Ղարաբաղի Ողբը
Ղարաբաղը մօրս կանչն է,
Ինձ է կանչում յոյսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է,
Կարմիր, բայց սեւ ունի սրտում…
Դու էլ դառած կռուածաղիկ իմ բալիկն ես, ա՜յ Ղարաբաղ,
Մեղրը օտար մեղուին տուող իմ ծաղիկն ես, հա՛յ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մէջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, վա՜ղ Ղարաբաղ:
Քանի բաժան դաժան տարի հայ բերանիս ախ ես դառել,
Փոխել Հայոց անունդ Արցախ, օտար Ղարաբաղ ես դառել,
Դառել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել,
Էլ չեմ կարող վիշտս լռել, վա՜յ ինձ ու քեզ հա՛յ Ղարաբաղ,
Դեռ էն գլխից Հայոց հող ես, աստուածընծայ` իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող Հայն Հայոց վայն է, ո՛վ մեղրածոր,
Թէ եղբայր են, ինչո՞ւ են քեզ մեր մէջ դարձրել կռուախնձոր,
Աստուածընծան ինչպէ՜ս թողնեմ, սատանային վա՜յ, Ղարաբաղ:
Կը թառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատուած,
Շիքիաստի ես խաբուած լսում` Կոմիտասի երգից զատուած,
Քեզ չի՜ թողնի իշխան մնաս, մայր Սեւանի գրկից զատուած,
Քեզ կուլ կը տան մուղամները, զառդ կ՛անեն զայ Ղարաբաղ:
Դու չես ջոկուել, խլել են քեզ, որ մոռանաս երգերն Հայոց,
Քորերից պաս խորացել են քո կորուստով վէրքերն Հայոց,
Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պէս վե՛ր բռունցքուեն ձեռքերն Հայոց,
Որ չդառնայ Հայոց արծիւն օտար ծովին ճայ, Ղարաբաղ:
Բա՛ց աչքերդ` անունդ տես, եկ, մի ձուլուիք օտար զարմին,
Իմ տարագիր Հայոց կռունկ, եկ, խառնուիր քո երամին,
Մեզ չի կարող մահն էլ զատել, մի ոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Ղարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թայ Ղարաբաղ:
Մենակ դու չես, որ դիմանամ, եօթը դրախտ ունեմ խլուած,
Վանայ ծովը, Ղարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլուած,
Հայկ Նահապետ Մասիսի հետ դեռ բանտում են` ծունկը ծալուած,
Տարտարոս է Տարօնը դեռ, ո՞ւր ես, Աւարայր Ղարաբաղ:
Ա՜խ, ե՞րբ պիտի ելնես բանտից` Նախիջեւանի ձեռքից բռնած,
Տուն գաս յաւէտ Մասիսի հետ, Ղարս ու Վանի ձեռքից բռնած,
Որ ազգովին Մասիս ելնենք, քարաւանի նառից բռնած,
Նորից ազգի աւազանում հայ մկրտուես, հա՛յ Ղարաբաղ:
Ասում են թէ` շէն է կեանքդ, առանց ազգի շէնն ի՛նչ անեմ,
Երբ չի զնգում Հայոց լեզուով գինով թասի ձէնն ի՛նչ անեմ,
Հիւսիսն ինքն էլ սառցալուռ է, էլ իմ անզօր ձէնն ի՛նչ անեմ,
Գինիդ օտար թասն է խմում, արցունքդ` Հայը, վա՛յ Ղարաբաղ:
Բարեկամը որ քեզ խլեց` էլ թշնամին բան կը տա՞յ ետ,
Թէ լուռ մնայ քար աշխարհը` չարը Ղարս ու Վանը կը տա՞յ ետ.
Ինչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ Նախիջեւան կը տայ ետ,
Մոլորուել եմ ես էլ քեզ պէս, պիղծ է աշխարհն, ա՛յ Ղարաբաղ:
Դու էլ Հայոց գրկից խլուած իմ բալիկն ես, ի՛մ հեռաւոր,
Պոռնկաշուրթ բախտին աչքին խաղալիք ես, իմ լեռնաձոր,
Բայց ինչքան էլ բալիկիս պէս դու էլ մնաս կռուախնձոր,
Շիրազն ասաց` աշխարհ անցնի` հայ գալիք ես, ՀԱ՛Յ Ղարաբաղ:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ