1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին:
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր . դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու:
Թշնամին մոտենում էր: Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: Ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
— Հրացանավորներ, -ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց, -թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզ և թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում: Արևի շողերն արդեն թաքնվել էին արդեն լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող միմենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում: