Երկար ու ձիգ տարիների բացակայությունից հետո Կոմիտաս վարդապետը շրջապատված մի խումբ երկրպագուներով մտավ Քյոթահիայի հայրենական տունը` փայտաշեն, կիսափուլ մի սենյակ, գուրգուրանքով շոշափում է պատերն ու լուսամուտը, ձեռքի մեջ սեղմում է այն փոքրիկ գամը, որից իր սիրասուն մոր կենդանագիրն էր կախված եղել: Ու անկարող զսպել իր պոռթկացող հուզումը, բարձրաձայն հեկեկում է:
Դուրս գալով տնից, նա հուզված դիմում է դեպի Ս. Էջմիածնի անվան ազգային դպրոցը, ուր չորս տարի սովորել էր: Նա վազում է ու ծալապատիկ նստում փոշոտ ու կեղտոտ հատակին: Երբ ուղեկցող թաղականները խուճապահար թիկնաթոռ են առաջարկում, Կոմիտասը մերժելով ասում է. «Տարիներ առաջ ոչ ոք չգուրգուրաց ինձ վրա` երբ ես նստում էի ճաշի առանց բազմոցի, մինչ ուրիշները զույգ բազմոցի վրա էին նստում: Ես երկու անգամ ծանր հիվանդացել եմ այստեղ: Այժմ թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը և այս չոր տախտակները… »
Աղբյուր՝ Հայկական դասական երաժշտություն