք հանդիպում, մի կտոր հացի շուրջ մեր զրույցներն արվեստի, երգի, երաժշտության շուրջ էին։ Հանդիպումների ոգին Գուրգեն Գաբրիելյանն էր։
1987 թվականն էր։ Արդեն տարիներով ծանոթ էինք, մտերիմ էինք։ Իմ ծննդյան օրն էր, հունիսի 22-ը։ Նորից հավաքվել էինք։ Բացիկի վրա էքսպրոմտով գրեց. Վ.Բաբայանին
Քո ձեռքերի ուժին մատաղ,
Սրտիդ ցավ ու մուժին մատաղ,
Քարեր կերտող ծարավ սրտիդ
Հուրը մարող կուժին մատաղ։
Եվ ստորագրությունը՝ Գ.Գաբրիելյան։
Նրա ձեռագիրը պահում եմ որպես սուրբ մասունք։ Այս տարի լրացավ նրա 90-ամյակը, և հուշերը այցի են գալիս ինձ։
Եթե չեմ սխալվում` 1985 թվականն էր։ Գ.Գաբրիելյանն էր, Արմո Լեռնենցը, որն իմ բնակարանի հարևանն էր, նա էլ երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ։ Գնացել էինք «Մազի կամրջի» տակ, որտեղ երկու գետերը միանում են:
Արմո Լեռնենցն ինձ խնդրեց, որ այդ տեսարանին համահունչ մի երգ երգեմ։ Ես հարգեցի նրա ցանկությունը և երգեցի ժողովրդական երգ.
Արազ, տակդ մի փորիր,
Առանց այն էլ շատ խորն է,
Արազ, փնտրածս ինձ տուր,
Կամ թե ասա՝ նա ուր է։
Մի ուրիշ քառյակում ասվում է՝ «Արազ, խոսիր, լեզու առ, կամ թե ինձ էլ քեզ հետ տար»։ Գուրգեն Գաբրիելյանն այնքան հուզվեց, որ արցունքները չէր կարողանում զսպել։ Մեր մի կտոր հաց կիսելը ուղեկցվում էր երգերով, երաժշտությամբ, և նրա, և իմ կողմից։
Հիվանդ էր, բայց դեռ աշխատում էր Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանում։ Հաճախ էի այցելում նրան, զրուցում էինք։ Վատառողջ ժամանակ էլ պինդ ու իմաստուն մարդ էր, էլի ստեղծագործում էր, գրում էր… գրածները կարդում էր, ես այսօր նրա զրույցներով հպարտանում եմ։
Գ.Գաբրիելյանն այն եզակիներից մեկն է եղել, որ անմնացորդ նվիրված էր Արցախին, արցախյան պայքարին։ Նա ցավ ու անհանգստություն ուներ Արցախի ճակատագրի հանդեպ։
1981 թվականի մի լուսանկար, որն իմ արխիվում պահվում է, ինձ համար ևս սուրբ մասունք է։ Լուսանկարում համեմատաբար երիտասարդ Գուրգեն Գաբրիելյանն է և ես։ Գործը նոր էի սկսել։ Լուսանկարում երևում է եկեղեցու ավերված մասը։ Ինքը եկել էր մեքենայով, հավանաբար՝ լուսանկարչի հետ։ Նպատակով էր եկել, հավանաբար, վերականգնման աշխատանքների ընթացքը լուսաբանելու։ Զրուցեցինք, շրջեցինք, լուսանկարվեցինք։ Մի քանի օր հետո նորից հանդիպեցինք, ինձ նվիրեց այսօր պատմական դարձած այս լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ.
«Մեծանուն վերակառուցող վարպետ Վոլոդյա Բաբայանի սուրբ ձեռքն է սիրով համբուրում Գուրգեն Գաբրիելյանը»։ Այս մակագրության մեջ երևում է դասական գրողի համեստությունը. ինձ է պատվում «մեծանուն, սուրբ ձեռք» արտահայտություններով, մինչդեռ ինքն էր հենց այդպիսին։ Այսօր նայում եմ այդ լուսանկարին, հիշում եմ, թե ինչպես մի քանի անգամ փորձել եմ ձեռքս հետ քաշել, չթողնել, որ այդ մեծությունը խոնարհվի մի վարպետի առաջ, բայց պահը հավերժվեց` անկեղծ, ջերմ մի լուսանկար և մի մակագրություն՝ արված դասական մանկագրի ձեռքով։
Որտեղ լինում էր Գուրգեն Գաբրիելյանը, ոգի ու շունչ էր տալիս։ Անկաշկանդ, անկեղծ մթնոլորտ էր ստեղծում իր համով-հոտով խոսք ու զրույցով և մշտապես երգելով։ Ոչ ոք նրա պես չէր կարողանում կատարել «Ղարաբաղի հորովելը» և իր գրած մյուս երգերը։ Նրա երգերից պոռթկում էր հայրենասիրությունը։ Դժվար ժամանակներ էին: Ոչ ոք չէր պատկերացնում 1988-ի զարթոնքը… Բայց Գ. Գաբրիելյանի երգերում ամբողջը Ղարաբաղ էր, Ղարաբաղի անցյալն էր, ներկան ու ապագան էր։
Գրի առավ Նվարդ Սողոմոնյանը
Աղբյուր՝ ԱզատԱրցախ