1.5. Ապա թէ ոք ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստութենէ, խնդրեսցէ յԱստուծոյ, որ տայն ամենայնի առատապէս՝ և ո՛չ նախատէ. և տացի՛ նմա:
Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:
Սրանով մատնանշում է մարդկային բնության տկարությունը, նաև խնդրել է հորդորում և Աստծո անսահման գթությունն է ցույց տալիս, որպեսզի, նայելով գայթակղվող և հեշտությամբ վնասվող բնությանը, ոչ ոք չհուսահատվի անձի կատարելության գործում:
Ուստի և ասում է. եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:
Նախապես ասաց, թե կատարյալ եղեք և ոչ մի բանով պակաս չլինեք, ապա նայելով մարդկային բնությանը, տեսնում է, որ դա ոչ բոլորին է հասու, ապա նորից տեղիք է տալիս, ըստ մեր տկարության և ավելացնում. Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:
Իմաստություն ասելով ոչ թե նկատի ունի մարմնավոր և բանական իմաստությունը, որ բազմաքանդակ է, խրթին և լի խաբեություններով, այլ՝ հոգևոր ու երկնային, որ վեր է այդ հիմարությունից և իմաստուններին ամոթահար է անում, քանզի սա իմաստության մայրն է և Աստծո երկյուղն ունի և պատճառ է հանդիսանում ամեն տեսակ առաքինությունների: Եվ կարողանում է տարբերություն գտնել երկու կյանքերի միջև. մեկի դժվարությունները և չար կրքերը և անողորկությունը համբերությամբ կրելու և մյուսի հեշտությունն ու հավիտենականությունը և անճառ բարիքները վերստին մեզ վերադարձնելու: Դրա համար է ասում. եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի:
Սա է իրական բարին և երկնային բարիքների պատճառը և Քրիստոսի ճշմարիտ իմաստության հետ մերձեցնողը, որի շնորհիվ Հորը ճանաչեցինք և երկրային վիճակից ազատվեցինք: Եվ որպեսզի ոչ ոք սրա մեջ իրեն թերի տեսնելով չհուսահատվի կատարելության հասնելուց, և որպես առաջինի գրավական, դնում է Աստծո անճառելի մարդասիրությունը:
Թո՛ղ խնդրի Աստծուն, ասում է, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:
Հորդորելով մեզ խնդրել, և չսովորեցնելով միայն ստանալ՝ մեր առջև է բերում Աստծո անսահման բարությունը, այն, որ պատրաստակամ է իրենից խնդրողների համար, և որ ասաց. «դեռ նրանք ձայն չտված… պիտի ասեմ, թե՝ ի՞նչ եք ուզում» (Ես. 65:24): Բայց այստեղ առավելապես է խնդրածը տալիս, այդ պատճառով էլ ասում է. բոլորին այն տալիս է առատապես, այսինքն՝ բազմապատիկ հանդերձյալում և այս կյանքում. «խնդրե՛ք, ասում է, Աստծո արքայությունը և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12:31):
Տեսնո՞ւմ ես շնորհի առավելությունը, տեսնո՞ւմ ես ձրի պարգևը. խոսքով խնդրել և իրականում ստանալ, ոչ թե ապականացուն, այլ՝ անապականը, երկնայինն ու աստվածայինը:
Արդ, տեսե՛ք, թե սրանով ինչ է ուզում ասել. որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում:
Բոլորին է ասում, որպեսզի մարդկանց մեջ խտրականություն չդնի, թե արդարներին տալիս է, մեղավորներին՝ ոչ, այլ ընդհանրապես բոլորին տալիս է: Արդարներին չափում է և տալիս, որպեսզի արդարությունը չկորցնեն, իսկ մեղավորներին չափում և առավելագույնն է տալիս, որպեսզի մեղքը ոչնչացնեն և արդարությամբ զգեստավորվեն, ինչպես նաև, որ Աստծո անհիշաչարության մասին քարոզի: Եվ սա է նշանակում, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում: Այսինքն՝ չի խորշում մեղավորներից և ոչ էլ երես է դարձնում նրանցից, այլ ընդառաջ է ելնում զղջացողներին և ապաշխարողներին, գրկում է ինչպես անառակ որդուն և համբուրում է աստվածային սիրով և չի խորշում աղտեղացած բերանից, չի խոսում նրա վրա և չի նախատում խոզի կերակուր ուտելու համար, այլ զգեստով է զարդարում և մատանիով փառավորում և կոշիկներով ամրապնդում և նրա խնդրածն առատությամբ շնորհում է՝ մորթելով պարարտ եզը և բազմաթիվ այլ ուրախություններով:
Երբ հորդորելով խնդրելուն և հանդիմանությունների մասին չմտածելուն, այնուհետև ստանալուն նույնպես երաշխավոր է լինում, ավելացնում է. և նրան կտրվի: Մի՛ վախեցիր, ասում է, և մի՛ հուսահատվիր, թե չես ստանա, որովհետև առատաձեռն է պարգևատուն և չի խնայում իր պարգևները:
Միայն երկու պատճառով կարող ես չստանալ պարգևներ. կամ, որ անհոգ և վատ խնդրեցիր, կամ էլ չխնդրեցիր այնպես, ինչպես վայել է Աստծուն: Քանզի եթե Աստծո վայելչությունը խնդրես ուղիղ մտքով և մաքուր հավատքով, ապա անհնար է, որ չստանաս:
Եվ այս խոսքերի հավաստիությունը հաստատելու համար մեր Տերն ասում է. «ով որ ուզի, ստանում է» (Մատթ. 7:8) և եթե մեկը բազմաթիվ անգամներ խնդրի և չստանա, թո՛ղ չհուսահատվի, քանզի Աստված է պարգևողը և խնդրվածը տվողը կամ արգելողը:
Եվ քանի որ բարության աղբյուր է և արդար դատավոր, ապա երբ տեսնում է, որ խնդրանքն օգուտ է և շահ է խնդրողի համար, թույլ է տալիս ստանալ, և երբ տեսնում է, թե խնդրանքը խնդրողի համար սրի պես է և վնասակար, ապա չի տալիս, թեև մեզ թվում է, թե բարի բան ենք խնդրում:
Եվ սա ոչ միայն սովորական մարդկանց դեպքում է երևում, այլ բազում անգամներ նաև սրբերի հետ է այդպես եղել: Արդ, Երեմիային Աստված ասաց. «Մի՛ աղոթիր… որովհետև քեզ չեմ լսելու» (Երեմ. 7:16) և Մովսեսն էլ խնդրեց մտնել Ավետյաց երկիրը, սակայն Աստված թույլ չտվեց նրան: Եվ Պողոսին էլ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Բայց այստեղ սա իրապես ստանալ է նշանակում, որովհետև ասում է. թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը