Հոկտեմբերյան շրջանի հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցին ձերբակալեցին 1937թ. հուլիսի 27-ին, թեև Հայկ. ԽՍՀ ՆԳԺԿ-ում 1935թ. փետրվարից արդեն նրա դեմ հետաքննություն էր սկսվել: 1935-1936թթ. ընթացքում բանաստեղծին քանիցս կանչել են ցուցմունքներ տալու, նրանից ստորագրություն են վերցրել մինչև դատավարության սկսվելը չբացակայել Երևանից: Չարենցին Երևանում ընդհատակյա նացիոնալիստական կազմակերպություն ստեղծելու հանցանք էին վերագրում, որի նպատակն էր խորհրդային իշխանության տապալումը Հայաստանում և պրոլետարիատի առաջնորդների հանդեպ մահափորձերը: Չարենցից առաջ ձերբակալվել էին այդ «կազմակերպության» այլ ղեկավարները` Ներսիկ Ստեփանյանը, գրողներ Ակսել Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Նորենցը և այլք: Այդ ամբողջ գործը սարքվել էր ներքին գործերի մարմինների կողմից` վախեցնելու համար լիբերալ տրամադրված հայ մտավորականությանը, քանի որ իրականում նման ոչ մի կազմակերպություն գոյություն չուներ: Տարիներ անց այս գործով բոլոր մեղադրյալները հետմահու ռեաբիլիտացվեցին: Բայց 1934-1936թթ. Աղասի Խանջյանը` Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը, կարողացավ պաշտպանել Չարենցին ձերբակալությունից:
Սակայն ՆԳԺԿ մարմինների կողմից Թիֆլիսում Խանջյանի սպանությունից հետո, որը ժողովրդին իբրև ինքնասպանություն մատուցեցին, Խանջյանը հայտարարվեց ձախ տրոցկիստ, հակախորհրդային խմբավորման ղեկավար, ժողովրդի թշնամի: Այսպիսով, Չարենցը ոչ միայն զրկվեց պաշտպանությունից, այլև մինչ այդ ներկայացված մեղադրանքներին գումարվեց նաև Խանջյանի հետ բարեկամությունը: Նրան հեռացրին Գրողների միությունից: Տնային կալանք նշանակեցին: Միակը ժամանակակիցներից, որ չվախեցավ Չարենցի հետ հանդիպումներից, բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր, ով Հայաստան գալուց անմիջապես հետո, 1936թ. դեկտեմբերին, մշտապես հանդիպում էր Չարենցի հետ, մինչև նրա ձերբակալությունը: Իսահակյանը և Չարենցը սերտ բարեկամությունը հաստատվել է 1924թ.: Երբ Իսահակյանը որպես քաղաքական վտարանդի, 1920թ.-ից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ երիտասարդ, բայց արդեն հայտնի բանաստեղծ Չարենցը, անկեղծորեն հրապուրված հոկտեմբերյան գաղափարներով, կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման էր ուղարկվել Եվրոպայի մշակութային կենտրոններ: Եվ առաջին հերթին նա մեկնեց Վենետիկ, ուր ապրում էր Իսահակյանը:
Տարբեր սերունդների, տարբեր աշխարհայացքների տեր երկու հայ բանաստեղծ: Մեկը` ազգային-հայրենասեր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության գաղափարախոսներից, Հայաստանից տարագրված դեռ 1911թ. և չընդունած ո´չ բոլշևիկյան հեղափոխությունը, ո´չ Հայաստանի խորհրդայնացումը 1920թ., իսկ իր ստեղծագործական հայացքներով` պոեզիայի ավանդական դասական ուղղության կողմնակիցը, հեռու ֆորմալիստական որոնումներից:
Մյուսը` Չարենցը, և´ որպես բանաստեղծ, և´ որպես անձնավորություն, Հոկտեմբերի ծնունդ էր, զենքը ձեռքին մարտնչել էր Հայաստանում խորհրդային իշխանության հաստատելու համար, առաջին բանաստեղծն էր Հայաստանում, որ գովերգում էր հեղափոխությունը, նրա գաղափարները, Լենինի կերպարը: 1920-ականներին Չարենցը հռչակեց «Երեքի մանիֆեստը», որով ասես ջնջում էր ողջ դասական հայ գրականությունը և այն պահպանողական ու հակաժողովրդական հայտարարում, խորհուրդների գալով հռչակում նոր` հոկտեմբերյան դարաշրջանի սկիզբը, և իր անձին գլխավորող դեր հատկացնում նոր հասարակության մշակույթի կերտման մեջ:
Ահա այսպիսի տրամադրություններով Չարենցն այցելեց Վենետիկ: Նրա ամենօրյա հանդիպումները և երկար զրույցները հայ պոեզիայի նահապետի հետ շատ բան փոխեցին երիտասարդ պրոլետկուլտականի հիացական, երբեմնի լեֆականի անզիջողական հայացքներում: Գերօժտյալ, տարիքի համեմատ արտակարգ կարդացած մարդ լինելով` նա ողջ կյանքում ձգտում էր նորին, ներդաշնակություն որոնում պատմության քաոսի մեջ: Եվ նրա ձախ, գռեհիկ-սոցիալիստական հայացքների վերանայման մեջ Իսահակյանը փոքր դեր չէր խաղացել: Ճիշտ է, 1925թ. Հայաստան վերադառնալուց հետո Չարենցը, դեռ պրոլետկուլտական իներցիայով, Իսահակյանի մասին գրեց տենդենցիոզ «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմը, որում Իսահակյանին հայտարարում էր նոր իշխանության հակառակորդ, ռոմանտիկ-ուտոպիական նահապետական Հայաստանի վերադարձը երազող ծերունի, մարդ, ում խորթ է Հայաստանի նոր, «երջանիկ» կյանքը.
Սակայն մեր կյանքը սավետական
Նրան թվում էր անթով ու սուտ.
…Նրան թվում էր մեր լույսը` ցուրտ,
Մեր արեգակը գիշերային,
Մեր քաղաքները` ահով լեցուն,
Եվ մեր դաշտերը ամայի…
…Եվ մեր հորձանքը` երկրում ելած,
Մեր աշխատանքը դյուցազնական,
Նրան թվում էր սին մի երազ,
Որ ցնդելու է ծանր ու դանդաղ…
Այն, որ հանճարեղորեն կանխատասել էր հեռավոր Վենետիկում Իսահակյանը, կդառնար ողբերգական իրականություն Չարենցի համար ընդամենը 10 տարի անց:
Պոեմում Չարենցի և Իսահակյանի հեռակա բանավեճն ավարտվում է Իսահակյանի համար չքողարկված սպառնալիքով.
Եվ գաս եթե դու երկիրը մեր
Եվ նույնը, նույնը, նույնը մնաս —
Մեր նոր արևը չի´ գուրգուրե
Քո այդ երգերը մահամնա:
…Եվ կմնաս դու տխուր ու ծեր,
Այդ նույն ձմեռը քո ցուրտ հոգում,
Եվ հուսահատ ու որբ կլինես
Ինչպես հեռու այս Վենետիկում…
Երբ քաղաքական երկարամյա տարագրությունից հետո` 1936թ. դեկտեմբերին Իսահակյանն ընդմիշտ վերադարձավ հայրենիք, նրան դիմավորեց արդեն բոլորովին այլ Չարենց:
Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսներից ծնված բազում պատրանքների խորտակումը ոչինչ չէր թողել Չարենցի երբեմնի հեղափոխական խանդավառությունից, պրոլետպոետից: Այդ ամենին գումարվել էին ստալինյան տարիների դաժան իրականությունը, համատարած վախը, մատնություններն ու այլախոհության ցանկացած դրսևորման հետապնդումները:
Չարենցն անկեղծորեն հանդիմանում էր Իսահակյանին. «Ինչո՞ւ եկար: Ես ինքս էի մտածում հեռանալ այստեղից, կողքիդ լինել և միասին պայքարել այս ստի դեմ, մեր ժողովրդի դարավոր հիմքերի ավերման դեմ, Հայաստանի պատմության զեղծարարության դեմ»:
Եվ, իհարկե, ոչ մի խոսք «Էլեգիա, գրված Վենետիկում»-ի մասին: Իսկ Իսահակյանը լավ էր հասկանում, թե ինչ դրդապատճառներ էին ստիպել Չարենցին գրել այդ պոեմը: Ի վերջո, այն ամենը, ինչ Չարենցը վերագրում էր Իսահակյանին, իրականում բխում էին և նրա շուրթերից: Բացի այդ, պոեմը կարող էր բացահայտ քաղաքական մատերիալի, մեղադրական ակտի տեղ անցնել Վենետիկում ապրող տարագիր բանաստեղծի դեմ: Եվ միայն Աստծուն է հայտնի, թե այն ինչ ճակատագրական դեր կարող էր խաղալ Իսահակյանի կյանքում, հատկապես 30-ական թթ. վերջին, երբ բանաստեղծը վերադարձավ հայրենիք, եթե չլիներ նրա հսկայական ժողովրդականությունն ու համաժողովրդական սերը Վարպետի հանդեպ:
Սկսած 30-ական թթ.` Չարենցը շատ բան էր վերանայել իր ստեղծագործության մեջ: Նրա վերջին բանաստեղծությունների ժողովածուն` «Գիրք ճանապարհին» (1933թ.) արդեն նոր հայացք է Հայաստանի պատմության վերաբերյալ, վերադարձ ազգային արմատներին: Նա արդեն ոչ թե նսեմացնում, այլ, հակառակը, մեծարում էր Հայաստանի պատմությունը: Չարենցին «Գիրք ճանապարհին» չներեցին: Նախ` ամբողջությամբ վերացվեց դրա առաջին տպաքանակը և միայն գրաքննական մշակումից հետո լույս տեսավ երկրորդը: Բայց գրքի լույսընծայման առաջին իսկ օրից սկսած` «կարգի պահապանները» ակնհայտ ու անհայտ պատճառներ էին որոնում հեղինակին վարկաբեկելու համար: Մերթ նրանց թվում էր, թե Չարենցի «Աքիլլես և Պիեռո» պոեմում ներկայացված է Ստալինի և Տրոցկու անդրկուլիսային պայքարը, որտեղ ակնհայտ նախապատվությունը տրվում էր վերջինին: Մերթ թվում էր, թե «Մահվան տեսիլ» պոեմում գովերգվում է հայերի ազգային-ազատագրական պայքարը, և Չարենցին հետադիմական նացիոնալիստ էին ներկայացնում և այլն: Իսկ տխուր պատմության վերջակետը դրվեց այն ժամանակ, երբ Չարենցը միամտաբար վստահեց երկու ընկերների և պատմեց այն մասին, որ ժողովածուի բանաստեղծություններից մեկում` «Պատգամ»-ում, յուրաքանչյուր տողի երկրորդ տառերով ակրոստիքոս է կազմել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իսկ դա, ինչպես հայտնի է, դաշնակցական կուսակցության նշանավոր կոչն է, որի վերջնական նպատակը «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» ստեղծումն է:
Չարենցի ձերբակալությունը հասունանում էր և կարող էր ուր որ է տեղի ունենալ: Ահա թե ինչպես է նկարագրում Իսահակյանի որդին` Վիգենը, նրա ձերբակալությունը հոր մասին հուշերում. «Վաղ առավոտյան (1937թ. հուլիսի վերջին) հորս մոտ եկավ Իզաբելան (Չարենցի կինը — Ա.Ի.)` շատ հուզված, արցունքների մեջ: Մենք հասկացանք, որ մեծ դժբախտություն է պատահել:
Իզաբելան պատմեց, որ Չարենցն իր և երկու դուստրերի հետ հյուր էր մի բարեկամի տանը` Նորքի բարձունքներում գտնվող նրա քաղաքամերձ տանը: Շատ շոգ էր, և Չարենցը երեխաների հետ առավոտյան շրջում էր այգում: Կեսօրին մոտ եկել է սև մեքենան, որից դուրս են եկել երկու հոգի` ՆԳԺԿ աշխատակիցների համազգեստով և նրան հարցրել են, թե որտեղ է Չարենցը: Իզաբելան պատասխանել է, թե նա երեխաների հետ այգու խորքում է: Նրանք գնացին նրա մոտ. «Ընկեր Չարենց, Ձեր գործը քննելու հետ կապված` Ձեզ կանչում են ՆԳԺԿ»:
Չարենցն անմիջապես հասկացավ ամեն ինչ: Նա ասաց. «Ես գիտեմ, որ այլևս այստեղ չեմ վերադառնալու, դրա համար խնդրում եմ, որ ընտանիքս էլ ինձ հետ գա Երևան, տուն»: Չմերժեցին: Նրանք բոլորը նստեցին մեքենան: Մեծը` Արփիկը, նստել էր հոր ծնկներին, փոքրը` Անահիտը, իմ: Ամբողջ ճանապարհին Չարենցը լուռ էր և գլուխը խոնարհած` թախծոտ նայում էր Արփիկի աչքերին, ասես ուզում էր ընդմիշտ հիշել նրա կերպարը:
Տանը Իզաբելան թույլ չտվեց, որ Եղիշեն հրաժեշտ տա իրեն և երեխաներին. «Չէ՞ որ դու պետք է վերադառնաս, իսկ հրաժեշտը վատ նշան է»: Եվ նա գնաց այն հագուստով, ինչ հագին կար` թեթև սպիտակ վերնաշապիկով: Հասցրեց միայն հանել ոսկե ժամացույցը և հանձնել կնոջը. «Կարող է քեզ պետք գալ»: Եվ այդ ժամանակ ուղեկցողները խնդրեցին նրան. «Ընկեր Չարենց, եթե կարելի է, մեզ իբրև հիշատակ մեկական գիրք տվեք ձեր ինքնագրով»: Չարենցը չմերժեց նրանց: Երբ նրանց մեկնեց իր գրքերը, ինչ-որ բան փայլատակեց նրա աչքերում` հաղթանակի շողը: Նա հասկանում էր, որ իր պոեզիան անհաղթ է: Եվ միայն գլխով հպվելով կնոջը` արագ դուրս եկավ: Վայրկյան չանցած` Իզաբելան դուրս թռավ պատշգամբ և տեսավ, թե ինչպես նա մեքենա նստեց ու կորավ տեսադաշտից: Այդժամ նա հասկացավ, որ նրան այլևս երբեք չի տեսնի»: Պատմելիս Իզաբելան կրկին հեկեկաց` սեղմվելով հորս»:
Սա Չարենցի մեծ ողբերգության ընդամենը սկիզբն էր: Դրանից շատ չանցած Իզաբելային հանեցին բնակարանից` երեխեքով ապրելու համար մի փոքրիկ խուց հատկացնելով նրանց, առգրավելով բանաստեղծի բոլոր ձեռագրերն ու գրադարանը:
Իսահակյանը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը: Այն տան պատշգամբից, որտեղ նա ապրում էր այն տարիներին, երևում էր Չարենցի տան տանիքը: Տների արանքում աղմկում էր հին այգին, ուր մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր Չարենցի հետ` նրա տնային կալանքի ժամանակ: Նրանց անպայման ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը` «Ջեկի» անունով սետերը:
Իսահակյանը նստել էր պատշգամբի անկյունում և լուռ ծխում էր` նայելով դատարկ ծառուղիներին: Ի՞նչ կարող էր անել ծեր ու միայնակ մարդը, երբ բոլորը վախենում էին անգամ նրա հետ շփվելուց: Ինքը` բանաստեղծն էլ ամեն պահի հեռախոսազանգի էր սպասում այնտեղից:
Անցավ երկու ամիս, և մի անգամ Իզաբելան կրկին եկավ Իսահակյանի մոտ: Թե ինչի մասին են խոսել, Իսահակյանն այն ժամանակ ոչ ոքի չի պատմել:
Այդ ընթացքում բռնաճնշման մեքենան շարունակում էր իր դժոխային աշխատանքը: Չէր հասցրել Իզաբելան նոր տեղում մի երեք ամիս ապրել, երբ նոյեմբերի սկզբին հենց փողոցում, տրամվայի գծերի մոտ, նրան ուժով խցկեցին մեքենան և տարան ՆԳԺԿ ներքին բանտ: Բանաստեղծի զավակները որբ մնացին: Փոքրին իր մոտ վերցրեց տատիկը, իսկ ավագին ուղարկեցին մանկատուն:
Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվեց և շատ բան այլ լույսով էր երևում, Իսահակյանը բացեց 1937թ. հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը:
Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցել Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան: Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին: Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:
Որքան գնում — այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին —
Եվ նա հավետ այնտեղ մնար:
Եվ սերունդենր այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
1937.27.IX. բանտ, գիշեր
Բանաստեղծությանը հաջորդում էր բանաստեղծի հետևյալ վերջին խոստովանությունը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»:
Ավելացնենք, որ հետո ինչպես պարզվեց Չարենցի հիշատակած բանտախցի «ներքևում» մահվան դատապարտվածների խուցն էր` վերջին կայանը նրանց երկնային կյանքի, և հենց այնտեղից էին գալիս Իսահակյանի երգի խոսքերը:
Վեց շաբաթ անց, Հայաստանի խորհրդայնացման օրվա նախօրեին` 1937թ. նոյեմբերի 28-ին, բանտի բժիշկներն արձանագրեցին բանտարկյալ Եղիշե Չարենցի մահը, որ վրա էր հասել թոքերի կատարային բորբոքումից և օրգանիզմի ընդհանուր հյուծումից` ՆԳԺԿ Երևան քաղաքի ներքին բանտի հիվանդասենյակում: Այդ հաստատության կալանավորներին ընդունված չէր թաղել: Եվ գիշերով բանաստեղծի մարմինը մտցրին «Հաց» մակագրությունը կրող մեքենան, տարան Գառնիի բարձունքների ուղղությամբ և գաղտնի թաղեցին լեռնային տեղանքում: Բանաստեղծի շիրիմը, այսպիսով, մինչ օրս հայտնի չէ:
Ավետիք Իսահակյան, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Աղբյուր՝ «Ազգային գաղափար»