Չնայած սաստիկ զբաղվածությանը հասարակական կյանքում, Զ.Եսայանը չէր թուլացնում աշխատանքը գրական ասպարեզում: Այդ ժամանակ էր, որ գրեց «Կրակե շապիկը», որին ինձ հաղորդակից էր դարձնում՝ ոգևորված կարդալով որոշ հատվածներ: Դա նախապատրաստումն էր ավելի մեծ կտավների, որ ստեղծելու էր Կ.Պոլիսի կյանքից՝ «Սիլիհտարի պարտեզները», «Բարպա Խաչիկ»:
Սորբոնում սովորելու ժամանակ մտա Ֆրանսիայի կոմերիտմիության շարքերը: Կոմերիտական աշխատանքը կատարվում էր ըստ բնակավայրի, և ես մեր թաղամասի բջիջի անդամ էի: Այդ մասին ես տանը ոչինչ չհայտնեցի: Չնայած Ֆրանսիայում կոմկուսն այդ ժամանակ գործում էր լեգալ, այնուամենայնիվ, պահանջվում էր որոշ գաղտնապահություն: Բայց, վերջիվերջո, մի օր հարկ եղավ հայտնել և ինչպիսին եղավ իմ զարմանքը, երբ նկատեցի մորս գոհունակությամբ լի հայացքը: Նա ինձ քաջալերում էր հետագա ավելի եռանդուն կոմերիտական աշխատանքի:
Մորս վաղեմի երազն էր ընտանիքով տեղափոխվել հայրենիք, Երևան: Նա, անշուշտ, օգտակար գործ էր կատարում սփյուռքում, հայ հասարակությանը, ծանոթացնելով սոցիալիստական հայրենիքի նվաճումներին, բայց գիտակցում էր, որ, որպես գրողի իր տեղն Հայաստանն է, սոցիալիզմի կառուցման, լուսավորության բնագավառում : Նա մտածում էր նաև իր զավակների մասին, որոնց ապագան տեսնում էր մայր հայրենիքում:
Հիշում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ էր մայրս սպասում սովետական վիզային: Մեկնելուց մի քանի օր առաջ առաջադիմական շրջանների նախաձեռնությամբ կազմակերպվեց հրաժեշտի երեկո, որին նախագահում էր Ա. Չոպանյանը: Նա իր ելույթում բարձր գնահատեց Զ. Եսայանի գրական և հասարակական գործունեությունը և ողջունեց նրա հայրենիք վերադառնալու ցանկությունը: Շնորհակալության հուզիչ խոսք ասաց Զ. Եսայանը:
Մայրս Մոսկվայի վրայով մեկնեց Հայաստան 1933 թվականի մայիս ամսին: Նրա հետ էր քույրս՝Սոֆին: Այդ թվականին ես դեռ չէի ավարտել համալսարանը և մնացի Փարիզում: Մեկնեցի Հայաստան մեկ տարի հետո, 1934 թվականի սեպտեմբերին, կնոջս՝ Բերկրուհու հետ, որը ինձնից պակաս չէր ոգևորված հայրենիքով:
Երբ հասանք Մոսկվա, սովետական գրողների առաջին համագումարը նոր էր ավարտվել: Մայրս նույնպես համագումարի պատգամավոր էր , այնտեղ ֆրանսերեն ելույթ էր ունեցել: Նա մնացել էր Մոսկվայում՝ մեզ դիմավորելու:
Դեռ Մոսկվայում էին համագումարի մասնակիցներից շատերը: Հիշում եմ Ջանանին, որը կնոջ Ժաննայի հետ գալիս էր այցելության, ֆրանսացի անվանի գրող Ժան- Ռիշար- Բլոկին՝ դստեր հետ: Վերջիններս մեզ հետ գնացքով մեկնեցին Երևան:
Ճանապարհին մայրիկը պատմում էր իր գրական ծրագրերի՝« Սիլիհտարի պարտեզներ» և
«Բարպա Խաչիկ» վեպերի մասին: Խոսում էինք Հայաստանի գրականության, աշխարհագրության,
պատմության մասին: Ժան- Ռիշար Բլոկը ծանոթ էր այդ հարցերին. նա անհամբեր սպասում էր
Արարատի հայտնվելուն, որի մասին շատ էր կարդացել:
ՀՐԱՆՏ ԵՍԱՅԱՆ
Հոբելյանական տարեթվեր
Զ.Եսայանի 100-ամյակի առթիվ
Աղբյուր՝ Zabelyesayan.info