Ալեքսանդրապոլի անսպասելի անկումը, տասնյակ հազարավոր մարդկանց խուճապահար փախուստը բարոյահոգեբանական ծանր ազդեցություն էր ունեցել Ղարաքիլիսա նահանջած հայկական ստորաբաժանումների վրա։
Դասալքությունը մեծ չափերի էր հասել՝ մի քանի հարյուր զինվոր, չլսելով հրամանատարների, այդ թվում՝ Անդրանիկի խորհուրդը, զենքը ձեռքին հեռանում են եւ Սանահինի վրայով շարժվում դեպի Վրաստան, սակայն ընկնում են դարանակալ թաթարների ձեռքը եւ գրեթե ամբողջությամբ կոտորվում։
Թուրքերի հարձակմանը զուգահեռ տարածվում են ասեկոսեներ, թե հայկական բանակի բարձրագույն հրամանատարությունը դավաճանել է եւ «երկու բեռ» ոսկով հանձնել Ալեքսանդրապոլը։ Բացի այդ, ժողովրդի շրջանում պատկերացում էր ձեւավորվել, թե թուրքերը չեն անցնելու Ախուրյանը, որովհետեւ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը սահմանը գետով էր անցնում։
Ավետիս Ահարոնյանն այսպես է նկարագրում ժողովրդի նահանջը.
«Այս ժողովուրդը, որ տակավին երեկ միամտորեն հավատում էր թուրքի զինադադարին, լույսը չբացված՝ ինքզինքը գտել էր թշնամու կրակի տակ, հասկանալ չէր կարողանում կատարվածը։ Ախուրյանը նրա համար անանցանելի մի պատվար էր. թուրքը չպիտի հանդգներ այն թեւակոխել ու անցնել։ Նոր դավ կա այստեղ։ Ո՞վ է դավադիրը։ Եվ տագնապալի փախուստի ճամփին այս անիծված առեղծվածի վրա հազարավոր գլուխներ են տնքում։
Եվ հանկարծ, չգիտես որ տենդահար, բանդագուշակ ուղեղից ծնավ հրեշավոր զառանցանքը նախ որպես վախլուկ շշուկ, ապա կամաց-կամաց որպես դալուկ ու վրեժխնդիր ուրվական եւ անցավ ուշակորույս փախստականների շարքերով ամենքի ականջին կանչեց, թե ինքը՝ Նազարբեկյանն է Ալեքսանդրապոլը ծախել թուրքերին երկու բեռ ոսկով…» (Ավետիս Ահարոնյան, Ավարայրի ոգեկոչումը, Հայրենիք, թիվ 3, 1932):
Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակից Մանուկ Ղազարյանը գրում է, որ փախստականների հոսքը ձգվում էր Համամլուից մինչեւ Համզաչիման՝ շուրջ 30 կիլոմետր: Այստեղ էին կենտրոնացել Երեւանի եւ Ղարսի նահանգների բնակչության մեծագույն մասը, ինչպես նաեւ Երզնկայից, Էրզրումից ու Մուշի դաշտից ճողոպրած տաճկահայ հոծ բազմությունը:
«Եթե դուք ցանկանում եք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցվածքը, եթե դուք չեք ցանկանում ապրել ավելի վատթար ստրկության մեջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարության լծի տակ, եթե չեք ուզում, որ ամբողջ հայությունը կորչի — եկեք բոլորդ, ով զենք կրելու ընդունակ է, եկեք ձեր զենքով ու փամփուշտներով, վերցրեք ձեզ հետ հինգ օրվա ուտեստեղենի պաշար, մինչեւ որ կարելի կլինի զորքի կանոնավոր պարենավորումը կազմակերպել։ Նվիրեցեք զորքի համար հաց, գետնախնձոր եւ ուրիշ մթերքներ, լավ հիշեցեք, որ ամեն դանդաղում ներկա վճռական րոպեին կործանիչ է, լավ գիտցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ եւ այն ժամանակ վա՛յ մեզ ու մեր հետնորդներին։ Լավ իմացեք, եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա — այլեւս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ եւ ոչ մեր սերունդներին»։
Գեներալ Նազարբեկյան, 25 մայիսի, 1918թ.
Գեներալ Նազարբեկյանի այս կոչից մի քանի օր առաջ Ղարաքիլիսայում ծայրահեղ ծանր եւ հուսահատական դրություն էր։ Թուրքական բանակի գլխավոր նպատակն էր դուրս գալ Ղազախ-Ելիզավետպոլ (Գանձակ), այնտեղից Բաքու արշավելու համար։ Այս նպատակին հասնելու համար թուրքերը պետք է գրավեին Ղարաքիլիսան (Վանաձոր), Դիլիջանն ու Ջալալօղլին (Ստեփանավան)։
Մայիսի 16-20-ը թուրքերը Ղարաքիլիսայի ուղղությամբ ակտիվ ռազմական գործողություններ չեն ձեռնարկում, սակայն ամսի 20-ին անսպասելի հարձակումով գրավում են Ջաջուռը, եւ հայտնվում Աղբուլաղում, Ղալթախչիում։ Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ստորաբաժանումները դուրս են գալիս Վորոնցովկա (Տաշիր), գրավում են Գյոյ Յոխուշը, շարժվում դեպի Համամլու (Սպիտակ) եւ մայիսի 22-ին գրավում այն։
Անհրաժեշտ է անհապաղ հաշտություն կնքել
Մայիսի 22-ին գեներալ Նազարբեկյանը Հայոց ազգային խորհրդին հեռագրում է, որ ստեղծված օրհասական իրավիճակում թուրքերի դեմ կռվող մարդ բացարձակապես չկա։ «Եթե թուրքերը որոշեն հարձակվել Դիլիջանի վրա, նրանք վաղը եւեթ կգրավեն Դիլիջանը, եւ նրանց ոչ ոք դիմադրություն ցույց չի տա: Դիլիջանում պահեստավորված պարեն եւ փամփուշտ բացարձակապես չկա, զորքերը մատնված են սովի եւ եթե նույնիսկ ուզենան էլ, չեն կարող կռվել»,- զեկուցում էր Նազարբեկյանը։
Նազարբեկյանն առաջարկում էր ալեքսանդրապոլյան զորամասի բոլոր զինվորներին, որոնք հեռացել են, բաց թողնել տները եւ զորամասերում պահել միայն կադրային անձնակազմը: Ավելին՝ զորամասերը պետք է իրենք հոգային իրենց պարենի եւ ռազմամթերքի հարցերը։
«Դրա հետ միասին զեկուցում եմ, որ անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել ռազմական գործողություններից եւ հաշտություն կնքել… Նաեւ խնդրում եմ ցուցում տալ՝ ի՞նչ անեմ, եթե թուրքերը շարունակեն հարձակումը Դիլիջանի վրա, քանի որ կորպուսի սպայակույտը այլեւս նահանջելու տեղ չունի, որովհետեւ եթե թուրքերը Դիլիջանը գրավեն եւ նույնիսկ եթե սպայակույտն էլ որեւէ այլ տեղ փոխադրվի, ապա ես կզրկվեմ Թիֆլիսի, նաեւ որոշ զորամասերի հետ որեւէ ձեւի կապ ունենալու հնարավորությունից»:
Զորքի բարոյալքումը պայմանավորված էր ինչպես պարտությամբ ու նահանջով, այնպես էլ տեղեկությունների գրեթե լիակատար բացակայությամբ։ Նազարբեկյանի շտաբը, որը Ղարաքիլիսայից տեղափոխվել էր Դիլիջան, կտրված էր Երեւանից եւ տեղեկություն չուներ, թե ինչ է կատարվում այնտեղ։ «Միակ փաստը, որ նրան համոզում էր, թե թուրքերը Երեւանի կողմում կռվի են բռնված, դա թշնամու առաջխաղացման դանդաղումն էր Ղարաքիլիսայի ճակատում»,- գրում է Ահարոնյանը։
Բարեբախտաբար, դասալքող ու վեհերոտ զինվորներից բացի, Նազարբեկյանի տրամադրության տակ կային գիտակից ու անձնվեր սպաներ, որոնք պատրաստ էին մինչեւ վերջ կանգնել, եւ նրանք լծվում են զորքը վերապատրաստելու շուրջօրյա աշխատանքին։
Ոտքից գլուխ զինված ձիավորները
Անսպասելիորեն մայիսի 24-ը դառնում է փրկության ու հուսավառության օր։ Առաջին ոգեւորիչ տեղեկություններն են ստացվում․ Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական զորքը հաղթել է, եւ թուրքերը նահանջում են։
«Այս սրտապարար ու ցնցող լուրը կայծակի փայլի պես անցավ ծանր վհատությամբ բռնված մթնոլորտում, մտավ բոլոր խրճիթները, ծեծեց բոլոր դռները, արձագանքեց բոլոր ձորերում, բոլոր անտառներում, փախստականների մեջքը շտկեց, եւ հուսաբեկների կորացած ճակատը բարձրացրեց, դասալիքներին հետ շպրտեց դեպի ճակատ եւ խուճապահար, թշվառ ամբոխի աղեկտուր վայունը ցնծության աղաղակների վերածեց»,- Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակի լուրն այսպես է նկարագրում Ավետիս Ահարոնյանը։
«Մայիսի 24-ին մի անսպասելի դեպք, ավելի շուտ մի զարմանալի հրաշք եկավ ցրելու համատարած լռությունը, պատռեց մահվան վարագույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը: Ղարաքիլիսայից դեպի արեւելք Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երեւաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում, ավելի ու ավելի նկատելի էր դառնում: Շատ չանցած գյուղում երեւացին մի խումբ ձիավորներ, ոտքից գլուխ զինված: Ժողովրդի սարսափահար դեմքերին նկատվեց ե՛ւ զարմանքի, ե՛ւ ուրախության նշան… Եկվորները ծանոթ դեմքեր էին. Նժդեհի տղերքը:
Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա, տղամարդկություն պիտի շանց տանք — արար աշխարհ պիտի զարմացնենք — ծլկող ու կորչողը նամարդ է: Լսողները չէին հավատում իրենց ականջին: Ամենքին թվում էր մի երազ, մի քաղցր ու կարճատեւ երազ» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
Նժդեհը «գնում է մեռնելու»
Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: 4-րդ մարտկոցի հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։ «Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետեւից գա»։
Նժդեհը նույնպես հայտարարում է, որ կռվելու է մինչեւ վերջ. «Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնա՜ն: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում՝ թող հետեւի ինձ»:
Դիլիջանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում հավաքվում են հազարավոր մարդիկ, որոնց առաջ ելույթ է ունենում Նժդեհը։ Նրա խոսքը կարծես կենդանացնում է մարդկանց, վստահություն եւ պատերազմելու վճռականություն է պարգեւում։ «Հանկարծ լսվեցին զանգերի ղողանջներ, բոլորը վազեցին դեպի զանգերը՝ վազում էին սպաներ, զինվորներ, փախստականներ՝ չիմանալով ինչ է պատահել, բայց բոլորի աչքերում փայլում էր փրկության հույսը»,- գրում է 4-րդ մարտկոցի շտաբս-կապիտան Պետրոսյանցը։
«Նժդեհը այդ օրերում հայտնվեց Կարաքիլիսեի ճակատում՝ նախ որպես խրախուսող առաքյալ: Նրա խոսքը պողպատ հալեցնելու եւ պատնեշ կանգնելու հիպնոսացուցիչ գրավչություն ուներ: Դասալքությունը նահանջում էր Նժդեհի հայրենաշունչ խոսքի առաջից: Շուտով դեպի ճակատ գնալու եւ կենաց ու մահու վերջնական կռիվ մղելու տրամադրություն վերստացավ՝ շնորհիվ Նժդեհի թե՛ համոզիչ խոսքին եւ թե՛ կռիվ վարելու նրա ժողովրդաճանաչ հմտության»,- պատմում էր Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակից Վախթանգ Տեր-Հարությունյանը (Ռաֆայել Համբարձումյան, Գարեգին Նժդեհ — Ղարաքիլիսայի հրաշունչ ոգին, Երեւան 2004թ.):
Դեպի ճակատ, այնտեղ է փրկությունը
Մայիսի 24-ին վերակազմավորված հայկական ստորաբաժանումները Դիլիջանից շարժվում են Ղարաքիլիսա։ Զորքը բաժանված էր երեք մասի․ հյուսիսում ռազմաճակատի աջ թեւը վստահված էր Անդրանիկին, որն իր 2700 կամավորներով պետք է պաշտպաներ Գարգառի լեռնանցքը (Ստեփանավանից 10 կմ հեռավորությամբ)։ Ձախ թեւում՝ Հաջիղարա (Լեռնապատ) գյուղի մոտ գնդապետ Սամարցյանի ստորաբաժանումն էր եւ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը։
Նրանք պետք է պաշտպանեին Ղարաքիլիսայի հարավում գտնվող Գյադա-Մայմեխ (Անփայտ Մայմեխ) լեռան դիրքերը։ Կենտրոնական հատվածում՝ Դարպասից մինչեւ Ղշլաղ (Վանաձորի Տավրոս թաղամասը) գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի հեծելազորն էր եւ Նժդեհի կամավորական ջոկատը։
Մայիսի 25-ին տեղի են ունենում մարտերը թուրքերի առաջապահ հետախուզական ստորաբաժանումների հետ։ Նժդեհի հեծյալներն ու Տեր-Մովսիսյանի մարտկոցը հերոսական կռվով ջախջախում են թուրքերին ու ստիպում փախչել։ Այս հաղթության լուրն էլ ավելի է ոգեւորում հայերին։ Այս մարտում էլ զոհվում է Գուրգեն Տեր-Մովսիսյանը։
ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իր հուշերում պատմում է 4-րդ մարտկոցի հերոս հրամանատարի մասին.
«Հիշելով Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներին, ես ցանկանում եմ մի քանի բարի խոսք ասել հրետանային մարտկոցի հրամանատար կապիտան Մովսիսյանի մասին։ Նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում էին, որ արիությունը, քաջությունը, այդ մարդու անսահման սերը հարազատ Հայաստանի նկատմամբ եղել է օրինակ հարյուրավոր եւ հազարավոր մարտիկների համար։ Ես անձամբ ճանաչում էի Մովսիսյանին եւ նրա մարտկոցի մարտիկներին, որոնց նա վերաբերվում էր հոգատարությամբ ու սիրով։ Ինձ միշտ հիացմունք է պատճառել այն, որ կապիտանի ստորաբաժանման եւ՛ սպաները, եւ՛ զինվորները եղել են կարծես ընտրովի, գեղեցիկ հանդերձավորված, ձգված, եռանդուն, վստահ ուժերին եւ պատրաստ ցանկացած պահի մարտի նետվելու։ Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր, որին մասնակցեց փայլուն հրետանավորն ու վառ հայրենասերը, Մովսիսյանն ընկավ հերոսի մահով»։
Հակառակորդի կորուստները շատ մեծ են
Մայիսի 25-ին Ջալալօղլիում (Ստեփանավան) թուրքերի հետ մարտեր է մղում նաեւ Անդրանիկի ջոկատը, որից հետո տեղափոխվում է Դսեղ եւ այլեւս չի մասնակցում մարտական գործողություններին։
Մայիսի 26-ին Հայկական կորպուսի շտաբը հաղորդում է. «Ղարաքիլիսայի ջոկատն անցել է հարձակման, թեւանցելով թուրքերի աջ թեւը Գյադա-Մայմեխի կողմից։ Թեւանցումը հաջող է անցել, թուրքերին դուրս են մղել Հաջիղարայից եւ նրանից արեւելք գտնվող N 1010 բարձունքից։ Միեւնույն ժամանակ ճակատից գրոհել է Կորգանովի գունդը եւ գրավել N 750 բարձունքը։ Թուրքերը փախել են։ Միայն հեծյալները ոչնչացրել են 200 ասկյար։ Հակառակորդի կորուստները շատ մեծ են»։
Ականատեսներից մեկը նկարագրում է, թե ինչպես էր Նժդեհը հենց առաջնագծում՝ թուրքական շարքերի դիմաց, անձամբ ղեկավարում մարտը։ «Երիտասարդ խմբապետի մտավորական դեմքը փոխվեց, դարձավ մտահոգ ու խիստ։ Քրտինքը քունքերից իջնում էր ցած՝ լվանալով ու լղոզելով դեմքի փոշին։
Աչքերը հուրհրում էին զինավառ կրակով։ Մեր հրետանին եւ մի քանի գնդացիրներ կրակ բացեցին թուրք հեծյալների վրա, բայց չնայած կորուստներին, նրանք շեշտակի մոտենում էին։ Սկսվեց արյունալի դաժան սվինամարտը, որը տեւեց մոտ մեկ ժամ։ Դժվար էր հասկանալ ինչպես կավարտվի այդ կոտորածը։ Խմբապետը գտնվում էր մեր զորքերի մարտաշարքի կենտրոնում եւ մարտը վարում էր վստահ ու համարձակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սրամարտում էր որպես գերազանց դրագուն։ Թուրքական հեծելազորը ճնշմանը չդիմացավ, սկսեց նահանջել նախ թեւերից, ապա՝ կենտրոնից։ …Մի քանի դաշտային հրանոթներ սկսեցին կրակել նահանջող թուրք հեծյալների վրա՝ ցրելով նրանց եւ նահանջը վերածելով փախուստի…»:
Թուրքերի հակահարձակումը
Մայիսի 27-ին թուրքերը վերախմբավորում են իրենց ուժերը եւ անցնում հակահարձակման՝ գրավելով նախորդ օրը կորցրած մի քանի դիրքը։ Կորպուսի հաղորդագրության մեջ նշված էր, որ «2000 ասկյարներ Գյուլագարակի ճանապարհով շարժվում են դեպի Գյադա-Մայմեխի շրջան։ Թուրքերը սկսում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել»։ Նույն օրը Նազարբեկյանը հեռագրում է Ազգային խորհրդին, որ անհրաժեշտ է հաշտության ուղիներ գտնել թուրքերի հետ։
Հայկական ուժերը զգալի կորուստներ էին կրել, սպառվում էր զինամթերքը, սակայն համառ մարտերը շարունակվում էին։ Բոլորը օգնության հույս ունեին։
«Բայց մեր մարտիկները դեռեւս կռվում էին, նրանք ամենքը սպասում էին օգնության, եւ նա պիտի գար հյուսիսից, Դուալի լեռնարից, ազատասեր Լոռուց։ Չէ՞ որ այնտեղ էր Անդրանիկը, մեր Գարիբալդին, թառած Դսեղա ժայռերին, շրջապատված Սասնա ծռերով ու Գուգարաց քաջերով։
— «Փաշեն» եկավ, նրա ջանին մատաղ։ Ջա՜ն, տղերք, առա՜ջ… Ցեպ կազմեք, ցեպ:
Գնդակահար գլորվում են մեր տղերանց առաջին «ցեպը», կազմվում է երկրորդը, երրորդը, վազում են առաջ դեպի Աղմեթյալը, «Փաշին»-Անդրանիկին դիմավորելու…
Բայց ո՞ւր է Անդրանիկը, ո՞ւր են Դսեղա իգիթները, իլյուզիան ցրվում է, մեր տղերքը սթափվում են, երբ նրանց առաջն են դուրս գալիս թուրք ասկյարները։
Մերոնք նոր են հասկանում, որ Ջալալ-Օղլին երեք օր առաջ դատարկվել է, Լոռին պատրաստվում է անձնատուր լինել, իսկ Անդրանիկը, սարերի արծիվը, երես է թեքել իրենցից…» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
Չկարողանալով դիմադրել թուրքական նոր ուժերին՝ հայերը նահանջում են։ Մայիսի 28-ին թուրքերը գրավում են Ղարաքիլիսան եւ Վարդանլուն։ Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանից տեղափոխվում է Ներքին Ախտա (Հրազդան)։
Բացառիկ ճակատամարտը
Չնայած պարտությանը եւ նահանջին՝ Ղարաքիլիսայի հերոսամարտը անգնահատելի նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Գարեգին Նժդեհը հետագայում գրում է, որ «առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խ. Հայաստանը, այլեւ այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը եւ հիմքը դրեց Հայկական պետության»։
Պատմաբան Լեոն «Անցյալից» հուշագրության մեջ (Թիֆլիս, 1925թ.) նշում է, որ հայերի հերոսական դիմադրությունը մեծ կորուստներ է պատճառում թուրքերին, եւ ստիպում է հաշտություն կնքել։ Իսկ թուրքական զորքերի հրամանատար Վեհիբը Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին ասել է. «Բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան