«Մի՛ սպանիր» (Ելք 20.13)։
Թերևս ձեզնից ոմանք, չսպասելով, որ ավարտեմ բնաբանս, սրտնեղած ասեն․ «Պատշաճ չէ, որ քաղաքակիրթ ու բարեհամբավ այս քաղաքի եկեղեցում նման բնաբանով սկսվող քարոզ հնչի»: Գուցե նաև ասեք. «Ավելի լավ կլիներ այս պատվիրանն ուղղել թաքստոցներում հանգրվանած ավազակներին, որոնք հարձակվում են քարավանների ու ճանապարհորդների վրա, կողոպտում են ու սպանում: Այսպիսի բնաբանով խոսել մի ժողովրդի հետ, որն արժանապատվորեն է ապրում և տարվա ընթացքում հազիվ մի քանի սպանությունների մասին է լսում, կնշանակի չիմանալ ժողովրդի ներքին կյանքը: Մեզ ինչո՞ւ եք այսպիսի պատվեր տալիս. մենք ոչ մեկի չենք սպանել, արյանը նայել անգամ չենք կարող, նույնիսկ հավ չենք կարող մորթել, էլ ո՜ւր մնաց՝ մա՛րդ սպանել»:
Սակայն առանց իմ նյութից շեղվելու, ես դարձյալ ցանկանում եմ ձեզնից յուրաքանչյուրին ուղղել Տասնաբանյայի այս կտրուկ պատվիրանը. «Մի՛ սպանիր»: Ձեզ հետ մի մտամփոփ խորհրդածություն ունենալու դեպքում ամենքիս համար էլ պարզ ու համոզիչ կդառնա այն ճշմարտությունը, որ մենք շատ հաճախ, անգիտակցաբար կամ գիտակցաբար սպանություններ ենք գործում, ուստի ինքնին հասկանալի է դառնում, որ այս «մի՛ սպանիր» պատվիրանը որքան Մովսեսի օրերում, նույնքան էլ արդի, քաղաքակիրթ քսաներորդ դարում այժմեականություն ունեցող պատվիրան է:
Սպանել, նշանակում է կարճել մեկի կյանքը, և մի՞թե աշխարհում կա անսահմանորեն անգին այնպիսի մի բան, ինչպիսին կյանքն է: Աշխարհում որևէ բան չի կարող համարժեք լինել մարդկային կյանքին: Աստված, այդ կյանքը մեզ տալով, ամեն բան տված է լինում, քանի որ այն մյուս բոլոր բարիքների «պայմանն» է, ուստի կյանքը կորցնել, կնշանակի ամեն ինչ կորցնել: Իսկ կյանք ունենալն ու կյանքի տեր լինելը նշանակում է ի վիճակի լինել բոլոր բարիքները ստանալու:
Կյանքը մշտապես էլ մեծագույն բարիք է, անգամ այն ժամանակ, երբ այն «դրսևորվում» է իր ստորին հայտնություններով: Այն հետզհետե ավելի թանկագին է դառնում. բավական է միայն, որ այն առաջադիմի, քանի որ որքան կյանքն առաջադիմում է, այնքան ճոխանում է, և որքան ճոխանում է, այնքան ավելի թանկարժեք է դառնում ու, ավելի գիտակից լինելով իր վիճակին, հետզհետե մոտենում է բարձրագույն, այսինքն՝ աստվածային կյանքին:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ ամեն կյանք աստվածային կյանքի մասնիկն է, և ահա թե ինչու է այդ կյանքն իր մեջ ամփոփում իրական զարգացմանն անհունապես ընդունակ մի զորություն:
Կյանքը բոլոր կարելիությունների ու բոլոր կատարելությունների սերմն է, սակայն պետք է խոստովանենք նաև, որ կյանքը մեծագույն խորհուրդներից մեկն է, և իրականում մենք չգիտենք, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Բարոյագետները տակավին չեն կարողացել գոհացուցիչ ու ճշգրիտ սահմանում տալ այդ ամենախորհրդավոր իրականությանը, այսինքն՝ կյանքին:
Եթե կա մի բան, որը մասնավոր կարևորություն է տալիս մարդկային կյանքին, դա կյանքի՝ հավիտենականության սկիզբ լինելն է: Ըստ այսմ կարող ենք ասել, որ մարդկային կյանքն իր մեջ պարունակում է հավիտենականության սերմը: Ուրեմն ինչպե՞ս չգնահատենք այն «կարողությունը», որը կարող է ձգվել մինչև հավիտենականություն, և հետևաբար ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված իրավունք չունենար մեզ հրամայելու հարգել այդ «կարողությունը»:
«Մի՛ սպանիր»: Ուշադի՛ր եղեք այս պատվիրանի բացարձակ նկարագրին: Այն չի ասում՝ «մի՛ սպանիր քո ընկերոջը»: Եթե այդպես ասեր, ապա հնարավոր կլիներ եզրակացնել, որ անձնասպանությունը թույլատրելի է: Դարձյալ, չի ասում՝ «մի՛ սպանիր այսինչ կամ այնինչ պարագաներում»: Եթե այդպես ասեր, պետք է եզրակացնեինք, որ զանազան պարագաներում և ինչ-ինչ առիթներով իրավունք ունենք սպանելու ուրիշներին:
Իսկապես, մենք զանազան ձևերով սպանում ենք և կարճում որևէ մեկի կյանքի օրերը. սպանում ենք որևէ բան գողանալու համար, վրեժ լուծելու կամ չարիք պատճառելու նպատակով, սպանում ենք այնժամ, երբ անտարբեր ենք գտնվում ուրիշների կարիքների հանդեպ, սպանում ենք, երբ որպես երախտամոռ զավակներ վշտացնում ենք մեր ծնողներին և նրանց կյանքի օրերի նվազելու պատճառ ենք դառնում:
Սպանում ենք, երբ մեր երիտասարդության տարիներին, որևէ աղջկա վստահությունը չարաշահելով, չարամիտ հաճույքի փափագով լցված՝ խոցում ենք մեզ վստահված սիրտը: Սպանում ենք այնժամ, երբ անխղճաբար արատավորում ենք ուրիշների պատիվն ու պղծում՝ հավատքը: Խոստովանենք, որ սրանք եղանակներ են՝ մեր ընկերոջ կյանքը կարճելու, մեր ընկերոջը սպանելու:
Սակայն պետք է ավելի առաջ գնանք. միայն մարմինը մեռցնելով չէ, որ սպանություն ենք գործում, այլև հոգին մեռցնելն էլ է սպանություն համարվում: Հոգին մարդկային էության մեջ ամենաթանկագինն է, քանի որ հոգին մարդ արարածի միջի աստվածային տարրն է:
Մարդու հոգին սպանում ենք, երբ գայթակղեցնում ենք նրան, երբ խոչընդոտում ենք որևէ մեկի բարեպաշտությանը, երբ անմիտ խոսքով կամ սխալ օրինակով վտանգում ենք մարդու հավատքը: Քանի՜ քանիսն այսօր համոզված քրիստոնյաներ, օգտակար գործիչներ կլինեին ու կդառնային մարդկային կյանքի օրհնությունն ու պատիվը, եթե նրանց երիտասարդության տարիներին ծնունդ առած և զարգանալու ընթացքի մեջ գտնվող հոգեկան կյանքը ամբարիշտների հեգնանքին չարժանանար ու բարոյապես չսպանվեր:
Եվ ոչ թե միայն այդքանը, այլ դեռ կան այնպիսիք, ովքեր երիտասարդ, առողջ հոգիներին անամոթաբար առաջնորդում են անբարոյականության սրով մեռնելուն: Սրանք բոլորը սպանության տեսակներ են, և թեև այս սպանություններից արյուն չի հոսում, սակայն դրանք ավելի երկյուղալի են, քան արյունալի սպանությունները: Չէ՞ որ Հիսուս էլ ասաց. «Մի՛ երկնչեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող սպանել, այլ երկնչե՛ք նրանից, ով կարող է հոգին ու մարմինը կործանել՝ գեհենի մատնելով» (տե՛ս Մատթ. 10.28, Ղուկ. 12.4):
Բայց Հովհաննես առաքյալը մեզ ավելի հեռուն է տանում, երբ իր առաջին նամակում ասում է. «Այս է այն պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե՝ որ սիրե՛նք միմյանց. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը: Եվ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի: Եվ մի՛ էլ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ: Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի» (Ա Հովհ. 3.11-15):
Ատելությունն, ուրեմն, ըստ Հովհաննես առաքյալի խոսքի՝ նման է սպանության. ատելը սպանելն է: Եվ եթե այդպես է, ապա ո՞վ կարող է համարձակվել ասելու, որ երբևէ որևէ մեկի չի սպանել, այսինքն՝ երբևէ չի ատել: Ատելն այլ բան չէ, եթե ոչ սրտանց ցանկանալ, որ մեկը վերանա: Հայտնի է, որ երբ մեկը բավականին կիրթ է կամ վախենում է պատժից, բառի բուն իմաստով չի սպանում, բայց քանի որ իր սրտում ատելության զգացում ունի, արդեն իսկ սպանություն իրականացնելու ճանապարհին է:
Չմոռանանք, որ ատելությունը մեր մեջ հանկարծակի չի ձևավորվում. այն սովորաբար սկսվում է նախանձով, չար զգացումով, շփոթությամբ, զայրույթով, բամբասանքով, զրպարտությամբ: Երբ այս չար զգացումները մնում են մեր սրտում և հետզհետե զարգանում, սկսում են փոխակերպվել ատելության, որն էլ իր հերթին ոճրագործության նախադուռն է:
Ո՜վ հավատացյալ ունկնդիրներ, տեսնենք, թե մեզանում կա՞ մեկը, ով կարող է ասել. «Ես չեմ սպանել, քանի որ երբևէ չեմ նախանձել, երբևէ չեմ չարախոսել, երբևէ որևէ մեկի դեմ չարություն չեմ սնուցել»: Օ՜հ, բավական է միայն ականջալուր լինել մեր սրտի ձայնին, որը մեր միջից պիտի ահեղ ձայնով աղաղակի. «Դու հենց ա՛յդ մարդասպանն ես, որի մասին խոսվում է»:
Սակայն դա էլ դեռ ամենը չէ. առանց իր դիմացինին սպանելու էլ մարդ կարող է սպանել՝ սպանել ինքն իրեն: Անձնասպանությունը ևս մարդասպանություն է: Արդ, դժբախտաբար ներկա դարում անձնասպանությունը նորույթ է դարձել: Որոշ շրջանակներում էլ խորհում են, թե ինչ-ինչ պարագաներում անձնասպանությունը ներելի է: Այսպես օրինակ՝ երբ ծանր դժբախտության դեպքը մեզ շփոթեցնում է, երբ կյանքի բեռը խիստ տաժանելի է դառնում, երբ կյանքն իր հարուցած նեղությունների պատճառով այլևս ապրելու «արժանի» չի լինում, երբ որևէ անպատվություն արատավորում է մեր կյանքը, ուրեմն, ինչպես ասում են ոմանք՝ հարկ է վերջ տալ կյանքին, քանի որ, կարծես թե, այդ իրավունքն ունենք:
Դրանից ավելի մեծ սխալ չի կարող լինել, քանի որ կյանքը, հաճույք լինելուց ավելի, պարտականություն է, և Աստված մեզ կյանք չի տվել, որպեսզի մենք մեր ուզած ժամանակ կամ մեր կարծիքով բավարար չափով ապրելուց հետո վերջ տանք այդ կյանքին:
Միայն կյանքի Տերն իրավունք ունի մեր այդ «կացությունը» փոխելու: Որքան էլ հիվանդ, ախտահարված, շվարած ու բարկացած լինենք, բնավ իրավունք չունենք մեր կյանքին վերջ դնելու: Դժբախտաբար այս կամ այն վայրում տեղի ունեցած ինքնասպանությունների մասին արձագանքները հաճախ տեսնում ենք թերթերում, որից կարելի է երևակայել, թե այդ անձնասպանությունները որքա՜ն անհուն ցավ են պատճառում «զոհի» ծնողներին և մյուսներին: Անձնասպանությամբ երկու ոճիր է գործվում, քանի որ անձնասպանը իր ձեռքով իրեն սպանելուց զատ կտոր-կտոր է անում իր մերձավորների սրտերը:
Ինքնասպանության մի ուրիշ տեսակ էլ կա. դա ամենածանր անձնասպանությունն է, որը մարդ կարող է գործել՝ իր հոգուն զրկելով անհրաժեշտ սննդից, լքելով սեփական հոգին, մարելով հոգու հուրը և վերջապես անտարբեր գտնվելով հոգու փրկության հարցում. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Մատթ. 16։26):
Սպանության այն բոլոր տեսակները, որոնք թվարկեցի, սպանություններ են մարդու դեմ: Բայց կա մեկ այլ, ավելի ծանր սպանություն, որը Աստծու Որդու դեմ գործվող սպանությունն է: Այդ ոճրի սարսափելիությունը անկարելի է նկարագրել, որովհետև անհնար է բնութագրել Զոհի սրբությունն ու արդարությունը: Նա Աստծու, Աստծու իմաստության և արդարության իրական Պատկերն է: Նա «մեզ հետ եղող» Աստված է:
Արդ, գուցե հարցնեք՝ «ինչպե՞ս կարող էինք սպանել Աստվածորդուն: Ո՞վ կարող է մտածել Ամենասրբին սպանելու մասին, ո՞ւմ մտքով կանցներ վիրավորել Նրան: Մի՞թե կարելի է սպանել Ամենաբարուն: Բոլոր սպանությունները հասկանալի են, բայց անհասկանալի է Աստվածորդուն սպանելու պարագան»: Սակայն ես ձեզ պիտի ասեմ, որ դուք, այո՛, սպանում եք նաև Աստծու Որդուն:
Հիշո՞ւմ եք, թե Աստծու Որդին որքա՜ն տառապեց մարդկանց կողմից: Հազիվ ծնված՝ ենթարկվեց Հերովդեսի սպառնալիքին: Նրան սպանելու մտքով տարված՝ Հերովդեսը կոտորեց գյուղի բոլոր մանուկներին: Թշվառության մեջ լինելով՝ Հիսուս տեղ չունեցավ նույնիսկ Իր գլուխը դնելու: Նա ատելի եղավ, նախատվեց ու զրպարտվեց: Հիսուսին անարգանքով կոչեցին «Նազովրեցի», «Սամարացի», «Գալիլիացի», «մեղավոր», «շաբաթը խախտող», «հիմար», «ուտող», «խմող», «հայհոյող», «դիվահար»:
Եվ ոչ թե այդքանը միայն, այլ Հիսուս դեռ լքվեց Իր աշակերտների կողմից, մատնվեց Հուդայի ձեռքով, երիցս ուրացությամբ մերժվեց Պետրոսից, լքվեց նաև Իր ծանոթներից, անպաշտպան մնացած՝ ընկավ սուտ վկաների ձեռքը: Նրան ապտակեցին, թքեցին վրան, մտրակեցին, փշե պսակ դրեցին գլխին և հարվածներով արյունլվա արեցին ողջ մարմինը։ Նրան խաչի ծանրությունը լծած՝ առաջնորդեցին կառափնատեղի, որտեղ մեռավ երկու ավազակների մեջտեղում՝ ծաղրվելով:
Հիսուս ծաղրվեց հրեաների ու հռոմեացիների կողմից. ծաղրվեց ծարավ լինելու համար, ծաղրվեց Իր անձկալի աղաղակների, Իր վերջին աղոթքի պատճառով: Ահա թե ինչպես սպանվեց Աստծու Որդին: Նրան սպանելու միտքը ոչ միայն Նրա ծննդյան օրից էլ սկսվել, այլ այսօր էլ շարունակվում է պտտվել մարդկանց գլխում: Հիսուս տակավին սպանվում է՝ հալածվելով, չարչարվելով ու խաչվելով: Իսկ ո՞ւմ կողմից. մարդկանց:
Պիտի հարցնեք՝ ո՞ր մարդկանց կողմից, ձեզնի՞ց, մեզնի՞ց: Այո՛, և՛ ձեզնից, և՛ մեզնից: Հիսուսին խաչողները միայն հռոմեացի զինվորները չէին: Հիսուսին Պիղատոսի մոտ քարշ տվողները միայն փարիսեցիները չէին: Միայն հրեա ամբոխը չէր, որ աղաղակեց՝ «խա՛չը հանիր դրան»:
Ներկայումս էլ կան Հիսուսին խաչը հանողներ, Նրան անարգողներ ու Նրա մահվան պատճառը եղողներ: Ահա՛ թե ինչ է ասում Պողոս առաքյալը. «Նա, ով Ավետարանը ճանաչելուց հետո դարձյալ մեղանչում է, կրկին խաչն է հանում և խայտառակում է Աստծու Որդուն»: Պիտի հարցնեք՝ «այժմ ինչպե՞ս են խաչում Նրան»: Խաչում են ոչ թե մեխերով, այլ մեղքերո՛վ են խաչում: Դուք մասնակի՞ց եք Աստծու Որդուն կրկին խաչը հանելու գործին, Նրա մահվանը: Նրանց կողքի՞ն եք, ովքեր Հիսուսի անմեղ արյան հեղվելու պատճառ դարձան:
Հարցնում եմ ձեզ՝ դուք դե՞մ եք գնում վեցերորդ պատվիրանին, խաչո՞ւմ եք կամ խաչե՞լ եք Աստծու Որդուն: Ունկնդիրներիս մեջ կա՞ մեկը, ով խաչել է Աստծու Որդուն: Կա՞ մեկը, ով չի՛ խաչել Աստծու Որդուն: Ես որևէ մեկին դատել չեմ կարող: Չեմ կարող վճիռ արձակել որևէ մեկիդ դեմ: Յուրաքանչյուր ոք այս հարցումների պատասխանը թող ինքն իրեն տա:
Այս ամենը մեզ առաջնորդում է ավելի խորքային մի հարցի. առանց չափազանցության կարող եմ ասել, որ մենք նույնիսկ նախանձախնդի՛ր ենք լինում Աստծուն սպանելու գործին՝ ոչ թե Աստծուն հենց Իր մեջ, այլ Աստծուն մե՛ր մեջ, այսինքն՝ մենք սպանում ենք այն աստվածային շունչը, որը ծածկված է մեր էության մեջ և որն արժեք է տալիս մարդ էակին:
Աստծուն սպանել չէ՞, երբ մարդ խեղդում է իր խիղճը, երբ մերժում է աստվածային պատգամները, երբ չի ցանկանում, որ աստվածային հեղինակությունն իշխի իր ներսում, այլ ասում է. «Չեմ ուզում, որ իմ մեջ իշխի ո՛չ Աստված, ո՛չ Տերը, ո՛չ ուրիշ որևէ մեկը»: Մի՞թե սա ըմբոստ, անզուսպ ու անզգամ մարդու աղաղակ չէ, որն աստվածային գոյությունն ուրանալուց զատ ուզում է սպանել նաև աստվածային շունչը, և իր մեջ խեղդում է խղճի ձայնը, որպեսզի ապահովի իր «ես»-ի հաղթանակը:
Այս սարսափելի սպանություններին մի դարման է պետք, դարմա՜ն: Որքա՜ն հուսահատեցնող, որքա՜ն ահավոր կլիներ, եթե դարման չունենայինք: Այս բոլոր սպանությունների դարմանն այլ բան չէ, եթե ոչ թույլ տալը, որ սերը ներթափանցի սրտի մեջ, ա՛յն սրտի, որն այլևս չի ուզում սիրել:
Անհրաժեշտ է, որ քարե սիրտը մարմնեղենի փոխվի, հարկ է, որ սառած սիրտն Աստծու անհուն սիրո ճառագայթների ներքո կենդանություն ստանա, պետք է գիտենանք, որ ճշմարիտ երջանկությունը ոչ թե անձնասիրության մեջ է, այլ անձը նվիրելո՛ւ մեջ. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը