[…] Մեր Տերն Իր վրա կրեց մահվան ծանրությունը, բայց Իր հերթին Նա տրորեց մահն Իր ոտքերի տակ, ծեծված ճանապարհի նման։ […] Քանի որ մահը չէր կարող կլանել անմարմին Բանին(*), ո՛չ էլ դժոխքները կարող էին ընդունել Իրեն առանց միս ու արյան, ահա՛ Նա ծնվեց Կույսից, որպեսզի մարմնի շնորհիվ կարողանար իջնել մեռյալների թագավորություն։Մեծապես ուժեղ եղավ հյուսնի Որդին, որն Իր խաչը կրեց ամեն ինչ կլանող դժոխքների վրայով և մարդկային զարմը տեղափոխեց կյանքի տուն։ […] Փա՜ռք Քեզ, որ խաչդ մահվան վրայով անցնող կամուրջ դարձրեցիր։ Այս կամուրջի վրայով հոգիները կարող են մահվան աշխարհից տեղափոխվել կյանքի աշխարհ։ Փա՜ռք Քեզ, որ մահկանացու մարդու մարմնով զգեստավորվեցիր և այն կյանքի աղբյուր դարձրեցիր բոլոր մահկանացուների համար։ Դու այժմ հաստատապես ապրում ես։ Նրանք, որ սպանեցին Քեզ, Քո կյանքի հանդեպ վարվեցին հողագործների նման։ Քո կյանքը ցորենի նման ցանեցին խորը ակոսի մեջ։ Բայց այնտեղից այն կրկին ծլարձակեց և իր հետ հարություն տվեց բոլորին։Եկե՜ք, ընծայենք մեր սերը որպես մեծ և տիեզերական զոհ, հանդիսավոր տաղեր վերառաքենք և աղոթքներ ուղղենք Նրան, Ով Իր Խաչն իբրև զոհ ընծայեց Աստծուն, Իր անգնահատելի գանձով մեզ բոլորիս հարստացնելու համար։ […]
——————————————————————————————————————————————————————————————
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Սբ. Եփրեմ Ասորու (306-373) « Ճառեր »ից.
Աղբյուր՝ https://mashtoz.org/