Իմ երկիրն է չքնաղ Լոռին և Ակնի կիրճը աննման,
Իմ պապերն են կերտել Վանը բրիչներով ուրարտական,
Ո՛վ մարդ, հայոց տունն է քո դեմ, զգույշ անցիր դու իմ բակից,
Ամեն քարը որմ է՝ պոկված մի հին բերդի աշտարակից:
Երեք հազար տարի անդուլ քայլել եմ ես մաքառելով,
Աշխարհավեր ամեն զարկի ու փոթորկի կուրծքս տալով,
Իմ շուրջ փոշի դարձան անհետ Բաբելոն ու Ասորեստան,
Իսկ ես հաւետ հայ եմ կոչվում և իմ երկիրը՝ Հայաստան:
Ես կերտեցի երանելի Անին շքեղ ու սյունաշար,
Ուր երգ դարձավ ամեն աղյուս, նկար դարձավ ամեն մի քար,
Բարձանում եմ՝ ձեռքերիս մէջ նորից մարմար ու վեմ բռնած
Եւ երգերս աշխարհների ամենաբորբ երգին խառնած:
Եւ դեռ քանի՝ Թորոմանյան, Օրբէլի ու Մառ պիտի գան
Պեղեն Կարմիր բլուրներն իմ, քաղաքներն իմ հնադարյան,
Եւ դեռ քանի Լինչ ու Լեման պիտի դողան հիացմունքից՝
Կանգնած անցած փառքերիս դեմ և շլացած իմ նոր փառքից:
Ես չեմ մեռնի, քանի մի քար հիշեցնում է ինձ դեռ Անին
Եւ Մուշի մոտ որոտում է նվիրական Արածանին,
Քանի Արաքսը մայրական վայր է իջնում իմ Բյուրակնից
Եւ Մաիսն է նայոմ նրան արևաշող ամպի տակից: