…«Լեգենդ չէ, ոչ , այլ պատմություն:
Արյունոտ սուլթան Ֆաթին ձին քշել, մտել է Այա — Սոֆիա՝ աշխարհի քրիստոնեական ամենափառահեղ տաճարներից մեկը, սրի է քաշել այնտեղ պատսպարված անզեն ու անպաշտպան մարդկանց, տաճարն արյան բաղնիք է դարձրել, հետո կռացել, ձեռքը թաթախել է արյան մեջ ու դրոշմել Այա- Սոֆիայի պատին:
Ո՛չ միայն Այա -Սոֆիայի պատին, արյունոտ սուլթանների հետագա ամբողջ տիրապետությունն արյունոտ ձեռքերի կնիքներով է վավերացվել:
Բայց Այա -Սոֆիայի վրա կա նաև մի այլ կնիք՝ Անիի հռչակավոր ճարտարապետ Տրդատի ձեռքի կնիքը:
Երբ դեռ Այա- Սոֆիան քրւստոնեական տաճար էր, փլվել է նրա հոյակապ գմբեթը: Շատերն են փորձել վերականգնել, բայց հնար չեն գտել: Տրդատ ճարտարապետին են հրավիրել, և նա հայկական գմբեթների թմբուկային սկզբունքը կիրառելով, վերականգնել է գմբեթը, որ կանգուն է մինչև օրս:
Երկու հետք, երկու կնիք, երկու գործելակերպ ու ապրելակերպ:
Ես չգիտեմ Այա -Սոֆիայի պատին դեռ կա՞, դեռ մնու՞մ է սուլթանի արյունոտ ձեռքի կնիքը, որ ամենաարյունոտն է, ամենադաժանը, ամենաահավորը…
Բայց պատմությունը պատ չէ, որ կարողանան վրայից քերել, ջնջել, կամ սվաղել արյունոտ կնիքները: Պատմությունը , նույնիսկ ամենահինը, կենդանի մարմին է, և վրան մնում են բոլոր վերքերի սպիները, իսկ սպիներն անջնջելի են:
Վահագն ԴԱՎԹՅԱՆ
Աղբյուր՝ Վահագն Դավթյան