Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Հակոբոս 1:26.Մեկնություն

16 Մայիսի, 2022
Աստվածաբանություն
Հակոբոս 1.5 . Մեկնություն
0
Կիսումներ
8
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն:

Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում այդ և ոչ էլ կամենում է որևէ մեկին բռնությամբ իրեն ծառայեցնել, այդ պատճառով էլ գեհենով սպառնաց և արքայություն խոստացավ, և լսողի կամքին թողեց, որպեսզի նա իր ազատ կամքով իր համար բարին ընտրի: Այդ պատճառով էլ այստեղ կամքն առաջ է դնում. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել: Նույնը նաև Տերն էր սովորեցնում ուրիշ բառերով, սակայն նույն մտքով, քանզի նույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով, որովհետև սա ասում է. եթե մեկն ուզում է բարեպաշտ դառնալ, իսկ Տեր՝ «եթե մեկը կամենում է հետևել ինձ» (Մատթ. 16:24):

Չեմ բռնադատում, ասում է, և ոչ էլ հարկադրաբար եմ կանչում, այլ յուրաքանչյուրին թողնում եմ, որ ըստ իր կամքի շարժվի. թե՛ տղամարդ և թե՛ կին, թե՛ հրեա և թե՛ հեթանոս, թե՛ տեր և թե՛ ծառա, չեմ մերժում, ասում է, այլ միայն իրենց կամքն եմ նայում: Այստեղ նույնպես դա է պահանջում. եթե մեկն ուզում է բարեպաշտ [կրոնավոր] լինել:

Կրոնավորությունը գրքերում ժուժկալություն է կոչվում, և ժուժկալությունը ինքնին առանձին չի կարող օգտակար լինել, եթե նրան զարդարող մյուս առաքինությունները իր հետ չլինեն: Քանզի ծառն այն ժամանակ է վայելուչ երևում, երբ ընտիր պտուղներ է տալիս, իսկ եթե զուրկ է պտուղներից, ապա անպտուղ է և անպիտան:

Այսպես է նաև կրոնավորությունը, որը աստվածատունկ ծառ է՝ մարդու մտքի մեջ բուսած ինչպես կենաց ծառը դրախտի մեջ՝ որպես պտուղ ունենալով առաքինությանը՝ հավիտենական կենդանության մորը:

Բայց նախ և առաջ տեսնենք, թե ինչ է կրոնավորությունը, որտեղից է առաջանում և ինչից ստացավ այդ անունը: Կրոնավորությունը աշխարհից առանձնացումն է և անզբաղ կյանք վարելը և ժուժկալությամբ իր կյանքը տնօրինելը թե՛ կերակրի մեջ, թե՛ ըմպելիքի, թե՛ քուրձ և կոշտ ու անշուք հագուստներ հագնելու, անկոշիկ գետնի վրա քայլելու, նաև խոսքերում, խորհուրդներում և նույնիսկ նայելու մեջ և նմանատիպ այլ բաներում, որտեղից սկսվում է ժուժկալությունը մինչև կատարումը, ահա այս ամենը կրողն է կրոնավոր կոչվում:

Իսկ կատարելության է հասնում նա Քրիստոսի լծով և պատվիրանների բեռով, քանզի խոնարհությամբ իր ուսն այդ բեռի տակ դրած՝ մեջքի վրա կրում է այն. ո՛չ նեղված սրտով, ո՛չ ստիպողաբար, ո՛չ երկյուղից դրդված, ո՛չ վարձքի ակնկալիք ունենալով, այլ՝ հանուն սիրո, սա է մեծագույն կրոնավորությունը:

Իսկ այդպես կոչվեց ջերմեռանդ հավատքի պատճառով, քանզի Սուրբ Գրքում ամեն տեղ հավատքը կրոն է կոչվում, քանզի այսքան առաքինությունների ժուժկալությունը հավատով են կրում մարդիկ:

Եվ կամ հատուկ կրոնավորություն է համարում կուսությունը, և անախտ ու անզբաղ կյանքը, քանզի նա, ով կույս է, Տիրոջ մասին է հոգում, թե ինչպես հաճելի լինի նրան: Սա է երկնային բնակիչների իրական պատկերը՝ հաճելի լինել Աստծուն, նոր կերպ հաղորդելով մարդկային կյանքին՝ հետևելով հավատքի ճշմարտությանը, առաջին ժողովրդի պես բազմամարդության և անմաքուր անկողնու փոխարեն առաքինության որդիներ ծնել անապական կուսությամբ:

Սակայն կարծում եմ, թե կրոնավորության սկզբնավորումն ինքն է դնում [Հակոբոսը] և իր կրած ճգնություններով է չափում քրիստոնյայի վարքը: Կամ մարգարեությամբ  տեսնում է ապագայում կրոնավորության վարքն ու ձևը, կերպարը, բնակության կերպը, կերակուրը, զգեստները, և զատվելը խառնակյաց մարդկանցից թե՛ անվամբ և թե՛ կենցաղով,  և ինչպես որ հեթանոսներից հրեաներին էին [զատվում], հրեաներից՝ քրիստոնյաները, այդպես էլ քրիստոնյաներից՝ կուսակրոնները:

Արդ, այս ամենն իրապես տեսնելով և նաև տեսած լինելով ոմանց հրեշտակակերպ կյանքը, լռությունը, առանց ավելորդությունների խոսքը՝ շնորհներով լի, ինչպես աղով համեմված, և ոմանց էլ մարմնականին տրված, ծուլությամբ և դատարկությամբ կրոնավարելը (ինչպես նաև անսանձ լեզուն), խախտելով ամեն ինչ՝ ի կորուստ իրենց անձերի և ի գայթակղություն տեսնողների, այդ պատճառով էլ ջանաց բարենորոգել ցանքը, որպեսզի այն գեղեցիկ այգին, որ տնկվեց անեղ աջով, չապականվի վայրի վարազի կամ նենգ աղվեսի կողմից:

Այդ պատճառով էլ խստագույն խրատ է տալիս՝ ասելով. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Այս ամենով նա ցանկացավ ցույց տալ մարդու մեծ աղետը և մեծագույն անմտությունը, որ եթե այս դժվարին ճգնությամբ արիաբար դիմադրի և բնության դեմ կռվի, սակայն փոքր բանում թուլություն ցուցաբերի և ծառայի [որևէ կրքի], այսինքն՝ առաքինությամբ ձեռնամուխ լինի կրոնավորությանը և սիրով ամբողջովին այն կատարի՝ անտանելիներն ու դժվարակիրները, սակայն չարախոսության և զբաղումների պատճառով ամեն ինչ կկորցնի: Սակայն, եթե մեկը ցանկանա, կարող է հեշտությամբ այդ ամենից ազատվել:

Արդ, չկա առավել ողորմելի և թշվառ, քան այն մարդը, ով այսպիսի բարիքներից զրկվի, որ օրվա ծանրությունն ու տոթը կրի, բայց վարձք չստանա, և առավել ևս, որ վտարվի: Ուրեմն, տեսեք այն վճիռը, որ ասում է. այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Ինչպիսի՞, որ կրոնավորի արտաքին կերպարանքն է առել և մարդկանցից հեռացել է, քուրձով և ոտաբոբիկ է շրջում ու չափավոր ուտում, սակայն իր լեզուն չի սանձում և իր սիրտը զբաղումներից արթուն չի պահում, այդպիսի մեկի համար, արդարև, զուր է բարեպաշտությունը: Ով անդարպաս բերան ունի և անսանձ լեզու, որ անիծող է, հայհոյող, որ բամբասող է և տրտնջող, զրպարտող է և չարախոս, բանսարկու է և ստախոս, դատարկաբանող՝ կատակերգու, և ծաղրածու՝ թշնամացնող և դատարկախոս, ապա իրավացի ասաց. այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Բայց նաև կարծում եմ, թե սա ասելով՝ հանդիմանում է այն հրեաներին, որ հավատք ասելով հասկացան կրոնը և ժուժկալում էին ըստ օրենքի, և օրենքից էլ վեր, ըստ Քրիստոսի Ավետարանի, սակայն բամբասում էին հեթանոսությունից քրիստոնյա դարձածներին: Նաև այն առաքյալներին, որ հեթանոսների մոտ էին մտնում, մեղադրում էին և խտրականություն դնում նրանց մեջ, ինչպես որ ինքը՝ երանելի Պողոսն է ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին: Բայց քո մասին իրազեկ եղան [այսինքն՝ խռովվեցին], թե ուսուցանում ես հրաժարվել Մովսեսի օրենքից» (Գործք 21:20-21): Եվ Պետրոսն էլ, երբ Երուսաղեմից գնաց Կոռնելիոսի մոտ, հրեաներից ոմանք մեղադրում և բամբասում էին նրան, թե անթլփատ մարդու տուն գնաց և նրա հետ հաց կերավ: Եվ բոլոր եկեղեցիների հանդեպ անհանդուրժողականություն էին ցուցաբերում նրանք, ովքեր կենտրոնացած էին օրենքի խտրությունների՝ շաբաթապահության, զոհաբերությունների և թլփատության վրա: Հետևաբար գրեց նրանց և հանդիմանեց՝ ասելով. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել. այսինքն՝ հավատացյալ, ժուժկալ, համբերող, և չի սանձահարում իր լեզուն՝ բամբասանքից, այլ զբաղեցնում է իր սիրտը օրենքի խտրությամբ, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Արդ, եթե նրանց համար ասաց այս խոսքը, ովքեր հրեությունից քրիստոնյա էին դարձել, և ապա ընդհանուր օրենք դրեց և խրատեց, ուրեմն թող ոչ ոք չզարմանա սրա վրա, քանզի բոլոր մարգարեներն էլ Աստծուց ստանալով՝ խոսեցին և պատգամներ տվեցին Իսրայելի ժողովրդին, սակայն դրանք ընդհանրական դարձան ամբողջ մարդկության համար:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Նախորդ

Հովհաննես Թումանյանի` Զորավար Անդրանիկին ուղղված նամակը

Հաջորդ

« Ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը »

Հաջորդ
« Ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը »

« Ամեն օր Աստծուն ընծայենք ինքներս մեզ և մեր բոլոր գործերը »

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.