Կարապետ արքայութեան երկնից սուրբ Յովհաննէս Մկրտիչ.
Որ եղեւ աշխարհի քարոզ փրկութեան յաւիտենից.
Աղօթիւք սորա՝ Տէր լուր մեզ եւ ողորմեա:
Որ առաւել քան զմարգարէս մեծ ի ծնունդս կանանց.
Որ զՔեզ մեզ յայտնեաց՝ Աստուած եւ մարդ յերկրի երեւեալ.
Աղօթիւք սորա՝ Տէր լուր մեզ եւ ողորմեա:
Ձայն բարբառոյ յանապատի եւ կատարիչ խորհրդոյ.
Գլխատեալ այսօր ի Հերովդիայ. վերափոխեցաւ ի դասս անմարմնոցն.
Աղօթիւք սորա՝ Տէր լուր մեզ եւ ողորմեա:
(Շարակնոց)
Քրիստոսի սուրբ Կարապետը եւ Յովհաննէս Մկրտիչը սրբութեամբ մեծացաւ անապատում մանուկ հասակից առանց մօր, առանց մարդկանց կողմից սպասաւորութեան: Քսանինը տարի սպասաւորուեց հրեղէնների կողմից եւ կերակրուեց Աստուծոյ շնորհներով: Սնւում էր վայրի մեղրով եւ մորեխով ու չէր ուտում ոչ մի բան, ինչ անցնում էր կրակի միջով: Նրա հանդերձը ուղտի բրդից էր, մէջքին ունէր կաշուէ գօտի: Երբ լրացաւ երեսուն տարին, Աստուծոյ Խօսքը լսելի եղաւ նրան՝ գնալ Յորդանան եւ մկրտել մարդկանց ապաշխարութեան համար: Նրա մօտ էին գալիս բոլոր երուսաղէմացիները, Յորդանանի եւ ողջ Հրէաստանի բոլոր կողմերից՝ Յորդանան գետում մկրտուելու եւ իրենց մեղքերը խոստովանելու համար:
Եկաւ նաեւ մեր Տէր Յիսուս Քրիստոս՝ մկրտուելու նրա ձեռամբ: Եւ Յովհաննէսն ընդառաջ գնաց, երկրպագեց Նրան ու ասաց. «Տէ՜ր, ինձ պէտք է, որ Քեզնից մկրտուեմ, եւ Դու ինձ մօ՞տ ես գալիս»: Եւ Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետև այսպէս վայել է կատարել Աստուծոյ ամէն արդարութիւն»: Եւ ապա մկրտուեց Յորդանանի ջրերի մէջ: Այնժամ բացուեց երկինքը, Հայրն ի վերուստ վկայեց. «Դա է Իմ սիրելի Որդին, որին հաճեցայ, Նրան լսեցէք», եւ Սուրբ Հոգին աղաւնակերպ իջաւ Իր Էակցի վրայ:
Եկաւ նաեւ գալիլեացի Հերովդէս թագաւորը՝ մկրտուելու նրա կողմից, եւ Յովհաննէսը բազմութեան առջեւ յանդիմանեց նրան՝ ասելով, թէ օրինաւոր չէ, որ քեզ կին առնես քո եղբայր Փիլիպպոսի կնոջը, ով նրանից զաւակ ունի: Այդ օրուանից Հերովդէսը ոխ պահեց Յովհաննէսի դէմ եւ կամենում էր սպանել նրան, որի համար որոգայթ լարեց եւ ձգեց նրան թակարդի մէջ, որպէսզի լռի նրա յանդիմանող ձայնը: Հարուածեց Կարապետի յանդիմանութեան նետը, եւ նա զարհուրած խռովուեց: Հերովդէսին մօտեցաւ անիծեալ Հերովդիադան եւ ասաց նրան. «Կատարի՛ր իմ կամքը եւ ազատի՛ր մեզ նրա սպառնալիքներից: Լսի՛ր ինձ, կտրի՛ր Յովհաննէսի գլուխը, որպէսզի լռի նրա յանդիմանող ձայնը»: Պատասխանեց Հերովդէսը եւ ասաց դեւերի գործակցին. «Չեմ համարձակւում այդ անել, որովհետեւ նա սուրբ է եւ արդար: Գուցէ երկնքից հուր իջնի մեզ վրայ, ինչպէս պատահեց Եղիայի հետ, եւ այրուեցին երկու հարիւր յիսուն զօրականներ»: Անսանձ եւ հեշտասէր կինն ասաց. «Եթէ չսպանես Յովհաննէսին, ես կը հեռանամ»: Հերովդէսը պատասխանեց. «Եթէ ես սպանեմ նրան, կը կործանուի իմ թագաւորութիւնը, սակայն որպէսզի հանդարտուի քո սիրտը, նրան բանտ կը նետեմ»:
Արդարին բանտ նետեցին, եւ հանգստացաւ պոռնիկի սիրտը: Եւ մինչ նա բանտում էր, Հերովդէսն իր ծննդեան առթիւ խնջոյք կազմակերպեց եւ հրաւիրեց իր բարեկամներին: Երիտասարդներն ու տարեցները ըմպեցին հին գինին եւ յիմարացան: Կերան եւ արբեցին, բայց չգոհացան բարիքներ պարգեւող Աստծուց, այլ միաբան խնդրեցին թագաւորին, որպէսզի գայ Հերովդիադայի դուստրը եւ պարի հաւաքուածների առջեւ: Եւ թագաւորը հրամայեց կանչել աղջկան՝ պարելու:
Ուրախացաւ Հերովդիադան, զարդարեց դստերը երեւելի հանդերձներով, ճոխ զարդարանքներով եւ անուշահոտ իւղերով, գեղեցկացրեց նրա երեսը եւ մահաբեր աչքերը: Եւ ասաց դստերը. «Այսօր քո կաքաւելով կը հանգստանայ իմ սիրտը: Ժամն է լռեցնելու նրա յանդիմանող ձայնը եւ արեամբ փակելու նրա բերանը, որը ջանում էր մեզ ծաղր ու նախատինք դարձնել ողջ Գալիլիայում»: Եւ աղջիկն ասաց մօրը. «Թող հանգստանայ քո սիրտը, որովհետեւ ես այսօր կընդհատեմ նրա կեանքը: Ես սուսէր կը լինեմ եւ կը սպանեմ Յովհաննէսին: Ուրախացի՛ր այսօր, մա՛յր իմ, որովհետեւ ես այսօր քո սիրտը խնդութեամբ կը լցնեմ»:
Եւ ելնելով գնաց դեւերի գնդով պաշարուած պարահրապարակ, իսկ ինքը՝ սատանան, որպէս զօրապետ գնում էր նրա յետեւից: Հրաւիրուածները տեսան նրան եւ մեծապէս զուարճացան: Նախքան կաքաւելը գովեցին նրա գեղեցկութիւնը եւ հիացան նրա զարդարանքների վրայ: Երկրպագեց աղջիկը թագաւորին եւ գերեց ամբոխին: Ոստոստեց ուրախութեամբ, ծափահարեց ու սկսեց կաքաւել: Ապշեցրեց թագաւորին իր գեղեցկութեամբ եւ լկտի կաքաւելով՝ յիմարացրեց նրան, որի համար բազմութեան առջեւ երդուեց տալ աղջկան, ինչ որ նա կը խնդրի, անգամ իր թագաւորութեան կէսը:
Ցնծաց աղջիկը եւ ուրախացաւ թագաւորի խոստման համար: Կանգնեց իժը քարբի առջեւ եւ ասաց. «Տո՛ւր ինձ սկուտեղի վրայ Յովհաննէսի գլուխը»: Այս լսելով՝ թագաւորը յոյժ տրտմեց ու չգիտէր, թէ ինչ անէր: Արդարին սպանել երկնչում էր, իսկ երդումը դրժել պատկառում էր ներկաներից: Թշուառական եւ անիծեալ թագաւորը յիմարացաւ, քանզի չկամեցաւ սուտ դուրս գալ եւ չկարողացաւ խորհել, թէ որն էր իր օգուտը: Այնժամ կանչեց զինուորներից մէկին ու ասաց. «Գնա՛ բանտ, կտրի՛ր Յովհաննէսի գլուխը եւ սկուտեղով այստեղ բե՛ր»: Բոլոր հաւաքուածները միաբերան ասացին. «Մեր մեղքերի պատճառով է մեռնում արդարը», ու սկսեցին աղաչել թագաւորին. «Դու երդուեցի՛ր, բայց ոչ արդարի համար: Զուր մի՛ թափիր նրա անբիծ արիւնը: Լսի՛ր մեզ, դրժի՛ր քո խոստումը, եւ նա կ՚աղաչի Տիրոջը, որ ներուի քո յանցանքը»: Սակայն նա չլսեց:
Զինուորը գնաց, սուրը ձեռքին, մտաւ բանտ եւ տեսաւ Յովհաննէսին, ով աղօթում էր: Զարհուրեց զինուորը, իսկ Յովհաննէսը հարցրեց նրան. «Ի՞նչն է պատճառը, որդեա՛կ, որ քեզ այստեղ է բերել»: Զինուորը պատասխանեց. «Հերովդէսի ընթրիքը, հաւաքուածների ապշութիւնը եւ աղջկայ կաքաւելը: Նա թագաւորից խնդրել է քո գլուխը: Վա՜յ ինձ, անիծեա՛լ է իմ ծննդեան օրը, որովհետեւ վախենում եմ սպանել քեզ, բայց եթէ չսպանեմ, թագաւորն էլ ինձ կը սպանի: Մեծ է Աստուծոյ ահը, եւ խիստ է թագաւորի հրամանը: Աւելի լաւ է մեռնեմ, քան թէ քո անբիծ արիւնը հեղեմ»:
Պատասխանեց Յովհաննէսը եւ ասաց ուրախութեամբ. «Խայտալով ծնուեցի եւ ահա կաքաւելով կը մեռնեմ: Ե՛կ, որդեա՛կ, ա՛ռ իմ գլուխը եւ կատարիր քո թագաւորի կամքը: Եւ ինչպէս որ այստեղ կարապետ եղայ ողջերի համար, նոյնպէս էլ այնտեղ կը գնամ իմ Տիրոջ առջեւից եւ աւետիս կը տամ մեռելներին Օծեալի գալստեան եւ դժոխքի աւերման մասին»
Ապա աչքերը վեր բարձրացնելով՝ ասաց. «Հա՛յր Աստուած, Քո ձայնը պատռեց երկինքը, որ տեսան իմ աչքերը եւ լսեցին իմ ականջները: Աստուածորդի եւ Բանն Աստուծոյ, որ իմ ձեռքով մկրտեցի Քեզ Յորդանանում: Սուրբ Հոգի Աստուած, որ աղաւնակերպ իջար Քո Էակցի վրայ: Ընդունի՛ր Քո Յովհաննէս ծառայի հոգին, քանզի ահա հեղում են իմ արիւնը, եւ արժանացրո՛ւ ինձ Քո ողորմութեանը»:
Այսպէս արտասուախառն ձայնով աղօթեց Յովհաննէսը, եւ ապա զինուորը կտրեց մեծ մարգարէի գլուխը, դրեց սկուտեղի վրայ եւ տարաւ: Երբ տեսնողները հարցնում էին, թէ ինչ է տանում, պատասխանում էր. «Սա Հերովդէսի տան կիզիչ հուրն է»: Տարաւ պատուական գլուխը եւ դրեց թագաւորի առջեւ: Եւ թագաւորն ասաց դիւակերպ դստերը. «Ա՛ռ սկուտեղը եւ տո՛ւր քո մօրը»: Վերցրեց քարբ օձը գեղեցիկ տատրակին եւ, ցնծութեամբ մտնելով մօր մօտ, ուրախութեամբ տուեց սկուտեղը, իսկ մայրը ցնծութեամբ վերցրեց այն: Լրբաբար ցած գցեց, անզգամութեամբ ոտքի տակ տուեց եւ անամօթ լկտիութեամբ ասաց սուրբ գլխին. «Որդի՛ մորոսի, դու կամենում էիր յաղթել ինձ, բայց տե՛ս, որ ես քեզ յաղթեցի եւ քո գլուխը կտրել տուեցի»:
Յաջորդ օրը՝ ընթրիքի ժամին, կանչեցին աղջկան՝ դարձեալ պարելու: Եւ նա եկաւ ու հպարտութեամբ սկսեց կաքաւել: Թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր ինձնից ոսկի կամ արծաթ, եւ ես կը տամ քեզ, բայց մարդու արիւն այլեւս մի՛ խնդրիր, որովհետեւ այս գիշեր մեծ տագնապ ունեցայ ահաւոր երազից եւ չարչարուեցի պէս-պէս տանջանքներով: Երկնքից հրեշտակները հրեղէն գաւազանով հարուածում էին ինձ, որովհետեւ ես լսեցի քեզ ու գլխատեցի արդարին»:
Այնժամ աղջիկը կամեցաւ նորագոյն ինչ ցոյց տալ. սկսեց կաքաւել սառոյցի վրայ. շարժում էր իր պարանոցը եւ մարմնի բոլոր անդամները, պարում ու ցնցւում էր ողջ մարմնով: Եկաւ հասաւ սառած ջրի եզերքին եւ կամենում էր կօշիկներով կանգնել սառոյցի վրայ: Հպարտութեամբ կամեցաւ թագաւորին եւ հրաւիրեալներին նոր երեւելի տեսարան ցոյց տալ, բայց սառած ծովակը չհանդուրժեց նրա անամօթութիւնը. սառոյցը ճեղքուեց նրա ոտքի տակ, ընկղմուեց պիղծ Տալիթան, սառոյցը սուսերի պէս հատեց նրա գլուխը, իսկ պղծալից մարմինն ընկղմուեց ծովի խորքերում: Հաւաքուեցին ծովի սողունները եւ կերան նրա մարմինը, իսկ գիսաւոր գլուխը գլորւում էր սառոյցի վրայ:
Թուլացան տեսնողների ձեռքերը, եւ յոյժ սարսեցին: Թափեցին իրենց ըմպելի գինին եւ միաբան աղաղակեցին, օրհնում էին Աստծուն եւ ասում. «Օրհնեա՜լ է արդարադատ Աստուած, որ արեց արդար Յովհաննէսի դատը»:
Իսկ թագաւորն արգելեց պատմել մօրը, թէ ինչ եղաւ դստերը, որպէսզի նա իմանայ, որ ոչ թէ սառոյցը սպանեց դստերը, այլ Յովհաննէսի աղօթքը, ում սպանեց ինքը: Եւ ինչպէս որ նախորդ օրը սկուտեղով վերցրեց սուրբ Յովհաննէսի գլուխը, նոյն կերպով վերցնի իր միամօր դստեր գլուխը: «Գնացէ՛ք, ասացէ՛ք նրան, — ասաց, — թէ տո՛ւր այն սկուտեղը, որպէսզի նրանով բերենք թագաւորի նուէրը»: Եւ այդպէս էլ արին:
Մայրը սպասում էր, թէ երբ է գալու դուստրը եւ բերելու թագաւորի պարգեւները:
Դստեր գլուխը դրեցին սկուտեղի վրայ եւ տարան մօրը՝ ասելով. «Վերցրո՛ւ թագաւորի պարգեւը»: Իսկ նա երբ տեսաւ իր դստեր գլուխը, դողաց սարսափով: Խաւարեց աչքերի լոյսը, թուլացան ձեռքերը, կապտեց դէմքը, եւ ցամաքեցին շուրթերը: Կապուեց լեզուն եւ ցնորուեց, ապշեց, յիմարացաւ եւ ահաբեկուեց: Գլխին հող լցրեց ու ճանկռեց երեսը: Սկսեց անարգել եւ հայհոյել Աստուծոյ սուրբ Յովհաննէսին, որի համար երկնքից մի քար ընկաւ, ջախջախեց անամօթ ու պիղծ կնոջը եւ սպանեց նրան:
Իսկ Յովհաննէսի սուրբ գլուխն անզգամ Հերովդիադայի ծառները տարան դրեցին մի պատուհանի առջեւ՝ ակնկալելով, որ կը գան սուրբի աշակերտները, իրենց կաշառք կը տան եւ կը տանեն: Եւ լիրբ Հերովդիադայի մեռնելուց յետոյ՝ նոյն ժամին, նրա վրայ փլուզուեց տունը, որն էլ գերեզման եղաւ նրա պիղծ մարմնի եւ դստեր գլխի համար: Այդպէս չարժանացան օրինաւոր թաղման, եւ յաւիտենապէս կորան:
«Բովանդակ սրտով, արտասուալից աչքերով եւ ծունր դրած աղաչում ենք քեզ, ո՛վ շնորհների միջնորդ եւ օրէնքի լրում, հրեշտակ մարմնի մէջ եւ անապատի ձայն, սերովբէ հողեղէն եւ մարմնաւոր քերովբէ, ապաշխարութեան քարոզ եւ մեղաւորների դարձ, ճշմարիտ վկայ եւ Քրիստոսի ձեռնադրող: Բարեխօսի՛ր Հայոց աշխարհի հաշտութեան համար, որում ամփոփուած են քո սուրբ նշխարները, բարեխօսի՛ր թագաւորների եւ իշխանների, աղքատների եւ ռամիկների, հայրերի եւ հայրապետների, վարժապետների եւ աշակերտների, սուրբ Եկեղեցու ժառանգութեան եւ ամբողջ ժողովրդին շնորհներ բաշխելու եւ յանցանքների թողութեան համար: Պարգեւիր նաեւ տարակուսեալներին յոյս, վտանգուածներին ազատութիւն, սասանուողներին հաստատութիւն, ուղղափառներին առաջնորդութիւն, բոլոր մարդկանց՝ արանց եւ կանանց, ծերերին եւ մանուկներին, երիտասարդներին, կոյսերին եւ քո տօնը յիշատակողներին մեղքերի թողութիւն, հիւանդներին բժշկութիւն, հոգու եւ մարմնի խաղաղութիւն եւ բարեկարգութիւն, ի Քրիստոս ննջեցեալներին հանգիստ եւ ողորմութիւն: Որպէսզի այստեղից ելնելուց յետո արժանի լինենք քո շնորհներով տեսնել քեզ՝ փեսաւէրիդ եւ բարեկամիդ՝ Փեսայի աջ կողմում եւ լսել քո խօսքի ձայնը Քրիստոսի «Եկէք…» ձայնի հետ միասին, Ում քեզանով եւ քեզ հետ երկրպագութեամբ գոհութիւն եւ փառք վեր առաքենք միասնական Սուրբ Երրորդութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ այժմ եւ միշտ ու յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
shavigh.am