[…] Ով աղոթում է, մասնակցում է Աստծո Բանի(*) աղոթքին. Նա նաև նրանց մեջ է, ովքեր անգիտանում են Իրեն, և ոչ ոքի աղոթքից բացակա չէ: Նա աղոթում է Հորը հավատացյալի հետ միությամբ, որի միջնորդն է: Արդարև, Աստծո Որդին մեր ընծաների Մեծն Քահանայապետն է, և մեր Դատապաշտպանն է Հոր մոտ: Աղոթում է նրանց համար, ովքեր աղոթում են, և աղերսում է նրանց համար, ովքեր աղերսում են: […]Մեծն Քահանայապետը միակը չէ, որ միանում է նրանց, ովքեր աղոթում են ճշմարտապես: Կան նաև հրեշտակները, որոնց վերաբերյալ Աստվածաշունչը հաստատում է, որ «երկնքում ուրախանում են յուրաքանչյուր մեղավորի համար, որ զղջում է, ավելի՝ քան իննսունիննը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն» (Ղկս 15, 7): Նույնը հարկավոր է ասել սրբերի հոգիների մասին, որոնք արդեն ննջել են: […] Աստվածային խոսքի համաձայն, բոլորից ամենակարևոր առաքինությունը դա մերձավորի հանդեպ սերն է: Հարկավոր է ընդունել, որ սրբերը, որոնք արդեն մահացել են, այդ առաքինությունը առավել քան երբեք գործադրում են ի նպաստ նրանց, ովքեր պայքարում են այս կյանքում, շա՜տ ավելի՝ քան կարող է անել ինչ որ մեկը, որ շտապում է օգնելու ամենատկարներին, մինչ տակավին ենթակա է մարդկային տկարությանը: Արդարև, «անդամներից մեկը տառապո՞ւմ է: Բոլոր անդամները տառապում են նրա հետ միասին: Անդամներից մեկը փառավորվո՞ւմ է: Բոլոր անդամները մասնակցում են նրա փառքին» (1Կր 12, 26): Ահա՛ թե ինչպես են վարվում նրանք, ովքեր սիրում են իրենց եղբայրներին:Բայց Առաքյալի խոսքը կարելի է կիրառել նաև այն սիրո վերաբերյալ, որը գործադրվում է ներկա կյանքից անդին. «Հոգատարությունը բոլոր եկեղեցիների հանդեպ: Ով տկար է, մի՞թե ես էլ տկար չեմ նրա հետ: Ով ընկնում է, մի՞թե ինձ էլ չի լափում կրակը» (2Կր 11, 28-29): Մի՞թե Քրիստոսն Ինքն էլ չի հայտարարում, որ Ինքը հիվանդ է հանձինս յուրաքանչյուր հիվանդի, որ Ինքը նրանց հետ է, ովքեր ո՛չ հագուստ ունեն, ո՛չ էլ տուն, որ Ինքն էլ քաղցից ու ծարավից տոչորվում է բոլոր մարդկանց հետ միասին: Ով կարդացել է Ավետարանը, մի՞թե կարող է անգիտանալ, որ Քրիստոսն Իրենն է դարձնում մարդկանց բոլոր չարչարանքները: […]
———————————————————————————————————————————————
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
ՈՐՈԳԻՆԵՍ, Աղոթքի մասին, X, 2-XI, 1-2
Աղբյուր՝https://mashtoz.org/