14. Զի՞նչ օգուտ իցէ, եղբա՛րք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ և գործս ո՛չ ունիցի. Մի թէ կարիցե՞ն հավատքն ապրեցուցանել զնա:
15. Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե՛րկք կամ կարօտեալ աւո՛ւրն կերակրոյ:
16. Ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. երթա՛յք խաղաղութեամբ՝ ջեռարո՛ւք և յագեցարո՛ւք. և տայցէք ո՛չ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ:
17. Սոյնպէս և հաւատք՝ եթէ գործս ո՛չ ունիցին, մեռե՛ալ են առանձինն:
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել: Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Նույնպես և հավատը, եթե նա գործեր չունի, առանձին մեռած է:
Ինչպես, օրինակ, երբ մի երկրագործ ցանկանա մաքրել փշերով լի դաշտը և բարի սերմ ցանել, ապա նա կարիք կզգա նախ արոր կառուցել և ակոսը տանող եզին լծել և այդպես հողը ճեղքել և վնասակար փշերն արմատախիլ անել և այնտեղ բարի սերմ ցանել: Բայց այդ ծանր աշխատանքի համար մի եզը բավական չէ և նույնիսկ անհնար է մի եզով գործն ավարտին հասցնել, ակոսը դաշտի մեջ գցել, թեկուզ հզոր և պարարտ եզ լինի: Ոչ էլ արծիվը կարող է մի թևով վեր բարձրանալ և երկինք ելնել: Եվ եթե նույնիսկ երկու գեղեցիկ թևեր ունենա՝ թռչելու համար հարմար, սակայն եթե մեկը նրա ուժեղ թևերը կտրի, ապա նա այլևս չի կարող թռչել և վայր կընկնի:
Այդպես էլ այս երանելին, ցանկանալով մաքրել մեր հոգևոր դաշտը կենցաղային հոգսերի փշերից և հարստության պատրանքից, և դրանում սերմանել ողորմության և աստվածային բարի սերմը և դրանով թևեր աճեցնել ու դեպի երկինք ճախրեցնել աստվածային հոգուն և Աստծու մոտ կանգնեցնել, կարիք ունեցավ բազմաթիվ օրինակներ միմյանց կցել և նման ձևով խոսքն արժանահավատ դարձնել: Եվ որպեսզի ոչ ոք լիարժեք և անթերի հավատք ունենալով, հույսը դրա վրա չդնի և դա բավական չհամարի իր փրկության համար, ու գործերի հանդեպ անհոգություն ցուցաբերի, ապա այդ երկուսն էլ առաջնային է համարում և միմյանց հետ կապում, և ջանք ու միջոցներ է կիրառում մեկը մյուսով հաստատուն և հավաստի ցույց տալու համար: Եվ ցույց է տալիս, որ մեկը, եթե նույնիսկ զորավոր է, բավական չէ փրկության համար, եթե մյուսի հետ սերտորեն կապված չլինի:
Եվ քանի որ ասաց, թե անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, և վախեցրեց ահավորով, ապա քաղցր հույս դրեց ողորմածության բարիքի առաջ և դարմանեց ու պարսպեց լսողների միտքը, որ եթե անողորմների դատաստանի դիմաց բարձրագլուխ պարծենում է ողորմությունը, ապա եթե որևէ մեկը դա չունի, ի՞նչ օգուտ կլինի, մինչդեռ այլ առաքինություններով մխիթարություն չի կարող գտնել:
Այս ասելուց հետո սկսում է համեմատության մեջ դնել հավատքն ու գործերը: Եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա, միթե՞ հավատը նրան կկարողանա փրկել: Ամենուր հավատը պատվարժան և զորավոր է ցույց տալիս, որը կարող է փրկել իրենց ունեցողներին: Եվ հատկապես տերունական հրաշագործությունների մեջ նրանք, ովքեր հավատացին, փոխարենը բժշկություն ստացան, իսկ ովքեր թերահավատ էին՝ երբեք:
Նման ձևով մեր Տերն ինքն էլ բոլորից հավատ էր պահանջում և ապա խնդրված փրկությունն էր պարգևում, այդ պատճառով էլ ասում էր. «քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ» (Մարկ. 5:34): Եվ նորից, տեսնելով անդամալույծին բերողների հավատը, նրան կրկին բժշկություն տվեց: Եվ նորից. «Հավատո՞ւմ եք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել» (Մատթ. 9:28): Եվ ինչպե՞ս է, որ Պողոսը հավատի մասին երկար պատմություն մեջբերեց, և որ առաջինները բոլորը սրանով արդարացան, իսկ սա կարծես այստեղ նրանց հակառակ է խոսում և փոքրացնում հավատը՝ ասելով, թե հավատն առանց գործերի չի կարող փրկել: Սակայն Տերը ոչ ոքից գործ չպահանջեց, այլ՝ հավատ, և նրանք, ովքեր կատարյալ հավատ չցուցաբերեցին, հանդիմանում էր նրանց, ինչպես հայրը՝ մանուկներին, որ աշակերտները չկարողացան բժշկել: Եվ երբ աշակերտները տարակուսանքով հարցրին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք», նա ասաց նրանց «ձեր թերահավատության պատճառով» (Մատթ. 17:18-19): Իսկ ովքեր կատարյալ հավատք ունեն, հարգում և գովաբանում է նրանց, ինչպես քանանացի կնոջը. «ո՛վ կին, մեծ է քո հավատը» (Մատթ. 15:28):
Արդ, սրանցից ի՞նչ ենթադրություն կարող ենք անել, հակառա՞կ են միմյանց, թե մի այլ բան կա: Եվ եթե հավատին հակառակ էր խոսում, ապա ինչո՞ւ էր ինքը մեծ հարգանք տածում դրա հանդեպ, և այն ունեցողներից կատարյալ պահանջում՝ ասելով. հավատով թող խնդրի և թող չերկմտի (Հակոբ. 1:6), և նորից հարուստ է անվանում այն աղքատներին, ովքեր նաև կատարյալ հավատք ունեն:
Արդ մենք, որ այսպիսի խնդրի առաջ ենք կանգնել, ինչ պիտի ասենք այս մասին: Կասենք, որ այստեղ ոչ մի հակառակություն չենք տեսնում, այլ՝ կատարյալ միասնություն, մինչդեռ մեր Տիրոջ քարոզչության սկզբնական շրջանում անհավատներին հավատք էր պետք, և այդ պատճառով էլ հավատք էր պահանջում նրանցից՝ բժշկության համար, և դեռևս ոչ թե հավատի մեջ կատարյալներինց, այլ հատկապես տկարներից նրանց ուսերին վաղաժամ ավել բեռ դնել և նրանցից գործեր պահանջելն ավելորդ էր: Այլ, երբ հաստատվեցին հավատի վրա և խաչի գայթակղությունը վերացավ, և Քրիստոսի Ավետարանը քարոզվեց, և հավատը սկսեց ծաղկել, այդ ժամանակ նոր աշակերտները սկսեցին խոսել հավատի և նրա մեջ մտնող գործի մասին՝ ձեռնամուխ լինելով բարձրագույն կրոնի [սկզբնավորմանը]:
Այն ժամանակ Քրիստոսից վարդապետություն ստացան, թե ամեն տեղ այսպիսի վարդապետությամբ ուսուցանեք, հատկապես, երբ լեռան վրա նստած երանությունների մասին էր խոսում ժողովրդի հետ և երկար վարդապետությամբ հորդորում էր նրանց առաքինության գործեր անել: Սակայն ժամանակավորապես նրանցից գործի կատարում չէր պահանջում, այլ միայն նրանց մեջ բարի սերմեր էր սերմանում և պարարտացնում և լսողների կամքին էր թողնում կատարումը: Ուստի բարերար Հիսուսին դա էր վայել. սկզբում այդպիսի քարոզությամբ և քաղցրությամբ բոլորին դեպի իրեն գրավել, և հավատ պահանջել նրանցից, հավաստել իր գալստյան պատճառը, որ եկել է փրկելու և ապրեցնելու մարդկանց, այլ ոչ թե դատապարտելու: Իսկ նրանք, ովքեր խոսքի վկաներ և սպասավորներ եղան, և նրա կողմից ժողովրդին՝ բանավոր հոտին, վերակացու նշանակվեցին, և նրանց ջանքը եղավ ամրապնդելով Հիսուսի վարդապետության նույն շավիղը՝ առաջնորդել ժողովրդին:
Եվ երբ տեսան, թե շատ ծուլությամբ են գալիս իրենց հետ և հրաժարվում են գործերից՝ հավատքը միայն բավարար համարելով փրկության համար, ապա այդպիսի ծուլացածների համար նման հանդիմանություն է անում:
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Այսինքն՝ ոչ մի օգուտ չկա այդպես պարծենալուց՝ ասել հավատ ունեմ, բայց հավատի գործեր չունենալ, մինչդեռ քրիստոնյայի հավատը գործերով է ճանաչվում: Ուստի եթե մեկը քրիստոնյայի անուն ունենա, բայց գործերը հեթանոսի լինեն, ապա ոչ մի օգուտ այդ անունից չի կարող լինել, այլ մանավանդ՝ մեծ վնաս, քանզի Աստծու անունը այդպիսիների պատճառով հայհոյվում է, ինչպես որ գրված է: Այդ պատճառով էլ ավելացրեց. միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել:
Կարծում եմ, թե իրերի անհնարությունն է առաջ բերում, թե անհնար է մեկին հավատով միայն փրկվել տանջանքներից, եթե բարի գործեր չունենա: Եվ որտեղի՞ց է դա հայտնի, այսպես են ասում նրանք, ովքեր ջանում են ուղիղներին շեղել: Հենց իրենից՝ տերունական խոսքից, որ ասելու է դատաստանի ժամանակ նրանց, ովքեր ոչ միայն հավատք ունեին, այլև հավատքով բազում հրաշագործություններ արեցին, որն էլ պարծենալով ասում էին. ««Տե՜ր, տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել»» (Մատթ. 7:21):
Տեսնո՞ւմ ես, որ ոչ հավատը, ոչ նշանները և ոչ էլ մարգարեությունները չկարողացան փրկել տանջանքներից նրանց, ովքեր առաքինության գործեր չունեին: Ապա, ուրեմն, իրավամբ ասաց, թե մի՞թե հավատը [առանց գործերի] նրան կկարողանա փրկել:
Սրա մասին նաև Պողոսն է ամենուր ասում, և որտեղ որ հավատը հիշատակում է, ապա գործի հետ միասին է հիշում, որպեսզի հայտնի դարձնի, որ ոչ հավատը առանց գործերի և ոչ էլ գործերն առանց հավատի կարող են փրկել մեկին: Եվ հատկապես, երբ առաջինների հավատից է խոսում, ապա գործերի հետ միասին է խոսում, քանզի Աբելի հավատի հետ նաև նրա զոհաբերությունը հիշեց, ինչը հավատի գործ էր, և Ենովքի հաճելի լինելն ու Նոյի տապան կառուցելը, Աբրահամի զանազան տարբեր [գործերը], և մյուս մարգարեներինը՝ լռեցնելու համար առաքինության գործերում երկմիտներին և ճշմարիտ հավատի հանդեպ թերահավատներին: Ուստի նրանք, ովքեր [իրենց առջև] օրինակ չունենալով, հավատի և գործի այսպիսի երախտիք ցուցաբերեցին, ապա մենք ինչպե՞ս կարող ենք ապրել, ասում է, ծուլացածներս՝ այսպիսի փորձությունների օրինակ ունենալով հանդերձ:
Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: Որպես առակ այս օրինակն է բերում, թեև մեկին պարզ և ուղիղ կարող է թվալ, և նույն առակավոր խոսքով հանդիմանում է լսողներին և ողորմության հորդորում՝ ասելով. եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա ուտելիքի կարոտ: Ընտանիքի անդամների անուններով է խոսում՝ եղբայր և քույր ասելով, որպեսզի դրանով ավելի ամաչեցնի՝ կարեկից լինել արյունակցին: Ուստի, ո՞վ այնքան անգութ կլինի, ասում է, որ եղբորը կամ քրոջը այդպիսի տառապանքի մեջ տեսնի և անտեսի: Եվ եթե մարմնական ազգակցությանն այսպիսի կարեկցություն ենք ցուցաբերում, ապա որչա՞փ առավել հավատացյալ եղբայրներին պետք է գթալ:
Մերկ լինեն, ասում է, կամ օրվա ուտելիքի կարոտ, և այդ ամենի պատճառով են տառապյալ շրջում: Մինչդեռ հագուստն ու կերակուրն են մեզ համար առավել կարևոր քան մյուս բոլոր կարիքները, և սրանց պակասությունը մարմնին սարսափելի աղետի առջև է կանգնեցնում. ցրտից սառած և անզգայացած, և օրվա սնունդի կարոտ, նիհարած և պատառոտված զգեստներով բոլորին դիմում է, բոլորին խնդրում, բոլորին աղերսում, և բազմաթիվ անգամներ վտանգի հանդիպելով՝ արտասվում, հառաչում է՝ ցանկանալով շարժել տեսնողների գութը: Եվ այդպիսիների հանդեպ միայն անգութ գտնվողը կասի. գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք:
Ըստ մարդկային սովորության է խոսում, ինչպես որ մեկը չցանկանալով աղքատին ողորմություն տալ՝ անզգամություն է անում, չի խոնարհվում եղբոր առաջ և ոչ էլ լսում է քրոջ աղերսները, ոչ ողորմած է դառնում աղքատի արտասուքներից և ոչ էլ կարեկցում է բնությանը, այլ ասում է նրան, թե գնա, խաղաղության Աստվածը, որ քեզ ստեղծեց, քեզ համար նաև հագուստներ ու կերակուր կպատրաստի, և ոչ մի բանի պակասություն չես ունենա: Ասածն այս է. գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք. և դուք նրան չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ կլինի: Այսինքն՝ խոսքով նրան խաղաղությամբ ուղարկել և ասել. գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք, գործնականում ոչինչ չանելով, չտաք մարմնին անհրաժեշտ բաները:
Նույնպես նաև հավատը, ասում է, եթե նա գործեր չունի, առանձինն մեռած է: Ինչպես որ, օրինակ, լոկ խոսքերը, ասում է, ոչնիչ չեն կարող անել եղբորը կամ քրոջը մխիթարելու համար, երբ խոսքերի հետ քեզանից նյութական որևէ բան չի ստանում, այդպես էլ հավատը, որ միայն խոսքեր լինի, և խոսքերի հետ գործեր չունենա, ապա առանձին [երկուսն էլ] կմեռնեն, չեն կարող կենդանի մնալ:
Ինչպես որ եղբորը և քրոջը արված բանավոր մխիթարությունն է անցնում և հօդս ցնդում, որովհետև չուներ գործեր, որպեսզի անքակտ պահեր այն, այդպես էլ հավատը առանձին մեռած է:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը