Ավ. ըստ Ղուկասի 9.51-62
51 Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, որոշեց գնալ Երուսաղէմ: 52 Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու: 53 Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ: 54 Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»: 55 Նա դարձաւ, սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք. 56 որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»: Եւ մի ուրիշ գիւղ գնացին: 57 Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կգամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»: 58 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»: 59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ գնալ նախ թաղել իմ հօրը»: 60 Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզի՛ր Աստծոյ արքայութիւնը»: 61 Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կգամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»: 62 Յիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրայ չի դնի եւ ապա յետ նայի, եթէ յարմար է Աստծոյ արքայութեանը»:
Գործք 14.7-17
7 Եւ Լիւստրայում մի մարդ կար նստած՝ ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել: 8 Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով ու տեսնելով, որ փրկութեան հաւատ ունի, 9 բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»: Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր: 10 Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ, մարդկանց կերպարանքով, իջան մեզ մօտ»: 11 Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը: 12 Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան հետ միասին: 13 Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին եւ ասում. 14 «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ: 15 Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով: 16 Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»: 17 Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը:
Բ Պետրոս 1.12-19
12 Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնել ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13 քանի որ իրաւունք եմ համարում – քանի դեռ այս մարմնի մէջ եմ – արթուն պահել ձեզ յիշեցումներով: 14 Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց: 15 Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները: 16 Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17 քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: 18 Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրայ: 19 Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը – որին եթէ անսաք, լաւ կանէք – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում:
Ավ. ըստ Հովհաննեսի 6.1-14
1 Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. 2 եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ: 3 Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ: 4 Եւ մօտ էր Զատիկը՝ հրեաների տօնը: 5 Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց ու տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ նրանք ուտեն»: 6 Այս ասում էր նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ է անելու: 7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»: 8 Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9 «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանը ի՞նչ է այսչափ մարդկանց համար»: 10 Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին: 11 Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ՝ ձկներից, որչափ որ կամեցան: 12 Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»: 13 Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից: 14 Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ Մարգարէն, որ աշխարհ էր գալու»:
Ավ. ըստ Մատթեոսի 12.22-37
22 Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: 23 Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: 24 Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: 25 Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26 եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: 27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: 28 Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 29 Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: 30 Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 31 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: 33 Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: 34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կկարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
Ավ. ըստ Մարկոսի 5.21-34
21 Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր: 22 Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. եւ երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ. 23 սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, եւ որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ եւ ապրի: 24 Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետեւից գնում էր նաեւ բազում ժողովուրդ եւ նեղում էր նրան: 25 Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր: 26 Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ էլ աւելի վատացել էր: 27 Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին, 28 որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կբժշկուեմ»: 29 Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց: 30 Եւ Յիսուս իսկոյն, ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: 31 Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: 32 Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ով այդ արեց: 33 Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել – որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ – եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց: 34 Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուա՛ծ եղիր»: