Ընթերցողին անծանոթ է Պարույր Սևակի այս հոդվածը: Բանաստեղծն այն գրել է 1962 թվականին: Նյութն առավելապես հասցեագրված է դպրոցականներին, սակայն ուսանելի է ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար:
«Իսկ գիտե՞ք որ…» վերտառությամբ այս շարադրանքը ևս մի հնարավորություն է խորհելու մեր լեզվի բացառիկության և նրա պահպանման կենսական կարևորության մասին:
Հովիկ Չարխչյան
ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ…
Դուք արդեն գիտեք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայկական գրերը: Բայց գիտե՞ք, որ նա է գրել մեր մանուկների առաջին դասագիրքը` առաջին «Այբբենարանը»:
Դուք գիտեք իհարկե, թե ինչ բան է «Այբբենարանը»: Բայց գիտե՞ք, թե ինչու է կոչվում «Այբբենարան»: Դուք հիմա գրերն արտասանում եք այնպես, ինչպես նրանք հնչում են: Բայց դարեր շարունակ հայ երեխաները ձեզ ծանոթ տառերը ուրիշ ձևով էին սովսրում: Նրանք «ա»-ին ասում էին ոչ թե «ա», այլ «այբ», «բ»-ին`«բեն», «գ»-ին` «գիմ»:
Այսպես անուն ունի մեր լեզվի ամեն մի տառը: Եվ որովհետև մեր առաջին տառը «ա»-«այբ»- ն է, իսկ երկրորդ տառը` «բ»-«բեն»-ը, այս պատճառով էլ հայոց լեզվի առաջին դասարանի գիրքը կոչվում է «Այբբենարան», ինչպես որ տառերի շարքն էլ կոչվում է «Այբուբեն», այսինքն` «ԱուԲ»:
Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ գրերի ստեղծողն է, այլև առաջին հայ գրողը: Թե ովքեր են գրողները, դուք գիտեք:
Բայց դուք, հավանաբար, ձեր տատիկներից լսած ու գրքերում էլ կարդացած կլինեք մի խոսք, որ անեծքի նշանակություն ունի: Այդ խոսքն է. «Գրողը տանի»:
Դուք գիտեք, որ այս անեծքի մեջ հիշվածը այն գրողը չէ, որ ձեզ համար գեղեցիկ ոտանավորներ ու պատմվածքներ է ստեղծում: Անեծքի մեջ հիշված «գրողը» ունի «սատանայի», «դևի», «չարքի» իմաստ:
Իսկ գիտե՞ք, թե ինչից և ինչպես է ստացվել այս նմանությունը:
Մեր պապերի պապերը դարեր առաջ ունեին մի կրոն, որն ուներ ոչ թե մեկ , այլ շատ աստվածներ: Նրանցից մեկն էլ Տիրն էր, որ մահվան աստվածն էր: Նա իբրև թե իր առջև դրված ուներ մի մեծ տետր, թանաք ու գրիչ: Մեր հեռավոր պապերը հավատում էին, որ մեռնում է այն մարդը, ում անունը Տիրը գրում է իր տետրակի մեջ: Ահա, թե որտեղից է գալիս «գրողը քեզ տանի» («գրողի տարած») անեծքը:
Եթե Մեսրոպ Մաշտոցն է առաջին հայ գրողը, ուրեմն նա է նաև մեր գրականության հիմնադիրը:
«Գրականություն» բառը համեմատաբար նոր բառ է:
Դուք շատ լավ գիտեք, թե ինչ է «դպրոց»: Իսկ գիտե՞ք, որ «դպրոց»-ը կրճատված բառ է: Նրա լրիվ ձևն է «դպրանոց», այսինքն` դպիրների սովորելու տեղը: Դպիր էին կոչվում գրել- կարդալ իմացող մարդիկ, գրագետները, քարտուղարները, նաև գրողները: Եվ քանի որ «դպիր» նշանակում է նաև գրող, ապա գրականությունն էլ դարեր շարունակ կոչվում էր «դպրություն»: Վերջին դարերում դպիր էին կոչվում արդեն եկեղեցու ցածր պաշտոնյաները, եկեղեցական երգիչները: Եվ որովհետև »դպիրն» այլևս չուներ «գրողի» իմաստ, հարմար չէր գրականությանը «դպրություն» ասել:
Գրականությունը կոչվել է նաև «քերթություն», ինչպես որ գրողին ու բանաստեղծին էլ դարեր շարունակ կոչել են «քերթող», իսկ նրանց գրածները` «քերթվածք»: Այս բառերի իմաստը հասկանալուց առաջ եկեք միասին կրկնենք, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն մեր գրերի ստեղծողն է, մեր առաջին «Այբբենարանի» հեղինակը, մեր առաջին գրողը, այլև մեր առաջին քերականն է, այսինքն քերականության առաջին դասագրքի հեղինակը:
Թե ինչ բան է «քերականություն», դուք լավ գիտեք: Բայց ինչու՞ է նա կոչվում «քերականություն» և դա կապ ունի՞ «քերել» բայի հետ: Դու կզարմանաք, եթե իմանաք, որ «քերականությունը» ոչ միայն կապ ունի, այլ հենց առաջացել է «քերել» բայից:
Իսկ դուք գիտե՞ք, որ հին դարերում թուղթ գոյություն չուներ: Մեր հեռավոր պապերը գրում էին ոչ թե թղթի, այլ մագաղաթի վրա: Մագաղաթը հատուկ մշակությամբ պատրաստում էին գառան, ոչխարի հորթի կաշվից` վրան գրելու համար: Բայց մագաղաթն էլ միշտ չի եղել: Մագաղաթից առաջ մարդիկ միշտ գրել են հում կամ թրծած աղյուսների վրա, քարերի վրա: Իսկ աղյուսի կամ քարի վրա ոչ թե գրել է պետք, այլ «փորագրել», և գրելու համար պետք է ոչ թե մատիտ, կամ գրիչ, այլ մի այնպիսի սուր բան, որով հնարավոր կլինի փորագրել աղյուսի կամ քարի վրա:
Իմացեք նաև, որ հին ժամանակներում գրատախտակի դեր էր կատարում հարթեցրած մեղրամոմը, ուրեմն ոչ թե կավճով էին գրում, այլ ինչ-որ սուր մի գործիքով:
Այս բոլորն իմանալուց հետո վերադառնանք «քերել» բային և հիշենք, որ քերել նշանակում է որևէ սուր բանով փոսացնել, մեկ ուրիշ բան քերծել, խազել, փորագրել: Ուրեմն, հին ժամանակներում «քերել» ասելով հասկացվում էր մոտավորապես այն, ինչ մենք հասկանում ենք գրել ասելով:
Հիմա հասկացանք, թե ինչու ճիշտ գրելու (և խոսելու) գիտությունը կոչվում «քերականություն», իսկ քերականություն լավ իմացողը` «քերական» կամ «քերականագետ»:
Բայց «քերել» բայը ունի մեկ ուրիշ ձև էլ, որ քերականության մեջ կոչվում է սաստկական ձև, այսինքն` ուժեղացված ձև:
«Քերել»-ու ուժեղացված ձևն է «քերթել»-ը: Մենք արդեն գիտենք, որ հին ժամանակներում «քերել» նշանակում էր` «գրել», ուրեմն նույնն էր նշանակում նաև «քերթել»-ը: Ահա թե ինչու դարեր շարունակ բանաստեղծությունը, գրական ստեղծագործությունը կոչվել է քերթվածք, բանաստեղծները, գրողները (ինչպես նաև պատմագիրներն ու քերականագետները) կոչվել են քերթող, իսկ գրականությունն ընդհանրապես` քերթություն:
Իսկ դուք գիտե՞ք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել ոչ միայն մեր գրերը, այլև մեր կետադրական նշանները: Դուք չեք կարող չիմանալ, որ կետադրական այդ նշանների մի մասը կա նաև ուրիշ լեզուների մեջ (օրինակ` ստորակետը, միջակետը, վերջակետը, փակագիծը, չակերտը և այլն):
Բայց դուք գիտե՞ք, որ մեր կետադրական նշանների մի մասը ունի միայն մեր լեզուն: Օրինակ, ուրիշ ոչ մի լեզվի մեջ հարցական և բացականչական նշանները չունեն այն ձևը և չեն դրվում այնպես, ինչպես մենք ենք անում: «Բութ» կոչված նշանը նույնպես զուտ հայկական է:
Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք մեր կետադրական նշանների անունների վրա: Եթե մի փոքր մտածեք, իսկույն կհասկանաք իհարկե, թե ինչու է «միջակետը» կոչվում «միջակետ» (որովհետև դրվում է տողի մեջտեղում), իսկ «ստորակետը»`«ստորակետ» (որովհետև դրվում է տողից ներքև, տողի ստորին մասում): Բայց ինչու է «բութը» կոչվում «բութ»: Այդ հասկանալու համար դուք պիտի համեմատեք «շեշտը» «բութի» հետ: «Շեշտը», ինչպես գիտեք, սկսվում է ուժեղ սեղմումով և գնալով բարակում- սրանում- շեշտվում է (այս պատճառով էլ կոչվում է շեշտ): Իսկ «բութը» սկսում է ուժեղ սեղմումով և ուժեղ սեղմումով էլ վերջանում է` ստեղծելով կարծես թե երկու ծայրերից էլ կտրված մի գծիկ, որը սուր «շեշտի» համեմատությամբ իսկապես որ բութ է:
Այս ձևով մի փոքր մտածելուց հետո դուք կարող եք հասկանալ մեր կետադարական բոլար նշանների անունները, բացի թերևս «չակերտից»: Իսկապես, ի՞նչ է նշանակում «չակերտ»:
«Այբբենարան» բառի բացատրությունից դուք արդեն գիտեք, որ մեր տառերն ունեն իրենց անունները` «ա»-ն` «այբ», «բ»-ն` «բեն» և այլն: Մեր «չ» տառի անունն է` «չա»: Իսկ կերտել նշանալկում է` «շինել, սարքել, ստեղծել», ինչպես որ «կերտ» նշանակում է «շինված, սարքված , ստեղծված»: Այսպիսով, «չակերտ» նշանակում է «չա»-ի ձևով , այսինքն` «չ» տառի ձևով սարքված- ստեղծված:
Եվ իսկապես էլ, եթե ուշադրությամբ նայեք «չակերտ» նշանին, ապա կտեսնեք, որ նա այլ բան չէ, քան մեր «չ» տառը` փոքր-ինչ ձևափոխված վիճակում:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Աղբյուր՝ Hovikcharkhchyan: