Ավ. ըստ Ղուկասի 7.36-50
36 Փարիսեցիներից մէկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց: 37 Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով՝ 38 կանգնեց Յիսուսի յետեւում՝ նրա ոտքերի մօտ, եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: 39 Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ՝ իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կիմանար, թէ ով կամ ինչպիսի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: 40 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. 41 «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: 42 Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛. ո՞վ աւելի շատ կսիրի նրան»: 43 Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ՝ նա, ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղիղ դատեցիր»: 44 Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: 45 Դու ինձ մի համբոյր էլ չտուեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: 46 Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: 47 Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: 48 Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 49 Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»: 50 Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»:
Գործք 10.24-48
24 Հետեւեալ օրը մտան Կեսարիա: Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին: 25 Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով՝ երկրպագում էր: 26 Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ել, ես ինքս էլ մարդ եմ»: 27 Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ: 28 Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. 29 դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի: Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»: 30 Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. 31 “Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծոյ առաջ: 32 Արդ, մարդ ուղարկիր Յոպպէ եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը՝ ծովի մօտ: Նա կգայ եւ կխօսի քեզ հետ”: 33 Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար: Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծոյ առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»: 34 Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ հասկացել եմ, որ Աստծոյ կողմից աչառութիւն չկայ, 35 այլ բոլոր ազգերի մէջ, ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան: 36 Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը: 37 Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում՝ այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. 38 գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր: 39 Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով: 40 Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ 41 ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ: 42 Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, որ ինքն է Աստծուց սահմանուած Դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին: 43 Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կստանան»: 44 Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին: 45 Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. 46 որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ են խօսում եւ փառաբանում Աստծուն: 47 Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»: 48 Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի: Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ:
Ա Պետրոս 3.1-9
1 Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազանդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ 2 նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ: 3 Թող ձեր արտաքինը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, 4 այլ սրտի ներսի մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչը շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծոյ առաջ. 5 մի ժամանակ այսպէս էին իրենք իրենց զարդարում Աստծոյ վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. 6 այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ոչ մի բանից: 7 Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց՝ իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքները չխափանուեն: 8 Եւ ամենագլխաւորը՝ եղէք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. 9 չարի փոխարէն չար մի՛ հատուցէք կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ ընդհակառակը՝ օրհնեցէք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.
Ավ. ըստ Հովհաննեսի 4.1-23
1 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2 (թէպէտ եւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3 թողեց Հրէաստան երկիրն ու վերստին եկաւ Գալիլիա: 4 Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: 5 Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար՝ մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: 6 Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս, ճանապարհից յոգնած, նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր: 7 Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8 «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): 9 Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): 10 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծոյ պարգեւները, եւ՝ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կտար»: 11 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր: 12 Մի՞թէ դու աւելի մեծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»: 13 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: 14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կլինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: 15 Կինն ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: 16 Յիսուս նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: 17 Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լաւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18 որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: 19 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, որ դու մարգարէ ես: 20 Մեր հայրերը այս լեռան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: 21 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կգայ ժամանակ, երբ ո՛չ այս լեռան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կերկրպագեն Հօրը: 22 Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: 23 Բայց կգայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում:
Ավ. ըստ Մատթեոսի 9.27-34
27 Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: 28 Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: 29 Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: 30 Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: 31 Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում: 32 Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: 33 Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
Ավ. ըստ Մարկոսի 3.31-35
31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: 32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ «Ահաւասիկ, քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում», 33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբայրները»: 34 Ապա նայեց իր շուրջը՝ իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահաւասի՛կ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35 որովհետեւ ով Աստծոյ կամքն է կատարում, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»: