Փետրվարի 16֊ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 57 տարեկան։Հայկական պետությունների ժամանակակից իրականության ամենատաղանդավոր գործիչներից մեկը զոհվել է 1992 թվականի ապրիլի 14֊ին։ Այդ օրը մենք՝ ես, մայրս և եղբայրս, գտնվում էինք Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (Ղշլաղ) գյուղում։ Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղը համարվում էր Արցախի համեմատաբար անվտանգ բնակավայրերից մեկը։ Հայրս մեզ բնակեցրել էր լքված մի տան մեջ, որի սենյակներն ավելի նկուղ էին հիշեցնում՝ լի անպիտան իրերով, մկներով, խոնավություն ներքաշած շորերով և այլն։ Այդ տան սենյակներից միայն մեկն էինք քիչ թե շատ հարմարեցրել ապրելու համար և այդտեղ էլ բնակվում էինք մեր ազգակից Նաիռայի և նրա երկու փոքր երեխաների հետ։
Շաբաթը մեկ հայրս մեզ տեսակցության էր գալիս, քաղաքից ինչ֊որ ուտելիքներ բերում։ Մեծ հաշվով Հայրիկի հետ հանդիպման այդ մեկ֊մեկուկես ժամին սպասելով էր անցնում ողջ շաբաթը։ Իհարկե, 7֊10 տարեկան տղաների համար գյուղում միշտ էլ զբաղմունք գտնվում էր. մե՛կ այծին էինք հանդ տանում, մե՛կ գնում կողքի Ռև գյուղի ֆերմայից կաթ բերելու, մե՛կ այլ երեխաների հետ դաշտերում վազվզում։ Բայց աչքներս միշտ այն ճամփի վրա էր, որտեղից շաբաթը մեկ անգամ հայտնվում, հետո շուտ անհետանում էր Հայրիկին սպասարկող մեքենան։
Այդ օրերին Հայրիկի հետ որևէ կապ չունեինք։ Եվ եթե հանկարծ պատահեր, որ շաբաթվա լրանալուն պես նա չգար, իսկ ժամանակ առ ժամանակ հենց այդպես էլ լինում էր, մտքերի մեջ էինք ընկնում՝ փորձելով ենթադրել, թե ինչու նա չկարողացավ գալ։ Ամենավատի մասին փորձում էինք չմտածել։ Գոնե թե՝ չբարձրաձայնել։ Բայց իհարկե, շատ էի վախենում նրան կորցնելու մտքից։ Կարծես՝ անընդհատ այդ բոթին սպասեի։ Հոգեպես անգամ պատրաստվել էի դրան…
Գյուղից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին հիմնականում տեղեկանում էինք Հայրիկի սփյուռքահայ ընկերներից մեկի՝ Հրայր Պալյանի նվիրած ռադիոընդունիչի միջոցով։ Այդ օրը՝ 1992թ. ապրիլի 14֊ին մայրս սովորականի պես լուրեր էր լսում, և երբ հերթն եկավ ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտությանը, սկսեց լացել։ Վախեցած նրան էի նայում և փորձում հասկանալ խշշացող բարձրախոսից հազիվ ընկալելի բառերը։ Հաղորդավարն ինչ֊որ մեկի կենսագրությունն էր ներկայացնում՝ ծնվել է… սովորել է… աշխատել է…։ Մայրս լացում էր, իսկ ես վստահ էի, որ հորս զոհվելու լուրն եմ լսում։ Լուռ էի լսում, երևի թե առանց որևէ ապրումների… Հետո իմացա, որ լուրը Արթուր Մկրտչյանի մասին էր։
Արթուր Մկրտչյանը Հայրիկի ամենամտերիմ ընկերներից մեկն էր։ Արցախում պետականաշինության հենց առաջին օրերից նա թողել էր իր տունը Հադրությում և տեղափոխվել Ստեփանակերտ։ Շուտով իր մոտ էր բերել նաև կնոջ՝ տիկին Գոհարին, ու որդիներին՝ Արեգին և Սևակին։ Ստեփանակերտում նրանք տուն չունեին և ողջ ընտանիքով հաստատվել էին մեր բնակարանում։ Ամեն ինչ ընդհանուր էր դարձել։
Տղաների հետ միասին էինք մեծանում, միասին խաղում, կռվում ու հաշտվում։ Իսկ երեկոյան ժամերին, երբ Արթուրն ու հայրս տուն էին վերադառնում, պատմում նրանց օրվա անցուդարձի մասին, տարբեր խաղեր խաղում և այլն։ Հայրս ավելի խիստ էր, Արթուրը՝ հանդուրժող։ Ժամանակ առ ժամանակ նրան համոզում էինք մեզ հետաքրքիր տեղ տանի։ Այդպես, մեկ անգամ գնացինք թանգարան։ Մինչ օրս հիանալի հիշում եմ, թե ինչպես էր Արթուր Մկրտչյանը մեզ ոգևորված պատմում քարանձավներում բնակվող նախնադարյան մարդու մասին։ Թանգարանում տեղադրված այդ կապկանման մարդու պատկերը շատ տպավորիչ էր ինձ համար։ Հիշում եմ, որ նրան տեսնելու համար երկրորդ անգամ համոզեցի Արթուր Մկրտչյանին մեզ այնտեղ տանել։
Մեկ այլ անգամ էլ խնդրեցինք նրան լողավազան տանել մեզ։ Մեր բակից հեռու ինչ֊որ տեղ լողավազան կար։ Տարիքով ավելի մեծ տղաներն ինքնուրույն գնում, լողանում, հետո բակում ուրախ֊ուրախ պատմում էին այդ լողավազանի մասին։ Շատ էինք խնդրել Մկրտչյանին, որ մեզ նույնպես այնտեղ տանի։ Եվ երբ վերջապես նա ժամանակ գտավ, կանչեց բոլորիս և ժպիտով հանձնարարեց փոխվել, որ լողավազան գնանք։ Այդ օրը ջուրը չմտանք. շատ կեղտոտ էր։ Չնայած մեր բոլոր պնդումներին՝ Արթուրն անդրդվելի էր. «հիվանդության բուն է»։ Բայց, սկզբում տեսնելով մեր ոգևորությունը, իսկ ապա նաև հիասթափությունը, խոստացավ հաջորդ օրը մեկ այլ լողավազան տանել։ Գնացինք։ Հենց Ստեփանակերտի կենտրոնում՝ երաժշտական դպրոցի դիմաց, փոքր դեկորատիվ ջրավազան կար։ Հանվեցինք, մտանք ջուրը, իսկ մեկ րոպե անց նույն ջուրը, բայց արդեն հագուստով, ստիպված եղավ մտնել նաև Արթուր Մկրտչյանը, որպեսզի հանի մեզ շատ սղան հատակ ունեցող այդ ավազանից։
Արթուր Մկրտչյանի մահը մեծ կորուստ էր մեր ընտանիքի համար։ Իսկ այսօր, երբ մտածում եմ այն մասին, որ Արթուրն ընդամենը 57 տարեկան կլիներ, անկախ ինձանից մտածում եմ, թե դեռ որքան բարիք ուներ նա մեր ժողովրդի և պետության համար։ Ցավոք, նրա ճանապարհը շատ վաղ ավարտվեց՝ այնուամենայինց ժառանգելով մեզ այնպիսի հարստություն, որի արժեքը բացարձակ մեծություն կլինի մեր ազգի հարյուրավոր սերնդների համար։
Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ