Ավ. ըստ Ղուկասի 4.43-5.11
4.43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից: 44 Եւ նա նրանց ասաց. «Աստծոյ արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: 45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:
5.1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծոյ խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորքերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կգցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին՝ այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան, իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներն ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով, 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկանց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:
Գործք 7.30-8.2
7.30 Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լեռան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը մի մորենու կրակի բոցերի մէջ: 31 Եւ Մովսէսը, այս տեսնելով, զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. 32 “Ես եմ քո հայրերի Աստուածը՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը”: Եւ Մովսէսը զարհուրած՝ չէր համարձակւում նայել: 33 Եւ Տէրը նրան ասաց. “Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է: 34 Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”: 35 Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ “Ո՞վ քեզ մեզ վրայ իշխան եւ դատաւոր կարգեց”, նրան Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ: 36 Նա դուրս հանեց նրանց՝ նշաններ ու զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում քառասուն տարիներ: 37 Այս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. “Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք”: 38 Այս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լեռան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա է, որ կենարար պատգամներ ընդունեց մեզ տալու համար: 39 Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան 40 եւ Ահարոնին ասացին. “Մեզ համար աստուածներ կերտիր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան”: 41 Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: 42 Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում. “Մի՞թէ անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. 43 այլ դուք վերցրիք Մողոքի վրանը եւ Հռեմփա աստծոյ աստղը եւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչու ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը”: 44 Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր: 45 Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից: 46 Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծոյ առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծոյ համար մի բնակարան կառուցի: 47 Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48 սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ ինչպէս մարգարէն է ասում. 49 “Երկինքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ,– ասում է Տէրը,– կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը”: 51 Կամակորնե՛ր, ում սիրտն ու ականջները փակ են Աստծոյ կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք: 52 Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին: Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53 դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքը ստացաք, բայց այն չպահեցիք»: 54 Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում: 55 Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծոյ փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծոյ աջ կողմում. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծոյ աջ կողմում»: 56 Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ: 57 Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: 58 Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որն աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: 59 Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր նրանց»: Եւ երբ այս ասաց, մեռաւ: Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը:
8.1 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը: 2 Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին:
Հակոբոս 4.7-17
7 Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից: 8 Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. 9 տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան: 10 Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի: 11 Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր: 12 Կայ մէկ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին: 13 Այժմ՝ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք»: 14 (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի, մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում): 15 Մինչդեռ պէտք էր ասել. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը»: 16 Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ: Այսպիսի ամէն պարծանք չար է: 17 Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է:
Ավ. ըստ Հովհաննեսի 1.29-34
29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: 30 Սա է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: 31 Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: 32 Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգում նրա վրայ: 33 Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. “Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով”: 34 Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա է Աստծոյ Որդին»:
Ավ. ըստ Մատթեոսի 5.1-16
1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել: 13 Դուք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կաղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափուի եւ մարդկանց ոտքի կոխան կլինի: 14 Դուք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 15 Եւ ճրագը վառելով՝ կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է:
Ավ. ըստ Մարկոսի 1.21-34
21 Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս, նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով, ուսուցանում էր նրանց: 22 Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները: 23 Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. 24 «Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծոյ Սուրբն ես»: 25 Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»: 26 Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից: 27 Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»: 28 Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում: 29 Եւ ժողովարանից դուրս ելնելով՝ անմիջապէս եկաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ: 30 Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին: 31 Եւ նա մօտենալով նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց: 32 Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին: 33 Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ: 34 Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է: