Ավ. ըստ Ղուկասի 18.1-14
1 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս”: 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի: 8 Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞»: 9 Այս առակն էլ ասաց ոմանց, ովքեր իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելաւ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. “Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»:
Գործք 1.1-14
1 Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլոս, այն բոլոր բաների մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից՝ 2 մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ: 3 Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծոյ արքայութեան մասին: 4 Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը,– ասաց,– լսեցիք ինձնից. 5 որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»: 6 Նրանք մօտենալով՝ հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: 7 Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. 8 այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»: 9 Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: 10 Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. 11 «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»: 12 Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ: 13 Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: 14 Սրանք բոլորը միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի, ու նրա եղբայրների հետ:
Ավ. ըստ Մատթեոսի 28.16-20
16 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: 18 Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: 19 Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: 20 Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Ավ. ըստ Մարկոսի 10.13-27
13 Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: 14 Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը այդպիսիներինն է: 15 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծոյ արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»: 16 Եւ նա, վերցնելով նրանց իր գիրկը, նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց: 17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը, առաջ վազելով, ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս, նրան նայելով, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէկ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը, այդ խօսքից խոժոռուած, գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր: 23 Եւ Յիսուս, այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: 24 Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծոյ արքայութիւնը մտնի»: 26 Եւ աշակերտներն առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: 27 Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ոչ՝ Աստծոյ համար»: