(հատված)
Խրիմյան Հայրիկի մահից հետո, Կոմիտասի դեմ սոսկալի հալածանք սկսվեց վանականների, կղերականների կողմից:
Մի քանի տարի համբերելուց հետո, Կոմիտասը ստիպված եղավ միառժամանակ պատսպարվել արտասահմանում, և դա եղավ նրա վերջին ճամփորդությունը: Կոմիտասը չափազանց զգայուն մարդ էր: Երգելու ժամանակ ամենաչնչին սխալը նա չէր հանդուրժում:
Նա խիստ դեմ էր ուրիշի ստեղծագործած երգերը յուրացնելուն կամ ըստ իր ցանկության վերափոխելուն և այլն.
Զրույցի ժամանակ նա միշտ ասում էր.
— Ոչ, չի կարելի օգտագործել ուրիշի ստեղծագործությունը և ոչ էլ կարելի է այն մազաչափ անգամ փոփոխության ենթարկել: Ինչպե՞ս կարելի է ուրիշի զգացմունքները յուրացնել: Երգը պատմություն չէ և ոչ էլ վեպ կամ դասարանային շարադրություն, որ հնարավոր լինի գողանալ նրա մտքերը կամ թե դեպքերը սեփականացնել և այլն: Պատմաբանը, վիպասանը եթե բարեխիղճ մարդ է, օգտվում է մի այլ պատմաբանից և նշում իր գրվածքում հեղինակի անունը: Բայց պատահում է անբարեխիղճ պատմաբան, որ ուրիշ պատմաբանի դեպքերը յուրացնում է և չի հիշում տվյալ հեղինակի անունը, այնուամենայնիվ պատմությունը մնում է պատմություն և այն չնայած գողացված, բայց անցնում է դարից դար: Իսկ երգը, որ յուրաքանչյուր ստեղծագործողի զգացմունքների հայելին է, ապա ինչպե՞ս կարելի է այն գողանալ կամ թե ինչպե՞ս կարելի է ուրիշի զգացմունքների մեջ մտցնել օտար զգացմունք: Դա ոճրագործություն է: Գեղարվեստի բնագավառում ստեղծագործությունը պետք է մնա անձեռնմխելի և ոչ ոք իրավունք չպիտի համարի իրեն մազաչափ անգամ յուրացնել այն կամ վերամշակել ըստ իր ցանկության, իր հասկացողության:
Կոմիտասը միշտ կրկնում էր.
— Երգը պետք է երգել այնպես, ինչպես հորինել է ստեղծագործողը, որպեսզի ի հայտ բերվի այդ երգի ամբողջ հարստությունը:
Աղբյուր՝ Komitas Museum-Institute ֆեյսբուկյան էջ