Հուշագրություն․ Սամվել Կարապետյանի հիշատակին
Ասում են, չկան անփոխարինելի անձինք։ Կա՛ն․․․
Սամվելը, հայ պատմագիտության, հուշարձանագիտության գիգանտն․․․ անփոխարինելի է․․․
Ու ցավոք, հեռացավ ընդմիշտ, թողնելով բազում կիսատ գործեր, ծրագրեր, երազանքներ․․․
Ավա՜ղ, չկա մեկը, որն ի զորու է նույնչափ նվիրումով ավարտել Սամվելի կիսատ թողածը։
Ամիսներ առաջ էր։ Դեռևս քչերս գիտեինք նրա ծանր հիվանդության մասին։ Այցելեցի Սամվելին, երկու ժամից ավել խոսեցինք։ Կատակով ասացի․-Դու դավաճան չես, դու իրավունք չունես լքել դիրքերը, սա քո՛ կռիվն է։ Դու պետք է հաղթական ավարտին հասցնես։
Ծիծաղեց անհոգ ու պատասխանեց․-Ամենքս էլ կյանքում ինչ որ բան կիսատ ենք թողնում։ Կարևորը՝ պատգամն է սերունդներին, որ նրանք չընկրկեն ու շարունակեն կռիվը․․․
Իսկ Սամվելի պատգամները․․․
Երբևէ ճանաչածս ամենաազնիվ ու անկաշառ մարդը․․․ նա ինձ համար եղել է ու կմնա ուղենիշ ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության, նվիրումի․․․
Տաս տարի առաջ եմ ծանոթացել Սամվելի հետ։ Նրան գիտեի հեռուստաէկրանից, հրապարակումներից, բայց առիթ չէր եղել անձամբ շփվելու։ Սամվելն ինձ համար գիգանտ էր, հսկա՝ գիտության ասպարեզում՝ անփոխարինելի․․․
Միքայել Արամյանցի վերաբերյալ գրքիս ու ֆիլմի համար լուսանկարներ էին անհրաժեշտ՝ Հին Թիֆլիսից ու Հին Բաքվից։ Երկար վարանելուց հետո ի վերջո համարձակվեցի զանգահարել։
Նախ հետաքրքրվեց թե ինչի՞ս է պետք, ապա բարեսիրտ հրավիրեց ինձ գրասենյակ։ Ժամ անց իր մոտ էի։ Արդեն կրիչի վրա առանձնացրել էր տասնյակ լուսանկարներ ու նյութեր։
Վերցրի, վարանոտ շնորհակալություն հայտնեցի ու հարցրեցի, թե որքա՞ն պետք է վճարեմ։
-Ինչու՞ համար,-զարմացած պատասխանեց Սամվելը։- Հայրենանվեր գործ է արածդ, ես ինչու՞ պետք է քեզնից գումար վերցնեմ,-շարունակեց նա, ու ճանապարհեց, ասելով․-Եթե էլի բան պետք լինի, դիմի՛ր․․․
Այսպես սկսվեց մեր ընկերությունը։
Ապա քայլ, քայլ ճանաչեցի Սամվելին, հասկացա նրա առաքելությունը, ճանաչեցի նրա հոգին, նրա ազնվությունը, պարկեշտությունը․․․
Երկար, երկար ճանապարհ ենք անցել միասին։ Շատ բան եմ սովերել Սամվելից․ Նրա հետ անցկացրած ամեն ժամը դաս էր՝ հայրենաճանաչողության, հայրենասիրության, անաչառության, ազնվության դաս։
Հաճախ էի խնդրում, որ գա մեր զբոսավարների դպրոց ու ճարտարապետության տեսություն, հուշարձանագիտություն դասավանդի ուսանողներիս։ Սիրով հանձն էր առնում, ու անշահախնդիր նվիրումով կատարում իր գործը։
Սամվել Կարապետյան
Երբեմն ճամփորդում էինք միասին․ դեռևս գիտությանն անհայտ, չբացահայտված հուշարձաններ այցելում։ Ամեն նոր գտածոս սրտի թրթիռով Սամվելի հետ կիսում էի․․․
Կոշաբերդ, Բենդիկ, Կկվի Բույն ամրոց, Ապրոյի Գոմեր գյուղատեղ, Լենկ Թեմուրի բերդ, Կայծուն բերդ, Մանստև գյուղատեղ․․․ ոչ լրիվ ցանկը, որ վերջին 3 տարիների ընթացքում միասին բացահայտեցինք։
Երանի տեսնեիք Սամվելին աշխատանքի պահին։ Մերթ ոգևորվում էր, երբ չբացահայտված ու անհայտ հուշարձան էինք չափագրում, մերթ՝ մռայլվում, երբ տեսնում էր հուշարձանի անխնամ, անմխիթար վիճակը․․․
-Ոնց որ մեր արժեքներին ենք վերաբերվում, այնպես էլ, մեր պատմության ու մեր պետականության նկատմամբ ունենք փնթի ու անպատասխանատու վերաբերմունք։ Սերունդներին ի՞նչ պատասխան ենք տալու, վրացուց ու թուրքից ենք նեղանում, նեղվելու իրավունք չունե՛նք․․․ մենք էլ պակաս բարբարոս չենք․․․․,-Սամվելի խոսքերն են․․․
Ամեն անգամ փոքրիկ հարցախույզ էի անում, ամեն անգամ հոգին փորփրում էի, երբեմն ցավ էի հանում այնտեղից, երբեմն՝ հպարտություն, ու մինչ օրս չեմ հրապարակել։
— Սամվե՛լ, ո՞րն է մեր դժբախտությունների ակունքը։
— Երկու բան կասեմ․ առաջինը, որ չենք ճանաչում ու սիրում հայրենիքը, ապա՝ կրոնամոլությունը։ Երկուսն էլ չարիք են, երկուսն էլ՝ կործանարար։
— Ո՞րն է կյանքումդ ապրած ամենամեծ հիասթափությունը։
— Արևմտյան Հայաստան կատարած հերթական այցից վերադարձանք, մշակույթի ոլորտի պետական մի պաշտոնյայի ներկայացրի աշխատանքի արդյունքը, ասաց․-Իսկ սա մեր ինչի՞ն է պետք, չէ՞ որ դա արդեն անցյալում է, այդ հուշարձաններն այլևս մեր հողում չեն․․․
Ի դեպ, կյանքում միակ անգամ Սամվելի շուրթերից հայհոյանք լսեցի․․․
— Իսկ ո՞րն է քո երազանքը, Սամվե՛լ․․․
Ծիծաղեց․ — Լավ հարց է․․․ երազանքներ շատ ունեմ իհարկե, բայց ամենամեծ երազանքս, որ որպես ՀՀ քաղաքացի, Վանա լճի ափին, իմ սեփական տանը, հայոց պետականության տարածքում, դեպի ծով նայող պատշգամբում նստած միասին թեյ խմենք ու հաղթանակ նշենք․․․
Ահա, Հայի՛ երազանքը․․․
Սամվե՛լ, եղբայր իմ, Ուսուցի՛չ․․․
Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, լավ Ուսուցիչներ եմ ունեցել։ Լավագույնը, դու՛ էիր․․․
մարդ, ում դասերը ոչ միայն գիտությանն էին վերաբերվում, այլև՝ Մարդու՛ն, Հայրենիքի՛ն, Քո դասերն ազնվության, անաչառության, հայրենաճանաչողության դասեր էին։
Փա՛ռք հիշատակիդ․․․
Առաջին անգամ, որ բախտ ունեցա ճամփորդել Սամվելի հետ, 2015 թվականին էր։ Նրան իր խմբով, ուսանողներիս հետ Լոռի ուղեկցեցի։ Իմ ծննդավայր Ախթալա։ Ախթալայի շրջակայքում դեռևս գիտությանն անհայտ հուշարձաններ կան։ Գնացինք չափագրելու, ուսումնասիրելու։
Դեպի Լենկ Թեմուրի բերդ վերելքը դժվար է։ Զառիվեր, այն էլ՝ փշուտներով «պաշտպանված»։ Մեր գրեթե 20 հոգանոց խումբն անտրտունջ հաղթահարում էր վերելքը։ Գարուն էր, բանջարն ու մանուշակները նոր դուրս էին եկել։
Դժվարանցանելի ճանապարհին հաճախ կանգ էինք առնում, շունչ քաշում։ Իմ ու Սամվելի հավերժ կատակ-բանավեճն էր՝ ծխելու շուրջ։ Կատակով արդարացնում էի ծխողներին, մեջբերում «հիմնավորումներն ու առավելությունները» ծխողների։
Հերթական կանգառում, քարի վրա բուսնած մանուշակի գեղեցիկ փունջը շոյեց, հոտոտեց ծաղիկն, առանց արմատից պոկելու, ու ասաց․-Ա՛յ, վայելիր գեղեցկությունն ու բուրմունքը։ Կյանքդ գեղեցիկով ու իմաստալից բաներով լից։ Ափսո՛ս ես․․․
Ամեն դադար, ամեն կանգառ մի դաս էր, փոքրիկ մի դաս՝ ուսանողներիս համար։ Կյանքի՛ դաս։ Սամվելը սիրում էր պատմել, պատմել իր ճամփորդություններից, իրեն հանդիպած հետաքրքիր մարդկանցից, իր հետաքրքիր բացահայտումներից․․․ համակ ուշադրությամբ էինք լսում, կլանում։
Իսկ բերդն անմատույց էր։ Չէր երևում հեռվից։ Ուղեկիցներս անգամ կասկածի տակ առան, թե արդյո՞ք դա բերդ է, այլ ոչ մեծ մի պահակակետ։ Բայց երբ հասանք ամրոցն ընդգրկող ժայռի ստորոտին, մեկեն՝ Սամվելին կորցրեցինք։ Հեռվից տեսնելով բերդի անմատույց, խրոխտ պարիսպները, որ ասես փաթաթվել էին բազալտե վեհ ու հզոր ժայռերին, նա շտապեց․ շտապես րոպե առաջ հասնելու վերև։
Մինչ հիմնական խմբով կհայտնվեինք Ժ դարի ամրոցի տարածքում, Սամվելն արդեն հասցրել էր իր ճամփորդական նոթատետրի մի քանի էջերը գծագրերով ու նշումներով լցնել։
-Հը, ո՞նց է,-հևոցս հազիվ զսպելով հարցրեցի։
Մի թեթև ժպիտ նշմարվեց Սամվելի դեմքին, ու ափսոսանքով հառաչանք․
— Հրա՜շք․․․ ու նման ամրություններ ունեցող երկիրը ո՞նց մի բուռ դարձավ․․․ ո՞նց թշնամուն տվինք, ո՞նց գրավեցին այս անմատչելի բերդը։ Մենք, առանց զենք ու զրահի, առանց դիմադրության հազիվ բարձրացանք։
— Սամվե՛լ ջան, մերոնք էստեղ Լենկ Թեմուրի ջարդը կարգին տվել են, այս բերդն աննվաճ է մնացել։
Սամվելի պատասխանը շշմեցրեց․
— Գուցե՛, զենքով այդ պահին հաղթել ենք, բայց, քանի, որ այն գլխից պարտվողի հոգեբանություն ունեինք, անմիջապես էլ հաղթանակի պտուղները թշնամուն ենք տվել։ Ահավասիկ, մեր պահապան ամրոցը թշնամու անունով ենք հիշում, և իր նախնական անունն անգամ հայտնի չէ սերունդներին։ Տարօրիան ազգ ենք։ Հայաստանն ավերող, թալանող, մեզ ոչնչացնող ոսոխներին ենք անմահացնում․ է՛լ Շամիրամակերտ, է՛լ Լենկ Թեմուրի բերդ․․․
գրավել է, թե ոչ Թեմուրը, արդեն էական չէ․ մե՛նք ենք մեր ձեռքով ամրոցը հետագա դարերում Թեմուրին հանձնել։
Բերդից Դեբեդի կիրճն էր բացվում իր ողջ գեղեցկությամբ։ Շշմեցնող տեսարան էր։ Բոլորով թիկնել ենք հողին, բացել մեր ուտեստի համեստ պաշարները, վայելում էինք Սամվելի պատմությունները, մեկ գավաթ գինի ըմբոշխնելով։
Մինչ այդ, հուշարձանագետները չափագրում էին տարածքը, մենք լսում էինք, համակ ուշադրությամբ լսում էինք․․․
Վայրէջքը համեմատաբար հեշտ էր։ Հասանք ճանապարհին։ Առաջարկեցի օգտվելով առիթից՝ Միքայել Արամյանցի դղյակն այցելել։ Բոլորը համաձայնվեցին։
Կիսավեր վիճակում անգամ դղյակը հիացմունք է պատճառում։ Պատմեցի Արամյանցի մասին, նրա բարեգործությունների մասին, նրա թողած ժառանգության մասին։ Լուռ էր։
Դղյակի կիսավեր պաշգամբից նայում էր Դեբեդի հովտին։ Ապա շրջվեց ու ասաց․
— Մենք դասեր քաղել չգիտենք։ Մենք պատմությունից անկարող ենք դասեր քաղել, այդ պատճառով էլ այս օրին ենք։ Ողջ աշխարհում կառուցեցինք, շենացրինք։ Ողջ Արևելքը հպարտ է այն կոթողներով, որ հայ ճարտարապետներն են կառուցել։
Ստամբուլից Թիֆլիս ու Բաքու։ Եվ կարևոր չէ, որ հիմա կեղծում են, ուրանում հեղինակներին։ Բայց հիմնականում պահպանում են, յուրացնելով՝ պահպանում։ Իսկ մե՞նք․․․ այս մեծ հայորդուց մեզ հասած այս միա՛կ շինությունը․․․ ի՞նչ օրի է։ Վաղը, մյուս օրը կփլվի ու կափսոսանք, մի երկու դամբարանական ճառ կարտասանենք ու հավերժ կմոռանանք։ Մենք պատմությունից դասեր քաղել չգիտենք․․․
Հետդարձին Նեղոց գյուղ մտանք։ Այնտեղ հնագույն ժայռապատկերներ էի գտել։
Առաջարկեցի հնավայրն այցելել, չափագրել։ Չափագրման համար ասաց, որ ժայռապատկերներն իր պրոֆիլը չեն, բայց իհարկե, որպես հուշարձան՝ պետք է համապատասխան գրանցում ստանան։
Փշոտ կածաններով առաջ ենք շարժվում։ Պատմեցի, որ տասնյակի չափ հայտնաբերել եմ, բայց գաղտնի եմ պահում տեղը, որ չփչացնեն, որ մարդիկ չայցելեն ու չպղծեն։
— Իսկ ինչու՞ պիտի փչացնեն կամ պղծեն մարդիկ,-հարցրեց արշավախմբի անդամներից մեկը։
— Ի՞նչ է, քի՞չ են տգետները։ Ասա, որ նման հետաքրքիր հուշարձան ես գտել, երկու օր անց՝ մարդիկ դրանից «սրբավայր» կսարքեն ու տասնյակ մոմեր վառելով՝ կապականեն,- Սամվելն էր՝ դաժան, ու ցավագին ծիծաղով։
Գարուն էր․ դարձյալ արշավ, դարձյալ Լոռի, դարձյալ Սամվելի հետ։
Ուսանողներս, երբ լսում էին, որ արշավին Սամվելն է մասնակցելու՝ բոլորը միանում էին։ Թե՛ ճանապարհին, թե՛ հուշարձանների մոտ կլանված լսում էին նրա խոսքը։ Սամվելի ամեն խոսքը դաս էր, խրատ էր․․․ դաս, որ իր կյանքի ահռելի փորձից էր գալիս, անցած ճամփեքից, ուսումնասիրությունների ու տառապալից աշխատանքի արդյունքից։
Սանահինում էինք։ Պատմում էի Սանահինի վանքի պատմությունը։ Երբ ավարտեցի, թևանցուկ արեց, համեստորեն, աննկատ ու գաղտնի առաջարկեց․
— Թույլ կտա՞ս ասածիդ բան հավելեմ։
— Իհարկե՛, բա էլ ինչու՞ ենք եկել։ Ինձ շատ են լսել ուսանողներս եղբա՛յր, նրանք այսօր քո՛ դասը լսելու համար են եկել։
Այո՛, անսահման համեստ էր, միշտ չափավոր, միշտ կշռադատված․․․
Մեզ ուղեկցեց Արղության-Երկայնաբազուկների դամբարանի մոտ, բոլորիս հավաքեց մի մոռացված, մացառուտների մեջ կորած, անխնամ շիրիմի մոտ։
— Սա մեր ազգի մեծ նվիրյալներից մեկի՝ Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի շիրիմն է։ Սա հերթական վկայությունն է, որ իսկապես չգիտենք արժևորել մեծերին, ճշմարիտ նվիրյալներին։
Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը Թիֆլիսի քաղաքապետ է ընտրվել չորս անգամ և միշտ ինքնակամ հրաժարական տվել։ Ժամանակի ուսյալ այրերից էր։ Թիֆլիսում նա ուներ Կովկասում ամենամեծ գրադարանը՝ բազմալեզու և բազմաժանր։ Մահից առաջ գրքերի զգալի մասը կտակեց Հայաստանի հանրապետությանը, մյուս մասը՝ Նիկոլ Աղբալյանի շնորհիվ պետությունը գնեց, ու այդ հսկայական ժառանգությունը Երևան տեղափոխվեց, որի հիմքով կազմվեց Հայաստանի Ազգային գրադարանը։
Անշուշտ, տեղին կլիներ, որ գրադարանն անվանակոչվեր Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի անվամբ, կամ՝ նախասրահում տեղադրվեր այս մեծ հայորդու կիսանդրին։ Բայց, ինչպես միշտ, մենք կեղծ հերոսների արժեքներով ենք սերունդներ կրթում, իսկ իրական նվիրյալներն այսպես մոռացության են մատնվում մեր՝ անշնորհակալ սերունդներիս կողմից․․․
Տխուր լսում էինք։ Հակիրճ, մեկ-երկու նախադասությամբ ինչ արժեքավոր դաս տվեց մեզ Սամվելը։ Օրինակելի՛ արժեհամակարգը գնահատող, բնութագրող դաս․․․
Փետրվարի վերջն էր։ Դարձյալ արշավ, դարձյալ Լոռի։ Քայլարշավային երթուղի էր։ Մեքենայով Ախթալայից բարձրացանք Շամլուղ, Վերին Ախթալա, ապա՝ Բենդիկ։ Հայ-վրացական սահմանին հայերով ու հույներով բնակեցված փոքրիկ գյուղ է։
Հետաքրքիր եռանավ, եռասրահ բազիլիկ եկեղեցի ունի գյուղը։ Ցուրտ ու մառախլապատ օր էր։ Կանգ առանք գյուղամիջի եկեղեցու բակում, հանեցինք մեր մոտ եղած սննդի պաշարները, ճաշեցինք, ճաշը համեմելով տեղացիների հյուրասիրած սալորի օղիով։ Մինչև եկեղեցին ներսից տնտղելը, շրջեցինք չորս կողմը։ — Ակնհայտ՝ վաղ միջնադարյան կառույց է, առաքելադավան, սակայն ԺԸ դարում հիմնավերանորոգվել է հույների կողմից, ու վերածվել քաղկեդոնական եկեղեցու,-բնորոշեց Սամվելը։
— Պարո՛ն Կարապետյան, ինչի՞ց հասկացաք,-ուսանողներս էին։
— Դե, ճարտարապետական տեսակն է նախ հուշում։ Ապա պատերի մեջ որպես շինանյութ օգտագործված են խաչքարեր։ Իսկ խաչքարը դա առաքելադավան հայերի մշակույթն է․․․
Մանրամասն բացատրեց։
Հավելեցի, որ այս տարածքները դատարկվել են ԺԴ դարում, Լենկ Թեմուրի արշավանքների արդյունքում, ապա ԺԸ դարում, Ախթալայի հանքերը շահագործելու նպատակով, դարձյալ մարդաշատ է դարձել, նաև, Տրապիզոնից հույների ներթափանցման հաշվին։
— Հենց այդ ժամանակ էլ, հույները հիմնավերանորոգել են ավելի վաղ կառուցած եկեղեցին, ծառայեցրել իրենց հոգևոր կարիքներին,-վերջակետ դրեց Սամվելը։
Մինչ աշխատակիցները չափագրում էին եկեղեցու ներսը, մի քանի հետաքրքիր բացահայտումներ արվեցին։ Հետևում էի Սամվելի գործողություններին․ նա պատի տակ կարծես պարապ զբոսնում էր։ Բայց, մեկեն, գետնի մեջ պառկած քարը բարձրացրեց, սրբեց, գրպանից հանեց ակնոցը, խնամքով մաքրեց, դրեց աչքերին ու խորասուզվեց քարի վրա։ Մոտեցա։
Արձանագիր քար էր։
Կողքից նայում էի, ոնց է մատներով շոշափում գրերը, հանց մի սրբություն, որ հանկարծակի հայտնագործել էր։ Շոշափում էր, մաքրում հողի ու ցեխի շերտից, ապա հանեց նոթատետրն ու արձանագրեց գտածոն։
— ԺԳ դարի տապանաքարի կտոր է, բարեմաղթանք է արձանագրված․․․
Ոգևորված էր։ Անկեղծ՝ արշավի սկզբից համոզված չէր, թե արդյունավետ է լինելու հերթական այցը։ Եղանակն էլ, մյուս կողմից։
Ոտքով պետք է մոտ 18 կմ անցնեինք։ Քայլում ենք Վիրահայոց լեռների բազուկներով։ Ընդարձակ դաշտեր․․․ տեղ-տեղ կանաչը դուրս է եկել, տեղ-տեղ՝ ձյուն է, ցեխ․․․ երբեմն՝ ամպերի տակից արևն է դուրս գալիս, ժպտում, երբեմն այնպիսի թուղպ է կապում, որ դժվարանում ես քայլել, մոլորվելու վտանգ կա։
Հասանք անտառաեզրին։ Վայրէջք է արդեն ճանապարհը։ Կես ժամ քայլելով՝ կանգ առանք մի բարձր ժայռի մոտ։ Կկվի Բույն բերդն է։ Բարձրացանք։ Չքնա՜ղ տեսարան։ Դեբեդի հովիտը՝ ոտքերիդ տակ․․․
— Այո՛, իրավացի՛ ես, հավանաբար՝ Ժ դարի ամրոց է,-Սամվելը հաստատեց տեսակետս։
Չափագրեցինք ու շարունակեցինք մեր ուղին։
Թավ անտառով իջնում էինք ցած։ Մեծ էր մեր խումբը, մոտ 30 հոգի։ Սակայն լուրջ դժվարության հանդիպեցինք։
Մթնեց, ու լապտեր միայն իմ ձեռքին կար։ Չմոլորվելու և քարածայրերից ցած չընկնելու համար ձեռք-ձեռքի տված իջնում ենք։ Հասանք Ապրոյի Գոմեր գոմատեղին։
— Վերևը դոլմեն կա, բայց հիմա անհնարին է գտնել այն։ Իսկ այստեղ, միջնադարյան գյուղատեղի է։ Հաղբատի գյուղախմբին է պատկանել, ԺԱ-ԺԲ դարերում Նորաշեն է կոչվել, գերեզմանատուն կա։
Մթության մեջ երևաց խաչքարի ստվերը։
— Ի՜նչ ճոխ է, սիրուն ու հպարտ, — Սամվելի խոսքերն էին։
Մինչ խումբը հոգնած նստած է մութ բացատում՝ նա իր նոր լուսանկարչական ապարատով բազմակողմանի լուսանկարեց խաչքարը, չափագրեց։ Նոր էր ձեռք բերել այդ ապարատը։ Անթաքույց հիացմունքով էր խոսում․-Սրանով աշխատելը ոչ միայն հեշտ է, նաև՝ վայելք է․․․
Տեսնե՛լ էր պետք, թե ոնց է աշխատում Սամվելը։ Միշտ համեստ, ժուժկալ, չափավոր Սամվելն աշխատելիս կերպարանափոխվում էր։ Համակ ուշադրություն դարձած, կենտրոնացած, լուռ, աշխատում էր․․․ ագահությամբ։ Այո՛, ագահությա՛մբ էր աշխատում․․․
Ճամփա ընկանք։ Ձորում, հեղեղը հենց ճամփեզրին դարձյալ գետնի մեջ խաչքար էր բացել։ Սամվելը մոտեցավ, ամոթխած ասաց․-Գիտեմ, խումբը հոգնած է, ուշ է, շտապում են, բայց, ախր շատ կարևոր է․․․
Փարատեցի ընկերոջս մտահոգությունը։ — Աշխատեք, ես խումբը բացատ կհասցնեմ, այնտեղ դադար կտամ, դուք կհասնեք։ Այս ճանապարհով առաջ կշարժվեք, չշեղվեք․․․
Եկավ իր աշխատակիցների հետ, մոտ 40 րոպեից։ Երջանիկ ժպիտ էր փայլում դեմքին։
-Հրաշք էր, հետաքրքիր, նվիրատվական արձանագրություն էր․․․
Ու, չմոռացավ հայցել ներկաների ներողամտությունը, որ սպասեցնել տվեց։
Էհ, Սամվել․․․ բոլոր ներկաները քե՛զ համար էին այդտեղ հավաքված, նրանք այսօր քե՛զ լսելու, քո՛ ներկայությունը վայելելու համար են այս արշավին եկել․․․
Հետո էլի արշավներ եղան․ Կոշաբերդ, Կայծոն բերդ, Մանստև, Տավուշ․․․ և ուր էլ գնում էինք, Սամվելի հետ անցկացրած ամեն օրը դաս էր․ դաս՝ հայրենիքի, բնության, մարդու, արժեքների մասին։ Դաս, որ դեռ շատ պիտի սերտենք․․․
Գործդ անավարտ մնաց, եղբայր։ Անավարտ, բայց ոչ երբեք լքված։ Քո պատգամները քեզ պես անմահ են․
— Ամենքս էլ կյանքում ինչ որ բան կիսատ ենք թողնում։ Կարևորը՝ պատգամն է սերունդներին, որ նրանք չընկրկեն ու շարունակեն կռիվը․․․
Վահէ Լոռենց
Աղբյուր՝ Lousavor-avedis.org