Մի անգամ Իսահակյանը, Չարենցի և որդու` Վիգենի հետ այցելում է Սուրբ Ղազար: Բանաստեղծները խորին հուզմունքով և ակնածանքով մտնում են Հայր Ղևոնդ Ալիշանի և լորդ Բայրոնի խցերը: Հետագայում Վիգեն Իսահակյանը մտաբերում է.
«Չարենցը, տեսնելով այս բազմախորհուրդ վայրերը, դիմեց հորս.
— Ավետիք, մենք էլ չդառնա՞նք սուրբ հայրեր, այստեղ կունենանք տուն, տեղ, սնունդ, հարուստ գրադարան և մի լավ տպարան մեր տրամադրության տակ: Էլ ի՞նչ կարող ենք երազել: Խաղաղ կապրենք աշխարհից հեռու և մեր բանաստեղծությունները կհորինենք»:
Հայրս պատասխանեց.
«Լավ միտք է, ես մտածել եմ այդ ուղղությամբ, և կարող է պատահել, որ սուրբ հայրերը ինձ ընդունեն իրենց միության մեջ, բայց քեզ` երբեք, դու վատ համբավ ունես, որպես անաստված»:
Այս երկխոսությունից հետո, որը շատ զվարճացրեց ներկաներին, հայրերը մեզ հրավիրեցին մասնակցելու իրենց կիրակնօրյա ճաշին»: