Գևորգյան ճեմարանում աշակերտ եղած ժամանակս՝ 1892 թվին, մի բարեկամ ուղարկել էր ինձ Հովհ. Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից մի քանի օրինակ, որ վաճառեի ընկերներիս մեջ։
Նույն թվի աշնանը, երբ Թիֆլիս էի, գնացի Թումանյանի մոտ վճարելու գրքի գինը և այդ առիթով ծանոթանալու նրա հետ:
Ներկայացա նրան։ Նա պաշտոն ուներ Կովկասի հայոց հրատարակչական ընկերության մեջ. ի՞նչ էր պաշտոնի անունը՝ չեմ հիշում, սակայն միշտ ընկերության գրասենյակում էր։ Նա քաղցրությամբ ընդունեց ինձ, հարցրեց, թե ի՞նչ տպավորություն է թողել գիրքը աշակերտների վրա։
Մեր ուսուցիչ, բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանի համեմտությամբ առաջին գիրքը մենք գտել էինք թույլ, բայց զգացել էինք տաղանդի շունչը։
— Մենք շատ սիրեցինք ձեր պոեզիայի ժողովրդային տարերքը, — պատասխանեցի ես և արտասանեցի, իբրև ապացույց, որ սիրում ենք, մի երկու ոտանավոր այդ ոճով գրածներից, որ անգիր էի արել։
Թումանյանն ուրախ ժպտաց և իսկույն նվիրեց ինձ բանաստեղծությունների երկրորդ հատորը, որ նոր էր լույս տեսել:
Առաջին հանդիպումով շատ հաճելի տպավորություն ստացա Թումանյանից։ Վարմունքը պարզ էր և ընկերական։ Նրա դեմքը ողողված էր, կարծես, մի ներքին լույսով։ Փարթամ մազերով, աչքերը խոր ու խոհուն։ Ժպիտը միշտ ներկա էր դեմքի վրա։ Հազիվ քսան և չորս տարեկան էր, ուրախ, զվարթ, երիտասարդ:
Հաջորդ այցելությանս արտասանեցի անգիր արած մի քանի ոտանավորներ նոր հատորից։
— Վա՛հ, — բացականչեց նա, — ի՜նչ լավ հիշողություն ունեք: Ես իմ գրածներից ո՛չ մի տուն չեմ հիշում։
Հետագա հանդիպումներին, սիրտ արեցի, հայտնեցի՝ թե ես էլ եմ ոտանավոր գրում։
— Զգում էի, — ասաց նա, — խնդրեմ մեկ բերեք տեսնեմ:
Ոտանավորներիցս ընտրեցի մի տասը-տասնհինգ հատ և հանձնեցի նրան:
Օրեր անցան, սպասում էի, որ կարծիք հայտներ դրանց մասին, բայց նա լռում էր։ Մտածեցի, որ չի հավանել և երբեք էլ չհետաքրքրվեցի։ Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից՝ ուղղակի Օհաննեսի մոտ:
Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով։ Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված։ Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար՝ ամենամոտ մարզիկն են։ Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին՝ «Ասլան բալասի», հետո երկուսով ծիծաղելով, ասում էին. «էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»։
1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում։ Իջել էր հյուրանոց. ես տեղափոխեցի մեր տունը։ Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում ։ Գալիս էր Թիֆլսից՝ Ախալցխայի և Ախալքալաքի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին։ Ինչ-որ միսիայով էր շրջում նա։ Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով։ Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ։ Անշուշտ, Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ։ Այդ օրերից անցել է ավելի քան 50 տարի և մոռացել եմ, թե ի՞նչ էր Օհաննեսի դերը այդ գործերի մեջ, թեև նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի և հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով և տետրակներ էր լեցնում նրանց պատմածներով:
Այդ օրերից մնում է ինձ մոտ մի թանկագին հիշատակ, մի թղթի կտոր՝ Օհաննեսի ձեռագիրը՝ «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որ նոր էր գրել:
Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երևան։
1896 թվի գարնանը Թիֆլիսումն էի: Այդ ժամանակ նոր էի ծանոթացել Դերենիկ Դեմիրճյանի հետ, որ Ներսիսյան դպրոցի աշակերտ էր: Մի երեկո նրան տարա Թումանյանի մոտ. Օհաննեսն արդեն կարդացել էր «Մուրճ» ամսագրում տպված նրա բանաստեղծությունները և գովեստով արտահայտվեց դրանց մասին։ Խոսեցինք գրական նյութերից, ապա Օհաննեսը կարդաց «Մծիրիի» իր նոր կատարած թարգմանությունը, որը մենք հավանեցինք, մեկ-մեկու նկատողություններ անելով:
Դերենիկը գնաց։ Ես գիշերեցի Օհաննեսի մոտ։ Տխուր շրջան էր. ցարական հայահալած քաղաքականությունը չարագին բնույթ էր ստացել, կառավարությունր փակել էր հայոց դպրոցները, իրար ետևից փակում էր հայ թերթերը, գրագարտններր և կուլտուրական հիմնարկները, բանտերը լցվել էին արևմտահայերի ազատագրական շարժման համակրողներով. բանտարկված էին Ղ. Աղայանը, Շիրվանզադեն:
Իսկ Թուրքիայում հայ ժողովուրդը խեղդվում էր արյան մեջ: Ցարական կառավարությունը թշնամական բացարձակ դիրք էր բռնել հայկական հարցի հանդեպ: Ստամբուլի ցարական դեսպան Նելիտովր խրախուսում էր սուլթան Համիդի ջարդերը: Մեզ հայտնի էր արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու բարբարոս ցանկությունը՝ տեսնել «Հայաստանը առանց հայերի»:
Սոսկալի մռայլ էր կացությունը. ո՛չ մի տեղից օգնություն չկար։
— Ես հասկանում եմ թուրքերին. սուլթանի վարմունքն ինձ չի զարմացնում, բայց ցարական պետության վարմունքն իսկի չեմ հասկանում. հայ ժողովուրդն ամբողջովին ռուսասեր է, ռուս պետության նվիրված: — Տխրությամբ ասաց Օհաննեսը և մտասուզված լռեց. ապա մի պահ անց՝ շարունակեց.
— Ցարական պետությունը չի ճանաչում ո՛չ իր բարեկամին, ո՛չ իր թշնամուն… մեր դժբախտությունը դրա մեջ է…
Ուշ գիշեր էր, երբ պատրաստվեցինք քնելու։ Օհաննեսը լամպը ձեռքին կանգնել էր անկողնուս մոտ:
— Ա՛յ տղա, շատ մի՛ տխրիր, վերջը լավ կլինի։ Հայ ժողովուրդը ավելի ծանր օրեր է տեսել: Մի՛ հուսահատվիր, էս էլ կանցնի:
Առհասարակ լավատեսությունը գերակշռում էր Օհաննեսի հոգում. ընկճվածությունը մի վայրկյան էր նրա մոտ։
Հավատով էր մեր ճակատագրի հանդեպ և պայծառ հեռանկարներ էր տեսնում հայ ժողովրդի առաջ։
Այդ հավատը վարակեց ինձ, ես թեթևացած կարողացա քնել:
1898 թվի սկզբներին, ցարական ժանդարմերիայի կարգադրությամբ ես մի տարով աքսորվում էի Օդեսա քաղաքը։
Աքսոր գնալիս, ճանապարհին կանգ առա Թիֆլիս և անմիջապես գնացի Օհաննեսի մոտ: Արդեն օրենք էր դարձել, որ Թիֆլիս գտնվելիս, անպատճառ պիտի լինեի նրա մոտ, գրեթե ամեն օր:
Երեկոյան բավական հյուրեր եկան և մեկնեցին ուշ գիշերին. երբ մնացինք մենակ, Օհաննեսը կարդաց «Դեպի Անհունը» պոեմը, որ վաղուց էր գրել, հիմա վերամշակել էր, տակավին ոչ վերջնականապես։ Ասում էր, որ պոեմի նյութը վավերական է, ճշգրիտ իրողություն։ Պոեմն ինձ վրա տպավորություն թողեց։ Անհանգիստ գիշեր ապրեցի։
Երևակայությունս հուզված էր և անհեթեթ երազներ տեսա։ Առավոտյան երազներս պատմեցի Օհաննեսին։ Նա էլ թե՝ «Սա լավ նշան է, որ պոեմս ազդեցություն է թողնում, բայց իմ պոեզիայի ոճին չի բռնում։ Խորթ զավակ է այս պոեմն ինձ համար, նյութն էլ, գրելաձևն էլ։ Բայց թող լինի, իմանան, որ ֆոլկլորից դուրս էլ կարող եմ բան գրել»։
Այս միամիտ բացատրությունը շատ զվարճացրեց ինձ։
1899 թվին աքսորից վերադարձիս մի քանի օրով մնացի Թիֆլիսում, եղա Օհաննեսի մոտ։ Օհաննեսին գտա շատ ընկճված, շատ տխուր։ Նոր էր դարձել Դսեղ գյուղից, ուր գնացել էր հոր հուղարկավորությանը։
— Սիրելի հորս թաղեցի։ Սրանից ավելի ի՞նչ մեծ վիշտ կա՝ սիրածին թաղել…,- խորին թախծությամբ ասաց նա։
Օհաննեսը շատ էր սիրում հորը և միշտ էլ մեծ հիացմունքով էր խոսում հոր մասին։ Տարիներ հետո էլ առանց աչքերը արցունքով լցվելու չէր կարող խոսել նրա մասին: Գիշերը մնացի մոտը, և մինչև ուշ գիշեր պատմում էր հանգուցյալ հոր բարությունից, ազնվությունից, առաքինություններից։
Օհաննեսը կենտրոնաձիգ անձնավորություն էր՝ հյուրասեր, մարդամոտ։ Զրույցի համար հոգի էր տալիս։ Օրվա որ ժամին գնայիր նրա մոտ, ձեռքի գործը կթողներ և, ժպիտը դեմքին, կնստեր զրույցի:
Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով, շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էինք նրա մոտ իրար տեսնելու և զրույց անելու։ Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին։ Թեյ էինք խմում, ընթրում, խոսում։ Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում։
Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին, որին Նահապետ էինք անվանում։ Գրականության Նահապետ։ Նրան հարգում էինք բոլորս և սիրում։ Ուշադրությամբ էինք լսում նրա կարծիքները, դիտողությունները։ Մեր երեկույթներին, զիջելով մեր թախանձանքներին, Աղայանը երգում էր իր սիրած Քյորօղլու ասպետական երգերը, իրեն՝ Աղայանի հայացրած թարգմանությամբ։ Պարթև հասակով կանգնում էր նա, հուժկու ձեռքերը շարժելով, բամբ ձայնով կատարում էր «Քյորօղլին»։
Ընթերցում էինք մեր նոր գրած բաները, քննադատում, կարծիքներ փոխանակում։ Խոսում էինք հայ, ռուս և օտար գրական նորությունների մասին, հաղորդում իրար մեր տպավորությունները։
Ի՜նչ նյութերի շուրջը ասես՝ չէր դառնում մեր զրույցը: Խոսում էինք հասարակական և քաղաքական երևույթների մասին: Խոսում էինք ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, արվեստներից, փիլիսոփայությունից և մանավանդ գրականությունից։ Կարդում էինք դասական հեղինակներից՝ արևմուտքի և արևելքի, նույնպես նոր հեղինակների գործերը։ Մեզանից յուրաքանչյուրը իր սիրած հեղինակն ուներ, որ ի մի գումարած՝ ընդգրկում էր վերջ ի վերջո գրեթե բոլոր հանճարները։ Կարդում էինք ժողովուրդների ֆոլկլորից և հիանում էինք ժողովուրդների անկեղծ ստեղծագործություններով՝ ռուսական բիլինաներով, սերբական պոեմներով, մեր «Սասունցի Դավթով» և շատ ուրիշներով։ Մեր բոլորի սիրածն էր Սայաթ-Նովան, որին բարձրացրինք հանճարների դասին, ունեցանք պաշտամունք նրա հանդեպ,
մեր բոլոր խնջույքներում երգում էինք նրա տաղերը, որոնք գրեթե մոռացված էին։ Վստահ կարող ենք պարծենալ, որ մենք վերակենդանացրինք նրան, տարածեցինք նրա համբավը և արծարծեցինք նրա երգերը։
Ինքնաբերաբար մեր հավաքույթների առաջին շրջանում, լուրջ թե կատակով, փափագ զարթնեց մեր գրական խմբակին, մեր հավաքույթներին անուն տալ: Օհաննեսն ասաց, թե Գոնկուր եղբայրներն իրենց գրական խմբակն ունեին (որի անդամներն էին՝ Էմիլ Զոլա, Ալֆոնս Դոդե, Տուրգենև, Հյուսիմանս…), որ հավաքվում էր Գոնկուրների տան վերնահարկում, որին «Ամբար» անունն էին տալիս։ Նույն նմանողությամբ, չեմ հիշում ո՛ւմ կողմից, առաջարկվեց «Վերնատուն» անունը. իսկույն հավանություն տվինք, գտնելով այն շատ պատշաճ և տեղին, որովհետև Օհաննեսի բնակարանը այն ժամանակ չորրորդ հարկումն էր։ Կնքեցինք «Վերնատուն» անունով մեր հավաքույթների վայրը։
Այդ անունն այլևս ընդմիշտ կապվեց մեզ հետ և քաղաքացիություն ստացավ։ Հասարակության մեջ պարզապես կիրառվում էր՝ «Վերնատան անդամները»։
«Վերնատունը» երբեմնակի հյուր էին գալիս գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պ. Պռոշյանը, Մուրացանը, Վ. Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գ. Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը և շատերը։
Անմոռանալի գեղեցիկ ժամեր ենք անցրել «Վերնատանը», իմաստավորված, բովանդակալից, ներշնչող պահեր։
«Վերնատունը» ապրեց 7-8 տարի։ Անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1906-7 թվականներին։
«Վերնատանը» տեղի ունեցած զրույցներից հիշում եմ Օհաննեսի մի քանի խոսքերը գրականության մասին.
— Իզուր ջանք է՝ անտաղանդ մարդկանց օգնել՝ գրող դառնալու համար: Իր եղջյուրները պախրան ինքը պիտի շինե։
— Ո՛չ մի քննադատ չի կարող իմ լավ ոտանավորը վատացնել և վատ ոտանավորը՝ լավացնել։
— Բանաստեղծությունը չի գրվի հանգով ու վանկով, այլ սրտով ու զգացմունքով։
— Գրականությունը հայրենիք չունի, բայց յուրաքանչյուր հայրենիք իր գրականությունն ունի:
1901 թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր։ Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր։
Լսել էր Թմկաբերդի լեգենդը։ Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից աղոտ ուրվագծվում էին։
Խանդավառ խոսում էր Փարվանայի ու Թմկաբերդի լեգենդների մասին. նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում էին այդ չքնաղ պոեմները։
Հիշում եմ այսօրվա պես, որ նա «Թմկաբերդի» նախերգանքի առաջին փորձը արտասանեց, մեծ հիացմունք պատճառելով ինձ։
Ալեքսանդրապոլում իրար ողջագուրումից անմիջապես հետո, Օհաննեսն ասաց.
— Անի դեռ չեմ եղել, շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում։
— Աչքիս վրա, դրանից էլ հեշտ բան ի՞նչ կա։
Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի: Կանգ առանք մեր տանը՝ Ղազարապատ գյուղում, հանգստանալու և մորս տեսնելու։
Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին և գյուղացիներին, որոնք հեքիաթներ և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան բլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին։ Ժամերով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ։
Երկու գիշեր միայն կարողացանք մնալ մեր տանը։ Օհաննեսը անհամբեր էր, ուզում էր շուտով տեսնել Անին։
Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25 կիլոմետր լիներ։
Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանքին, որի նախագավիթը սքանչելիք է։ Հովհ. Կոստանյանը մեզ նկարեց Աշոտ
Ողորմած թագավորի դամբարանի աջ-ձախ կողմում կանգնած։
Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին։ Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին։
— Ի՞նչ ես շտապում, — ձայնում եմ ես, — Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի։
Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում:
Օհաննեսը մտածում էր մի դրամա գրել Անիի կյանքից. նյութը Հովհաննես Սմբատ Բադրատունի «թանձրամիտ ու թանձրամարմին» թագավորն էր, որ իմաստունի համբավ ուներ։
Ես դրա մասին էի ակնարկում, որ Օհաննեսին տհաճություն պատճառեց։
Վերջապես ավագ դռան առաջն էինք…
Օհաննեսը կանգնեց և ուղղակի բևեռվեց իր տեղում։ Երկար, լռելյայն նայեց և, իր գլուխը շարժելով, դարձավ դեպի մեզ։
Արդեն մութն էր, որ հասանք վանահայր վարդապետի բնակարանը, որն այցելողների հյուրանոցն էր միաժամանակ։
Մի սարսափելի ճիչի հետ մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն ուղղակի անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե ինչ պիտի լիներ մեր վիճակը։
Պարզվեց, որ վանահայրը բացակա է, և ծառան, վախենալով, թե եկողները ավազակներ են, դիմել է անտեղի ինքնապաշտպանության։
— Տո՛, — ասաց Օհաննեսը ծառային, բերդանկա հրացանը տեսնելով,— մի գյուլլով երեք բանաստեղծ պիտի սպանեի՞ր։
— Լավ պրծաք, ըսել է՝ ձեր վերջը չէր եկեր, — ամենայն անտարբերությամբ պատասխանեց ծառան։
Վաղ առավոտից սկսեցինք թափառել պանծալի ավերակների մեջ: Օհաննեսը հիացմունքով և ուշով դիտում էր ամեն մի բեկոր՝ արվեստի կնիք կրող։ Լուռ, մտասույզ թափառում էր՝ անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված.
կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում և ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում, ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից։
Անին իր վեհասքանչ ճարտարապետությամբ շատ մեծ տպավորություն թողեց Օհաննեսի վրա։ Երբ մեկնում էինք Անիից և պարիսպներից դուրս էինք արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց.
— Ինչքա՜ն մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա։
— Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա։
— Այսօր զարգացման ի՜նչ աստիճանի հասած կլիներ մեր արվեստը, եթե թուրք-թաթար ցեղերը չքայքայեին մեր ժողովրդին:
1903-1905 թվականները հայ ժողովրդի համար ծանր տարիներ էին։ Ցարական հայահալած քաղաքականությունը ավելի խստացված շարունակվում էր։ Փոխարքա իշխան Գոլիցինը հայերին ատելու մեջ ինքնամոռացության հասած՝ անվերջ չարիքներ էր նյութում հայ ժողովրդին։
Ցարն ու իր ռեակցիոն չինովնիկները հայկական դպրոցներն ու կուլտուրական հիմնարկները փակելուց չհագեցած, բռնի խլեցին հայ եկեղեցու բոլոր կալվածները, որ դարերով նվիրված էին հայ ազգի կողմից Էջմիածնի ու կաթողիկոսության պահպանման համար և հոգալու հայ ժողովրդի կրոնական ու կրթական կարիքները։
Հայ ժողովուրդը, ամենուրեք, զենքը ձեռքին դիմավորեց հափշտակիչներին, և երկուստեք արյուն հոսեց։ «Հայ ժողովուրդը հեղափոխական է, ձգտում է Ռուսաստանից բաժանվել, ուզում է իր պետությունը հիմնել Կիլիկիայից մինչև Ռոստով-Նախիջևան», ճչում էին մանր ու խոշոր գոլիցինները և պրովոկատոր մամուլը՝ արդարացնելու համար պետության դաժան արարքները հայերի վերաբերմամբ։ Բանտերը լցրին հազարավոր հայերով և ձեռք զարկեցին մի դիվական գործի՝ թուրք մասսաները գրգռեցին և զինեցին հայերի դեմ… սկսվեցին հայ-թուրքական արյունոտ կռիվները… Օհաննեսը ամբողջ էությամբ կլանված էր մի կերպ վերջ դնելու այս անմիտ եղբայրասպանությանը, որ ծառայում էր միայն ցարերի բռնակալության հարատևման գործին։ Այդ ժամանակներին էր, որ նա հայ զինված գյուղացիների գլուխն անցած, Լոռում, գնում է հարևան թուրքերի մոտ և հաշտության դաշն կնքում, որով այդ շրջանի խաղաղությունը պահպանվում է։
Այս տարիներին ես հաճախ հանդիպում էի Օհաննեսին Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում։
1906 թվին, ամառը, հուլիսին, գնացի Դսեղ գյուղը՝ Թումանյանի մոտ հյուր։ Նա ամբողջ ընտանիքով Դսեղում էր։
Ապրում էին պապենական հին տան մեջ, որի վրա նա փայտաշեն մի հարկ էր կառուցել։
Մեծ ընտանիքը կառավարում էր Օհաննեսի մայրը՝ պատկառելի Նանին, շերեփը ձեռքը, իբրև իշխանական գավազան, հրամայում էր մեծին ու պստիկին։ Առավոտից մինչև ուշ երեկո ծուխ էր բարձրանում Օհաննեսի երդիկից, ամբողջ օրը թոնիրների ու օջախների մեջ կրակ կար, նրանց վրա եփվում էին կերակրի կաթսաները։
Լոռումն եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ, նրա հարկի տակ։ Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքը։ Հին, հնադարյան գյուղ է Դսեղը, ամեն կողմ անցյալի բեկորներ։ Գնում ենք գերեզմանատունը, այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել։ Եվ նորից, նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին։ Ազնվական, բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով։
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա։
Գնում ենք Բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող։
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիք, լոռեցուն հատուկ հիպերբոլով «Ծովեր» են կոչում։ Բարձրանում ենք մի զառիվեր, որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները։
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք։
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի բարձր՝ արծվի բները։ Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները։
Օհաննեսը ցույց է տալիս լեռները. ահա Չաթինդաղը, որի գլխին մշտապես հավաքվում են մթին ամպեր, և ամեն օր որոտ ու կայծակ կա։ Ահա՛ Քոշաքարա սարը, ուր լիքն է եղնիկներով, որոնց ետևից մանուկ Օհաննեսը վազել է օրնիբուն։
Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ գյուղի մեծերից։
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերը։ Գնացինք Օձուն, Սանահին, Հաղպատ և այլուր։
Շրջեցինք գրեթե Լոռվա մեծ մասը։
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում», — այսպիսի մի միտք է հայտնել Գյոթեն։
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է, հեքիաթի, առասպելի մի վիշապաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից։
Ահեղագոչ Դեբեդ (Դև-բեդ) գետի հին կամուրջի վրա ահա՛ նստել է մի գուսան՝ մի աշուղ և պատմում է ու սազերգում դևերի և մարդկանց միջև եղած հին կռիվների, նաև ժողովրդի ծոցից դուրս պոռթկած կտրիճ ըմբոստների նոր կռիվները հարստահարող թավադների դեմ, կառավարության բռնակալ և կեղեքող պաշտոնյաների դեմ:
Օհաննեսը գուսանի բերնից առնում է խոսքը և ոգևորված պատմում է ինձ Չոփուռի տղոց պատմությունը։ 80-ական թվականներին հարստահարող կալվածատերերի դեմ ըմբոստանում է Չոփուռենց տղոց մեծ եղբայրը՝ Սողոմոնը, սպանում է թավադին և երեք եղբայրների հետ ղաչաղ է ընկնում սարերը։ Նրանց միանում են ուրիշ դժգոհներ, կտրիճներ։ Տարիներով ցարի կառավարությունն իր ստրաժնիկներով, կազակներով չի կարողանում նրանց բռնել։
Օհաննեսը պատանի հասակից տենչացել է գրել մի պոեմ՝ նրանց հերոսական կռիվների մասին. «Հառաչանք» պոեմի զարմանալի գեղեցիկ հատվածն այդ չիրականացված պոեմի թանկագին մնացորդն է։
Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են։
Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ հաղթանակող կռիվների մեջ, լեզգիների և ղզլբաշների ավարառու, ավերող արշավախմբերից։
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան։
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիք ճանաչում էին Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում դեպի նա։ Օհաննեսը գրեթե ճանաչում էր բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով։
Գիտեր նրանց շատերի կենսագրությունից դեպքեր, ծիծաղաշարժ անցքեր նրանց հովվական կյանքից, արջերի հետ ունեցած նրանց գոտեմարտությունից:
Լոռում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով, ապրում էր ամեն մի քարն ու քոլը, ճանաչում էր ամեն մի խորշը, անտառը, աղբյուրը, որոնց հետ նվիրական հուշերով կապված էր իր մանկությունն ու պատանեկությունր։ Նա գիտեր նրանց մասին անթիվ զրույցներ, դեպքեր, դրվագներ և գիտեր բովանդակ Լոռվա հինավուրց և նոր պատմությունը բոլոր մանրամասներով։
Օհաննեսը ցույց տվեց բարձրաբերձ, վիթխարի ժայռերի մեջ այն քարայրերը, որտեղից վերջին տարիներս հայ հին ձեռագրեր հանեցինք: Այդ ձեռագրերը մեր պապերը թուրքերի ավերումներից փրկելու համար թաքցրել էին այդ անմատույց այրերի մեջ։
Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով՝ ազատության և երջանկության համար, եղան Օհաննեսի ներշնչարանրը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը։
Օհաննեսի լեզուն, ոճը, պայծառությունն այս չքնաղ երկրի, անհուն, դարավոր ֆոլկլորից է:
Օհաննեսն իր բոլոր հոգով, իր հոգու բոլոր կրքով ու կրակով սիրում էր Լոռին։
Այս հզոր սերը բոցավառեց, թևավորեց նրա երևակայությունը, գեղեցկացրեց նրա ստեղծագործությունները։ Իր հրաշագեղ հայրենիքն իր աշխատող ու պայքարող ժողովրդով բանաստեղծորեն վերակառուցվեց նրա անմահ գործերի մեջ։
Ինչպես ասացի, Լոռին Օհաննեսի անհուն ներշնչարանն էր, ինչպես մեծահռչակ բանաստեղծ Միստրալի համար էր՝ խաղողի և ձիթենու այգիներով, հուռթի և հնագեղ հիշատակներով հարուստ իր Պրովանսը, որը նրա չքնաղ «Միրեյ» պոեմի մեջ, պրովանսական «Անուշի» մեջ, մարմնացավ և անմահացավ։
Եվ միայն այս ճանապարհով է, ժողովրդայնական արվեստի ճանապարհով, որ անձուկ հայրենիքների և փոքր ժողովուրդների բուսահողից ծնված բանաստեղծները դառնում են համամարդկային մեծություններ, ինչպիսին են Միստրալը և Թումանյանը։
Եվ ինչպե՜ս Թումանյանր ներդաշնակվում էր Լոռվա պեյզաժին՝ բնանկարին, նրա մարմնից մարմին առած, նրա հոգուց հոգի առած։ Կարծես Իրանի բանաստեղծ Հաֆիզն էր մտորում Շիրազի վարդաստաններում կամ Պուշկինն էր թափառում Ռուսաստանի բազմաշառաչ անտառների և ծավալուն գետերի եզերքներով։
Նա Լոռին սիրում էր այնպես, ինչպես սիրահար, ռոմանտիկ պատանին սիրում է իր երազների կույսին։ Ո՛չ մի ձեռք չպիտի դիպչի նրան։ Ո՛չ մի օտար շունչ, ոչի՛նչ չպիտի աղարտի նրա նվիրական կուսական գեղեցկությունը։
Եվ Օհաննեսը Ջոն Ռեոսկինի պես տխրում էր, որ երկաթուղի է անցնում չքնաղ Ալպերի վրայով, Լոռվա ձորերով, կուսական անտառներով, որ տեխնիկան ոչնչացնում է նախակերտ բնությունը, ոչնչացնում է եղնիկներին, թռչուններին, հովվերգությունը, լռությունը, խորհրդավորությունը…
Օհաննեսի մշտավառ երազն էր՝ Դսեղում կամ Լոռվա մի ավելի նկարչագեղ վայրում շինել մի վիլլա, գրադարանը տեղափոխել այնտեղ և բնական ու հոգեկան իր միջավայրում պարապել և ավարտել «Հազարան բլբուլը», «Սասունցի Դավթի» շարու-նակությունը։
Մենք թափառելիս, կես-լուրջ, կես-կատակ, վիլլայի համար պատշաճ վայր էինք փնտրում։
Թումանյանի այս տենչը չիրականացավ քաղաքական հեղհեղուկ վիճակի և այլ պարագաների պատճառով։
1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և, զանազան հակապետական մեղադրանքով, վեց ամիս պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում։ Կամերաներով դրացի էինք իրար։
Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսին 40-ամյակը։ Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» գեղեցիկ բանաստեղծությունը։ Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը։ Բանտում նա գրեց նաև հրաշալի «Մի կաթիլ մեղր» առակը։
1911 թվին, ամառը ես ստիպված եղա փախչել արտասահման՝ ցարական հետապնդումներից ազատվելու համար։
Թիֆլիսից դուրս եկա հունիսի վերջին, Ղազարոս Աղայանի թաղման օրը։ Թաղումից հետո Թումանյանի հետ գնացինք իրենց մոտ։
Տխուր, սգավոր օր էր։ Հավիտյան զրկվեցինք մեր սիրելի նահապետից, և ես էլ պիտի թողնեի հայրենիքս, և թերևս անդարձ։ Աննկարագրելի են այդ հրաժեշտի ծանր վայրկյանները:
Արդեն ուշ գիշեր էր։
Վերջին անգամ մենք գրկեցինք իրար. երկուսս էլ լուռ էինք. ո՛չ մի խոսք։
Այս եղավ մեր վերքին տեսակցությունը…
Թումանյանը կյանքով բռնկված մարդ էր։ Մեծ տեմպերամենտի տեր։ Նրա էությունն ամբողջովին բաղձանք էր, տենչանք, ցանկություն։ Նրա սիրտը անկուշտ էր և անհագ, ուզում էր ամեն բան ունենալ, ամեն բանի հասնել, ամեն տեղ լինել։ Ուզում էր և՛ գրել, և՛ հասարակական, և՛ քաղաքական գործիչ լինել, այն էլ, իհարկե, առաջին կարգի։
Ամփոփվելու ժամեր չուներ, միշտ խճճված էր վեճերի, ժողովների, քեֆերի մեջ։ Հասարակությունը քաշում էր նրան դեպի իրեն, և ինքն էլ ձգտում էր դեպի նա, և բոլորվում էր նրա շուրջը։ Հասարակության զարդն էր նա, խնջույքների, հրավերների հոգին, շողշողուն ջահը։ Ամենուրեք թամադա էր նա՝ անգերազանցելի թամադա։ Ամենից հարգված, ամենից սիրված էր նա։ Ով որ նրան մի անգամ տեսներ, կուզեր շարունակ տեսնել։ Նրա հետ լինելը, նրա զրույցները, կատակները սրախոսությունները լսելը գերագույն հաճույք էր։ Ուր որ գնար, զվարճությունը հետն էր տանում. նրա հետ եղողը մոռանում էր, թե աշխարհում վիշտ ու ցավ գոյություն ունի:
Նա հարբեցնում էր խնջույքներին ո՛չ թե գինիով, այլ իր հումորով, իր կախարդիչ լեզվով, մտքի, խոսքի, ճաշակի հմայիչ գյուտերով։ Թվում էր, թե Օհաննեսը իրեն բախտավոր պիտի զգար՝ ունենալով հասարակության հարգանքը, կանանց սերը. գրասեր երիտասարդության պաշտամունքը և փառք ու համբավ: Սակայն դժգոհ էր նա իրենից, իր վարած կյանքից։ Նա ուզում էր գրել, ստեղծագործել էր ուզում նա։ Ինչ որ տվել էր, համարում էր թույլ, թերի նախափորձ՝ ո՛չ իրեն հոգին բովանդակ արտահայտող։ Ուզում էր գրել «Հազարան բլբուլ», ուր պիտի զեղեր իր էությունը։ Արևելքի «Ֆաուստը» պետք է լիներ նա։ Ուզում էր գրել «Արտավազդ» անունով մի դրամա՝ հայոց միֆական անցյալից, շեքսպիրյան համարժեքով։ Ուզում էր գրել «Սասմա ծռեր»՝ ամբողջ էպոսը՝ Հոմերոսի կամ Ֆիրդուսու պես։ Նա համոզված էր իր ուժերի կարողության մեջ։ Բայց գրելու համար ժամանակ էր պետք, իսկ նա ժամանակ չուներ և, արդեն ժամանակի մասին գաղափար էլ չուներ։ Ժամացույց չէր սիրում և չէր ուզում գործածել։ Չէր սիրում չափված ժամանակով շարժվել։ Երեխայի պես հավերժության ինքնազգացում ուներ և ներկան՝ միշտ ներկա, իսկ ինքը շռայլում էր թանկ ժամանակը և նրա հետ ավյո՛ւն, եռա՛նդ, թա՛փ ու կորո՛վ։
Ամենայն ճշտությամբ Հովհ. Թումանյանը կարող էր ասել Օսկար Ուայլդի հետ. «Ես իմ տաղանդը գործ դրի գրականության մեջ, իսկ հանճարս շռայլեցի կյանքի մեջ»։
Շատ տարիներ հետո, տասնվեց տարի անց, երբ արտասահմանից վերադարձա հայրենիք, ավա՜ղ, չկար Օհաննեսը։
Հազար կյանքով ապրող այդ հոյակապ մարդու փոխարեն տեսա մի անշուք հողակույտ և մի մեծ լռություն…
Աղբյուր՝ Garoun.am