«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:4)։
Ստորին Եգիպտոսի ընդարձակածավալ անապատներում՝ արևի կիզիչ ճառագայթների տակ, երբեմն մի արտակարգ տեսարան է առաջանում, որը կոչվում է կրկներևույթ և որի գիտական բացատրությունը միայն 19-րդ դարի սկզբում տրվեց: Ճամփորդն իր հոգնությունից ու ծարավից ընկճված, տկար աչքերով հորիզոնի վրա հետզհետե ընդնշմարում է կապտագույն, ընդարձակ լճեր, որոնք մինչև իսկ եզերված են բնակավայրերի տարտամ ուրվագծերով՝ այնպիսի հրապուրիչ տեսքով, որ ասես ուզում է ճամփորդին հանգստի հրավիրել:
Նապոլեոն I-ի եգիպտական արշավանքների ժամանակ հոգնածությունից ու ծարավից ուշաթափվող զինվորներն անապատում տեսնում էին այդ գեղեցիկ, ընդարձակ լճերը՝ գյուղակներով շրջապատված, և վազում էին դեպի այդ կարծեցյալ, զուլալ ջրերը՝ նոր ուժ և կյանք ստանալու: Անողորմ ու խաբուսիկ պատրանք՝ կրկներևույթ:
Պատկերացրեք, թե անապատի կիզիչ ավազներով ճամփորդողների համար ինչպիսի տաժանելի և մեծ հուսախաբություն է, երբ հույսով լեցուն, ուրախությամբ այդ լճերի մոտ գնալով ու կարծելով, թե պիտի բավարարեն իրենց բուռն պահանջմունքը, մեկ էլ հանկարծ այդ հմայիչ տեսարանները չքվում են:
«Մարդկային բոլոր հույսերն էլ նման են կրկներևույթի»,- ասում են հոռետեսները: Այսպիսի համանմանությունը որքա՜ն դառն ու վշտագին է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հույսով ուրախանալ, հույսով ընթանալ, հույսով խանդավառվել, հույսով զորանալ:
Ճշմարիտ է, որ հուսախաբությունը սարսափելի բան է, այն անգութ ու անողորմ է: Որքան կենդանի է լինում մեր հույսը, այնքան վշտագին ու խորն է լինում մեր ցավը, երբ տեսնում ենք, որ այդ հույսը չի իրականանում:
Տառապանքը, սառնամանիքը, մռայլ գիշերն ու մահը չեն կարող մեզ դառնացնել այնքան, որքան հուսախաբությունը: Գրեթե ամեն մարդ հույս ունի, հույս է տածում: Անգամ անհավատն ինքն իրեն ասում է. «Թերևս մի նոր հաջողություն ունենամ, թերևս ավելի լավ օրեր տեսնեմ»:
Այսօր նյութապաշտները, իշխանամերժները, նույնիսկ քրիստոնեական կրոնի ոխերիմ թշնամիները, ազատ խորհողներն ու համայնավարները հույս են փայփայում: Թեև նրանք իրենց ճառերում ատելության ու վրեժխնդրության խոսքեր են ասում, սակայն դրա հետ մեկտեղ նկատվում են այնպիսի արտահայտություններ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ հուսացող խոսքեր:
Դժբախտաբար քրիստոնյաների շրջանակներում, որտեղ հույսն ավելի զորավոր պետք է լիներ, ընդհակառակը, ավելի տկարացած է ներկայանում: Այդպիսինների հույսը շատ տարտամ է. նրանք ասում են. «Ինչպե՞ս լավ օրերի հույս ունենանք, երբ երկրում չարն է հաղթանակում, երբ վերջին խոսքը պատկանում է ուժեղին ու եսասերին»:
Չարը գոյություն ունի և միշտ պիտի գոյություն ունենա: Մարդկությունն առաջադիմություն չէր ունենա, եթե չարը գոյություն չունենար: Չարի գոյության հետևանքով է պայքար բորբոքվում, և եթե չարը գոյություն չունենար, պայքարը կդադարեր: Մինչդեռ որտեղ չարի դեմ պայքար կա, այնտեղ անխուսափելիորեն ի հայտ է գալիս բարիքը:
Գնացե՛ք այն երկրները, որոնցում կյանքի դժվարություն ու փորձություն գոյություն չունի, և կտեսնեք, որ այնտեղ մեղկությունն ու մահն են տիրում: Սակայն որտեղ դժվարություններ, խոչընդոտներ ու փորձություններ կան, այնտեղ մարդու մեջ ինքնին ձևավորվում է պայքարի ուժը, և այդ պայքարը մարդուն տանում է դեպի հաղթանակ:
Ուր պայքար չկա, չկա նաև հաղթություն: Այն ժողովուրդները, որոնք ավելի շատ են տառապել ու տառապանքի դեմ պայքարել, նրանք ավելի շատ են հույսով ապրել, և հուսախաբ չեն եղել: Այդ հույսը պատրանքներ չի ստեղծում, այն օրհնություն է, քանի որ իր հետ ուրախություն և կյանք է բերում:
Այն նման չէ կրկներևույթին, ինչպես կարծում են հոռետեսները: Եվ ի՞նչ օգուտ կա հուսահատությունից. ո՞վ է շահում, ո՞վ է ավելի ուրախ, հուսալի՞ց մարդը, թե՞ հուսահատը: Հուսալից մարդը միշտ լավատես ու ողջախոհ է լինում, և լավատեսությունն ու ողջախոհությունը մարդուն բարիք են բերում, մինչդեռ հոռետեսը ամեն բան մշուշոտ է տեսնում, ամեն հարցում սխալ է դատում և ինքնըստինքյան չարիք է բերում իր ու իր մերձավորների վրա:
Ա.
Այս ընդհանուր ակնարկից հետո անցնեմ քրիստոնեական հույսին: Քրիստոնեական հույսը մեր բարոյական էության մասն է կազմում: Այն հիմնված է ոչ թե երազի, ոչ թե անհամբեր բաղձանքի կամ հաճույքի վրա, այլ մեր հոգևոր կյանքի իրական ուժերի՝ մեր փորձառության, հավատքի ու սիրո վրա:
Ներքին փորձառությունը, ինչպես նաև պատմությունը մեզ հուշում են, որ այս հույսն իրականում երբեք չի խաբել ո՛չ մարդուն ու ո՛չ մարդկությանը: Մենք ունենք բոլոր բարեպաշտ սրտերի վկայությունը: Երբ բարեպաշտը սպասում է Տիրոջը և հույս է դնում Նրա վրա, երբևէ չի խաբվում:
Հավատացյալը երբևէ զուր տեղը հույս չի տածում Աստծու արդարության ու գթության վրա: Տերը երբեք չի մերժում մարդուն: Քրիստոնյայի հույսը երբեք պատրանք կամ հուսախաբություն չի եղել: Այս խոսքերը թերևս անհասկանալի լինեն բոլոր նրանց համար, ովքեր տակավին վշտի ու սգի հարվածների տակ են. նրանք գուցե ասեն. «Ինչպե՞ս Աստծուց բարիք սպասեմ, երբ հավատքիս ու աղոթքներիս փոխարեն միայն կորուստ և մահ ունեցա, երբ երազանքներս չիրականացան, ուրեմն այսուհետ էլ ինչպե՞ս հույս դնեմ Աստծու վրա»:
Ինչպիսի՜ սխալ դատողություն: Հավատքով ասված աղոթքները մշտապես լսելի են Աստծուն: Այս հարցում պետք է բացարձակապես վստահ լինենք: Սակայն միշտ չէ, որ Աստված ըստ մեր ցանկությունների է շարժվում: Եթե այդպես լիներ, ապա Աստված մեր իրավասության ներքո սպասավորող ծառայի կնմանվեր, որին պիտի ստիպեինք կատարել մեր ցանկություններն ու պահանջները:
Աստված լսում է մեր աղոթքները, բայց կամենում է, որ իրականություն դառնան միայն մեր բարիքին ծառայող ցանկությունները: Կատարում է միայն այն, ինչը մեզ բարիք է բերում: Մենք կարծում ենք, որ մեր խնդրանքները բարիք են բերելու մեզ, սակայն երբեմն ընդհակառակն է լինում, ուստի Աստծուն պետք է ասել. «Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»:
Մենք պետք է կարողանանք մեր կամքը ենթարկել Նրա կամքին: Մինչդեռ փոխանակ Հիսուսի հետ ասելու՝ «ո՛չ թե իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի», մարդկային հպարտությունն Աստծու իմաստությանն ու ողորմությանը ասում է. «Ո՛չ թե Քո կամքը, այլ ի՛մը թող լինի»:
Զգուշանանք այդ հանդգնությունից և ունայնամտությունից, որոնք դեմ են սիրուն, հավատքին, աղոթքին ու քրիստոնեական հույսին: Թեպետ Աստված հաճախ չի կատարում մեր ցանկությունները, սակայն Նա անպայմանորեն բարիք է շնորհում, տարբեր ձևերով բարօրություն է անում մեզ: Աստծու ճամփաները նման չեն մարդկանց ճանապարհներին:
Կարող է նաև այնպես լինել, որ Աստված մեզ շնորհի այն բարիքներն ու այն գոհացումները, որոնք մենք խնդրում էինք Նրանից: Կարող է նաև այնպես լինել, որ մեր ճանապարհի փշերն ու դառնությունները չվերանան, կարող է և այնպես լինել, որ Աստված մեզ ցմրուր խմել տա այն բաժակը, որը խնդրել էինք մեզնից հեռու տանել, սակայն այդժամ ևս չպետք է դադարենք հուսալուց:
Երբ աղոթում ենք Հիսուսի ոգով, Աստված մեզ պարգևում է այն գերագույն շնորհը, որն իրենում պարունակում է մյուս բոլոր շնորհները, պարգևում է մեծագույն բարիքը, որն իր մեջ պարփակում է աշխարհի հոգևոր բոլոր բարիքները, այսինքն՝ հոգևոր խաղաղությունն ու սրտի անդորրությունը, որոնք մեր կյանքի երջանկության հիմքն ու մեր էության գաղտնիքն են:
Ինչպես որ Աստված մարդուն չի խաբում, այդպես էլ չի խաբում նաև մարդկությանը: Պատմությունը հաստատում է դա: Մեր ամենքի բաղձանքն է, որ հաղթանակեն բարին ու ճշմարիտը, որ անխոչընդոտ առաջադիմություն տեղի ունենա, որ երկրի վրա գա Աստծու թագավորությունը, որ չարն իր բոլոր զենքերով խորտակվի: Այս ամենը կազմում են քրիստոնյայի հույսը: Բայց ինչպե՞ս է իրականանում այդ հույսը:
Նեղմտություն կլինի խորհելը, որ որևէ հրաշքով աշխարհում հանկարծ պիտի փոփոխություններ լինեն: Մենք կարծում ենք, թե արագաթռիչ փոփոխություններն աստվածային են, սակայն այդպես չէ, սխալվում ենք: Աստծու գործերում չի կարող «թռիչք» լինել: Աստված ոչ թե հանկարծակի, հրաշքների միջոցով է գործում, այլ գործում է բնաշրջման միջոցով: Ուր «թռիչք» կա, այնտեղ հաստատուն ուժ լինել չի կարող:
Աստված մշտապես գործում է. Նա երբևէ չի դադարում գործելուց: Մարդկային բոլոր պայքարների մռայլ ու ահավոր հեղաշրջումների, փոթորիկների և ավերումների միջից, ինչպես տեսնում ենք, ճշմարտության սերմեր են ծլում, ծաղկում ու հզոր պտուղներ են տալիս:
Մեծարժեք մարգարիտները կարելի է գտնել և հավաքել վտանգների ու փոթորիկների միջից: Սա՛ է մարդկության առաջադիմության կանոնը: Եվ պիտի տեսնենք, որ Աստծու թագավորությունը սփռվում է թեև դանդաղորեն, սակայն և հաստատուն կերպով:
Արդ, մարդկությունը հույս է տածում, որ Աստծու թագավորությունը գա, նա իրավունք ունի իր այդ հույսի մեջ, և երբևէ չի խաբվել: Այս տեսանկյունից դիտարկելով՝ կտեսնենք, որ պատմությունը լույս և զորություն է: Պատմությունը հաստատումն է ա՛յն ճշմարտության, որ հույսը երբեք չի ամաչեցնում ու չի խաբում մարդուն:
Ուրիշ ինչպե՞ս պիտի լիներ: Փորձառությունն ու պատմությունը մի՞թե մեր անհատական հավատքի հայտնությունը չեն: Հավատում ենք, որ Աստված կա, և այսօր ո՞վ չի հավատում Աստծու գոյությանը: Արդ, ի՞նչ եք կարծում, Նա մեր հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք կարող է ունենալ: Աստված կարո՞ղ է անտարբեր լինել Իր արարածների նկատմամբ:
Կարո՞ղ եք երևակայել, որ Նա, Ով մեր մեջ սեր, գուրգուրանք ու գութ է դրել, Ինքը զուրկ լինի սիրո և գթության զգացումից: Արդ, եթե Աստված սեր ու գուրգուրանք ունի, ի՞նչ եք կարծում, Նա կարո՞ղ է հաճույք զգալ մեր դժբախտություններից: Մի՞թե կարծում եք, որ Նա անտարբեր կլինի հույսով Իրեն ապավինողի հանդեպ:
Աստծու հանդեպ հավատը որքան մեզ ոգևորի, այնքան ավելի հույսը կզորանա մեր մեջ: Առ Աստված մեր հավատը որքան մեծ լինի, նույնքան և հույսը մեզ կբարձրացնի: Ինչպե՞ս չհուսալ այն Տիրոջը, այն Հորը, Որը, ինչպես մենք հավատում ենք, սիրում է մեզ: Եվ մի՞թե հնարավոր է, որ ճշմարտապես սիրող մեկը խաբի մեզ:
Ստույգ է այն, որ մենք չենք կարող ըմբռնել Նրա ճանապարհները: Դրանք ծածկված են թանձր մթությամբ: Սակայն ինչ ուզում է լինի՝ մենք չենք կարող չհուսալ, որովհետև հավատում ենք, որ Աստված սեր է և միայն սեր կարող է լինել:
Գուցե դառն ու բիրտ փորձությունների միջով անցնենք: Գուցե մի որոշ ժամանակ Նրա կողմից «լքված» լինենք, սակայն դարձյալ չպիտի դադարենք հուսալ, քանի որ Աստված սեր է և մեր երկնավոր Հայրն է:
Եթե անգամ տեսնենք, որ անիրավությունները հաղթանակում են, եթե անգամ կորցնենք մեր հոգու մի մասնիկին, եթե անգամ մեր գուրգուրանքն ու սերը անվերադարձ խորտակվեն, եթե անգամ երկնքի տխրամած կամարում գեթ մի աստղ էլ չերևա, եթե անգամ ստիպված լինենք ցմրուր պարպել դառնության բաժակը, եթե անգամ վշտի հարվածների ուժգնությունն անտանելի դառնա ու մեզ հյուծի և հալումաշ անի՝ մահվան գիրկը նետելով, դարձյալ չպիտի դադարենք հուսալ Աստծուն, քանի որ Նա մեր Հայրն է: Եվ մարգարեի վսեմ աղաղակով պիտի գոչենք. «Քեզ վրա հույսս դրեցի, հավիտյան չպիտի ամաչեմ»:
Ուրեմն քրիստոնեական հույսը բացահայտ իսկություն է: Այն չի խաբում, քանի որ մեր հավատքի ու սիրո ամբողջական մասնիկն է: Եթե այն մեզ խաբեր, մեր մեջ ամեն բան էլ խաբեություն կլիներ: Ահա՛ այն հիմքը, որի վրա հաստատվում է հույսը: Այս հույսը որքան հաստատուն, զորավոր և ամուր լինի, այնքան ավելի այն անպարտելի ուժ կլինի մարդու համար:
Բ.
Ահա այս հույսն է, որ մարդուն նաև խանդավառություն է տալիս: Երբ սրտում պակասում է հույսը, մարդու ջանքերն այլևս զուր են դառնում և կատարյալ վհատությունն է պաշարում նրան: Ինչպե՞ս կարելի է աշխատանքի մեջ ջանքեր ներդնել, երբ արածիդ հանդեպ վստահություն չունես, երբ այն ավարտին հասցնելու հնարավորությունը բացակայում է քո տեսադաշտից:
Աշխատավոր մարդը, իր տաժանելի աշխատանքի պատճառով ընկճված լինելով, հույսի կարիք ունի: Եթե նա ասի. «Իմ աշխատանքը երբևէ չեմ կարողանա ավարտին հասցնել», իսկապես չի կարող շարունակել իր գործը: Նա կձախողի ամեն բան: Բայց եթե ունենա հաջողության հասնելու հույս ու չմարող, բուռն տենչ, արդեն իսկ այդժամ նրա աշխատանքը հաջողված կարելի է համարել:
Մտավոր աշխատանք կատարողը, թերևս, հույսի ավելի մեծ պետք ունի: Եթե նա իր մտավոր աշխատանքի սկզբում կամ ընթացքում դժվարությունների հանդիպելով՝ սխալմամբ ասի. «Մտքի այս հոգնությունն անօգուտ է, ժամանակի կորուստ», վստահաբար չի կարող հաջողել իր գործը:
Վհատությունը կոտրում է հոգու «զսպանակը»: Հաջողությունը ձեռք է բերվում հույսով: Նմանապես նաև բարոյական ջանքերի մեջ հույսի կարիք կա: Նախապաշարումը վերացնելու, ավելորդապաշտությունը խորտակելու և մոլորությունը արմատախիլ անելու համար հույսի անհրաժեշտություն կա: Եթե մեր ջանքերի անպտուղ ու ապարդյուն լինելու հետևանքով ասեինք՝ «Ի՞նչ օգուտ, զուր տեղն ենք պայքարում», այդ պահից իսկ կջլատվեինք ու կկորցնեինք մեր թափը: Իսկ եթե պայքարենք խորունկ հույսով, հաղթությունն ապահոված կլինենք:
Հայ Եկեղեցին և ազգը հույսի ամենակարկառուն պատկերն ու արտահայտությունն են եղել: Հույսը մշտապես անպարտելի զորություն ու կյանք է եղել Հայ եկեղեցու և ազգի համար: Ամենամեծ հալածանքների, տարագրությունների մեջ, եղեռնագործների աներևակայելի բռնությունների ընթացքում հայ ազգը, ինչպես և Եկեղեցին հուսացել ու դյուցազնաբար դիմադրել են ամեն տեսակի դժվարության: Որտեղի՞ց էր գալիս այդ ուժը: Այդ ուժը Եկեղեցու ներշնչած հավատքի արդյունքն էր:
Հայ ժողովուրդը հավատում է և մշտապես էլ պիտի հավատա արդարության ու սիրո Աստծուն: Այդ զորեղ հավատքն է, որ հաստատուն պիտի պահի իր հույսն ու ակնկալությունը, մինչև որ կարողանա վայելել «Նոր երկինքն ու նոր երկիրը, ուր արդարությունն է բնակվում» (հմմտ. Բ Պետ. 3. 13):
Մեկ այլ տեղում էլ արդեն Պողոս առաքյալն ասում է. «Հույսով ուրախացեք» (Հռոմ. 12. 12): Հույսը ոչ միայն եռանդ ու զորություն է ներշնչում, այլև ուրախություն է պարգևում: Քրիստոնյայի կյանքը հույսով ոչ միայն զորավոր է դառնում, այլև լցվում է ներքին բերկրանքով, անհուն ուրախությամբ:
Իսկապես, մարդ այնքան չի ուրախանում այն ժամանակ, երբ տիրանում է ինչ-որ բանի, որքան այն ժամանակ, երբ հույս է տածում դրա համար: Սա փորձառությամբ հաստատված ճշմարտություն է: Մենք շատ հաճախ գեղեցիկ երազանքներ ենք ունենում մեր զավակների համար, նրանց համար փափագում ենք այսինչ կամ այնինչ դիրքն ու ասպարեզը, հաճույք ենք զգում խորհելուց, թե նա, ըստ մեր ցանկության, ինչ բարձունքի կարող է հասնել: Այդ հույսն իրապես ուրախություն է: Մեր փառասիրությունն ու փափագը թերևս մի օր գոհացում գտնեն, բայց շատ հաճախ մեր այդ փափագի իրականացման պահին մենք այնքան քաղցրություն չենք զգում, որքան զգում էինք մեր այդ փափագի իրականացման մասին հուսալիս:
Գ.
Քարոզս ավարտելուց առաջ ցանկանում եմ խոսել նաև քրիստոնեական հավատքի հաղթանակը եղող մեծ հույսի՝ Երկնքի հույսի մասին: Պետք է ասեմ, որ այս հույսը ևս մեզ չի խաբել ու չի ամաչեցրել, քանի որ այն իր արմատներն է գցել նույնիսկ մեր բարոյական էության կազմավորման, մեր հոգեկան աշխարհի ամենազորեղ պահանջմունքների մեջ: Երկնքի հույսն է, որ մեր այս կյանքին խանդավառություն, վեհացում և ուրախություն է պարգևում:
Առանց այդ երկնային մեծ հույսի երկրի վրա ամեն բան չնչին կդառնար, ամեն ինչ տրտմության կվերածվեր, ամեն բան կնվաղեր ու կհյուծվեր: Աստված մեր մեջ դրել է արդարության, սրբության տենչը, և երբ երկրում անարդարություն ու անսրբություն ենք տեսնում, մեր հոգին փնտրում է մի վերին աշխարհ, մի երկինք, ուր կկարողանար գտնել իր բոլոր մաքուր բաղձանքների իրականացումը, ուր կկարողանար տեսնել իր սիրելի էակների մաքրափայլ ու լուսափայլ պատկերը:
Ամեն բան մեզ մղում է դեպի այդ վերին կյանքը, որտեղ Աստծու ներկայությամբ պիտի շնչենք երկնային սյուքը և պիտի վայելենք սիրո սրբության լույսը: Այդ երկնքի ճառագայթն է, որ լուսավորում ու ջերմացնում է մեր դժբախտ երկիրը, և այդ հույսն իրապես մեծ ուրախություն է լինում մեզ համար:
Ո՜վ հավատացյալներ, ապրե՛ք այդ երկնային հույսով, երախտագիտությամբ և լեցուն հավատքով վայելե՛ք այն: Սխալվում եք, երբ հարցնում եք՝ «ինչպիսի՞ն պիտի լինի այդ Երկնքի կյանքը, ինչպիսի՞ն պիտի լինեն դրա պայմանները»: Հարցնում եմ ձեզ. սահմանափակ մարդն ինչպե՞ս կարող է ցանկանալ տեղեկություն ունենալ անսահմանի մասին: Մի՞թե հնարավոր է, որ մենք սահմանավորենք անսահմանը: Աստված չի կարող դա հայտնել մեզ:
Հունավոր կյանքով ապրելու ժամանակ անհնար է անհունից խոսել: Սակայն Աստված երկնայինի մասին պատմող մի բան տվել է. դա հույսն է: Այն մեզ չի կարող հաղորդել Երկնքի նկարագրությունը, քանի որ հնարավոր չէ, երկրի վրա ապրելով, պատկերացում ունենալ Երկնքի մասին:
Եթե ես իմ ապիկարությամբ, սահմանափակ լեզվով կարողանայի չափել, արտահայտել ու ձևակերպել Երկնքի հավիտենական իրականությունները, ապա դրանք կդադարեին հավիտենական իրականություն լինելուց: Եվ եթե դրանք իմ դատողությունից վեր ու բարձր չլինեին, չէին կարող ինձ դեպի իրենց ձգել, չէին կարող հիացնել ու ինձ իմ Աստծու մոտ բարձրացնել:
Ուրեմն, հույսով լցված, բացե՛ք ձեր սրտերը, ձեր աչքերը սևեռե՛ք ապագային, հոգ չէ, որ երկինքը մռայլ ու ամպամած լինի: Զինվորի պես ձեր գլխին դրեք հույսի սաղավարտը և վստա՛հ եղեք, որ հույսը ձեզ երբևէ չի խաբի ու չի ամաչեցնի: Վստա՛հ եղեք, որ ուշ թե շուտ ամպերը պիտի չքանան, լույսը պիտի ճառագայթի և դուք, ավելի խանդավառ, զորացած և ուրախ լինելով, պիտի կատարեք ձեզ վրա դրված պարտականությունները:
«Քաջալերվեցե՛ք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, և ձեր սրտերը թող զորանան» (Սաղմ. 31. 25). ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը