Անվանի նկարիչ Փանոս Թերլեմեղյանը պատմում է Թումանյանի հետ դեպի Բարձրաքաշ կատարած ուղևորության մասին, որի ժամանակ հայտնաբերեցին պատկերաքանդակ /թերևս` օդիգիտրիա/, որը ցավոք չի պահպանվել: Լսենք նրան:
1906 թվականի ամառը նկարիչ Միրզոյանն ու ես վճռեցինք Դսեղ երթալ և էտյուդներ անել։ Մեզ ընկերացավ Թիֆլիսի ռուսաց դպրոցներից մեկի ռուս տեսուչը, որը քիչ-միչ նկարել գիտեր։ Նրա անունը մոռացել եմ։ Այդ ամռանը Հովհաննեսն էլ Դսեղ եկավ իր ընտանիքով։ Ամբողջ ամառր հարսանիքի պես անցավ։
Դսեղից մոտ մեկ կիլոմետր դեպի հյուսիս կար մի չքնաղ ձոր, որի միջով աղմկում էր Մարցի գետակը։ Դսեղի սարահարթից իջնում էինք այդ ձորը և թեքվում դեպի արևուտք, քայլում էինք մութ պուրակների կանաչ ու սև թավշե մամուռով պատած ժայռերի միջով։ Դարավոր կաղնիների արանքից երևում էին Սուրբ Գրիգորի ավերակները, որոնց տակից բխում էին վարար ու զուլալ աղբյուրներ։
Մի օր, երբ այդ հինավուրց ավերակներում երկգլխանի արծիվ ու քանդակներ էի ընդօրինակում, Հովհաննեսը եկավ նստեց իմ կողքին, ու միասին հիանում էինք այդ բազմադարյան հնության ճարտարապետի ճաշակի ու գիտության վրա։ Ցույց տվի ներքին դռան վրայից պոկված մեծ ու կիսաձվաձև քարը։ Ասացի կարող է պատահել, որ այս քարի տակի երեսի վրա քանդակներ լինեն, նա պատասխանեց՝ «Հավանական է» ու հեռացավ։ Քիչ հետո Հովհաննեսն ու նկարիչ ընկերներս մի-մի փայտ ուսների եկան ու սկսեցին բարձրացնել նշված քարը։ Փոխանակ քանդակ, քարի վրա երևաց մի սքանչելի ֆրեսկո՝ մայրը մանկան հետ, բայց որովհետև տեղափոխելու հնարավորություն չունեինք, որոշեցիա շուռ տալ չոր ու փափուկ հողի վրաև մի քիչ էլ հող ու քարե լցրինք վրան, որ փչացումից աղատվի։ Հավանաբար մինչև օրս այդ քարը մնում է տեղում։
Աղբյուր՝ Aregnapayl.am