9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան:
Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ:
Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում է, օրհնում ենք Տիրոջը և Հորը: Ահա լեզվի իրական գործը՝ օրհնել Աստծուն և աղոթքի վարժեցնել նրան, որպես Տեր և Հայր, վերակացու և խնամակալ փառավորել նրան, և որպես Տեր և դատավոր գովաբանել և փառաբանել նրան, հնազանդվել նրան և օրհնությամբ հաճելի լինել նրան, որպեսզի մեր առջև չդնի այն, ինչ ուրացող Իսրայելի համար ասաց. «Եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը» (Մաղաք. 1:6), և երկյուղը:
Նմանապես նաև այստեղ երկու անունն էլ հերթով դնում է՝ շնորհը և երկյուղը. նրանով, ասում է, օրհնում ենք Տիրոջը և Հորը: Եվ ապա սրանց հակառակն է բերում. և նրանով, ասում է, անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Այսպես է ասում՝ ցույց տալու համար լեզվի ահարկու մոլեգնությունը: Որ լեզվով, ասում է, օրհնում ենք Տիրոջն ու Հորը, նույնով անիծում ենք մարդկանց՝ Աստծո պատկերին: Առավել ակնածելի խոսքով է սկսում՝ ասելով, թե ի՞նչ օգուտ քեզ օրհնությունից, ո՛վ մարդ, երբ անեծքով անարգում ես Աստծու պատկերը, քանզի ով անարգում է թագավորի պատկերը, նույնն է, թե անարգում է թագավորին և մահապատժի է արժանի, և ով անիծում է Աստծու պատկերին՝ մարդուն, նույնն է, որ անիծում է սկզբնատիպին, քանզի Արարիչը ստեղծեց Աստծու պատկերին՝ ասելով. «Մարդ ստեղծենք մեր կերպանաքով և նմանությամբ» (Ծննդ. 1:26), իսկ դու անիծում ես նրան և անարգում, ապա ինչպիսի՞ ներման կարժանանաս:
Քո Տերն ու Արարիչը իր պատկերով պատվեց նրան և օրհնության արժանի դարձրեց. «Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք»» (Ծննդ. 1:28), իսկ դու անիծում ես, ապա որ մի գեհենը չի ընդունի քեզ: Ապա նորից զարմանալով՝ նույն բանն է կրկնում.
10. Ի նմի՛ն բերանոյ ելանեն օրհնութի՛ւնք և անէծք:
Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ ու անեծքներ:
Եվ սա ինչո՞ւ է բաժանում առաջինից: Որպեսզի ցույց տա, որ միևնույն տեղից և օրհնություն են դուս գալիս և անեծք, քանզի, եթե փառավորում է մարդուն՝ Աստծու պատկերին, նրա հետ նաև փառավորում է սկզբնատիպին, և եթե անարգում է մարդուն, անարգում է նաև Աստծուն, ինչպես որ մեր Տերն է ասում. «Ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16): Ապա դրան ավելացնելով՝ ասում է.
Ո՛չ է պարտ, եղբա՛րք իմ, այսմ այսպէս լինել:
Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի:
Ինչպե՞ս. երբեմն օրհնել Հորն ու Տիրոջը, և երբեմն էլ անիծել մարդկանց, քանզի սա չափազանց հեռու է ճշմարտությունից և հակառակ է Աստծուն: Արդ, ասելով, որ դա հաճելի չէ Աստծուն, ապա նարից օրինակ է բերում՝ խոսքը հավաստի դարձնելու և լռեցնելու համար նրանց, ովքեր առանց խտրականության այսպես են վարվում, և կարծում են, թե պետք չէ մեղադրել այն բերանին, որն օրհնաբանում է և միևնույն ժամանակ անիծում: Այդ պատճառով էլ ասաց.
11. Մի թէ՝ աղբի՛ւր անտստին ի միոյ ականէ բղխիցէ՞ քաղցր և դառն:
Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի՞:
Աղբյուր է ասում, քանի որ մարդու կարիքի համար են ստեղծվել Արարչի կողմից, և չեն փոխում իրենց բնությունը՝ երբեմն քաղցր բխեցնելով, երբեմն էլ՝ դառը, այլ կան և մնում են մշտապես նույն վիճակում:
Իսկ մարդու բերանը, հատուկ Աստծու փառքի համար ստեղծվեց՝ մաս չունենալով չարից, իսկ այն, որ արդեն չար է, ինչպե՞ս կարող է փոփոխել իր վիճակը՝ երբեմն քաղցր բխել, երբեմն էլ՝ դառը: Ապա պետք է, ասում է, աղբյուրից օրինակ վերցնի, որ մի ակունքից չի կարող քաղցր ու դառը ջուր բխեցնել:
Ապա նաև անփոփոխելի բնության մասին մեկ այլ օրինակ է ցույց տալիս բույսերի միջոցով, որով ավելի է մորմոքվում անդուռ և փոփախական բերանը:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը