Երբ նշանավոր հնագետ ու արևելագետ Նիկողայոս Մառը 1904 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ առաջին անգամ ոտք դրեց Անի հեքիաթային քաղաք և սկսեց իր պեղումները, նա գիտեր, որ Անին իր համար բազում գաղտնիքներ է պահել և հիմա, դարերի լռությունից հետո, դրանք պիտի դուրս ելնեին մոռացության փոշիներից: Սակայն նույնիսկ փորձառու Մառը ենթադրել չէր կարող, թե իրեն ինչպիսի եզակի գտածո է վիճակված լույս աշխարհ հանելու:
1906 թ. Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հնագետները հանկարծ բախվեցին մի հսկայական քարաբեկորի: Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ դա այլ բան չէր, քան հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ: Ասում ենք՝ բացառիկ, քանի որ դա այդ դարերից մեզ հասած դեռևս միակ ամբողջական բոլորաքանդակն է: Որքան մեծ էր ներկաների ուրախությունը, երբ պարզվեց, որ իրենց դիմաց Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանն է: 2.26 մետր բարձրություն ունեցող, վարդագույն տուֆից կերտված աշխատանքն ամենայն հավանականությամբ տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին և այնտեղից վայր էր ընկել Անիի ավերումից հետո: Ինչպես իրենց աշխատություններում նկարագրել են Մառը, Թորամանյանն ու Հովսեփ Օրբելին, Գագիկ արքան պատկերված էր առաջ պարզված ձեռքերով, որոնց վրա եկեղեցու մանրակերտն է եղել, միայն թե արդեն փշրված վիճակում (պահպանված է եղել միայն ստորին մասը): Առավել հետաքրքրականն այն է, որ քանդակը եղել է ներկված. սպիտակ պարեգոտ, վրայից կարմիր պատմուճան, իսկ գլխին՝ շքեղ չալմա: Մորուքը, բեղերը և հոնքերը ներկված են եղել սև գույնով: Կրծքին կախված է եղել խաչ:
Հայտնագործման լուրը շատ արագ տարածվեց: Թիֆլիսից, Երևանից, Էջմիածնից, Ալեքսանդրապոլից մարդիկ շտապում էին Անի՝ տեսնելու նորահայտ հրաշքը: Նրանց թվում քիչ չէին նշանավոր մտավորականներ, քաղաքական ու պետական գործիչներ: Մարդկային աննախադեպ հոսքի պահանջները բավարարելու համար տեղում կազմակերպվում է թանգարան, որտեղ հավաքվում են պեղումների ընթացքում գտնված բոլոր արժեքավոր իրերը, իսկ կենտրոնական դերը վերապահված է Հայոց արքայի մեծադիր քանդակին:
1909 թվականի հունիսի 25-ին Անի է ժամանում նաև Մաթևոս Բ Իզմիրյան կաթողիկոսը՝ ուղեկցությամբ նշանավոր բանասեր Մինաս Չերազի: Նա դիտում է քանդակը, իսկ հետո հայտնի դերասան և լուսանկարիչ Արամ Վրույրը վեհափառին լուսանկարում է Գագիկ արքայի հետ: Սա ճակատագրական պատեհություն էր, որովհետև այսօր արձանի պահպանված հատուկենտ և առավել հաջողված լուսանկարներից մեկը հենց դա է: (Ի դեպ, քանի որ առիթ ներկայացավ, նշենք, որ որոշ աղբյուրների պնդմամբ արձանը գտել է հենց Արամ Վրույրը, թեև դա հաստատված վարկած չէ):
Անիի պեղումներն ու ուսումնասիրություններն ընթանում էին մեծ թափով, բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ի չիք է դարձնում բոլոր ծրագրերը: Հետագա տարիներին իրավիճակն առավել քան բարդանում է: Իսկ 1918 թվականին, երբ լուր է տարածվում, որ թուրքական զորքերը մոտենում են Անիին, կացությունը դառնում է օրհասական: Ամեն գնով պետք էր փրկել քաղաքի գանձեերը, մշակութային անգնահատելի արժեքները: Եվ այդ օրերին, երբ պատերազմական թոհուբոհի մեջ շատ քչերին էր մտահոգում հնագիտական գտածոների ճակատագիրը, Մառը, Օրբելին և Աշխարհաբեկ Քալանթարը ահազանգ են հնչեցնում՝ օգնության կանչելով անձնվեր ու սրտացավ մարդկանց: Բարեբախտաբար, նրանց կոչն անպատասխան չի մնում:
Մի խումբ երիտասարդ հայրենասերներ անմիջապես ուղևորվում են Անի: Հնագետների հետ կարճ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվում պեղումների արդյունքում հայտնաբերված բոլոր իրերն ու ցուցանմուշներն ամեն գնով տեղափոխել Ախուրյան գետի մյուս ափ: Հապշտապ կերպով մի ինքնաշեն լաստանավ են պատրաստում և սկսում են գետն անցկացնել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից:
Հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին: Եվ այստեղ էլ երիտասարդները անհաղթահարելի դժվարության առաջ են հայտնվում: Պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը: Քանդակը ջրասույզ անելու վտանգը՝ մի կողմից, մոտեցող թուրքական զորամիավորումները՝ մյուս կողմից թույլ չէին տալիս լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Արդեն հստակ էր, որ այդ հատվածում երիտասարդների յուրաքանչյուր տեղաշարժ հազիվ թե աննկատ մնար:
Եվ այդ ժամանակ կայացվում է թերևս միակ ու խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում՝ հողի տակ ու սպասել՝ մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ: Այդպես էլ վարվում են (Հ. Օրբելու աշխատության մեջ խմբագրության կողմից տրված է ծանոթություն, ըստ որի` «Գագիկ արքայի արձանը թուրքական զորքերի առաջխաղացման պայմաններում թաղվել է հողի մեջ»): Բայց, ցավոք, անվտանգ ու բարենպաստ ժամանակներն այդպես էլ վրա չհասան, և քանդակը մնաց իր անհայտ թաքստոցում: Ժամանակի հետ կյանքից հեռացան վերջին ականատեսներն ու մարդիկ, որոնք այդ գաղտնիքի կրողներն էին: Փոխարենը ծնունդ առավ մի նոր լեգենդ՝ Գագիկ արքայի արձանի լեգենդը: Որտե՞ղ է այն, ի՞նչ ճակատագրի է արժանացել: Այս երկու հարցերը տասնամյակներ շարունակ շոշափվել են, ու յուրաքանչյուր նոր տեղեկություն ավելի է թանձրացրել առանց այդ էլ թանձր առեղծվածի քողը:
Տասնամյակներ առաջ հրապարակվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր, թե արձանի գլուխը 1918 թ. Աշխարհաբեկ Քալանթարը փոխադրել է Սանահինի վանք (Աճեմյան Հ., Անի քաղաքը ներկայիս, «Հանդէս ամսօրեայ», 1924, հունուար-փետրվար, էջ 49-50): Բայց առայսօր դրա որևէ ապացուց չկա: Փոխարենը բավականին շրջանառվող վարկած էր դարձել այն տեսակետը, թե հնագետները վերջին պահին քանդակը թաքցրել են Անիի քարանձավներում:
Նկատենք, որ բացի արտաքին Անիից իսկապես եղել է նաև, այսպես կոչված, «ընդգետնյա Անի»: Դրա մասին զանազան լեգենդներ ու ավանդույթներ կան: Այդ ստորերկրյա անցքերն ու քարանձավները ժամանակին ժողովուրդն անվանել էր «Գեդան գեյմազ», ինչը բառացի նշանակում է «գնացողն այլևս ետ չի գա»: Պատմությունն ասում է, որ 1901 թվականի հուլիսի 29-ին Անի են մեկնել մի խումբ երկաթուղային ինժեներներ՝ Ալեքսանդրապոլի տեղամասի պետի տեղակալ Իվան Պանովի ղեկավարությամբ: Եվ ահա այս մարդիկ որոշում են ճշտել, թե որքանով են իրական քարանձավների մասին խոսակցություները: Իրենց հետ ունենալով հատուկ պարագաներ և ացետիլենային լապտերներ, նրանք մուտք են գործել ստորանցքերը, մեծ դժվարությամբ հաղթահարել են շուրջ 960 մետր տարածություն և դուրս են եկել վերջին մեծ սրահը, որը դարձյալ ճյուղավորումներ ուներ: Չէր բացառվում, որ փորձառու հնագետները, ովքեր գիտեին քարանձավների գոյության մասին, հենց դա ընտրեին որպես ամենահուսալի թաքստոց: Սակայն սա ընդամենը ենթադրություն է:
Սպասումների և որոնումների այս երկարատև ընթացքը մեկ անգամ էլ ընդհատվեց 1994 թվականին, երբ վրացի հնագետ Գ. Քավթարաձեն հայտարարեց, թե Գագիկ արքայի արձանի մի բեկորը հայտնաբերել է Էրզրումի թանգարանում: Ըստ այդ տեղեկության, պահպանված կտորը ներկայացնում էր քանդակի իրանի կենտրոնական և ձախ կողմը` նախաբազկի, հագուստի թևքի, ուսի ու մորուքի հատվածով, ու թանգարանում ցուցադրվում է առանց բացատրագրի: Բայց սա դեռ չի կարող դիտվել ասվածի լիարժեք ապացույց և չկա դրա ծագման հավաստիությունն ապացուցող որևէ արժեքավոր փաստարկ:
Թվում է, թե պետք է ի վերջո խաղաղվել ու հաշտվել արձանի կորստյան մտքի հետ: Բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ: Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը: Այն քարտեզագրված է ու, ինչպես վկայում են տարեց մասնագետները, այդ ինֆորմացիան սերնդեսերունդ փոխանցում է: Միայն թե դա հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով: Ասում են, գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ Հայաստանի մասնակցությամբ ու պայմանով, որ արձանը տեղափոխելու է մեր երկիր: Մենք էլ նրանց հետ հուսանք ու սպասենք: