25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց:
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով:
Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ:
Այս պոռնիկը հեռավոր վայրից լսելով Աստծու հրաշագործությունների մասին, որ կատարվեցին Եգիպտոսում, Կարմիր Ծովում և անապատում, հավատաց Աստծուն, սակայն նրա հավատը ոչ ոքի հայտնի չէր, մինչև որ գործով չհայտնեց նա: Երբ Հեսուն՝ հաջորդելով Մովսեսին, լրտեսներ ուղարկեց Երիքով, որպեսզի լրտեսեն, և երբ մտան քաղաք, տեղի մարդիկ անմիջապես ճանաչեցին նրանց, և պահեցին քաղաքի դարպասների մոտ, որպեսզի սպանեն, բայց նրանք փախան և մտան պոռնիկ Ռախաբի տուն, որը պարսպի մոտ էր գտնվում, և քաղաքի մարդիկ գնացին որոնելու նրա տունը, որպեսզի գտնեն նրանց, բայց Ռախաբը, իմանալով, որ նրանք Հեսուի մարդիկ են, ընդունեց և թաքցրեց նրանց վուշի խրձերի տակ: Եվ տեղի մարդիկ խուզարկելով նրա տունը, չգտան և ասացին նրան, թե ի՞նչ եղան այն մարդիկ, որոնք գիշերով քո տուն մտան, իսկ Ռախաբն ասաց, թե մտան իմ տուն և առավոտյան գնացին, և չգիտեմ, թե ինչ եղան:
Եվ երբ արդեն համոզվեց, որ նրանց այլևս չեն փնտրի այդտեղ, սկսեց խոսել նրանց հետ հավատի և իմաստության մասին, և պատմեցին նրան Հեսուի կուսության մասին: Եվ երբ լսեց Հեսուի անունը, հրաժարվեց պոռնկությունից, և նրանցից նշան խնդրեց, որպեսզի փրկեն իրեն և իր ազգակիցներին Հեսուի սրից: Եվ նրանք նրան կարմիր նշան տվեցին, և վերցնելով՝ իջեցրեց նրանց պատուհանից և արձակեց՝ պատվիրելով զգուշությամբ լեռների վրայով գնալ, որպեսզի չբռնվեն:
Արդ, այս ամենի մասին այստեղ հայտնեց՝ մեջբերելով Ռախաբին, և ասաց. այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով:
Այս պոռնիկի մասին նաև Պողոսն է հիշում Եբրայեցիների թղթում նրանց համար, ովքեր հավատի մեջ տկարացել էին՝ նրանց առջև դնելով սա որպես հավատի բարի օրինակ, քանզի հավատով սկսեց և գործով կատարեց «Հավատո՛վ է, որ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր լրտեսներին» (Եբր. 11:31):
Արդ, քանի որ սրանք երկուսն էլ՝ Պողոսը և Հակոբոսը, այստեղ նույն միտքն են արտահայտում, այդ պատճառով էլ Սուրբ Գրքի այս վկայությունն են մեջբերում: Ուստի, մեկը հավատից սկսելով՝ հասնում է գործի կատարմանը, որպեսզի հավատքի մեջ սառածները ծածկվեն ճշմարտության խոսքով: Իսկ մյուսը գործով սկսում է և հավատով վերջացնում, որպեսզի արդարության գործերի մեջ ծուլացածներին վերհաստատի վկայության օրինակով:
Ինչպես, օրինակ, երկու հոգի նույն գործի համար երկու [տարբեր] ճանապարհներով են գնում, նույնպես նաև սրանք. մեկը հավատի արահետով գնաց, իսկ մյուսը՝ գործերի, սակայն նույն հատուցումն ստացան՝ յուրաքանչյուրը հավատով և գործերով արդարանալով:
Արդ, այս պոռնիկն օրինակ էր հեթանոսական եկեղեցու, որ Աստծուց հեռանալով պոռնկացավ բազմաստվածության կռապաշտության հետ: Եվ ինչպես որ Ռախաբը, լսելով Աստծու հրաշագործությունների և Հեսու կույսի մասին, մերկացավ իր աղտեղությունից և մաքրվեց՝ աչքի առջև ունենալով Հեսուի հետ օրինական ամուսնությունը:
Նույնպես նաև եկեղեցին, երբ լսեց Աստծու հրաշագործությունների մասին և Աստծու Որդու՝ Հիսուսին անունը, մերկացավ իր աղտեղությունից, մերժեց վնասակար հատկությունները և զարդարվեց շողշողուն զարդերով, որպեսզի իր գեղեցկությամբ ցանկալի լինի թագավորին, ըստ այս խոսքի. «Դո՛ւստր, լսի՛ր և տե՛ս, մոտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, քանզի թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը» (Սղմ. 44:11-12):
Եվ քանի որ Հեսուն նրան կնության չառավ, քանզի օրինակ էր, այլ ոչ թե ճշմարտություն, և օրինակին պատշաճ չէր օրինակին առնել և ճշմարտության համար վճարել: Այլ պետք էր, որ օրինակը դեպի ճշմարտության առաջնորդեր, ապա նոր ճշմարտությունը առներ ճշմարտությանը, քանզի «ով հարս ունի, նա՛ է փեսան» (Հովհ. 3:29), ասաց Հովհաննեսը ճշմարտության մասին: Եվ Առաքյալն էլ ասում է. «ձեզ նշանեցի մի մարդու՝ որպես մի անբիծ կույս Քրիստոսին ներկայանալու համար» (Բ. Կորնթ. 11:2), և նորից. «Այս խորհուրդը մե՛ծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ» (Եփես. 5:32):
Եվ, ինչպես օրինակ, պոռնիկ հեթանոսին իրեն կնության առավ, այդպես էլ Աստված խոսեց այդ պոռնկացած բնության հետ և առնելով միավորեց իր աստվածությանը: Եվ ինչպես որ Ռախաբը և նրա ամբողջ տունը ապրեց կարմիր նշանի շնորհիվ, և չկորան անհավատների հետ, այդպես էլ եկեղեցին փրկվեց Միածնի արյամբ՝ աստվածային սրի բարկությունից, որ թափվելու է անհավատների վրա: Եվ ինչպես որ պոռնիկ հեթանոսը իր պատուհանից իջեցրեց եբրայեցի լրտեսներին և փրկեց նրանց, նույնպես և Դամասկոսի եկեղեցին լրտես տիեզերական Պողոսին վանդակաճաղերով իջեցրին պարսպից և փրկեցին նենգողներից:
Արդ, ահա այս առակի խորհուրդը կատարվեց Ռախաբի միջոցով, այդ պատճառով էլ Սուրբ Գրքում հարգանքով է նա հիշատակվում: Ուստի նա ոչ միայն հավատով արդարացավ, այլև՝ գործով: Արդ, երբ ասաց այն, ինչի ճշմարտացիությունը վկայվեց գործերով, ապա նաև բնությանն է դնում որպես օրինակ, ինչը շատ նման է ճշմարտությանը:
26. Զորօրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է, սոյնպէս և հաւա՛տք առանց գործոց մեռեա՛լ են:
Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի:
Այս մասին այնքան հայտնի օրինակներ կան, որ նույնիսկ մեկնության կարիք չունեն: Ուստի մարմինը որքան մոտ է հոգուն՝ կենդանի է և շարժունակ, խոսում է, տեսնում, լսում, քայլում և աշխատում, իսկ երբ հոգին լքում է նրան, ապա այլևս ոչ մի բանի վրա ազդեցություն ունենալ չի կարող, և մեռած վիճակում անկարող է դառնում որևէ բան անելու:
Նույնպես նաև հավատը, ասում է, ինչքան ժամանակ որ գործերն իր հետ միավորված են՝ կենդանի է, գեղեցիկ և վայելչական, և պատրաստ ամեն տեսակ բարի ներգործությունների և աստվածային [ամեն տեսակ գործ] նրա մոտ հաջողությամբ են կատարվում՝ ըստ պատվիրանի, իսկ երբ գործեր չունի, հավատն ունայն է և դատարկ, ինչպես սաղարթախիտ ձիթենի, սակայն պտուղներից զուրկ, և ինչպես անպտուղ արմավենի, մեռած է և աններգործելի ամեն տեսակ բարիքների հանդեպ: Եվ սա է, որ ասում է. ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի:
Մե՛ծ է հավատը, եղբայրնե՛ր, մե՛ծ և կարևոր, և գլուխն է բոլոր բարիքների, ինչպես որ անհավատությունն է բոլոր չարիքների չարիքը, և հեռացնում է Աստծուց և միավորում դևերի հետ, այդպես էլ չկա առավել մեծագույն բարիք քան հավատն է. սիրելի և մերձավոր Աստծուն, և բարեկամ հրեշտակներին:
Արդ, քննե՛նք, եղբայրնե՛ր, թե ի՞նչ է հավատը և ինչե՞ր է կատարում, և ի՞նչ է անհավատությունը և որտեղի՞ց է ի հայտ գալիս:
Կատարյալ հավատը Աստծու բոլոր մեծ ու փոքր պատվիրաններն ամբողջությամբ և անթերի կատարելն է. կամ հանուն սիրո, որն առաջին և մեծագույն [պատվիրանն է], և կամ տանջանքների երկյուղից, որը ծառայական է, կամ էլ հանուն շահի՝ վարձքի ակնկալիքով, և հավատի այս տեսակների հետ պետք է նաև բարձրագույն հավատ, որպեսզի որևէ մեկը չերկմտի սրանցում և թերահավատ չգտնվի վարձքի հատուցման հանդեպ:
Ուստի այլ է որդիաբար սիրելը և հոր կամքը կատարելը և հայրական ժառանգորդ լինելը, և այլ է տանջանքների երկյուղից Տիրոջը ծառայելը: Եվ անհնազանդության փորձությունները մի՛ ընդունեք իբրև Տիրոջ կամ դատավորի կողմից ուղարկված: Եվ սա է, որ գովության է արժանի:
Այլ է, երբ վարձքի ակնկալիք ունենալով, անկեղծորեն աշխատում է Տիրոջ պատվիրանների համաձայն՝ հավատալով պատվիրանատուին, թե՝ «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք: Եվ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում» (Հովհ. 14:23-24):
Տեսնո՞ւմ ես փրկվածների գեղեցիկ շարքը, այսպիսի հավատ է պետք, իրական հավատ՝ խոնարհվել Աստծու պատվիրանների առաջ և անսասան հավատով կատարել՝ հույսի ակնկալիքով սպասելով փոխհատուցման:
Հավատալ նաև հատուցող Աստծուն, որ տալու մեջ առատաձեռն է և աննախանձ, քանզի վստահ է իր անսպառ կարողության վրա՝ մեկի դիմաց հարյուրապատիկ պատրաստել և հատուցել: Եվ սրա շնորհիվ Աստծու պատվիրանների կատարումը կլինի ոչ հարկադրաբար, ոչ մարդահաճությունից դրդված և ոչ էլ դժգոհելով, այլ՝ հոժարությամբ և սիրով, սա է իրական հավատի էությունը:
Իսկ անհավատությունը այսպես է. չհավատալ Աստծու ոչ մի պատվիրանի և ոչ էլ կատարել, այլ անհավատությամբ մոլեգնածի պես անառակությամբ անցկացնել կյանքը՝ զանազան չարիքների, անօրեն ընթացքի և նողկալի մեղքերի մեջ՝ ո՛չ Աստծուց երկնչելով և ո՛չ էլ մարդկանցից ամաչելով, ո՛չ տանջանքներն աչքի առջև ունենալով և ո՛չ էլ վախենալով անսուտն դատաստանից:
Եվ այս անհավատությունը ոչ թե Սուրբ Երրորդության խոստովանության մասին է, այլ նրանց, ովքեր քրիստոնյայի անուն են կրում, սակայն անհավատի գործեր են կատարում: Արդ, ասա՛, ո՞րն է ավելի արժանահավատ. խո՞սքը թե գործը: Մի՞թե գործը չէ: Այնինչ խոսքով կրում է Քրիստոսի անունը, սակայն գործով՝ սատանայի, հանուն հավատի ոչինչ չի անում, քանզի լցված է այսպիսի անհավատությամբ և բազմաթիվ անօրինություններով: Ուստի նա, ով չի հավատում Սուրբ Գրքին, որը մեր դեմ է դնում յուրաքանչյուր գործի հատուցումը, անտանելի տանջանքները, անքուն որդերը, աչքերի լացն ու ատամների կրճտոցը, արտաքին խավարի մեջ մտնելը, առագաստի փակվելը և նմանատիպ այլ բաներ, որոնցով Սուրբ Գիրքը սաստիկ սպառնում է մեղավորներին: Սակայն նա, ով ո՛չ սարսափում է, ո՛չ դողում, իրոք անհավատ է:
Անհավատ է և նա, ով չի զղջում մեղքերի համար և դարձի չի գալիս՝ խոստովանությամբ և ապաշխարությամբ մաքրելով և սրբելով իրեն:
Անհավատ է նաև նա, ով մամոնային է ծառայում, և այստեղի հարստության վրա է դրել իր հույսը, չի բաժանում, չի տալիս աղքատներին, որի հավաստիքը կա և կմնա, այլ այնպիսի անհագություն է ցուցաբերում սնոտի բաների հանդեպ, որ կարծես թե հավիտենական դրանց մեջ է մնալու: Եվ չի հավատում Աստծուն, որ ասում է իրեն. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12:20):
Անհավատ է նաև նա, ով մարմինն իր պղծում է պոռնկությամբ, ցանկասիրությամբ և նմանատիպ այլ աղտեղություններով, որովհետև նա չի հավատում այս ասողին, թե. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. 3:16-17):
Անհավատ է նաև նա, ով աստվածացնում է իր որովայնը, և ամեն ջանք միայն դրա համար է գործադրում, և կրում է այն, որպես մի ծակ կարաս, քանզի չի հավատում նա այս ասողին, թե. «Լալով եմ ասում նրանց մասին, ովքեր ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստ է, նրանց Աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլիպ. 3:18-19), և ով խցկում է իր որովայնը, անեծքի է արժանի:
Անհավատ է նաև նա, ով ամբարտավան է և փառասեր, սնափառ և գոռոզ, քանզի չի հավատում նա ասողին, թե ով գոռոզանում է մարդկանց առաջ, Աստծու առաջ պիղծ
է, և. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. 18:14), և. «Տերն ամբարտավաններին հակառակ է» (Առակ. 3:34), և դարձյալ, դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ մարդկանցից եք փառք փնտրում և Աստծու փառքը չեք կամենում:
Անհավատ է նաև նա, ով գողանում է, կամ բամբասում և տրտնջում, քանզի չի հավատում նա ասողին. «ո՛չ գողերը, ո՛չ տրտնջացողները և ո՛չ էլ բամբասողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (հմմտ. Ա Կորնթ. 6:9-10):
Անհավատ է նաև նա, ով ատում է իր եղբորը, նախանձում, և ոխ պահում իր ընկերոջ հանդեպ, քանզի չի հավատում նա ասողին, թե. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 3:15), և թե՝ «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. Սող. 2:24), և՝ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթ. 5:23-24):
Անհավատ է նաև նա, ով սուտ է խոսում և սուտ վկայություն է տալիս, քանզի չի հավատում նա ասողին, թե՝ «Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (Հովհ. 8:24), և՝ «կործանում ես բոլոր ստախոսներին» (Սղմ. 5:7), և թե՝ «Սուտ վկայություն մի՛ տուր» (Մատթ. 19:18):
Անհավատ է նաև նա, ով դատարկաբան է, ծաղրածու, ծաղրասեր և կատակերգու, քանզի չի հավատում ասողին, թե՝ «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12:36-37), և թե՝ «Վա՛յ ձեզ, որ ծիծաղում եք» (Ղուկ. 6:25):
Անհավատ է նաև նա, ով չի պատվում իր հորն ու մորը, քանզի չի հավատում ասողին, թե՝ «Պատվի՛ր քո հորն ու մորը. և ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թո՛ղ պատժվի» (Մարկ. 7:10):
Անհավատ է նաև նա, ով զայրացկոտ է և բարկացող, քանզի չի հավատում նա ասողին, թե՝ «Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. 5:22), և՝ «թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք» (Եփես. 4:25), և թե՝ «Մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակոբ. 1:20), և թե՝ «Նրանց կատաղությունը նման է օձի» (Սղմ. 57:5):
Անհավատ է նաև նա, ով չի սիրում իր եղբորը, քանզի չի հավատում նա Քրիստոսին, որ ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13:34), և՝ «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35), և. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ»:
Անհավատ է նաև նա, ով ծույլ է աղոթքի մեջ և հեղգ՝ խնդրվածքներում, քանզի չի հավատում նա ասողին, թե՝ «Ամեն ժամ աղոթեցեք, որ փորձության մեջ չընկնեք» (հմմ. Մատթ. 26:41), և թե՝ «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքերը բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության» (Ա Տիմ. 2:8):
Արդ, եթե մեկն այս ամենով անհավատ է գտնվում Սուրբ Գրքի վարդապետությունից, ապա ինչպե՞ս կարող է հավատով կոչվել:
Հորդորակ
Վա՜յ ինձ, թշվառիս, քանզի այս ամենը գրելով ինքս ինձ եմ դատապարտում, քանզի այս ախտերից որևէ մեկը չկա, որ միտքս գերած չլինի և ծառայեցրած չլինի ինձ մեղքի օրենքին: Եվ ես, իբրև արձանագրություն, կգրեմ իմ կրքերը՝ հիշատակ թողնելով ինձանից հետո եկողներին:
Ուստի, սովորությամբ եմ միայն քրիստոնյա, և չեմ ապրում քրիստոնյային վայել կյանքով, և խղճմտանքն ինձ հանապազ տագնապի է մատնում և տարակուսում եմ իմ խորհուրդներում: Թվում է, թե ուրիշներն էլ մաս ունեն իմ խղճմտանքից՝ իմանալով իրենց գաղտնիքները:
Եվ ես չգիտեմ, թե թշվառություններիցս որ մեկի համար ողբամ. մկրտության որդեգրությո՞ւնը, որ կորցրի, թե կուսության սրբությունը, որ պղծեցի, քահանայության շնորհը, որ արատավորեցի, թե այդ անվան մեծությունը, որ անվամբ միայն ստացա և անպիտան դարձրի և վաճառական եղա Քրիստոսի շնորհների՝ դրանք փոխարինելով հարստության, փառքի ու հանգստի հետ: Չգիտեմ ինչպե՞ս ողբամ պատիժներիս համար, ողբացող կանայք են ինձ պետք, ըստ Երեմիայի, որոնք երկար հառաչելով ողբեր հորինեին ինձ հուզելու համար, որպեսզի բավականաչափ արտասվեի անձիս դառնության համար, և կամ հառաչելով ասեի մարգարեական խոսքը. «Ո՞վ կտար իմ գլխին ջուր և իմ աչքերին՝ արտասուքի աղբյուրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի իմ հոգու դառնությունների համար» (հմմտ. Երեմ. 9:1):
Ունեցածս արժանիքներից որքա՞ն առավել պատվվեցի Աստծու կողմից, և որքա՞ն անհավատությանս պատճառով անարգեցի նրան և դարձա անհամ աղ՝ ոչ հողին պիտանի և ոչ էլ որպես աղբ [օգտագործելի], այլ՝ դուրս թափվելու և տրորվելու արժանի, ոչ թե մարդկանց, այլ՝ ինձ ախտով վարակող հրեշավոր դևերի կողմից: Եվ նմանվեցի արտաքինից ծեփված գերեզմանի, սակայն ներսում լի աչքերի, լեզվի, ականջների, հոտոտելիքի և շոշափելիքի միջոցով գործված մեղքերի գարշահոտությամբ: Եվ սովորաբար միշտ սրանց կողմն եմ դառնում՝ չցանկանալով ազատվել դրանցից, և խոզի նման՝ միշտ լվացված, սակայն տիղմի մեջ եմ թավալվում:
Եվ սրանց վրա մի այլ կերպ էլ էի անմտանում. ուրիշների աչքի շյուղը տեսնում, քննում էի և ջանում մաքրել, սակայն իմ աչքի գերանն անտեսում: Ուրիշների փոքրիկ փուշը ջանում էի քաղել, սակայն իմը՝ մոլախոտներով և մացառոտ թփերով տեսնելով, որ նույնիսկ գազանները կարող են բույն դնել նրանում, անտեսում էի: Եվ այսպիսի արտասուքի և ողբի արժանի գործերի մեջ հղփացած մնում էի և հանգիստ վայելում՝ մարդկանցից վարդապետ կոչվելով, և այս կյանքն անցկացնում էի զվարճանալով և կեղծավորությամբ: Առյուծի մորթու մեջ էի ինձ թաքցնում՝ անպիտան էշ լինելով հանդերձ: Աղոթող էի ձևացնում ինձ, սակայն իրապես այդպես չէի, պահեցող էի ձևացնում, սակայն իրականում որկրամոլներից ավելի անժուժկալ ու վատն էի: Խոնարհ ու նվաստ էի ինձ ցույց տալիս, սակայն գոռոզացած ամբարտավան էի՝ նման նրան, որ ասաց. «Աթոռս ամպերի վրա կդնեմ և բարձրյալի նման կլինեմ»:
Ինձ ողորմած և հյուրասեր էի ցույց տալիս, սակայն ագահության մեջ խեղդված էի անհույսի նման: Սուրբ և սրբասեր էի ինձ ցույց տալիս, սակայն գարշահոտ ախտերով որդի պես տիղմի մեջ էի սողում: Եվ այսպիսի աղտերի մեջ գտնվելով մարդկանց կողմից երանության էի արժանանում, որոնք միայն արտաքինին են սովոր նայել, այլ ոչ թե սրտին: Եվ հավատում էի ու այդպես էլ ինձ ցույց էի տալիս՝ միամիտներին խաբելով, թե իբր երանելի եմ: Եվ չէի վախենում նրանից, ով սրտին է նայում և թաքուն բաները տեսնում, և ում առաջ ամեն ինչ բաց է և հայտնի: Այդ պատճառով էլ պատանի դարձա, սակայն ոչ մի բարի բան չձեռնարկեցի: Հասուն մարդ դարձա, սակայն ոչ մի առաքինությամբ Քրիստոսի կատարյալ հասակին չհասա, մազերս սպիտակեցին, սակայն ես չսպիտակեցի խոստովանությամբ և ապաշխարությամբ: Եվ այժմ՝ գերեզմանի դուռն հասած, ահա արձանագրում եմ իմ մեղքերը, և ոչ մի օգուտ չունեմ: Եթե եղեգի շամբերը գրչի վերածեմ և մագաղաթները՝ գրելու նյութի, կարծում եմ, թե բավարար չեն լինի դրանք բովանդակելու և կրելու համար իմ տարակուսանքների աղետը:
Արդ, ես հազարավոր պարտքերի պարտապանս, մեղքերս խոստովանությամբ դրեցի ձեր՝ ինձանից հետո եկողներիդ սիրո առջև, որպեսզի ձեր բերանից թողություն ստանամ: Եվ դուք մի՛ հապաղեք ասել և տալ ինձ սրտացավությամբ, որպեսզի դուք ինքներդ էլ նման [թողություն] գտնեք մարդասերից:
Եվ ի՞նչ, այսքանով պիտի դադարեցնեմ տրտմալի կրքերս, թե նաև մարգարեից սովորած մխիթարականները պիտի ասեմ, որովհետև նա էլ մեղանչելուց հետո, երբ նման մտքի տարակուսանքի մեջ ընկավ՝ հուսահատվելով իր անձի փրկության համար, այս ողորմելի հառաչանքն արեց` ասելով. «Հոգիս չէր ուզում մխիթարվել» (Սղմ. 76:4): Եվ ապա այսքան տարակուսանքների մեջ գտնելով բոլոր վշտացածների մխիթարության և ուրախության քաղցր հույսը՝ հույս հուսահատների և ապավեն նեղվածների, աղաղակեց. «Հիշեցի Աստծուն և ուրախացա» (Սղմ. 76:4):
Արդ, մենք էլ, սիրելիներս, հիշե՛նք Աստծուն իր գթությամբ և չհուսահատվե՛նք մեր հոգիների փրկության համար: Այլ նորից Դավթի հետ ասենք. «Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովվեցնում ինձ. հույսդ դի՛ր Աստծու վրա, խոստովանի՛ր նրան, իմ անձի փրկիչն Աստվածն է» (Սղմ. 41:6): Եվ այս հույսով, անսասան հավատով և սիրով գործենք ըստ Աստծու պատվիրանների և դրանց մեջ անցկացնենք մեր կյանքը, որպեսզի արժանի լինենք խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը