1. Եղբարք իմ, մի՛ աչառանօք ունիցիք զհաւատսն Տեառն մերոյ Յիսուսի, որ Տէրն է փառաց:
2. Եթէ մտանիցէ ի ժողովուրդս ձեր այր, որ ունիցի մատանի ոսկի և հանդերձս պայծառս, մտանիցէ անդր և աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս:
3. Հայիցիք ընդ այն, որ ունիցի զհանդերձսն պայծառս, և ասիցէք՝ եթէ դու նի՛ստ աստ պատուով. և ցաղքատն ասիցէք՝ եթէ յոտն կաց այտի. կամ թէ՝ ե՛կ նի՛ստ առ պատուանդանիս իմում:
4. Եւ ո՞չ խղճիցէք ի յանձինս ձեր, և լինիցիք դատաւորք չարեացն խորհրդոց:
Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ պահեք ձեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը: Եթե ձեր ժողովատեղին մտնի մի՛ մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, և դուք նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի և ասեք՝ «Դու նստի՛ր այնտեղ, պատվո տեղը», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չէ՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չէ՞ք լինի:
Չար է մարդահաճությունը, չար և կործանարար հոգու համար, չար է նաև մեկի հանդեպ անտեղի աչառություն անելը և Սուրբ Գրքում՝ պախարակելի, և հատկապես՝ խստագույն դատապարտության մատնված, ըստ այս խոսքի, թե. «Աստված ցրելու է մարդահաճների ոսկորները» (Սղմ. 52:6), և՝ «Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառա չէի լինի» (Գաղատ. 1:10):
Տեսնո՞ւմ ես չարիքի մեծությունը, քանզի իրեն ունեցողներին կարողանում է հեռացնել նույնիսկ Քրիստոսի ծառայությունից, իսկ օրենքի հանդեպ աչառություն են անում, հատկապես, որ Աստված ինքն է օրենքով ասում. «Աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա» (Ղևտ. 19:15):
Եվ ահա այս ամենն իմանալով նաև և առաջ, տեսնենք՝ նույնն են սրանք, թե՝ տարբեր: Կարծում եմ, թե ամբողջովին նույնը չեն և ոչ էլ բոլորովին՝ տարբեր: Քանզի մարդահաճությունն էլ ոչ բռնությամբ է լինում և ոչ էլ հարկադրաբար, այլ՝ սեփական կամքով և հոժարությամբ: Ցանկանալով ոչ մի ատելի մարդ չունենալ, բոլորին մարդահաճություն է անում. թե՛ բարիներին և թե՛ չարերին ու չի երկնչում Սուրբ Գրքից, թե՝ ով չարին մարդահաճություն է անում, նրանից առավել չար է: Նույն միտքը նաև մարգարեն ու առաքյալն են արտահայտում, ինչպես որ վերում ասացի, իսկ մեր Տերը նաև հանդիմանություն է ավելացնում՝ ասելով. «Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին» (Ղուկ. 6:26):
Իսկ խտրություն դնելը այդպես չէ, այլ՝ մի մասը սեփական կամքով է, իսկ մյուս մասը՝ բռնի, և երկյուղից է անում այն, ինչն իր կամքով չէ, սակայն պատահում է, որ բազում անգամներ ակամա խտրություն դնելով ընկնում են մարդահաճության մեջ՝ փառքի ետևից գնալով և անուն ձեռք բերելու մասին մտածելով:
Այս բանն է ակնարկում նաև սա [Հակոբոսը], և տեսնելով, որ հավատացյալներից շատերն այսպիսի ախտի մեջ են կենցաղավարում, ըստ հին սովորության, որ հրեականության մեջ եղած ժամանակ էին անում, ինչի համար նաև Տերն էր հանդիմանում՝ ասելով. «Եվ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցույց մարդկանց» (Մատթ. 23:5): Ուստի, նրանք չէին ցանկանում հրաժարվել այդ սովորությունից, և որն էր դա. հարուստին հարգում էին և փառավորում կամ երեսպաշտությամբ կամ որևէ շահի ակնկալիքով, իսկ աղքատներին անարգում էին և խորշում նրանցից, նույն ախտի մեջ էին նաև հավատքի դառնալուց հետո: Այդ պատճառով էլ հանդիմանում է նրանց՝ եղբայրներ կոչելով, ուստի, եթե եղբայրներ եք, ասում է, ապա պետք է միմյանց մեջ տարբերություն չդնեք, որովհետև ինչպե՞ս կարող ենք միևնույն հոր և մոր որդիներ լինել և տարբերություն դնել միմյանց միջև: Եվ եթե երկրավոր եղբայրների մեջ չենք կարող մեկին պատվավոր համարել, մյուսին՝ անպատիվ, ապա որքա՞ն առավել երկնավոր եղբայրների մեջ չի կարող այդպիսի անկարգություն մտնել, որոնք ոչ թե մարմնավոր ազնվատոհմություն պիտի փնտրեն, այլ՝ հոգևոր առաքինություններ:
Այդ պատճառով էլ ասաց. Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը:
Աչառություն չանելն այն է, ինչի մասին վերում ասաց, որը ոչ ամբողջովին սեփական կամքով է լինում և ոչ էլ բացարձակ ակամայից: Արդ, ասում է, ձեր կամքով ըստ օրենքի խտրություն մի՛ դրեք և ոչ էլ ակամա՝ օրենքից դուրս, որովհետև այլ է օրենքի պահանջը, այլ՝ հավատքի կատարումը: Հետևաբար, եթե Քրիստոսի հավատքն ընդունեցիք, ապա պարտավոր եք, ասում է, սովորել նրանից նաև այլ բաներ կատարել, որովհետև ինչպես որ ինքն է, այդպես էլ ցանկանում է, որ իր սպասավորները լինեն: Արդ, ինքը մարդուն երեսպաշտություն չարեց և ոչ էլ որևէ մեկին ըստ իր արտաքինի դատեց, նմանապես, ասում է, նաև մենք ենք պարտավոր լինել՝ ոչ աչառություն անել և ոչ էլ մեղք գործել: Դրա համար ասաց. աչառությամբ մի՛ պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը: Անունները կարգավորությամբ ներկայացրեց. Հիսուս Քրիստոս՝ Փրկիչ և Օծյալ, որպեսզի ոչ ոք սրանցից որևէ մեկին փոքր չհամարի և ուրիշի հետ չհամեմատի՝ Փրկիչը Հեսուին համարելով, կամ Օծյալ՝ այլոց կողմից օծված, կամ կարծել, թե նա հրեշտակապետերից մեկն է, ինչպես որ հանդգնեցին նրանցից ոմանք ասել, ինչի մասին գրում է Պողոսը և հանդիմանում:
Այդ պատճառով սա էլ ավելացնելով՝ ասաց. փառքի Տիրոջ: Փառքի Տեր թեև Բանի աստվածությանն է ասում, սակայն ոչ մարդեղությունից զուրկ, քանզի Բանի աստվածությունը մարդ և մարդու Որդի եղավ և կոչվեց, նմանապես նաև մարդեղությունը, որ վերցրեց և խառնելով միավորեց իր աստվածության հետ՝ դառնալով և կոչվելով Տեր փառքերի: Հետևաբար, անունների ցանկն ամբողջությամբ թվարկում է՝ ասելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ:
Փառքի Տեր է անվանում նրան նաև Պողոսը. «եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ. 2:8):
Թող ամաչեն հերետիկոսները, որ բաժանում են Բանին մարմնից չարչարանքներով և խաչով, քանզի եթե փառքի Տեր աստվածությանն են ասում և այն բաժանվեց մարմնից խաչելության ժամանակ, ինչպես [իրենք են] ասում, ապա ինչո՞ւ է սա ասում, թե փառքի Տիրոջը խաչը հանելով: Եվ եթե Բանն Աստված մարմնով չկրեց չարչարանքներն ու խաչը, ապա սոսկ մարդու չարչարանքն ու մահն ինչպես կարող էր աշխարհը փրկել մեղքից: Եվ եթե փառքի Տիրոջը [միայն] մարդ են ասում, ապա մեծագույն հանդիմանանքի են ենթարկվում, քանզի առանց աստվածության սոսկ մարդկությամբ չէր կարող փառքերի Տեր լինել:
Այդ պատճառով էլ այս ասաց. մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ: Այսինքն՝ եթե իրապես հավատում եք, որ նա փառքերի Տերն է, ապա աչառությամբ մի՛ պահեք նրա հավատը, այլ՝ նրա նման, որ փառքի Տերն է, որ ձեր փրկության համար աչառություն չարեց, այսինքն՝ հարուստներին պատվի արժանացնելով և փրկելով, իսկ աղքատներին՝ անտեսելով, այլ նա ամեն ինչ բոլորի համար [հավասար] արեց. մարդեղությունը, չարչարանքներն ու խաչը՝ թե հարուստների և թե աղքատների: Նույնն էլ, ասում է, դուք եք պարտավոր անել հարուստի և աղքատի հանդեպ. եթե հարուստը բարեպաշտ լինի, սիրել և պատվել թե՛ իր հարստության և թե՛ բարեպաշտության համար, իսկ աղքատին պատվել, քանզի Քրիստոսի կերպարանքն է իր վրա կրում, որովհետև քո Տերն էլ աղքատացավ և երանի տվեց աղքատներին, որպեսզի շքեղանան աստվածաբանությամբ, և այս մասին ստուգապես ուսուցանում է հաջորդ խոսքում:
Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով. մեջ է բերում երկու ծայրահեղություններ, մեկը չափազանց պատվական, իսկ մյուսը ծայրահեղ անարգ: Արդ, ոսկի մատանի ասելով դա է ցույց տալիս, որը ստացողի համար շատ պատվական է, քանզի կան նաև մատանիներ, որոնք այլ նյութերից են, սակայն ասում է սա, քանի որ մարդկանց առաջ սա է մեծագույն, և սրա կրողները շքեղ են երևում:
Որ ունենա, ասում է, ոսկի մատանի և շքեղ զգեստներ. մատանու և զգեստների միջոցով ջանում է ցույց տալ մարդու պատիվը, քանզի դեռևս ըստ մարդկանց կարծիքի է խոսում, որովհետև այսպիսիներն են մարդկանց առջև զարմանալի երևում՝ մատանիով և զգեստներով, ինչպես որ Հերովդեսն էր, ըստ Սուրբ Գրքի նկարագրության, հագնում էր իր արքայական զգեստները (ոսկով և թանկարժեք քարերով) և հրապարակախոսում էր ժողովրդի առաջ, իսկ ժողովուրդը զարմացած ասում էր. սա Աստծու խոսք է, այլ ոչ թե մարդու: Ըստ այդ կարծիքի էլ այստեղ այդպես է ասում. ձեր ժողովատեղին մտնի մի մարդ:
Կարծում եմ ժողովատեղի ասելով նկատի ունի հավատացյալներին, որոնք բաժանվեցին անհավատներից:
Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով. որքան նվաստացնում է աղքատի պատիվը, այդքան էլ բարձրացնում է հարուստի պատիվը, որը ոչ միայն ավելորդություններից էր զրկված, այլև՝ կարևորագույնից՝ կերակուրից և զգեստներից, քանզի պատառոտված և կարկատված զգեստներով էր շրջում թե՛ անձրևին և թե՛ արևին, արդ այսպիսին, ասում է, կեղտոտ զգեստներով է մտնում:
Եվ դուք նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի և ասեք՝ «Դու նստի՛ր այնտեղ, պատվո տեղը», իսկ աղքատին, թե՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ». այսպիսի ճառ էր պատրաստվում մեջբերել, այդ պատճառով էլ սկզբում ասաց. աչառությամբ մի՛ պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի Տիրոջ հավատը:
Ասելով, թե որևէ մեկի հանդեպ աչառություն անելը հավատքի գործ չէ, շարունակեց. և դուք, ասում է, նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի և ասեք՝ «Դու նստի՛ր այնտեղ, պատվո տեղը»: Նայեք, ասում է, այսինքն՝ արտաքին աչքերով, որ երևացածից ավել բան ոչ տեսնում է և ոչ էլ իմանում, այդ պատճառով էլ ապշած արտաքին զգեստներին է նայում և ակնառում է նրան, իբրև պատվավոր մեկի՝ տալով նրան պատիվ, ոչ թե ըստ ներքին մարդու արժանիքի, այլ՝ ըստ առերևույթի:
Դու նստի՛ր այստեղ, ասում է, պատվո տեղը: Դու ասելը պակաս հարգանք չի ցույց տալիս, դու, ասում է, որ բոլոր մարդկանցից պատվական ես, որ քո պատիվը լռությամբ ցույց է տալիս մատանիդ և լուսավոր զգեստներդ, արդ, դու, ասում է «նստի՛ր այնտեղ, պատվո տեղը», իսկ աղքատին, թե՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թե՝ «եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ»:
Ինչքան կրկնապատկում է հարուստի պատիվը, այդքան ցածրացնում է աղքատի պատիվը և անարգ ներկայացնում նրան, ոչ թե ըստ ներքին մարդու, այլ՝ ըստ երևացողի, ոչ թե ըստ Աստծու ընտրության, որ սրտերն է նայում, այլ՝ ըստ մարդկանց, որ դեմքին են նայում և ըստ արտաքինի դատում:
Աղքատին, թե՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», այսինքն՝ կանգնածդ տեղում մնա և ոչ մի քայլափոխ առաջ չգաս, այսպիսով նույնիսկ գետնին հավասար չեք դասում նրան, ասում է, այլ շան և չորքոտանի կենդանու տեղ եք դնում և հրամայում՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ»: Սրանով կարծես թե ասում ես. արժանի չես ներս մտնելու, արժանի չես պատվարժան մարդկանց կողքին կանգնելու, ինչու, մի՞թե մարդասպանության կամ անառակության համար, ո՛չ, այլ կեղտոտ հագուստների համար: Եվ դա ի՞նչ մեղք է, չէ որ սեփական կամքով չէ այդպիսին, այլ՝ ակամա և աղքատության պատճառով, և այն ամենն, ինչ ակամա է, մեղադրելու չէ, այլ հակառակը՝ գթության արժանի: Սակայն դուք բազում անգամներ շներին եք ներս թողնում և գգվանքով խնամում, նաև ձիերին ու ջորիներին եք ընտելացնում, իսկ Աստծու պատկերը կրող մարդուն ասում եք, թե՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ» կամ թե՝ «եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ»:
Սրանով նա ջանում է ցույց տալ աղքատի անարգանքը և հանդիմանում է նրանց անողորմ բարքերը՝ ասելով՝ «եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ»: Ամոթալի պատիվ՝ ոչ սեղանի մոտ է թողնում նստի և ոչ էլ փոքր բարձի, այլ՝ պատվանդանի, այսինքն՝ ստորին և ցածր տեղ: Այստեղ, կարծում եմ, խոսքը հավաքույթների, հրավիրյալների և ընթրիքների մասին է, որտեղ ներս են մտնում հարուստները և շքեղ զգեստներ ունեցողները, որոնք և գահին են բազմում, և յուղով օծում են նրանց և տարբեր խորտիկներ հյուրասիրում: Իսկ աղքատներին այս ամենից զրկում էին, կամ մնացորդներով և նույնիսկ փշրանքներով կերակրում:
Եվ նորից՝ սրանով ցանկանում է հայտնել այն, որ առաքյալը սահմանեց հավաքվել եկեղեցու մեջ և միասին ճաշել, որպեսզի աղքատներն էլ հարուստների հետ կերակրվեն առանց որևէ խոսքի, այդ պատճառով էլ ասում է «երբ ի մի հավաքվեք ուտելու, սպասե՛ք միմյանց» (Ա Կորնթ. 11:33):
Իսկ երբ սկսեցին օրենքը խախտել և աղքատներին անտեսել ու ճաշին չսպասել նրանց, ապա հանդիմանում է՝ ասելով. «մեկը՝ քաղցած է, իսկ մյուսը՝ արդեն հարբած: Մի՞թե տներ չունեք ուտելու և խմելու համար: Կամ՝ Աստծու եկեղեցին ե՞ք արհամարհում և ամաչեցնում չքավորներին» (Ա Կորնթ. 11:21-22):
Սա էլ, կարծում եմ, այսպիսի հավաքների մասին է ասում, որ հավաքվելով եկեղեցում հաց պետք է ուտեին աղքատներին մխիթարելու համար, սակայն նրանց գալուն չեն սպասում, այլ նշանավոր մարդկանցով ուտում և խմում էին: Իսկ աղքատներին ոտքի վրա ձեռքները մի փոքր կերակուր էին տալիս, կամ հետին տեղերն էին նստեցնում՝ մնացորդներն ուտելու համար:
Այդ պատճառով էլ հանդիմանում է նրանց՝ ասելով. իսկ աղքատին, թե՝ «ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թե՝ «եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի: Այսպիսիներին է ասում, թե արտասուքի արժանի գործ եք անում և այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի, այսինքն՝ ինչո՞ւ ձեր խղճմտանքը ձեզ չի առաջնորդում ճշմարտությանը նայելու, այլ ոչ թե երեսին նայելու և արտաքինից դատելու, այլ՝ սրտին նայելու և հոգու բարետոհմությունը տեսնելու: Քանզի հարուստը թեև արտաքինից գեղեցիկ է, թեև նրանից խնկահոտ է բուրում, սակայն ներսում հոգին ցեխով ու գարշահոտ տիղմով է լցված: Քանզի նախնի Բելն էլ հարուստի օրինակ էր, արտաքինից փայլուն պղինձ էր, բայց ներքուստ ցեխով ու գարշահոտ տիղմով էր լցված: Իսկ աղքատը թեև արտաքինից ցեխոտ է և տղմոտ, թեև մաշված և որդնած մարմին ունի, թեև նրա վրայից գարշահոտություն է գալիս, սակայն ներքուստ թանկարժեք քարերից էլ պատվական է, որոնցից մեկն էր նաև աղքատ Պողոսը, որ ասաց. «այսուհետև այս գանձերն ունենք կավե ամանների մեջ» (Բ Կորնթ. 4:7):
Ի՞նչ շահեց հարուստն իր բեհեզից և ծիրանիից, կամ առատ սեղաններից և ուրախություններից, կամ ի՞նչ վնաս կրեց աղքատը, որ որդնած մարմին ուներ և թարախոտ վերքեր և շներն էին լիզում նրա վերքերը: Քանզի նա շներից հետո հրեշտակներին ընդունեց, և փողոցից հետո Աբրահամի գոգում հանգիստ գտավ: Իսկ հարուստին բեհեզներից ու ծիրանիից հետո դժոխքն ընդունեց, և սեղանից ու առատ գինուց հետո մի կաթիլ ջրի կարոտ մնաց և չարժանացավ:
Ահա, ասում է, այսքանից հետո պետք է աչառություն չանել և սրանից հետևություն անելով ընտրություն անել հարուստի ու աղքատի մեջ, որպեսզի չլինեք չար խորհուրդների դատավոր: Եթե այդպես անեք, ապա դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի:
Եվ այս է ասում, եթե շքեղ մատանիով և հագուստներով հարուստ տեսնեք, և աչառություն անելով նրան պատվի արժանացնեք, իսկ աղքատին իր ցնցոտիների համար անպատվեք, ապա մի՞թե աչառություն արած չեք լինի և չար խորհուրդների դատավորներ, քանզի այդպիսի խորհուրդները չարից են, այլ ոչ թե ճշմարտությունից:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը