«Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ․ 3․16)։
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսաւորում է իմ շաւիղները (Սաղմ․ 118․105)։
Ճիշտ է, մենք չենք հավատում Սուրբ Գրքի՝ երկնքից ընկած լինելուն, ինչպես այլազգիներն են հավատում, որ Ղուրանը երկնքից է ընկել, սակայն հավատում ենք, որ Սուրբ Գիրքը Աստծու հրաշալի պարգևներից մեկն է, որի միջոցով մարդկությունը հաղորդակից է դառնում Նրա մտքին։
Ավելորդ չէր լինի նախ և առաջ բնագրային ծանոթություն տալ առաջադրածս նյութն առավել լավ ըմբռնելու համար։ Բնաբանում հիշատակված «Աստվածաշունչ» բառը «թեոպնևմատոս» բառի թարգմանությունն է, և այս բառը Սուրբ Գրքում միայն այս համարում է հիշատակված։ Այն նշանակում է «Աստծու շնչով ոգևորված», «աստվածային ներշնչում ստացած»։ Այս բացատրությամբ ոմանք հասկանում են, որ Աստված Իր Հոգին փչել է Սուրբ Գիրքը գրող մարդկանց մտքի ու հոգու մեջ։ Ըստ այսմ՝ Աստծու շունչը ստացողն ավելի շատ մարդն է, քան գիրքը։
Դժբախտաբար բնաբանիս խոսքը հաճախ սխալ է թարգմանվում։ Ամենասխալ ու վտանգավոր թարգմանությունը հետևյալն է․ «Աստվածաշնչի բոլոր գրքերն ամբողջովին Սուրբ Հոգով են լցված և օգտակար են ուսուցման համար»։ Այս սխալ թարգմանության հեղինակները կոչվում են «աստվածաշնչականներ», և նրանց տեսությունը բոլորովին հակառակ է առաքյալի ըմբռնմանը։
Իմ կարծիքով ճշգրիտ թարգմանությունն այս է․ «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման համար»՝ առանց շաղկապի և առանց բայի, որ նշանակում է հետևյալը․ «Աստծու շնչով գրված բոլոր գրքերն օգտակար են վարդապետելու համար»։ Այսինքն՝ Աստծու շնչով գրված գրքերն են, որ կարող են օգտակար լինել։ Ուրեմն, ըստ առաքյալի՝ Աստվածաշնչում կան գրքեր կամ հատվածներ, որոնք Աստծուց ներշնչված չեն, ուստի հարկ է դրանք զատորոշել ներշնչվածներից՝ անշուշտ ոչ թե Սրբազան Մատյանի ամբողջականությունից դուրս հանելու, այլ դրանցից զգուշանալու համար, որպեսզի հավատքը չխարսխենք այդ հատվածներին, քանի որ դրանց հեղինակությունն ավելի քիչ է։
Այս սխալ թարգմանության հետևանքով աստվածաշնչականները պնդում են, որ Սուրբ Գիրքն ամբողջությամբ՝ իր տառերով, վերնագրերով և կետադրությամբ շարադրված է Աստծու շնչով, ասես դրանք որևէ հրաշքով ընկել են երկնքից, ուստի բնագրում գրչագրական ճշտում անել փորձողը մեծ մեղադրանք է հարուցում իր վրա։
Այսկերպ Սուրբ Գիրքը պաշտպանողների տեսակետն անշուշտ նրանց անկեղծության և համոզումների հետևանքն է։ Բայց չենք կարող լուռ մնալ այդպիսի սխալ համոզումի առջև։ Եթե ընդունենք, որ Սուրբ Գրքի բոլոր կետերը, տառերը, բառերն ու խոսքերը Աստծու շնչով են գրված, ուրեմն ինչպե՞ս պիտի բացատրենք «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»-ի պես վրեժխնդիր պատգամները, կամ «մեղավորների ատամները փշրելու» նմանողությամբ խնդրանքները, կամ էլ արտոնված արյունահեղությունները, ինչպիսին էր օրինակ՝ քանանացիների կոտորածը։
Դարձյալ, եթե պիտի ընդունենք, որ Սուրբ Գրքի բոլոր տառերը, բառերն ու խոսքերը Աստծու շնչով են գրված, ուրեմն ինչպե՞ս պետք է բացատրենք Ծննդոցի առաջին երկու գլուխներում արարչագործության կրկնակ, իրարից տարբեր պատումների առկայությունը։ Նաև, ինչպե՞ս պետք է բացատրենք Հիսուսի հարության մասին պատմող ավետարանական չորս խմբագրությունները, որոնց մանրամասնությունների մեջ դարձյալ զանազանություններ են նկատվում։
Այս բոլոր փաստարկները ցույց են տալիս, որ Սուրբ Գիրքը ոչ թե տառացիորեն շարադրված է Աստծու շնչով կամ վերին զորության ազդեցությամբ, այլ հեղինակների ներշնչումով, անկախ ազատությամբ ու ըմբռնումով և անշուշտ նրանց ճիշտ կամ սխալ տեղեկություններով։
Սուրբ Գրքի տառացիորեն ներշնչվածության տեսակետը պաշտպանողների դիրքորոշումն ինքնին մերժվում է Պողոս առաքյալի շատ խորիմաստ այս խոսքով․ «Գիրը սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ․ 3․6)։ Նա ուզում է ասել հետևյալը․ մի՛ կառչեք տառերից և խոսքերի արտաքին հորինվածքից։ Ներշնչանք մի՛ փնտրեք բառերը կազմող տառերի մեջ, այլ պատգամներն ու պատմությունները գրառող մարդկանց հոգիներում։
Եթե այսօր հարգելի և ուղղամիտ մարդիկ սառել են Սուրբ Գրքի հանդեպ, ապա դրա պատճառը պետք է փնտրել ներշնչանքի վերաբերյալ տրված հակասական բացատրություններում։ Եվ դժբախտաբար, այդ նույն պատճառով կան նաև ծայրահեղությունների դիմող անձինք, որոնք բոլորովին ուրանում են Սուրբ Գրքի ներշնչվածությունը։
Հիսուս Սուրբ Գրքի ներշնչականության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, բայց Նա երկու առիթով խոսում է Սուրբ Գիրքն ընթերցելու կարևորության մասին, որից ենթադրվում է, որ Հիսուս հատուկ կարևորություն էր տալիս Աստվածաշնչին՝ ուսումնասիրած լինելով այն։
Սուրբ Գրքի մասին բացի այս հաճախակի հնչող «ինչպես որ գրված է» արտահայտությունից, Նա հրեաներին նաև ասաց․ «Քննեցե՛ք գրքերը» (Հովհ․ 5․39)։ Մեկ ուրիշ անգամ էլ հարցրեց նրանց․ «Չե՞ք կարդացել Գրքերը» (հմմտ․ Մատթ․ 12․3)։ Այս վերջին հարցադրումով Հիսուս հավաստում է, որ Նա կարդացել է Սուրբ Գիրքը, և որ այնտեղ նկարագրված դեպքերը մեծ տպավորություն են թողել Նրա վրա։ Հիսուս ուզում է որոշապես ասել․ «Եթե դուք չեք կարդացել, Ես կարդացել եմ․․․»։
Ինչպես հասկացվում է Հիսուսի կյանքից, գործերից ու խոսքերից, Նա նախապատվություն էր տալիս Սուրբ Գրքի իմաստին և ոգուն, ու ոչ թե փարիսեցիների և դպիրների նման կառչում էր տառից։ Գլխավորաբար հենց այդ պատճառով էլ Հիսուս տարբերվում էր փարիսեցիներից և դպիրներից։ Հիսուսի այդ տեսակետին հետևեց նաև Պողոս առաքյալը։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց այդ ուղղությանը և բնավ չկառչեց Սուրբ Գրքի տառին։
Եթե կառչենք տառին, ապա Սուրբ Գիրքն իրապես կկորցնի իր հմայքը և դեռ մի բան էլ կվերածվի առասպելական պատմության՝ մանուկների համար։ Եվ կկատարվի Վոլտերի այն գուշակությունը, համաձայն որի՝ Սուրբ Գիրքը դժվար թե հարյուր տարուց ավելի կյանք ունենա, ու ես կասեի՝ այդ ժամանակից էլ ավելի քիչ «կգոյատևի», եթե մենք կառչենք տառին ու միայն դրա մեջ փորձենք ներշնչվածություն գտնել։ Սակայն Վոլտերը բացարձակապես սխալ էր, քանի որ Սուրբ Գիրքը ոչ միայն ապրում է, այլև ավելի է մեծացել նրա նշանակությունն ու արժեքը, ինչպես նաև հմայքն ու ներգործությունը։
Այսօր Սուրբ Գիրքը թարգմանված է շուրջ ութ հարյուր երեսունմեկ տարբեր լեզուներով և իր տարածվածությամբ բարոյական մեծ փոփոխություն է առաջ բերել, իսկ Եսայու մարգարեությունն իրավամբ իրականացել է․ «Ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը»։
Եթե նույնիսկ Սուրբ Գիրքը ոչ թե Աստվածաշունչ, այլ պարզ ազգային պատմության գիրք համարենք, ապա այն դարձյալ կգերազանցի բոլոր ազգերի պատմությունների գրքերին։ Ոչ մի ազգի պատմություն չի կարողացել նման բարոյացուցիչ դեր կատարել, մինչդեռ եբրայական պատմությունը հոգիների հանդեպ կատարել, տակավին կատարում է և մշտապես էլ պիտի կատարի իր ազնվացուցիչ դերը։
Աստվածաշնչի ընթերցողն անպայմանորեն տրվում է բարձր ու վսեմ գաղափարների, արդարության, սրբության և ճշմարտության։ Սուրբ Գիրքն է «ծնել» Հիսուսին։ Հիսուսի նկարագիրը մեծապես պարտական է Սուրբ Գրքին։ Բացի այդ Սուրբ Գրքի հմայքը մշտապես առկայծուն է։ Այն նման չէ մյուս գրքերին, քանի որ բարոյական ու կրոնական առումով գերազանցապես անվիճելի, սուրբ հատորն է, որ մշտապես ու անդադար Աստծուն բարձրացնում է Իր գահին, իսկ մարդուն համարում է փոշեհատիկ, որ հազիվ թե կարող է նժարի դիրքը փոխել։
Այս սքանչելի վսեմությունը մեծ տեղ է գրավել Հին և Նոր Կտակարաններում, և տակավին իր հմայիչ ու հիացնող ազդեցությունն է թողնում բոլոր ուսումնասիրողների վրա, որոնք շատ էջեր են գրել՝ իրենց «գտած» սրբության ու սիրո Աստծուն փառավորելով իբրև գեղեցկության և ճշմարտության Աստված:
Թող ուրիշները Սուրբ Գրքի թերությունները մատնանշեն, իսկ ես, առանց դրանք քողարկելու, կամենում եմ ցույց տալ Սուրբ Գրքի այն լույսը, որը գեղեցկապես շողշողում է նույնիսկ այդքան թերությունների միջից: Սուրբ Գիրքն ինչպես Աստծու, նմանապես նաև մարդու պատմությունն է, հետևաբար ինքնին հասկանալի է, որ այն նաև թերություններ պետք է ունենար:
Սուրբ Գիրքը պատմությունն է նաև այն հուզիչ և թովիչ իրողության, ըստ որի՝ Աստված փնտրում է մարդուն, իսկ մարդն էլ իր հերթին փոխադարձաբար փնտրում է Աստծուն: Եվ ահա այս երկու էությունները վերջապես հանդիպում են պաշտելի անձի, աստվածային Փրկչի, մարդ-Աստծու մեջ:
Պետք չէ բավականանալ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը կարդալով միայն, ինչպես անում էին դպիրներն ու փարիսեցիները: Միայն կարդալու դեպքում մարդ շատ հաճախ կարող է վերածվել ամենասարսափելի մի կեղծավորի, որը պատրաստ կլինի Սրբին ու Արդարին կրկին խաչ հանել՝ որպես «օգնական» ունենալով, օ՜հ, ինչպիսի՜ հեգնանք, մինչև իսկ Սուրբ Գիրքը…
Սուրբ Գիրքը պետք է կարդալ՝ հնարավորինս ներթափանցելով նրա հոգու մեջ, մինչև որ այն մեզ կփոխակերպի և մենք կդառնանք խոսքի մարմնացումը՝ մարմին դարձած խոսք կամ կենդանի Սուրբ Գիրք՝ Աստվածաշունչ: Պողոս առաքյալն ասում է կորնթացիներին. «Հայտնի եք որպես Քրիստոսի թղթեր» (Բ Կորնթ. 3.3)՝ նույն միտքն արտահայտելով:
Հարկ է, որ մենք ևս Աստծու Սուրբ Գիրքը լինենք, և քանի որ շատերն անկարող են կարդալ այդ Սուրբ Հատորը, ուրեմն ապրենք այնպես, որ նրանք կարողանան այն կարդալ մեր կյանքի մեջ, ամեն բանից առաջ՝ մեր տան, ընկերական հարաբերությունների մեջ, ապա նաև շուկայական, բանկային, գրասենյակային, աշխատանքային կյանքում, այնուհետև՝ քաղաքական հայացքներում և վերջապես ամեն տեղ:
Վստահ եղեք, որ մարդիկ չէին ժխտի Սուրբ Գրքի արժեքը, եթե տեսնեին այն ընթերցողների անվիճելի արժանիքները և անժխտելի գերազանցությունը ա՛յն մարդկանց, որոնք շատ երկրներում կոչվում են «Սուրբ Գրքի մարդիկ»:
***
Արդ, արդյո՞ք մենք այս Սուրբ Գիրքը դարձրել ենք մեր կյանքի ուղու լույսը: Ահա Աստվածաշունչ Սուրբ Գրքի վերաբերյալ մի հատկանշական հարց, որն իմ քարոզի երկրորդ բնաբանն եմ համարում:
Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը մարդկության դաստիարակության համար միակ նպատակահարմար գիրքն է: Մարդկության մեծապես զբաղեցնող օրակարգային ամենակենսական խնդիրը կամ կենաց մահու հարցը դաստիարակության հարցն է: Ես կարծում եմ, որ դաստիարակության՝ ներկայումս որդեգրված եղանակը չի կարողացել մարդու ազնվացման գործում վճռորոշ դեր կատարել: Այլապես ինչպե՞ս պետք է բացատրենք այն սարսափելի, նախադեպը չունեցող պատերազմները, որոնք տեղի ունեցան պատմության մեջ:
Զարգացնել դաստիարակությունը՝ նշանակում է զարգացնել մարդկությանը: Դրան հասնելու համար ոչ թե պետք է կրթությանը մեծ տեղ տալ, իսկ դաստիարակությանը՝ փոքր, այլ երկուսն էլ հավասարապես պիտի խթանել, այլապես, ինչպես ասվում է. «Գիտությունն՝ առանց խղճի, հոգու ավերումն է» (Rabelais):
Մեծ մտածողները, ականավոր խորհողները Սուրբ Գրքի մասին հիացմունքով են արտահայտվել: Նշանավոր աստվածաբան Scherer-ն ասում է. «Սրբության ուղին երկրիս վրա անցնում է Սուրբ Գրքի ճանապարհով»: Անգլիացի մեծ գիտնական Huxley-ն ասում է. «Մենք անգլիական բոլոր դպրոցներում պիտի պահպանենք Սուրբ Գրքի հանապազօրյա ընթերցանության սովորությունը, քանի որ դա է զորացրել Անգլիան»:
Այլ հեղինակ էլ ասել է. «Սուրբ Գիրքն այն կենդանի գիրքն է, որն ապրեցնում է մարդկանց»: Մեկ ուրիշն էլ շատ հատկանշական ձևով է արտահայտվել Սուրբ Գրքի մասին. «Սուրբ Գիրքն այն գիրքն է, որը ձևավորում է մարդուն»: Իսկ ինչո՞ւ է այդպես. քանի որ Սուրբ Գրքի էջերում մենք ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, որոնք մարդկանց դաստիարակելու ոգի ունեն: Օրինակ՝ Աբրահամի պատմությունը, որտեղ տեսնում ենք, թե նա ինչպիսի փորձությունների միջով է անցնում «հավատքի մարդ» և «հավատացյալների հայր» լինելու համար:
Ահավասիկ Հակոբը՝ այդ «խաբեբան» ու «ստողը», որի ընթացքն իրապես ընդվզեցուցիչ ու գայթակղիչ է, դառնում է «Իսրայել»՝ «Աստծու հաղթող», և շատ հաճախ ծանր ու սոսկալի պայքարների միջից դուրս է գալիս իբրև նոր, բոլորովին նոր մարդ:
Ահա Մովսեսը՝ «բռնկուն մարդը», իր բարկության պահին եգիպտացուն սպանելուց, ինչպես նաև ի տես ոսկե հորթի՝ Օրենքի տախտակները փշրելուց հետո, դառնում է «ամենահեզ մարդը» (Թվեր 12.3), ինչպես հավաստում է սրբազան մատենագիրը: Իսկ ես կավելացնեի, որ Մովսեսը դառնում է տիեզերական պատմության մեծագույն հանճարը:
Ահա նաև Հովսեփը՝ այդ փափկակենցաղ երիտասարդը, բարձրանում է փարավոնյան գահի աստիճանին և իր գիտելիքների, գթասրտության ու փորձչի նկատմամբ տարած սքանչելի հաղթանակի շնորհիվ փրկում է իր ժողովրդին և եգիպտացիներին:
Իսկ խաշնարած Դավիթը՝ այդ խարտյաշ պատանին, դառնում է թագավոր և, չնայած իր անկումներին ու ոճիրներին, Աստծու ողորմությունից այնպես է ներշնչվում, որ գրում է իր անզուգական ու գեղեցիկ սաղմոսները և երգերը, որոնք դարեդար մեծագույն դեր են ունեցել միլիոնավոր մարդկանց հոգեկերտվածքի ձևավորման գործում, և մշտապես էլ պիտի կատարեն իրենց այդ դերակատարությունը:
Ահավասիկ Հովնանի որդի Սիմոնը՝ մի մարդ, որը սկզբնապես թույլ, տկար, ուժեղ բնավորությունից զուրկ ու հաճախ երկմիտ մեկն էր, դառնում է անշարժելի «Վեմը»՝ Եկեղեցու գլխավոր սյուներից մեկը, որի տակ ապաստան են գտնում բազմաթիվ սերունդներ:
Ահա և Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդին, այն փառասեր հպարտը, որը դառնում է Փրկչի հոգեկցորդը և առաքյալների միջից ամենահեզ ու խոնարհ մարդը: Սողոսը՝ այդ մոլեռանդ փարիսեցին, փոխակերպվում է Պողոսի և դառնում է իր Տիրոջ պատկերը՝ մեծագույն քրիստոնայն ու միաժամանակ մեծագույն առաքյալը: Նա է, որ իր Տիրոջ սկզբունքների հիման վրա կերպարանափոխում է հին աշխարհը և նախապատրաստում է քրիստոնեության հաղթանակը:
Այս Աստվածաշունչ Սուրբ Գիրքն է, որ վայրենի ցեղերին ու երկրներին, վայրենի և արյունարբու թագավորներին փոխակերպել է խաղաղ ու հանդարտ բնակչության և բարի ու առաքինի անձերի: Մի հեղինակ պատմում է, որ Վոլտերի հետևորդ գալիացի մի անհավատ ճանապարհորդում ու հասնում է Ֆիջի կոչվող կղզի, և երբ տեսնում է, որ այդտեղի բնիկները, որ նախկինում հեթանոս ու վայրենի մարդակերներ էին, քրիստոնյա են դարձել, խռովվում և սկսում է նրանց առջև վարկաբեկել քրիստոնեությունն ու Աստվածաշունչը՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ Եվրոպայի կիրթ ժողովուրդներն իբրև խաբեպատիր գիրք մերժել են Աստվածաշունչը, և քրիստոնեությունը կեղծավորություն են համարում՝ ուրիշ ոչինչ:
Տեղի բնիկներից մի ծերունի, որն ուշի-ուշով լսում էր անհավատի խոսքերը, ոտքի ելնելով՝ պատասխանում է. «Ձեր բախտը բերել է, պարոն, որ մենք հիմա կարդում ենք Սուրբ Գիրքը և քրիստոնյաներ ենք, ու այլևս նախկինի պես չենք, այլապես դուք արդեն կերակուր էիք դարձել մեզ համար»:
Ծերունու այս պատասխանը բացարձակ ճշմարտություն է: Սուրբ Գիրքն է մարդու դաստիարակը, այն դաստիարակության ձեռնարկ է և մշտապես էլ դաստիարակների վարդապետը պիտի լինի: Պողոս առաքյալն իրավունք ուներ իր երիտասարդ աշակերտ Տիմոթեոսին ասելու. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար»:
Բայց ինչպե՞ս է այս հրաշալի գիրքն իրական, ուժեղ նկարագրով մարդկանց կերտում: Պատճառն անշուշտ այն է, որ Սուրբ Գիրքը երբևէ չի շողոքորթում մարդկանց, այն ցույց է տալիս մարդու թերությունները, հանցանքներն ու ամոթալի անկումները, բայց չի թողնում, չի լքում մարդուն, այլ ընդհակառակը, սիրով ընթանում է բոլորի հետևից, համբերությամբ ուղղում է նրանց և գուրգուրանքով սրբագրում:
Երբեմն զարմանում ենք, թե այն ինչպիսի անսահման բարություն է գործադրում մարդու հանդեպ, և երբ մարդ հուսահատվում է՝ կորստյան ճանապարհին հայտնվելով, Սուրբ Գիրքը այդ մարդու հայացքը հետ է ուղղում՝ դարձի բերելով սխալ ճանապարհից: Աստվածաշունչը սիրո զգացումով լեցուն, գրկաբաց սպասում է, և եթե կարծիք կա, որ Սուրբ Գիրքը բոլոր գրքերից ամենահոռետես գիրքն է, ապա կարելի է ասել նաև, որ այն միաժամանակ լավատեսություն հաղորդող գիրք է:
Այն հոռետեսական է, քանի որ մերկացնում է մարդու սրտին հատուկ, մեղսասեր հակումները և մարդուն էլ ասում է հետևյալը. «Սիրտն ամեն բանից նենգավոր ու խիստ չար է» (հմմտ. Երեմ. 17.9), «որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկ. 7. 21-23):
Հպարտ և հավակնոտ մարդիկ, որոնք չեն ուզում իրենց տեսնել այնպիսին, ինչպիսին որ են, երես են թեքում այս հայելուց, որպեսզի չտեսնեն իրենց իրական դեմքը: Իսկ նրանք, ովքեր արդարության և ճշմարտության քաղցն ու ծարավն ունեն և չեն ուզում պատրանքների մեջ մնալ, այլ նախընտրում են երես առ երես, առանց իրենք իրենց խաբելու տեսնել սեփական էությունը, այդպիսիք դառնում ու նայում են Սուրբ Գրքին:
Սակայն միևնույն ժամանակ Սուրբ Գիրքը նաև «ամենալավատես» գիրքն է, քանի որ թեպետ այն մերկացնում է մեր բոլոր չար հակումները, բայց և այնպես նաև փոխակերպում է մեզ Աստծու նմանությամբ: Նկատի ունեցեք, որ Սուրբ Գիրքը, մարդու բոլոր տգեղ կողմերը նկարագրելուց հետո ցույց է տալիս նրա բարձրացումն ու փառավոր հաղթանակը, և ըստ այդմ ասում է մեզ. «Սո՛ւրբ եղեք, ինչպես որ Նա է սուրբ» (հմմտ. Ա Պետ. 1.15), «Կատարյա՛լ եղեք, ինչպես որ Նա է կատարյալ» (հմմտ. Մատթ. 5.48): Ահա թե ինչու Հայ եկեղեցին, Պողոս առաքյալի հետ համաբարբառ, այն կոչում է «Աստվածաշունչ»:
Արդ, քանի որ մեզ այսպիսի գիրք է ընծայվել, հարցնում եմ ձեզ, ո՜վ հավատացյալներ.
- Այս հավիտենական պարգևի համար արդյո՞ք դուք կատարում եք ձեր անսահման երախտագիտական պարտքը այն մարգարե հոգիների առջև, որոնք Սուրբ Գիրքն ավանդել են մեզ:
- Արդյո՞ք մենք ենթակա չենք լինի խստագույն պատասխանատվության, եթե չիմանանք 831 լեզուներով թարգմանված այս Աստվածաշնչի պատմությունը:
- Արդյո՞ք մեզ համար հրամայական-պահանջ չէ այն ընթերցել և խորհրդածել՝ Սուրբ Գիրքը դարձնելով մեր անհատական ու հասարակական կյանքի ուղեցույցը:
- Դուք ձեր կյանքի ելևէջներում փորձե՞լ եք կիրառել Աստվածաշնչի վսեմ սկզբունքները:
Իսկ եթե պատշաճ անդրադարձ չեք ունեցել այս գրքին, օ՜հ, կրկին ու կրկին պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, որ կարդաք այն՝ ինչ վիճակում էլ որ լինեք, ինչ դիրք էլ որ ունենաք. լինեք ընտանիքի տեր թե մենակյաց, նեղության և ուրախության ժամանակ: Եթե հալածանքի մեջ եք, կարդացե՛ք Սուրբ Գիրքը, և ձեր մռայլ կյանքի ճանապարհին լույս կնշմարեք, ձեր տկարության մեջ ուժ կգտնեք, արհավիրքների մեջ՝ արիություն, միայնության մեջ՝ բարեկամ, հալածանքների մեջ՝ պաշտպան, որը ձեզ կառաջնորդի բաղձալի, ապահով վայրը՝ դեպի կյանք և հավիտենականություն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Աղբյուր՝ surbzoravor.am