Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ։
«Բիբլիական»
Հովհաննես Շիրազ
Ցավը տվեց սարերին՝
Սարերը չտարան…
Ցավը տվեց մարդուն՝
Մարդը տարավ:
(Մորս խոսքերից)
Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր
Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-
Լույսի հրճվանքը տվեց երկնքին,
Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց:
Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,
Վեհության խինդը լեռներին տվեց:
Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
Դայլայլը տվեց հավք ու հովերին:
Հողին բերկրանքը տվեց մայրության,
Սիրո խայտանքը տվեց ամենքին,
Ու բոլոր վարդերն իր ուրախության
Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին:
Բայց վշտի ծովը իրեն մոտ թողեց՝
Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հաներ,
Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ումեծ,
Որ վշտի ծովը անխռով տաներ:
Ու խորհեց խորին արարողը մեծ
Եվ անտեսորեն երկրում թափառեց.
Տեսավ ցնծում է սիրտը հավքերի,
Խենթ համբուրում են գազաններն իրար,
ՈՒ նրանց տվեց խայթը ցավերի՝
Ցրելով նրանց խինդը խելագար:
Եվ իսկույն աշնան տերևների պես
Ցավից սգացին հավք ու ծաղիկներ
Եվ կակաչների սիրտը սևացավ,-
Այն օրից իրենց լեզուն կորցրին
Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
ազաններն իրենց անեծքը լուսնին:
Եվ գթաց նրանց արարողն, ասես,
Նայելով երկրի խրոխտ լեռներին,—
Լեռները, ասաց, հզոր են ու վես,
Գոռոզ է նրանց կեցվածքն իմ աչքին,-
Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես:
Ասաց ու վիշտը տվեց լեռներին:
Եվ հառաչեցին լեռները ցավից,
Անեծք ժայթքեցին հրաբուխներով,
Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝
Դարձան անդունդներ ու խորանալով
Այն սեգ լեռների տանջանքը լացին:
Եվ արցունքները գետերի փոխված՝
Իբրև լեռների լեզուն փրփրած՝
Խոցված լեռների անեծքն են լալիս,
Իսկ գագաթներին ձյունն հավերժացած
Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
Թաց լեռներին արարողն ու մեծ
Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց,
Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին,
Եվ հառաչեցին դաշտերը դարեր…
Ու դեռ մնում են նրանց վերքերից
Անապատները, որպես սպիներ:
թաց դաշտերին արարողը մեծ՝
Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
Առավ վշտի շանթն ու ծովը նետեց,
Ու ծովն անդնդից ելավ կատաղի,
Մինչև աստղերը ծառս եղավ ցավից,
Այնպես ծառս եղավ, որ կոհակների
Մատները կարծես աստղերն հանեցին՝
Որպես երկնքի աչքերը անգութ,
Որ նույնպես լացին…
Այնպես ծառս եղավ, որ հատակներից
Քարացած արցունք՝ ավազն երևաց,
Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի
Ալիքների մառ կնճիռը մնաց՝
Եղծելով չքնաղ երեսը ծովի:
Ծովին էլ գթաց արարողը լուռ,
Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց:
Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,
Անեծք կայծակեց ու լացեց անհույս,
Ու մնաց լուսինն աչքում երկնքի,
Որպես մի շիթը սառած արցունքի:
Իսկ հավերժական ցավից հալածված
Աստղերն այն օրից ասուպներ դարձած
Թռան ու մեռան իրար գրկի մեջ,
Եվ դարեր ցավը երկնքում մնաց՝
Ցրեց աստղերի դաշնությունը պերճ:
Ու ցավն առնելով արարողն էլի,
Խորհում էր՝ ո՞ւմ տար, որ գեթ մի գիշեր
Անխռով տաներ պարգևն ահալի,
Որ, ավա՜ղ, ինքն էլ չէր կարող տանել:
Սոսկաց, թե ցավը կմնա իրեն…
Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,
Երբ տեսավ մոտիկ հովտում՝ տարորեն
Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,-
Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում…
Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին,
Եվ ասաց՝ լոկ սա´ կարող է տանել,
Ու մարդուն տվեց վիշտը երկրային
Եվ ինքը թեթև սլացավ եթեր…
Եվ ծնվեց մարդու դեռ վայրի սրտին
Ցավի զգացումն ու ահը մահվան,
Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝
Սրելով աչքը ժանիքի նման:-
Այդ ցավն Էր մարդու աչքերը բացեց,
Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝
Զգաց, որ մահն Է վիշտն ամենամեծ
Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
երեզմանի դեմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց,
Իր մահը դարձրեց գոյի հոլովում՝
Ու սերնդաշար ապրեց վերստին՝
Տանելով դժնի վիշտ մոր մահվան,
Դիմացավ որդոց անհետ կորստին,
Տարավ դառնանուշ տանջանքը սիրո,
Տոկաց բնության խոլ աղետներին,
Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝
Դիմացավ այրող վերքերի ցավին:
Բայց իր թույնի հետ վիշտն Էլ մեղր ունի՝
Եվ առագաստը բացեց մտածման
Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
Վիշտը, որ դարձավ հույսի օթևան…
Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան
Առաջին վշտերն հույսի մեջ խեղդեց,
Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝
Գոյության կռվի ցավերն էլ տվեց:
Բայց մարդը կրա´կ կոփեց ժայռերից,
Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց,
Ու կենաց պտուղն հանապազօրյա
Իր տառապանքի անտառում գտավ,-
Ու ոգորանքով հաղթեց այն վշտին,
Որից խոլական մամոնտը կորավ…
Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային,
Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
Բայց չկորցրեց իր հույսն աստղային
Եվ իմաստութամբ իր նորաբողբոջ
Դարեր գուպարեց իր նմանի դեմ,
Որ լուծ Էր դարձել իր բյուր ուսերին —
Մարդը մարդուն գայլ որկորով դժխեմ…
Բայց անագորույն ոգին նորից նոր
Մարդու մեջ քամեց գետերով պղտոր
Իր տիեզերքի ցավերը բոլոր,
Եվ հրամայեց ապա մայր հողին,
Որ մարդու առջև բարիք չփռե,
Եվ անապատի փոխվեց տխրագին
Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե,
Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի,
Որ անապատում օձն Էլ իր ձագի
Աչքի արցունքը ծարավից խմեց…
Այնպես, որ ծովն Էլ շոգից կարկամեց:
Բայց ինչքան շատ Է մարդն իմաստնանում՝
Իր ցավերն այնքան հեշտ Է դարմանում:
Ու մարդը խորհեց և մառ դաշաերից
Փախած գետերը ձորերից հանեց
Եվ անապատված դաշտերում սփռեց՝
Եվ գինի քամեց դաժան դաշտերից,
Եվ մեղրագետեր քրտնքով քամեց:
Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ,
Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
Աստծո թաքցրած գանձերը գտավ
Ու մտքի ձեռքը աստ ղերին մեկնեց՝
Եվ լուսնի վրա մահեր նշմարեց…
Եվ կյանք նշմարեց աստղերի վրա,
Եվ մահվան ահից իմաստնանալով՝
տավ հյուլեի հոլովումն անմահ,
Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց,
Զգաց, որ երկու անգամ չի կարող
Անցնել նույն ջրով նույն գետի՝ անցնող:
Զգաց, որ մահը և´ կա, և´ չկա,
Որ նյութն, ինքնագոհ, շարժվում ինքնիրեն,
Մեռնում և հրա՜շք՝ ծնվում է նորեն:
Որ ոչ թե աստված ստեղծեց մարդուն,
Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն,
Դարերի մթնում իր խարխափանքի
Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի.
Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,-
Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից
Ու դարձավ միակ խոհը բնության,-
Կռահեց, որ հողն է աճյունն արևի
Եվ եղել է, կա, անստեղծելի
Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
Եվ իմաստությամբ իր լուսաբողբոջ՝
Իր արցունքի պես սրբելով ընկճեց
Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ:
Եվ կործանելով իր մեջ գազանին՝
Նա իր մեջ զգաց երազներ վսեմ,
Լույսը դարձնելով իր սպեղանին՝
Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ,-
Նույն ծաղկից թե´ թույն, թե´ մեղր քամեց
Եվ աստծուց հզոր՝ ինքն էլ արարեց
Չեղած հրաշքներ աշխարհի վրա,-
Իր արարչության խնդությամբ խեղդեց
Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա:-
Մարեց կրակով իր ստեղծագործ՝
Ցավերի ծովը իր մի բուռ սրտում՝
Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ
Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն:-
Այդ աշխատանքն էր, որ ինչպես դարբին
Կռեց ու կոփեց հոգսերի սալին
Բիրտ անբանից մարդ ու մարդուց աստված՝
ազանի ճանկից մինչ աստղերն հասած…
Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝
— Դու, ասաց մարդուն, վշտին հաղթեցիր,
Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,
Քո մտքի թագով իր արքան դարձիր:
Վշտին հաղթողը իշխանն է խինդի,
Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
Ինքդ ստեղծիր հողը դրախտի
Եվ սնիր, որ հար վայելես նրան,
Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
Իշխիր ծովերի մռայլ հատակում,
Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,
Մրջյունից մինչև աստղերին իշխիր:
Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի՝
Պեղիր տիեզերքն՝ հայտնություն դարձրու,
Դու հրաշքներիս հրաշքն իմաստուն,
Թող վիշտն ու խինդդ անբաժան լինեն՝
Ինչպես կակաչի կարմիրն ու սևը,-
Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն
Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը…
Եվ թող հույսերս քեզ ապավինեն,
Եվ թե արտասվես՝ թող քո արցունքից
ոհար խաղողի ողկույզներ ծնվեն,
Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից…
Եվ իմաստնացած կգնաս այդպես,
Դարերի անտես սանդուղքով կելնես
Դեպի կատարը կատարելության,
Որ միջօրեի արևի նման
Փարատես ստվերն ոգուդ չարության,
Եվ ա ղավնանաս քո նմանի դեմ,-
Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես
Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես
Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝
Հասնելով ոգու ներդաշնակության:
Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահության,
Որպես նոր գինի, իցիվ դու գտնես,
Ըմպես, որ չիջնեսնես ձորը ծերության,
Որ կյանքով լցվես ու նորից ելնես
Կանաչ սարերը քո պարմանության,
Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
Հավերժ տիրակալն հավերժ բնության…:
Եվ լռեց հավետ ու մարդու սրտի
Հովիտներն իջավ, ընկնող աստղի պես,
Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,
Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն
Մեծ իմաստության ու տիեզերքի:
Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ,
Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած
Եվ դարեր ահա մնացել են բաց:
Երկնակամարն Էլ հոնքն Է՝ վեր քաշված՝
Հավիտյան ապշած մայր տիեզերքի
Արեգակնաբիբ կապուտակ աչքի…
Բայց իմաստնացած մի պարմանի պես՝
Մարդն Էլ իրենով հիացավ կարծես,
Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով
Ելավ փնտրելու իր ստեղծողին,
Տիեզերախույզ մտքով թափառեց,
Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին,
Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
Չափվել նրա հետ,
Պեղելով նրա առեղծվածը մեծ…
Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց,
Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝
Դեպի լուսեղեն հրաշքը ձգտեց՝
(Իր վայրի քարայրն հավիտյան թողած
Այն վաղնջական խավարի հովտում
Անբան գազանին՝ լեզուն կորցրած)…
Իսկ բարձունքներում լույսերով լցվեց
Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային
Արևի ճամփին, ուր դարեր փնտրեց,
Ու երբ չգտավ՝
Այն բիբլիական
Հարդա գողն արած իր մտքի ճամփան,-
Ու երբ չգտավ՝ ելավ նորախոհ,
Էլ չապավինեց նա ոչ մի աստծո
Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
Տեսիլն էր անգո´ այս տիեզերքում.-
Այնինչ՝ նիրհում Է աստված իր հոգում…