Եզնիկ Կողբացու անունը դասվում է V դարի հայ ականավոր մտածողների շարքում: Լինելով իր դարաշրջանի ամենանշանավոր հայ մատենագիրներից մեկը` Կողբացին մեծ ավանդ է ունեցել ոսկեդարյան Հայաստանի աստվածաբանական, փիլիսոփայական, քաղաքական, սոցիալական, պատմական մտքի զարգացման գործում: Եզնիկ Կողբացու կենսագրության մասին որոշ տեղեկություններ են պահպանվել ժամանակակիցների աշխատություններում: Նրա մասին խոսում են V դարի հայ մատենագրության այնպիսի ակնառու ներկայացուցիչներ, ինչպիսիքն էին Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին: Եզնիկի մասին տեղեկություններ են հաղորդում նաև հետագա դարերի բազմաթիվ մատենագիրներ, ինչպիսիք են` Դավիթ Անհաղթը, Վրթանես Քերթողը, Ասողիկը, Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Գրիգոր Տաթևացին և շատ ուրիշներ:
Եզնիկ Կողբացին ծնվել է Այրարատ աշխարհի Ճակատք գավառի Կողբ գյուղում, որից էլ ծագում է մատենագրի Կողբացի մականունը: Ծննդյան ստույգ թվականը ուսումնասիրողները տեղադրում են մոտովորապես 374-380 թթ. միջև ընկած ժամանակահատվածում:
Պատմական աղբյուրներում պահպանված տեղեկությունների համաձայն, Եզնիկ Կողբացին եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին (ավագ) այն աշակերտներից, որոնք ուսանել են ժամանակի ասորական և հունական մշակույթի խոշորագույն կենտրոններում և պատրաստվել հոգևոր, մշակութային, հասարակական ու քաղաքական լայն գործունեություն:
Արդեն երիտասարդ տարիներին Եզնիկ Կողբացին ակտիվ մասնակցություն է ունենում հայկական թարգմանական գրականության ստեղծման և տարածման գործում: Կորյունը և Խորենացին պատմում են, որ Մեսրոպ Մաշտոցին ասորոց կողմերում ուղեկցում էին մի խումբ մանուկներ: Թեև պատմագիրները չեն նշում Մաշտոցին ուղեկցող աշակերտների անունները, սակայն ինչպես Ա. Աբրահամյանն է գրում, «հասկանալի է, որ դրանք պիտի լինեին առաջին, կամ, այսպես կոչված, ավագ աշակերտներից, որոնք թվին էր պատկանում և Եզնիկ Կողբացին… Այլ հիշատակումներից և աշակերտների ծավալած հետագա գործունեությունից երևում է, որ ամենայն հավանականությամբ նույն խմբի մեջ է եղել նաև Եզնիկ Կողբացին» (1):
Մաշտոցի գործունեության ավելի ուշ շրջանի նկարագրությունների ժամանակ վերոնշյալ պատմիչները Եզնիկին հիշատակում են արդեն հականե-հանվանե: Այսպես, հայտնվում է, որ գրերի ստեղծումից հետո ինքնուրույն և թարգմանական գրականության ձևավորման համար Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց ավագ աշակերտներից Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն ուղարկում են Եդեսիա` ասորերենից թարգմանություններ կատարելու համար (2): Այդ ժամանակ Կորյունը Եզնիկին արդեն թարգմանիչ է անվանում: Իսկ, ինչպես հայտնի է, Կորյունը թարգմանիչ անվանում էր ոչ միայն հոգևոր գրականության թարգմանությամբ զբաղվող անհատներին, այլ նաև Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի առաջարկած քաղաքական-մշակութային ծրագիրն իրականացնողներին: Այդ ամենն էլ թույլ է տալիս փաստել, որ Եզնիկ Կողբացին արդեն երիտասարդ տարիներից լծվել էր ազգային քաղաքական-գաղափարական և հոգևոր-մշակութային ազատագրական պայքարի գործին:
Սահակ Պարթև հայրապետի և Մեսրոպ Մաշտոցի մահից հետո Եզնիկը հասնում է եպիսկոպոսության աստիճանի: Համաձայն Եղիշեի և Ղազար Փարպեցու վկայությունների, 449 թ. նա մասնակցել է Արտաշատի հայտնի ժողովին, որպես Բագրևանդի ներկայացուցիչ: Ինչպես հայտնի է, այս ժողովում հավաքված հայ հոգևորականներն ու աշխարհիկ գործիչները խնդիր ունեին պատասխանել Հազկերտի նամակին, որում նա պահանջում էր հայերից ուրանալ Քրիստոնեությունը` փոխարենը ընդունելով պարսից զրադաշտական կրոնը` մազդեականությունը: Թղթի պատասխանը գրում են մի շարք մտավորականներ, որոնց անունները չնչին տարբերությամբ ներկայացնում են Եղիշեն ու Ղազար Փարպեցին (3): Երկուսն էլ այդ ցուցակում հիշատակում են Եզնիկի անունը: Եվ, իրոք, թղթի պատասխանը հիմնական գաղափարներով և ընդհանուր ոգով, նկատելիորեն առնչվում է Եզնիկի երկի հետ: «Միանգամայն հասկանալի է, որ ժամանակի մեծ գաղափարախոսը գործուն մասնակցություն պիտի ունենար այդ բախտորոշ ձեռնարկմանը, որը գաղափարական լուրջ հիմնավորումներ էր պահանջում, ընդունելիի հաստատման, մերժելիի հերքման բարձր վարպետություն: Եզնիկը զրադաշտական (մազդեական) կրոնի դեմ ուղղված պատասխան թղթի հիմնական դրույթները նախապատրաստողներից ու այդ ձեռնարկման գաղափարական ոգեշնչողներից մեկն է եղել» (4):
Այսպիսով ակնհայտ է, որ Եզնիկ Կողբացին չափազանց կարևոր դեր է խաղացել հայոց Ոսկեդարի քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքում: Նա եղել է այդ ժամանակաշրջանի խոշորագույն գաղափարական առաջնորդներից մեկը, որի նպատակներն ու խնդիրները չէին տարբերվում իր ուսուցիչների առջև դրված խնդիրներից: Ուստի V դարի Հայաստանի քաղաքական մտքի զարգացման ուսումնասիրության գործում անգնահատելի է Եզնիկ Կողբացու թողած գրական ժառանգությունը, որի գլուխգործոցն անկասկած հանդիսանում է ազգային-ազատագրական պայքարի պահանջներով թելադրված «Եղծ աղանդոց» կրոնափիլիսոփայական, նաև` քաղաքական աշխատությունը, որը հեղինակն ավարտել է մինչև 450-451 թվականները: Ինչպես գրում է Գ. Գիւզալեանը. «Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» համադրութիւն էր հայ ինքնուրույն կրօնական մտքի» (5):
«Եզնիկ Կողբացին շարունակեց Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած կրոնադավանաբանական և գաղափարաքաղաքական պայքարը, որն ընթանում էր երկու հիմնական ուղղությամբ` ա) հեթանոսական (հատկապես զրադաշտական) կրոնափիլիսոփայական ուսմունքների աշխարհայացքային, տրամաբանական և գաղափարական քննադատության և բ) պարսկական զավթողամոլության կրոնական և այդ քողի տակ նաև քաղաքական ոտնձգությունների զինված պայքարի գաղափարական և բարոյական հիմնավորման» (6): Նշված երկու ուղղություններն էլ ազգային-քաղաքական խնդրի մեկ ընդհանուր կողմերն են: Առաջին դեպքում Կողբացին ներկայացնում է իր փիլիսոփայական և աստվածաբանական պատկերացումները, իսկ երկրորդ պարագայում` գաղափարա-քաղաքական դիրքորոշումն ու հայեցակարգը:
Եզնիկ Կողբացին գիտակցում էր, որ Պարսկաստանի պետական կրոն հանդիսացող զրադաշտականությունը հիմնավորում ու արդարացնում էր Սասանյանների քաղաքական և կրոնագաղափարական զավթողականության ծրագրերը: Ինչպես նշում է Գ. Խրլոպյանը, «նրա աշխատությունը թելադրված է ազատագրական պայքարի պահանջներով» (7): Ուստի նա իր առջև խնդիր էր դրել համակողմանի քննադատության ենթարկել այդ քաղաքականությունը սնող զրադաշտական գաղափարախոսությունը: Սակայն այդ խնդրին լուծում տալու համար Կողբացին անհրաժեշտություն էր զգում մշակել պարսիկների զավթողական քաղաքականությունը մերկացնող մի գաղափարախոսություն, որը նաև կարդարացներ հայերի ազգային-ազատագրական պայքարը: Այսինքն նա պետք է կարողանար պարսիկների զավթողականության գաղափարախոսությանը հակադրեր ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսություն: Եզնիկ Կողբացին պետք է շարունակեր այն գործը, որի սկիզբն արդեն իսկ դրել էին իր մեծ նախորդները` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, ինչպես նաև Արշակունյաց Վռամշապուհ արքան: Այդ իսկ պատճառով նա ձեռնամուխ է լինում կրոնափիլիսոփայական և քաղաքական մի աշխատության, որի ամբողջականացման համար Եզնիկը ակտիվորեն օգտագործում է նաև այնպիսի մտածողների մտքեր, ինչպիսիքն էին, օրինակ, Մեթոդիոս Օլիմպիացին, Եպիփանը, Արիստիադիսը, Բարսեղ Կեսարացին և ուրիշներ (8):
Որպես այս խնդրի լուծման մեկնակետ Եզնիկ Կողբացին ընտրում է քրիստոնեության վարդապետության հիմնադրույթներն ու արժեհամակարգը: Սրանց հիման վրա նա քննության է առնում մարդու անհատական և հավաքական փրկության ու ազատության հիմնախնդիրները` կրոնական, փիլիսոփայական, բարոյական և վերջապես քաղաքական առումներով:
Հենվելով քրիստոնեական ուսմունքի վրա` Կողբացին բացահայտում է զրադաշտականության գաղափարական սնանկությունը` ի ցույց դնելով այդ կրոնի ներքին հակասությունները: Միաժամանակ նա ցույց է տալիս, որ զրադաշտականությունը մարդկանց հորինվածքն է: Եզնիկ Կողբացին մտացածին է համարում նաև հեթանոսական աստվածներին, որոնց ծագումը նա բացատրում է հին ժողովուրդների միջավայրում տարածված հերոսներին աստվածացնելու սովորությամբ: Աստվածաբան հեղինակի երկում զրադաշտության գաղափարախոսության մերկացումը վերածվում է ընդհանրապես հեթանոսության քննադատության: Այսպես, քաղդեական աստղագուշակության վերաբերյալ Կողբացին գրում է, որ այն «հերքում են պատերազմական անցքերը, երբ մեկ օրում բյորավոր մարդիկ են կոտորվում` այլևայլ հասակներով, ոմանք մատաղահաս, ոմանք երիտասարդ, ոմանք էլ կատարյալ ծեր հասակում» (9): Բայց չէ՞ որ նրանք բոլորը ծնվել են տարբեր ժամանակաշրջանում և տարբեր աստղերի հովհանու ներքո, հարցադրում է կատարում Եզնիկը և նշում, որ աստղագուշակների տրամաբանությամբ նրանք պետք է տարբեր ժամանակներում զոհվեին, այսինքն` չունենային միևնույն ճակատագիրը: Քաղդեական աստղագուշակության ճշմարտացիությունը Կողբացին հերքում է նաև թագաժառանգների օրինակով: Նա համարում է, որ եթե աստղերը որոշեին մարդկանց սոցիալական դիրքը, ապա «թագավոր կդառնար ոչ թե թագավորի որդին, այլ նա, որի ծնունդը կզուգադիպեր առյուծի` աստղատունը մտնելուն: Բայց մենք տեսնում ենք, որ թագավորի որդին է թագավոր դառնում» (10):
Այսպիսով, ակնհայտ է, որ Եզնիկ Կողբացին հերքում է ճակատագրի և բախտի գոյությունը: Նա դեմ է նախախնամության որևէ դրսևորմանը և ընդհանրապես չի ընդունում ճակատագրապաշտությունը: Ըստ Եզնիկ Կողբացու, ճակատագրի անխուսափելիությունն ընդունելու պարագայում մարդն իր արարքների համար չպտք է կրի որևէ պատասխանատվություն: Ինչքան տկար պետք է լինի ճակատագիրը և անուժ` նախասահմանությունը, որ գողերն ու ավազակներն էլ կարողանում են խախտել, երբ հարձակվելով` կողոպտում ու սպանում են» (11): Հետևաբար ճակատագիրը չէ, որ առաջնորդում է մարդկանց իրենց գործունեության մեջ, այլ նրանց ազատ կամքը: Եվ դեռ ավելին, Եզնիկ Կողբացին արդարև կարծում է, որ ճակատագրապաշտությունը իմաստազրկում է հասարակական կյանքը կարգավորող բոլոր ինստիտուտների` այդ թվում նաև արդարադատությունն իրագործող կառույցների գործունեությունը: «Եթե դեպքերը պիտի կատարվեն ճակատագրի ինչ-որ սահմանումով, (ապա) ո’չ թագավորները պիտի մահվան հրաման տան, ո’չ էլ դատավորները պիտի տանջեն ու սպանեն մարդասպանին: (Այնինչ) նրանք պատիժ տալով հայտնի են դարձնում, որ հանցավորների հանցանքները ոչ թե ճակատագրի ինչ-որ սահմանումով, այլ չարագործ բռնությամբ են լինում» (12):
Տրամաբանական այդ պարզ ճանապարհով Եզնիկ Կողբացին իր ընթերցողներին ապացուցում է աստղագուշակության` հետևաբար նաև ճակատագրապաշտության լիովին սուտ լինելը: Ընդ որում, այս խնդրին Կողբացին նման լուծում է տվել` ելնելով իր ժամանակաշրջանի հրամայականից: Ուստի միանգամայն տրամաբանական է պնդել, որ «Ճակատագրապաշտության դեմ ուղղված Եզնիկ Կողբացու տեսական և գործնական փաստարկները, և, հատկապես, հետևությունները ընդգծված ազգային-քաղաքական հնչեղություն և ուղղվածություն են ստանում V դ. կեսին` պարսիկ զավթիչների դեմ վճռական մենամարտի նախօրեին» (13): Եվ հարցը միայն նրանում չէր, որ ճակատագրապաշտությունը հակասում էր քիստոնեության վարդապետությանը: Այդ համատեքստում առավել կարևորվում էր այն հանգամանքը, որ ճակատագրապաշտությունն անգործության էր մատնում անկախությունը կորցրած ազգին և անիմաստ դարձնում նրա պայքարը ի վերուստ նախասահմանվածի դեմ: Ազգային-ազատագրական պայքարի ուղին բռնած հայ ժողովրդի շրջանակներում նման մոլորության տարածումը կարող էր չափազանց բացասական զարգացումների պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով էլ Կողբացին ամենայն ջանասիրությամբ ապացուցում է ճակատագրապաշտության տեսության կեղծ և հիմնազուրկ լինելը:
Նույն նպատակին է ծառայել նաև զրադաշտական և, ընդհանրապես, հեթանոսական դուալիզմի դեմ ուղղված Եզնիկ Կողբացու պայքարը: Ընդունելով երկու սկիզբների` բարու ու չարի աստվածությունը, կամ աստվածային ծագումը` վերոնշյալ կրոնները փաստորեն օրինականացնում էին չարիքի գոյությունը, հիմնավորում դրա սուբստանցիոնալիզմը: Քաղաքական հարթությունում դա նշանակում էր նաև, որ բոլոր այն չարիքները, որոնք հայ ժողովուրդը կրում էր պարսկական գերիշխանության տակ գտնվելու պատճառով, նույնպես աստվածային բնույթ ունեին: Իսկ դա անհնար էր դարձնում ժողովրդի պայքարը բռնության և օտար զավթողականության դեմ, քանզի մարդն ի վիճակի չէ հակադրվել Աստծո կամքին: Եվ այդ տրամաբանությունից ելնելով է, որ Եզնիկ Կողբացին քննադատում, նույնիսկ ծաղրում է հեթանոսական դուալիզմը, բարի և չար աստվածների գոյությունը` դրանց հակադրելով քրիստոնեական վարդապետությունը, ինչպես դա ժամանակին անում էր իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը:
Կողբացին պնդում է, որ աշխարհում առկա բոլոր տեսակի չարիքների հիմքը մարդու կողմից ազատ կամքի սխալ օգտագործումն է: Հետևելով Ավետարանի և եկեղեցական հայրերի օրինակին` Կողբացին ապացուցում է, որ կատարյալ բարի Աստված չէր կարող հանդիսանալ չարիքի արարիչ: Ստեղծելով մարդուն իր պատկերով և նմանությամբ` Աստված տվեց նրան «անձնիշխանություն» և բարու ու չարի ընտրության լիակատար ազատություն: Նա գրում է, որ Աստված մարդուն շնորհել է ազատ կամք` բարին կամ չարը ընտրելու համար (14): Ազատ կամքով գործելը հերթական շնորհն է, որ Աստված պարգևել է մարդուն, «որովհետև, եթե (ինքը` մարդը) աստծուն հարկադրաբար ծառայող մյուս գոյակներից որևէ մեկին նման լիներ, ապա հոժարակամության համար վարձ ստանալու արժանի չէր լինի, այլ աստծու ձեռքին կլիներ ինչպես մի գործիք, որին թե’ չար և թե’ բարի նպատակով կգործածեր. նա ո’չ պարսավանք կստանար, ո’չ էլ գովասանք» (15): Բայց միևնույն ժամանակ, Աստված ազատ կամք չի շնորհել անօրգանական աշխարհին, ինչպես նաև բուսականությանն ու բնությանը, որովհետև դրանք բանական էակներ չեն: Չունենալով ազատ ընտրության հնարավորություն` սրանց գոյությունը պայմանավորված է Աստծո նախասահմանված օրենքներով և հենց դա է պատճառը, որ նրանցից չարիք չի բխում: Հետևաբար չարիքի միակ պատճառը մնում է մարդուն տրված ազատ ընտրության հնարավորության սխալ օգտագործումը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Աստված որևէ առնչություն չունի աշխարհում տիրող չարի հետ: Ինչպես արդեն նշվեց, այս գաղափարը Եզնիկ Կողբացին հատուկ շեշտադրել է միայն մեկ նպատակով, այն է` ցույց տալ հայ ժողովրդին, որ ժամանակի բոլոր զրկանքների պատասխանատուն հենց ինքը` ժողովուրդն է և միայն ժողովուրդը կարող է իր գործերով վերականգնել սեփական անկախությունն ու նախկին փառքը:
Այսպիսով, Եզնիկ Կողբացին, զարգացնելով իր նախնիների մշակած հայեցակարգը, «կամքի ազատության գոյաբանական և փրկաբանական հարթությունները տեղափոխում է ազգի գոյության և փրկության հարթություն» (16): Նա փորձում է մարդու անհատական գործունեությանն ու դրա հետևանքներին վերաբերող տարբեր մանրամասներ ընդհանրացնել և դիտարկել դրանք ազգի շահերի տեսանկյունից: Այս անչափ կարևոր խնդիրը պետք է նպաստեր պարսիկների դեմ պայքարի նախապատրաստվող հայ ժողովրդի մտածելակերպում լավատեսական հեռանկարներ ձևավորելու գործընթացին: Կողբացին հստակ գիտակցում էր, որ միայն այդ լավատեսության պարագայում ժողովուրդը կարող հաջող պայքար մղել պարսիկների գաղափարաքաղաքական ոտնձգությունների դեմ:
Եթե ժողովուրդները մարդկանց նման ունեն սեփական կամքի և ընտրության ազատություն կամ «անձնիշխանություն», ապա հայ ժողովուրդը ևս իրավունք ունի ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը: Իսկ դրանից հետևում է, որ որևէ այլ պետություն կամ ժողովուրդ, այդ թվում նաև պարսկական կայսրությունը, իրավունք չունի իշխելու հայերի ազատ կամքին: Եվ հենց այս գաղափարն է, որ Եզնիկ Կողբացին ներկայացնում է, որպես բնական, այսինքն` աստվածային ծագում ունեցող, հետևաբար` նաև բարի: Այսպիսով, պարսիկների զավթողականության դեմ պայքարը Եզնիկ Կողբացու աշխատության ընթերցողը ընկալում է որպես չարիքի դեմ պայքար: Ընդ որում, այդ չարիքը բնական ծագում չունի այլ հանդիսանում է մեկ այլ ժողովրդի, այս դեպքում` պարսիկների հավաքական կամքի արտահայտություն: Հետևաբար նրա դեմ կարելի է պայքարել և դեռ ավելին` հաղթել:
Անհրաժեշտ է նշել նաև Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» գրքին վերաբերող մեկ այլ կարևոր հանգամանք: Հանդիսանալով քրիստոնեական ջատագովական աշխատություն` այն փաստորեն միտված էր ազգային-քաղաքական շահերի լուծմանը: Եզնիկը կարողացել է աստվածաբանական գաղափարները ծառայեցնել ազգային-քաղաքական նպատակերին և դրանք դարձրել ազգային-ազատագրական պայքարի բաղկացուցիչ մաս: Այսպես, քրիստոնեական վարդապետության ճշմարտության և զրադաշտական կրոնի իմաստազրկության հիմնավորումը Եզնիկի աշխատության մեջ վերածվում է Հայաստանի և Պարսկաստանի պաշտոնական գաղափարախոսությունների պայքարի, որում հաղթում է միաստվածությունը: Ակնհայտ է, որ այդ ճանապարհով Եզնիկը քրիստոնեական վարդապետությունը մեծ հմտությամբ օգտագործել էպարսիկների դեմ ազգային-ազատագրական պայքարի գաղափարական հիմքեր նախապատրաստելու համար:
Այս փաստը կարող է եկեղեցի-պետություն հարաբերությունների` Եզնիկ Կողբացու ընկալման հոյակապ նկարագրություն դառնալ: Եթե V դարի հեղինակը քրիստոնեական վարդապետությունը ծառայեցնում է ազգային-ազատագրական շահերին, որոնք իր ժամանակաշրջանում միտված էին հայկական անկախ պետականության վերականգնմանը, ապա դրանից հետևում է, որ Եզնիկը քրիստոնեական եկեղեցին ընդունում է որպես պետական կարևորագույն ինստիտուտ, որի գլխավոր գործառույթներից մեկն է համարվում անկախ պետականության գաղափարական հիմք հանդիսանալը: Եզնիկը գիտակցում էր, որ ժողովուրդների գաղափարական ինքնուրույնությունը հանդիսանում է նրա ստեղծած պետականության անկախության պահպանման կարևորագույն նախապայմանը, ուստի, նրա համոզմամբ, նույն այդ պետությունը շահագրգռված է գաղափարախոսությունը մշակող ինստիտուտների անխափան և անվտանգ գործունեության մեջ: Հետևաբար, ի շահ հայ ազգի գաղափարա-քաղաքական ինքնուրույնության և ինքնության պահպանման նա կարևորում էր երկու այդ կառույցների` պետության և եկեղեցու սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Իսկ սա նշանակում է, որ Եզնիկի պատկերացմամբ բոլոր դեպքերում եկեղեցու և պետության գլխավոր գործառույթն է ազգային շահերին ծառայելը: Բայց եթե պետությունը ապահովում է ազգի անվտանգությունը, հասարակական խավերի բնականոն զարգացումը, օրինապահությունը և այլն, ապա եկեղեցու հիմնական նպատակը հոգևոր-գաղափարական դաշտի աշխատանքն է: Նման ճանապարհով ականավոր գործիչն ազգային զարգացման անհրաժեշտ բոլոր պարագաները ներդաշնակորեն բաժանում է պետության և եկեղեցու մեջ` խուսափելով գերակայություն տալ այդ կառույցներից որևէ մեկին:
Ամփոփելով Եզնիկ Կողբացու աշխատության ուսումնասիրությունը` հարկ ենք համարում նշել, որ նրա ազգային-քաղաքական հայեցակարգը հենված է մարդու ազատ կամքի քրիստոնական վարդապետության հիմնարար սկզբունքի վրա: Սակայն Եզնիկը չի սահմանափակվում միայն առանձին վերցրած անհատի գործունեության քննությամբ, այլ հարցը տեղափոխում է ազգային հարթություն: Դա նրան թույլ է տալիս մարդու ազատ կամքի հայեցակարգը տարածել ողջ հայ ազգի վրա: Այսպիսով նա ստեղծեց տեսականորեն և գործնականորեն փաստարկված գաղափարաքաղաքական այնպիսի մի հայեցակարգ, որը հնարավորություն էր ընձեռնում հայ ժողովրդին ընկալել ինքնուրույն որոշումներ կայացնելու իր իրավունքը և պայքարի ելնել պարսկական գաղափարաքաղաքական նվաճողականության դեմ:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հղումներ
____________________________
(1) Եզնիկ Կողբացի, Եղծ Աղանդոց, էջ 4, Տե՚ս նաև Պ. Անանեան, Արտաշատի ժողովքը եւ անոր մասնակցող եպիսկոպոսները, Հայագիտ. մատեն. «Բազմավէպ», թիվ 34, Վենետիկ 1991:
(2) Տե՚ս Կորյուն, Վարք Մաշտոցի, էջ 77:
(3) Տե՚ս Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, էջ 101:
(4) Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, էջ 6:
(5) Գ. Գիւզալեան, Հինգերորդ դարի հայոց կրօնական եւ քաղաքական շարժումները, Պեյրութ, 1947, էջ 84:
(6) Կ. Միրումյան, Հայ քաղաքական մտքի պատմությունից, էջ 95-96:
(7) Գ. Խրլոպյան, Եզնիկ Կողբացի, Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V – XVIII դարեր (գիտ. հոդվ. ժող.), էջ 46:
(8) Տե՚ս В. Чалоян, Развитие филосовской мысли в Армении, Москва, 1974, с. 36-37, տե՚ս նաև` Գ. Գալեմքարյան, Նորագույն աղբերք Եզնկա Կողբացվո Ընդդեմ աղանդոց մատենին, Վիեննա, 1919:
(9) Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, էջ 105:
(10) Նույն տեղում, էջ 108։
(11) Նույն տեղում, էջ 109։
(12) Նույն տեղում։
(13) Կ. Միրումյան, Հայ քաղաքական մտքի պատմությունից, էջ 98:
(14) Տե՚ս Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, էջ 49:
(15) Նույն տեղում, էջ 48։
(16) Կ. Միրումյան, Հայ քաղաքական մտքի պատմությունից, էջ 101: