Ես չգիտեմ, երբեւէ կբացվե՞ն ՊԱԿ-ի արխիվները, արդյո՞ք լույս աշխարհ դուրս կելնեն բոլոր մութ ու զազիր գործերը։
Չգիտեմ նաեւ ո՞վ է կրում կամ ո՞վ պիտի քավի Սիմեոն Կյուլոյի անմեղ արյան մեղքը։ Ամեն դեպքում, ես իմ բարոյական պարտքն եմ համարում հասարակության դատին հանձնել այս նյութերը, որով գուցե կմեղմեմ մեղքի զգացումի իմ բաժինը, քանի որ այս ոճրագործությունը կատարվել է ակամայից մի ազնիվ մարդու պատճառով, ում ժառանգորդն եմ ես։
…Սփյուռքը մեծ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն էր ցուցաբերում Լեռ Կամսարի գրական ժառանգության նկատմամբ։ Սիմոն Վրացյանը տարիներ շարունակ համոզում էր երգիծաբանին գրական արխիվը արտասահման անցկացնել։ Այդ նպատկով բանակցում էին նաեւ ռամկավարներ Արտակ Դարբինյանը եւ Հարություն Վարդապետյանը։
Երկար տարիներ հեղինակը չէր համաձայնվում Հայաստանից դուրս հանել ձեռագրերը։ Արխիվը արդեն երկու անգամ բռնագրավվել էր ՊԱԿ-ի կողմից, եւ նա վախենում էր, որ կարող է լրիվ զրկվել գրական վաստակից։ Բացի դրանից, կվտանգվեր նաեւ իր ժառանգների ապահովությունը։
Սակայն հալոցքի տարիներին, երբ թվում էր, թե կա որոշ ազատություն, եւ տեսնելով որ, որ հայրենիքում ոչ մի կերպ չի կարողանում լույս ընծայել իր քաղաքական սատիրան, նա վերջապես տեղի է տալիս եւ 1961թ. որոշում է որոշ նյութեր տրամադրել բոստոնաբնակ լրագրող, «Ծիրանի գոտի» հանդեսի գլխավոր խմբագիր Սիմեոն Կյուլոյին։
Այդ աղետալի մտահղացման պատճառով տաղանդաշատ լրագրողը վճարում է իր կյանքով, իսկ արդեն հանձնված նյութերը անհետանում են…
Թող այս էջը տուրք լինի Սիմեոն Կյուլոյի լուսավոր հիշատակին եւ որոշ չափով ինչ-որ տեղ թեթեւացնի Լեռ Կամսարի հոգու տառապանքը…
Վանուհի Թովմասյան
Սիմեոն Կյուլո Պոստոն,1960թ.
Ինձի համար շահեկան դարձավ Լեռ Կամսարի ինքնությունը ճշտելու հարցը` մասնավորաբար վերջին հնգեն վեց տարիներու ընթացքին, երբ իմ հարց ու փորձիս մեջ` նկատեցի զիրար հակասող տեղեկություններ, տրված ինձի` պատասխանատու անձերու կողմե։
Պեյրութեն, շատ կարեւոր անձ մը, (Վահե Վահյան), որ երկու անգամ Հայաստան գացած էր, կը գրեր ինձի թե Լեռ Կամսարը մեռած էր 1938-ին տարագրության ճամբին, շատ հառաջացած տարիքին մեջ։ Ամիսներ վերջ, երբ օր մը կարդացի Սիմոնյանի մեկ հոդվածը, որուն մեջ կը հիշեր, թե Լեռ Կամսարը Երեւանի մեջ էր, եւ «Ոզնի» շաբաթաթերթը կը խմբագրեր, վերոհիշյալ անձին ուշադրության հանձնեցի այս պարագան, ստուգության համար։ Շատ քաղաքավարի նամակ մը ստացա իրմեն, ըսելով` թե նորեն Հայաստան հրավիրված է ինք, եւ այս անգամ «ամեն ինչ կը ստուգեմ եւ կը գրեմ քեզի»։ Մինչեւ այս տողերս գրելը դեռ ստացած չեմ որեւէ լուր իրմե։
Դիպվածով հանդիպեցա բանաստեղծ Կ. Սիտալին, որ Պոստոն եկած էր խոսելու Ավ. Իսահակյանի 80 ամյակին առթիվ։ Երբ վերստին հարցուցի Լեռ Կամսարի մասին, եւ վերոհիշյալ տեղեկությունը հիշեցի, ան սրբագրեց զայն, ըսելով.
— «Ոզնի» թերթին խմբագիրը Լեռ Կամսարը չէ, այլ Էդ. Խոճիկը։ Մեղվաբուծություն կընե Լեռ Կամսարը։
— Դուն զինքը տեսա՞ր։
— Ոչ։ Գրական ժողով ունեինք, բայց եկած չէր։ Եվ երեք ամիս կեցա, սակայն առիթ չեղավ զինքը տեսնելու։
— Ըսել է, թե մեր հանճարեղ երգիծաբա՞նը… գրիչը լքած` մեղուներու հետ կանցունե իր ժամանակը… Ողբալի կացություն է այս…
Հարցուցի իր մասին ` Հայաստանեն նոր վերադարձած բանաստեղծ Հակոբ Գույումճյանին։ Ան ալ կը կարծեր, թե Լեռ Կամսարը մեռած էր։
Կիպրոսեն ուսուցիչ մը /Ն. Հովհաննէսյան/ կը թղթակցեր հետս։ Երբ գրեցի իրեն այս մասին, պատացխանեց, թե ինքը շատ մտերիմ կերպով կը ճանչնար Լեռ Կամսարը, որը մեռած էր 1938-ի տարագրության ճամբին։ «Ուրիշ բանի չի հավատաս»։
Ամենեն վերջ, Մարտիրոս Ճավյանի հուղարկավորության օրը` Նյու Յորքեն քաղաքս ժամանած Օգսեն Սարյանին դիմեցի նույն հարցումով։ Նոր էր Հայաստանեն վերադարձել։
Ես տեսա զինքը, պատասխանեց։ Ուզեց «Լրաբերին» աշխատակցել…
Մինչեւ հիմա ստացածս տեղեկություններուն մեջ` ամենեն ցնցիչը այս էր։ Անհավատալի թվալու աստիճան։ Հետս կատա՞կ կըներ արդյոք։ Սկեպտիկի մը տոնով հարցուցի դարձյալ.
— Վստա՞հ ես, թե հետդ խոսողը Լեռ Կամսարն էր… Դուն զինքը կը ճանչնա՞ս, եթե դեմդ ելնե։
— Եղբայր, մարդը ինձի ուսուցիչ էր Վանի մեջ. ինպե՞ս չճանչնամ… Ո՞ր մեկ գրագետի մասին կուզես` հարցուր, բոլորն ալ կը ճանչնամ…
Դժբախտաբար, առանձին չէինք Օգսենին հետ. հուղարկավորներով շրջապատված էինք։ Շուրջինները տպավորելու համար այդպես կըսեր, չհասկցա։
Ճարահատ` նստեցա նամակ մը գրեցի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության նախագահ Բերսաբե Գրիգորյանին, թե Լեռ Կամսարի մասին ուսումնասիրություն մը կուզեմ գրել, անհրաժեշտ է հետեւյալ երեք հարցերու ճշտումը։ 1. Ո՞վ է Լեռ Կամսարը։ 2. Կապրի՞ ներկայիս, ո՞ղջ է։ 3. Ի՞նչ է իր հասցեն։
Բերսաբե Գրիգորյանը փոխանակ նամակիս պատասխանելու, պատշաճ տեսած էր նամակս ուղղակի հանձնել… Լեռ Կամսարին։
Շուտով իրմեն ստացա հետեւյալ նամակը, որ գերագույն հաճույք պատճառեց ինձի, վերջ դնելով փնտրտուքիս։
Հարգելի ընկեր Սիմեոն Կյուլո 30 մայիսի,1960թ.
Դուք Բոստոնից գրած ձեր նամակով Հայաստանի ԱՕՔՍ-ից ուզում եք իմանալ երեք բան իմ մասին.
Ի՞նչ է իսկական «կնքված» անունս։
Ներկայիս ապրո՞ւմ եմ, թե մահացած եմ։
Եթե ողջ եմ` իմ հասցեն։
Երեք շատ բարդ եւ դժվարին հարցեր, որոնց ես ինքս անգամ դժվարանում եմ պատասխանել։
Բայց փորձենք։
Սկսում եմ իմ իսկական անունից։
Ես 1888 թվին աշխարհ գալուց ի վեր կոչվել եմ Արամ Թովմաղյան։ 1921 թվին երբ փաստաթղթերս ներկայացրի վարչություն անձնագիր ստանալու` այնտեղ սխալմամբ Թովմասյան էին նշանակել, եւ ես այս քառասուն տարի է ապրում եմ որպես «վրիպակ» անձ։
Հետագային, տեսնելով, որ սխալ անունով էլ կարելի է շիտակ ապրել, հետեւյալ հարցը ծագեց գլխումս։
Արդյո՞ք ճիշտ պետք է համարել այն, որ մարդիկ իրենց ողջ կյանքում մի անունով ապրեն։ Եթե անունը նրա համար է դրվում մարդկանց վրա, որ մեկը մյուսից զանազանենք` չէ՞ որ անհատ մարդն էլ իր կյանքի ընթացքին տարբեր սկզբունքներ է դավանում եւ որպես բարոյական դեմք տարբեր անուններ էլ պիտի կրի։
Քրիստոսի առաքյալներից Պողոսը, օրինակ, քանի քրիստոնեությունը հալածում էր` Սողոս էր կոչվում։ Իսկ երբ ինքն էլ հավատացյալ դարձավ` իր Սողոս անունը Պողոսի փոխեց ամենայն իրավամբ։
Հավատացյալն ու անհավատը ինչպե՞ս կարող են միեւնույն անունը կրել։
Ես ինքս մինչեւ 1935 թիվը երբ գրում էի` Լեռ Կամսար էի, բայց դրանից հետո, երբ դադարեցի գրելուց` դարձա Լուռ Կամսար։
Բնական է։ Անունը պետք է համապատասխանի կրողի բովանդակությանը, այլապես կասեն` «անունը կա, ամանում չկա»…
Մշտական անուն պետք է դնել մարդու վրա նրա մեռնելուց հետո միայն, եւ այդ պրակտիկան արդեն կիրառվում է մեզանում։
Առաջները մեր պետական գործիչներին անմահացնելու համար կենդանյոք նրանց անունները դրվում էին քաղաների, գյուղերի եւ կոլխոզ խանութների վրա։ Բայց երբ հանկարծ փոխվում էին նրանց քաղաքական համոզմունքները` փոխվում էին նաեւ նրանց անուններով կոչվող քաղաքների անունները` առաջացնելով մեծ տեխնիկական անհարմարություններ։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը ընդունեց մի որոշում, ըստ որի մարդիկ անմահանալ կարող են իրենց մահվանից հետո միայն…
Ընկեր Սիմեոն, համոզվեցի՞ք, որ իմ իսկական անվան մասին Հայաստանի ԱՕԿՍ-ը ձեզ ոչինչ ասել չեր կարող։
Հիմա գանք իմ կենդանի կամ մեռած լինելու հարցին։
Մեռա՞ծ եմ ես, թե կենդանի։ Ահա ձեզ մի հարց, որին դժվարանում եմ պատասխանել։
Եվ այդ գրողը չի իմանա, եւ ինչ էլ ասեն` նրանց խոսքին մի’ հավատացեք։
Շատ գրողներ ինքզինքնին կենդանի են հայտարարում, բայց իրապես մեռած են… ընթերցող չունենալու պատճառով։
Այդ մասին հասարակությունը պիտի դատի` գրողն ի՞նչ իմանա։
Մոսկվայում ձմեռ ժամանակ անցորդը չի զգում թե իր ականջները սառել են, դեմից եկող անցորդն է զգուշացնում.
— Է՜յ, ընկեր, ականջներդ սառել են…
Գալով ձեր երրորդ հարցին` հասցես, դա էլ շատ սերտ կապված է իմ կենդանի կամ մեռած լինելուս հետ։
Եթե մեռած եմ` հասցես կլինի Երեւանի գերեզմանատուն, իսկ եթե կենդանի եմ` Երեւան, Լենինի պողոտա, համար 15։
Այս երկուսից ընտրեք, որը կուզեք։
Ընկեր Սիմեոն, եթե որոշել եք ուսումնասիրություն գրել իմ մասին, ցանկալի էր, որ ինձ մեռած համարեիք. որովհետեւ կենդանի հեղինակները երբեք չեն արժանանում այն փառքին, ինչի արժանանում են մեռածները։
Խորին հարգանքներով` Լեռ Կամսար Երևան
Սիմեոն Կյուլոյին` Բոստոն 1960թ., Երևան
Հարգելի Սիմեոն Կյուլո, իմ բոստոնաբնակ բարեկամ։
Դուք ձեր նամակում գրում եք` «Կիպրոսից, Սիրիայից հասնող լուրերը ասում են, որ դուք մեռած եք։ Հայաստան այցելող էքսկուրսանտներն էլ հակասական տեղեկություններ են տալիս ձեր մասին. մեկն ասում է մեռած է, մյուսը` կենդանի։ Սրանով խնդրում եմ անկեղծությամբ ինձ հայտնել. «Դուք մեռա՞ծ եք, թե կենդանի` ինչո՞ւ չեք երեւում մամուլում»։
Դրան ի պատասխան գրում եմ։
Ես կենդանի եմ, բայց այդ ապացուցելու համար ոչ մի «իրեղեն ապացույց» չունեմ։ Իմանալով, որ կյանքումս սուտ խոսած չունեմ` պիտի հավատաք իմ բանավոր հավաստիացումներին։
Ես մամուլում երեւալ չեմ կարող, որովհետեւ մամուլի տեսուչ Գեւորգ Հայրյանը չի թողնում։ Որսկանի նման ետեւիցս ման է գալիս, որ թերթում երեւամ` իսկույն խփում է։ Մի անգամ ինձ «Գրական թերթում» բռնեց, ականջիցս քաշելով տարավ կենտրոնական օրաթերթ «Սովետական Հայաստան», այնեղ ինձ բոլորի առջեւ «գռեհիկ» անվանեց ու խփեց։ Գրողների միությանն էլ հրամայեց ծունկի գալ ու ներեղություն խնդրել, իրենց օրգանում իմ ֆելիետոնը տպագրած լինելու համար։
Որ թերթին մոտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս եւ բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում։
Միայն «Ոզնի» երգիծական հանդեսը իր դռան տակից մի անցք է թողել, երբ Գեւորգ Հայրյանը ուրիշ կողմ է նայում` գաղտագողի այդ անցքից ներս եմ սողում, մի ֆելիետոն տպում ու դուրս գալիս փախչում։ Որ տեսավ, սեւս կտա։
Այստեղ ես հանդես եմ գալիս ծպտված, Արա Մասյան անվան տակ։ Ընթերցողներս կարդում եւ ասում են.
— Սա Արա Մասյանը որքա՜ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի։ Եվ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթվել իմ ընթերցողին եւ ասել.
— Գրկի’ր ինձ, հենց ես Լեռ Կամսարն եմ…
Այսպիսի զուլում մարդ է այդ Գեւորգ Հայրյանը։
Դուք երեւի տեսած կլինեք նրան. այս ամառ նա Ամերիկա եկավ պտույտի։
Վերադարձին թերթում գրեց իր ճամփորդական տպավորրությունները, որոնք ջրիկ լինելու համար ոչ ոք չկարդաց։
Այս «հաջողությունից» խրախուսված նա առանձին գրքով հրատարակեց այն, որ էլ ավելի չկարդան։
Ամբողջ Հայաստանի գրողների բախտը այդ մարդն է տնօրինում։ Հիսուն տարվա սիրված գրողին կարող է փոշիացնել, իսկ փոշուց հիսուն տարվա սիրված հեղինակ ստեղծել։
Հարգելի Սիմեոն, ինչո՞ւ մի անգամ Հայաստան չեք գալիս պտույտի։ Եթե գաք` կտեսնեք, մեռա՞ծ եմ, թե կենդանի։
Գրում եք` թե ուզում եմ ձեր մասին մի ուսումնասիրություն գրել։ Շնորհակալ եմ։ Եթե նոր բնակարան ստացած լինեի, այնպե՜ս կուզենայի ձեզ իմ տանը հյուրասիրել։ Կենտկոմի առաջին քարտուղարը սա չորս տարի է խոստանում է, բայց ոչ բնակարան է տալիս, ոչ էլ իմ դիմումին է պատասխանում։ Նրանից պատասխան ստանալու համար ուզում եմ դիմել Մոսկվա։
Եթե Մոսկվան էլ չպատասխանեց` ուզեմ-չուզեմ ձեր միջոցով պիտի դիմեմ ՄԱԿ-ին։ Իմ հարցը շատ նման է այնտեղ նստած Չան Կայ Շիին, երկուսս էլ կորցրել ենք մեր ոտների տակի հողը։
Նա Չինաստան չունի ես` բնակարան։
Հարգանքներով` Լեռ Կամսար
Սիրելի Սիմեոն Կյուլո, 24. 12. 1960թ.
Իմ բոստոնաբնակ բարեկամ.
Իր ժամանակին ստացել եմ նոյ. 1-ի նամակը եւ պատասխանել եմ իր ժամանակին։ Այսօր գրում եմ մի երկրորդ նամակ այնպես, ինչպես որսորդը որսին նշան բռնելիս կրակում է միաժամանակ երկու գնդակ` մեկնումեկը նպատակին հասցնելու համար։
Բայց քանի որ որոշել ես մայիսին անպայման այցելել ինձ անձամբ` նամակներս նպատակին չհասնեն էլ, շատ չեմ մտահոգվի` ինչու որ մի քանի ամսից «որսը» իր ոտովը կգա իմ դուռը…
Իմ նամակները շատ նման են Նոյի բաց թողած թռչուններին. ոմանք դուրս են գալիս «աղավնիներ» եւ պատասխան են բերում, ոմանք էլ «ագռավների» նման ինձ թողնում են անպատասխան։
Այնուհետեւ կուզենայի շնորհավորել ձեր Նոր տարին, եթե հաստատ իմանայի, թե Ամերիկայում Նոր տարի գոյություն ունի, եւ մարդիկ առհասարակ ուրախանալու սովորություն ունեն։ Մեզ սովորեցրել են, որ կապիտալիստական երկրներում մարդիկ միայն դժբախտ են։
Քո գալու լուրն առնելով, անմիջապես ԱՕՔՍ-ի նախագահ Բերսաբեին գնացի եւ խնդրեցի միջամտել ուր որ հարկն է` ինձ մի ներկայանալի բնակարան տրամադրելու համար։ Ներկա բնակարանում ամաչում եմ քեզ ընդունել։ Դա ոչ թե բնակարան, այլ կավաշեն, կավածեփ, կավածածակ մի որջ է, որին առընթեր նախապատմական մարդու քարայրն անգամ կարող է պալատ համարվել։ Իմ բնակարանային պայմաններով թեպետեւ չեմ հասել տակավին «քարի դարին», բայց դժգոհ չեմ։ Դիոգենեսն ապրում էր մի տակառի մեջ շատ երջանիկ։
Մեր երկուսիս դժվարությունը սկսվում է միայն մեռնելիս։ Օրինակի համար, Դիոգենեսն ինչպե՞ս պարզի իր ոտքը մի նեղ տակառի մեջ։ Իսկ պպզած մեռնելը հնարավոր չէ։
Գալով ինձ, իմ ցավն էլ այն է, որ վախճանվելիս ես ոչ մի կերպ չպիտի կարողանամ համոզել ինձ, որ ես իրոք մեռել եմ, քանի որ բնակարանիս եւ գերեզմանիս մեջ ոչ մի էական տարբերություն չկա։ Երկուսն էլ կառուցված են միեւնույն հողից։
Սիրելի Սիմեոն, դու իմ աչքին մի շատ խստապահանջ մարդ կերեւիս։ Այդ պատճառով քեզ նամակ գրելիս վախիցս տասն անգամ մտքերս չափում, ձեւում, նոր միայն գրում եմ։ Պատահում էլ է, որ չափում, ձեւում ու չեմ գրում։ Ու չգրած մտքերս ավելի շատ են ինում, քան գրածներս։ Այդ է ահավասիկ պատճառը, որ քեզ նամակ գրելիս ավելի շատ կչկչում եմ, քան «ձու» ածում։1
Կարոտում եմ քեզ շատ։ Երբեմն ուզում եմ երազումս տեսնել քեզ, բայց ավա՜ղ, դա հնարավոր չի` երկու տարբեր կիսագնդերում ապրած լինելու համար։ Միաժամանակ չենք պառկում ու միաժամանակ վեր չենք կենում։ Երբ ես քնած եմ` դու արթուն ես, եւ ընդհակառակը, երբ ես արթուն եմ` դու քնած։
Ձայն ունե՞ս, Սիմեոն, երգո՞ւմ ես։ Ես երկու տող երգեմ, եթե այն քեզ դուր գա` գրիր շարունակեմ։
«Ա՜խ, իմ ճամփեն մոլոր գնաց,
Անտակ ծովին դեմ առավ…»1
Գրիր գաղութահայ կյանքից։ Դու «հառաջադիմակա՞ն» կուսակցությանն ես պատկանում, թե՞ «հետադիմական»։ Այդտեղ կուսակցության պատկանելը կամավո՞ր է լինում` թե՞ բռնի։ Եթե կամավոր` ինչո՞ւ պատահում են մարդիկ, որոնք «հառաջադիմականը» թողած, «հետադիմականին» են պատկանում։
Ինձ որ հարցնես` ես «ետեւի» եւ «առաջի» միջեւ խտրություն չեմ դնում։ «Ետեւը»` դա մարդու անցյալն է, պատմությունը, իսկ «առջեւը»` ապագան, գալիքը։ Արժե՞ ստույգ, արդեն պատահած անցյալը զոհել անստույգ գալիքին։ Մանավանդ հիմա, որ աշխարհն ապրում է ատոմային պատերազմի սարսափներն ու երկրագունդը վիճակախաղի է դրված։
Ոչ` երկուսից, ես «ետեւը» կնախընտրեմ «առջեւից»։
Ետեւում եմ թողել իմ ոսկե մանկությունը, իմ կորուսյալ հայրենիքը, որոնց մասին ունեցած իմ հուշերի մի մասնիկը չեմ փոխի հազար անորոշ գալիքի հետ։
Իսկ եթե խոսենք «մարդակազմության» լեզվով, պիտի ասենք, որ մարդուն իր «ետեւը» նույնքան անհրաժեշտ է, ինչքան «առջեւը», ու մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։
Ճակատամարտում նահանջելն էլ հարձակման չափ հմտություն է պահանջում։1
Համաձա՜յն ես։ Եթե այո` ցտեսություն։
Քո` Լեռ Կամսար
«Կարմիր օրեր» անտիպ օրագրից
Շաբաթ 23, հունիս, 1961թ.
Ստալինը իր ղեկավարության ժամանակ ամենայն անկեղծությամբ հայտարարում էր.
— Ես արյունարբու գազան են ու մարդ եմ սպանում։ Ինձ համար մարդն ու ճանճը միեւնույն արժեքն ունեն։
Եվ մարդը ժողովրդից համակրանք չէր սպասում։
Բայց Խրուշչովը ներկայիս կամենում է երկու ձմերուկ բռնել իր մեկ ձեռքով։ Ուզում է եւ’ ժողովրդի համակրանքը վաստակի, եւ’ մարդ սպանի։
Այսպես` նա ցերեկը մարդասեր է, գիշերը` մարդասպան։
Օ՜հ, լեզուս չի զորում պատմել այն ոճիրը, որ կատարվեց հենց այսօր աչքիս առջեւ։
Բայց պատմեմ ամեն ինչ սկզբից։
Ամերիկայի Բոստոն քաղաքում ապրում էր մի ժուռնալիստ` Սիմեոն Կյուլո անունով։ Նա մտադրված է լինում մի ուսումնասիրություն գրել իմ գրական գործունեության մասին։ (Սեւ լիներ այն օրը, երբ մտադրվեց։)
Բայց չի իմացել ո՞ղջ եմ, թե մեռած։ Դիմել է Հայաստան եկող տուրիստներին, դիմել է Սիրիա, Կիպրոս եւ աշխարհի այն բոլոր տեղանքը, ուր հայություն կա` իմանալու տեղեկություն իմ ողջության մասին, բայց չի հաջողվել։ Մեծ մասամբ պատասխանել են, թե ես, իբր թե, մեռել եմ աքսորի ճանապարհին, 1938թվին։ (Տեսեք «երկաթյա վարագույրի» թանձրությունը…)
Հա, վերջում այդ մարդը դիմում է Հայաստանի արտասահմանի հետ կուլտուրական կապի միության վարչությանը, աղերսելով պատասխանել` ո՞ղջ եմ ես, թե՞ մեռած։
Վարչությունը նամակը հանձնեց ինձ` անձամբ պատասխանելու համար։
Մեծ դժվարությամբ պատասխանեցի այդ նամակին, որովհետեւ ես էլ ստույգ չգիտեի` ողջ եմ, թե՞ մեռած։
Ճարահատ, այդ բանն ստուգելու համար, մեծ ծախսեր կատարելով, ինքը` Սիմեոն Կյուլոն է վեր կենում Հայաստան գալիս։
Մենք պատահում ենք իրար «Արմենիա» հյուրանոցում, եւ ես սկսում եմ պատմել իմ գլխին եկած դժբախտությունները մեկ առ մեկ, քսան տարվա աքսորս, անպատմելի խոշտանգումներս եւ այլն, եւ ալյն։
Դու մի ասի, Չեկան, մագնիտոֆոնը միացրած, մեզ լսում է իր թաքստոցից…
Մտածելով, որ Ամերիկա վերադարձին Կյուլոն կարող է այս բոլորը պատմել աշխարհի հայությանը, եւ գաղտնիքը բացվի, նույն գիշերը խեղդում է հյուրանոցում իր «հյուրին» եւ հայտարարում «հանկարծամահ»…
Ու ես հիմա այսքան արտասուք չեմ ճարում ողբալու այդ անմեղ մարդու կորուստը, որ մեռավ իմ պատճատով։
Մազերս փետտելով ման եմ գալիս հիմա ու նզովում եմ ինձ էլ, իմ «տաղանդն» էլ միաժամանակ, որ պատճառ դարձավ այս ահավոր, տմարդի ոճիրին։
Օ՜հ, օդ տվեք ինձ, խեղդվում եմ…
Չորեքշաբթի 6, հուլիս, 1961թ.
Թաղեցի իմ անմոռանալի ընկեր Սիմեոն Կյուլոյին եւ հիմա իմ կյանքի մասին եմ մտածում։ Ինչպե՞ս պիտի վարվի ինձ հետ կառավարությունը, չէ՞ որ ես էլ նրա գործած հանցանքի մասնակիցն եմ։
Արդյո՞ք ինձ էլ խեղդամահ կանի մի գիշեր։ Բայս ես հյուրանոցում չեմ քնում։ Տանն էլ հարեւաններս կիմանան։
Ոչ, ինձ կկանչի Չեկա, կհարցաքննի, թե ինչո՞ւ ես ասել եմ նրան, որ քսան տարով աքսորվել եմ եւ ինչո՞ւ չեմ ասել, որ քսան տարով չեմ աքսորվել եւ ընդհակառակը, շատ երջանիկ եմ զգացել ինքզինքս` այն էլ ոչ թե քսան, այլ երեսուն տարով։
Արդարացում չունեմ, պարզում եմ վիզս եւ «խեղդիր» ասում եմ։ Չեկան խեղդում է, ու, որպեսզի թաքցնի իր ոճիրը, տանում է մի հեռավոր փոցոց ու դիակս ավտոյի տակ գցելով տափակացնում է եւ ասում.
— Հիմար մարդ, ինչո՞ւ փողոցում զգույշ չես քայլում… (Ինչպես Կյուլոյին մեղադրեցին դեպքից մի շաբաթ առաջ խմած մի բաժակ կոնյակի մեջ)։
Բայց ինչո՞ւ եմ զուր տեղը գլուխս պայթեցնում` իմանալու համար, թե ինչ մահով պիտի մեռցնի ինձ կառավարությունը։ Հա’մ մտածեմ, հա’մ մեռնե՞մ…
Իրենք գիտեն, ինչ մահով կուզեն, թող մեռցնեն։
Բայց, այնուամենայնիվ, խեղդվել կուզեմ ես, ինչպես իմ ըկներ Սիմեոնը, որպեսզի հանդերձյալ կյանքում, որպես միատեսակ մահով մահացածներ` միասին լինենք։
Ի՞նչ իմանամ, միգուցե այն աշխարհում մարդիկ տեսակագրվում են ըստ իրենց մեռելաձեւի` մանավանդ Սովետական իշխանությունից հետո։
Առաջները բոլոր մարդիկ մեռնում էին բնական մահով, բայց բոլշեւիկները մահվան այնպիսի ձեւեր բերին աշխարհը, որ մարդ չի իմանում, թե որով մեռնի։ Ի՞նչ կլիներ, եթե մահվան այսպիսի բազմաթիվ ձեւերի հետ գեթ մի ձեւ էլ կյանքի մասին մտածեին։
Չէ՞ որ մեռնելու համար պետք է, որ մարդ մի քանի տոկոսով ապրած լինի…
Հինգշաբթի 14, հուլիս, 1961թ.
Որովհետեւ այս տարի դեղատները ճանճասպան թուղթ չեն ստացել, այդ պատճառով մարդիկ սպանում են ճանճերին պարտիզանական հարձակումներով։ Իսկ դա գազանակերպ է լինում։
Բարեկամներիցս մեկը սեղանի մեջտեղը քաղցրություն էր դրել եւ հատուկ դրա համար պատրաստված մի ռետինե թերթիկով խփում եւ ջարդում էր այն բոլոր ճանճերին, որոնք, թառած քաղցրության վրա, ծծում էին այն։
Այս տեսնելիս, մի նմանություն ընկավ միտքս, եւ դրանից սարսռած ողջ էությունս։
— Ուլան,- ասում եմ ինքս ինձ,- այս նույն եղանակով մեր կառավարությունն է սպանում արտասահմանյան հյուրերին, այն էլ իմ միջոցով։
Ինձ որպես քաղցրություն դրել է մեջտեղ եւ արտասահմանից հյուր է ընդունում։ Այս հյուրերից էլ ինձ մոտ գալիս են նրանք միայն, որոնք դեմ են սոցիալիզմին, եւ եկել են միայն նրա վատ կողմերը տեսնելու։
Եվ ահա շըրը՛փ, խփում է ու սպանում նրանաց։
Այսպես սպանեց Սիմեոն Կյուլոյին, այսպես պիտի սպանի նրա կնոջը, որ մտադիր է Հայաստան գալ իր ամուսնու գերեզմանին այցելության, պիտի սպանի «Ծիրանի գոտու» խմբագրին, որ ուզում է գալ ինձ այցելության։
Ուրեմն, ես այն խայծն եմ սովետների ձեռքում, որով ձուկ են բռնում։ Ուրեմն իմ պատճառով այսուհետեւ էլ բազմաթիվ արտասահմանյան հյուրեր պիտի մեռնեն, ուրեմն ես խաղում եմ կին ու երեխա ունեցող մարդկանց կյանքի հետ։
Բայց ի՞նչ կարող եմ անել։ Կարո՞ղ եմ գրել նրանց` մի գաք Հայաստան, որովհետեւ ձեզ կսպանեն։ Եթե գրեմ էլ, փոստը վայր կդնի իմ նամակը եւ չի ուղարկի։
Ի՞նչ անեմ, ասեք, ի՞նչ անեմ։
Հազար անգամ կուզեի «տաղանդավոր երգիծաբան» չլինել, որ մարդիկ չգային եւ իմ պատճառով չզոհվեին։
Այս ակամա ոճրագործությունս ես ինչպես հաշտեցնեմ խղճիս հետ։ Ես կմեռնեմ, իհարկե, եթե իմանամ` այս անգամ էլ չեն գա շիրիմիս այցելության…
Ո Ղ Բ Ե Ր Գ
ՍԻՄԵՈՆ ԿՅՈւԼՈ,
Իմ սիրելի հայրենակից,
Իմ թանկագին բարեկամ,
Իմ մտերիմ ընկեր,
Դու այդ ի՞նչ արիր…
Հեռվից հեռու, օվկիանոսի այն ափից սիրեցիր ինձ։
Ամբողջ վեց տարի ելար ինձ փնտրելու կենդանիների եւ մեռածների մեջ։ Ու երբ հայտնաբերեցիր կենդանի` գրեցիր ինձ Բոստոնից.
— Գալիս եմ քեզ հյուր, պատրաստ կաց։
Ու ես իմ տան դուռը բաց թողած պառկեցի գիշերները, որ դու, եթե գիշերով անգամ գաս, դուռս բաց գտնես առջեւդ։
Ու ելար արեւմտյան կիսագնդից արեւելյան կիսագունդ եկար ինձ տեսնելու։
Տեսանք իրար ու ողջագուրվեցինք։
Բայց ինչո՞ւ այդքան կարճ։
Ինչո՞ւ դեռ ասելիքդ չվերջացրած հիշեցիր, որ մահկանացու ես, հանկարծ հեռացար աշխարհից։
Այնպես շտապեցիր մահվան կարավանին հասնել, որպես թե շատ էիր ետ մնացել…
Բայց ես չեմ կարող հաշտվել այդ դառն իրականության հետ, չեմ վավերացնում կատարվածը, չեմ փակում իմ դուռը եւ առաջվա նման անքուն կսպասեմ, իմ ընկե’ր։
Մենք ծնվել ենք միեւնույն երկրում, մեր մանկությունը լուսավորել է այն արեւը, որ Վարագա սարի ետեւից դուրս է եկել ու սուզվել Վանա ծովում։ Մենք շնչել ենք նույն օդը, խմել նույն աղբյուրից։
Ու այսօր կորցրել ենք մեր մանկության օրրանը, մեր անմոռաց ծննդավայրը անդարձ։ Նրա անհուն կարոտի մի ծայրը իր անհուն ծանրությամբ իմ սիրտն է ճմլում, մյուս ծայրը քոնը, եւ այդ կարոտի քուլայում մեր սրտերը իրար ձուլվեցին։
Գաղթից շատ առաջ, մի անշառ ու բարի օր, չար թուրքը քո հոր կարմիր արյունով ներկեց Տոնյա Գյալեի կակաչները, որ առանց այդ էլ շատ կարմիր էին…
Ու դու մանուկ հասակում փախար օտար աշխարհ այն զուլում երկրից, որի հողը բարի է, իսկ մարդիկ` չար։
Երկար դեգերումներիդ դատարկեցիր դառնության բաժակներ իրար ետեւից։ Կամեցար գրաշար դառնալ մի հայ տպարանատիրոջ մոտ, որ քեզ վռնդեց միայն նրա համար, որ նրան դիմելիս փոխանակ «էֆենդի» ասելու` «պարան» ասացիր։
Մի հայ, որ կամենում է թուրքերեն մեծարվել։
Մի մարդ, որ տանը հայ է, դուրսը` թուրք…
Մի թուրք, որ մարդ է մորթում ոչ թե սրով, այլ իր ոսկու քսակով։
Եվ դա աչքովդ տեսար, թե ինչպես բոլոր դրամատերերը մի-մի «թուրք» են իրենց տպարաններում որպես գրաշար աշխատող հայերի համար…
Իմ անմոռանալի Սիմեոն։
Դու իմ ունեցած առավելությունների վրա իմ չունեցածը ավելացնելով, մեծարեցիր ինձ մամուլում։
Բայց այդ մեծարումը ես չեմ նկատում անձնական։
Դու տարիներ շարունակ ապրելով հայրենիքից հեռու, անձամբ տեսնելով, թե սփյուռքի հայերը ինչպես են կամաց-կամաց ձուլվում օտարներին, հեռանում իրենց ազգությունից, քո արծվի հայացքով փնտրեցիր եւ գտար հայ մշակույթի ակնառու գործոններ, տնկեցիր որպես պղնձե օձ Սինա անապատում, որպեսզի գեթ մեկ ժամով ուշացնես հայ ազգի ջլատումը, նրա մի մասի օտարացումը։
Այդ իմաստով դու մեծարել ես ոչ միայն ինձ այլ շատ-շատերին նրանցից, որոնք իրենց ուժի չափով մի-մի քար են դրել հայ մշակույթի բարձրացող պատերին։
Եվ այդ կատարել ես դու քո վարպետ գրչով, դու` մեռնող հայության կանթեղին ձեթ լցնող լուսարար։
Հայրենիքից դուրս, հեռավոր Բոստոնում, Հրանտ Ավետիսյանը հայ մշակույթի մի փոքրիկ օջախ կպցրեց «Ծիրանի գոտի» անվանելով այն, ու դու ողջ եռանդով փուքս դարձար, փչեցիր, այդ մխացող օջախից բոց ստանալու, դրանով ջերմացնելու հայությունից սառող հոգիներին եւ հաջողեցիր` շնորհիվ քո ճարտար գրչի։
Բայց ինչո՞ւ եմ ասում այս բոլորը, երբ դու չկաս այլեւս, իմ Սիմեոն։
Իբրեւ վերջին խոսք, Սիմեոն, քեզ պիտի ասեմ հետեւյալը։
Դու աշխարհի մի ծայրից մյուսը ճամփա կտրեցիր, որ ինձ հյուր լինես։
Հյուր եկար կարճ ու ընդմիշտ հեռացար։
Հիմա էլ որպես փոխայցելություն, ես եմ ճամփա ընկել քեզ մոտ հյուր գալու։ Դուռը բաց թող։ Ու ես հյուր եմ գալիս քեզ մոտ ոչ թե ժամանակավոր, այլ հավիտյանս չհեռանալու համար։ Տեսնո՞ւմ ես, թե ես որքան ավելի եմ սիրում քեզ, քան դու սիրեցիր ինձ։
Յոթանասուն տարի նավելով կյանքիս օվկիանոսում, արդեն մոտ եմ ափերին ու պատրաստվում եմ նավիս առագաստն իջեցնել։
Մոտ եմ քեզ շատ, իմ սիրելի ընկեր, համարյա ստորակետով ենք բաժանվում մենք իրարից։ Գուցե եւ բութ պիտի լինի դնել…
Ու որովհետեւ այսքան մոտ ենք իրար, Սիմեոն, չեմ ասում քեզ «մնաս բարով», այլ քեզ կասեմ` ց տեսություն…
Մնամ մեր տեսակցությանն սպասող`
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
1961թ. հուլիս
Լուսանկարում՝ Լեռ Կամսար եւ Սիմեոն Կյուլո, 1961թ.
Աղբյուր՝ Hetq.am: