Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս Վարդապետ, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Արշակ Չոպանյան, Վրթանես Փափազյան
* * *
Կոմիտասն օպերային դրամատուրգիային ձեռնամուխ լինելու, օպերաներ արարելու բազմաթիվ մտահղացումներ է ունեցել: Օպերային արվեստի նկատմամբ նրա հետաքրքրության մասին են վկայում իր երկու հոդվածները, որոնցում անդրադարձել է օպերային արվեստի հսկաներ Վերդիի և Վագների արվեստին: Դեռևս 1892 թվականի նոյեմբերին Կոմիտասի կազմած արևելյան եղանակների ժողովածուի մեջ «օպերայի համար» հեղինակի ձեռքով նշումներ կան: Կոմիտասի առաջին մտաղացումներից էր «Վարդան» օպերան, որ պետք է արտացոլեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Երգահանն իր գրառումների տետրակում, անգամ, կազմել էր այդ օպերայի գլխավոր հերոսների ցուցակը՝ ըստ ձայնային դիապազոնների նշելով նրանց անունները: Այսպես, Վարդանի դերակատարը պետք է լիներ տենոր, Ղևոնդ երեցը՝ բարիտոն, Հովսեփ կաթողիկոսն ու մոգապետը՝ բաս, Հազկերտն ու Մուշկանը՝ դարձյալ բարիտոն, մոգերը՝ տենոր: Պահպանվել են նաև այլ ձեռագրեր, որոնցում կատարված նշումները վկայում են, որ դրանք ապագա «Վարդան» օպերայի հատվածներն են: Օրինակ, հայկական ձայնանիշներով շարադրված է մի պատկեր, որ նախատեսված է երգչախմբային կատարման համար: Այդ պատկերում, ըստ Կոմիտասի նկարագրության, պարսիկների հանդեպ հաղթանակ տոնած հայերը, ինչպես գրում է Կոմիտասը, «շնչահեղձ երգում են և պատմում պատերազմական գործողությունների մասին»: Այլ հատվածներում հանդիպում են Կոմիտասի ուրիշ նշումներ՝ «Նախարարները Պարսկաստանում իրենց հավատն ուրացած և արևին պաշտոն մատուցելիս երգում են մոգերի ու պարսից շահի հետ», նաև՝ «Ղևոնդ երեցը զորքերին խրախույս է տալիս և երգում»: Բոլոր այս հատվածները՝ արձանագրված հայկական ձայնանիշներով, վկայում են, որ Կոմիտասը լուրջ նախապատրաստական աշխատանք է տարել «Վարդան» օպերան ստեղծելու ուղղությամբ:
Բայց միայն «Վարդան» օպերայի ստեղծման աշխատանքները չէին, որ կիսատ մնացին: Կոմիտասի համար ստեղծագործության աղբյուր է եղել մեր էպոսը, և նա «Սասմա Մհեր» օպերայի համար նյութեր է նախապատրաստել: Կոմպոզիտորի արխիվում պահպանվել են «Սասունցի Դավիթ» էպոսից գրառումներ, հայտնաբերվել է նաև նույն օպերայի համար ստեղծված ռեչիտատիվի սևագիր ձեռագիրը, ինչը նախատեսված էր Դավթի և Փոքր Մհերի վեճն օպերայի լեզվով նկարագրելու համար:
«Նրա երազներից մեկն էր,- գրում է Մանուկ Աբեղյանը Կոմիտասի մասին,- որ միշտ պատրաստվում էր մի օպերա շարադրելու հայկական և ընդհանրապես արևելյան եղանակների ոգով. դրա համար ամենից հարմար նյութը համարում էր մեր «Սասմա ծռերը» և որքան գիտեմ, մի քանի եղանակ շարադրել էր: Այս միտքը հղացել էր նա ուսանողական ժամանակ և բեմին ծանոթանալու համար նա իր պրոֆեսորի միջնորդությամբ մի քանի անգամ Բեռլինում նույնիսկ բեմ է ելել, չեմ հիշում որ օպերայի խմբի մեջ, իբրև խորիստ: Այս մասին նա շատ քչերին էր պատմում»:
Օպերային արվեստի լիարժեք գործեր արարելու՝ Կոմիտասի մտահղացումներներն այդպես էլ մնացին թղթի վրա: Առջևում 1915-ն էր…
Աղբյուր՝ Hayagitaran.am