17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան:
18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն:
Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում:
Մեկնություն
Նախ երկրավոր իմաստության մասին ասաց, որ նախանձ ու հակառակություն է ծնում, և մարմնավոր է ու դիվային, և նախապես ցույց տվեց, թե որտեղից է առաջանում այս իմաստությունը՝ փառասիրությունից և ագահությունից, գահասիրությունից, առաջնորդությունից և շատախոսությունից, սրա հետ մեկտեղ հանդիմանեց նաև լեզվի չարությունը և նրա անտեղի շարժումները, և թե որքան վնասակար է բնության համար:
Ապա շարունակում է խոսել բարի և աստվածային երկնավոր իմաստության մասին, որպեսզի լսողների միտքն արթուն պահի՝ չշփոթել նույնանուն իմաստությունները: Ինչպես օրինակ, եթե մեկը վերակացու լինի երկու ճանապարհների, և տեսնի, որ մեկը վնասակար է՝ լի քարերով, գազաններով և ավազակներով, իսկ մյուսը խաղաղ և հեշտությամբ անցանելի է, հակառակորդների կողմից խռովություններ չառաջացնող և ամեն առումներով ուրախարար: Ապա հեռվից ձայն կտա անցորդներին, ովքեր չիմանալով ցանկանում են գնալ այդ ճանապարհով, և մատով ցույց կտա, որպեսզի ետ դառնան վտանգավոր ճանապարհից և ընթանան խաղաղության պողոտայով, և երկուսի պատճառն էլ նույնն է:
Նույնպես նաև այս երանելին, մեջբերելով երկու իմաստությունները, իրապես ծանոթացնում է երկուսի էության հետ՝ սկզբից մինչև վերջ: Եվ տեսնելով մեկը, որ չափազանց փշաբեր և քարքարոտ վայր է, և լի ամեն տեսակ հակառակություններով, սկզբնավորված չարից և ավարտը՝ կորստաբեր, իսկ մյուսը՝ աստվածային բոլոր երանություններով լի՝ սկզբնավորված բարուց, և ավարտն էլ նույնպես բարի: Այդ պատճառով էլ ձայն է տալիս իմաստասերներին՝ կարծես մատով ցույց տալով մյուսի վնասակարությունը և ասելով, թե մի՛ հավատացեք դրան, քանզի երկրավոր է, մարմնավոր և դիվային, իսկ մյուսի մասին գովասանքով է խոսում՝ հավաստի դարձնելով լսողների համար և օրինակելի:
Իսկ վերին իմաստությունը, ասում է, նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմությամբ և բարի գործերով: Հերթով առաջ է բերում մարմնավոր իմաստության չար կողմերը, բոլորի առջև այն զազրելի ցույց տալիս, և բարեսեր անձանց համար՝ նողկալի: Իսկ սրան հակառակ գովաբանում է վերին իմաստությունը:
Քանզի, ինչպես օրինակ, երկինքը բարձր է երկրից, և որևէ մեկը չի կարող մարմնավոր ոտքով մտնել այնտեղ, այդքան էլ բարձր է վերին իմաստությունը, և առավել բարձրագույն ու բազմապատիկ քան երկրավորը, և որևէ մեկը չի կարող երկրաքարշ մտքով հասու լինել դրան: Այդ պատճառով էլ ասաց. վերին իմաստությունը նախ՝ սուրբ է: Միևնույն ժամանակ, որպես ճշմարիտ իմաստության դրսևորում, սրանք է բերում: Եվ ճշմարիտ իմաստությունը Աստծու իմաստությունն է՝ Հիսուսը, ինչպես որ Պողոսն է այդ նույն անվամբ կոչում նրան, քանզի այսպիսի խոսքերը միայն նրան են վայել, նրան են ասում վերին և սուրբ: Քանզի, արդարև, նա է միայն սուրբ և անխառն ամեն տեսակ վատագույն կրքերից. եթե ըստ աստվածության ասես, ապա սուրբ է և սրբություն ու սրբարար է բոլոր սրբերի համար, եթե ըստ մարդեղության ասես, ապա նորից նույնն է, ինչ աստվածությանն ասացինք, քանզի նրանով, ասում է, մեր մեղքերի մաքրումը կատարվեց և նստեց Աստծու աթոռի աջ կողմում (Եբր. 1:3):
Իսկ մարդկանցից նրանք, ովքեր արժանանում են այդ իմաստությանը, նաև իրենք են սրբվում, ուստի այդպիսի էություն ունի այդ սրբությունը, քանզի ում մոտենում է, սրբում է նաև նրան: Այդ պատճառով էլ ասաց. նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար: Այսինքն՝ վերին իմաստության սկիզբը նախ սրբությունն է, և ապա նոր այն ամենը, ինչ դրանից է բխում, քանզի ո՛չ նախանձն է ապականում նրան, ո՛չ հակառակությունը և ո՛չ էլ մյուս բոլոր անկարգությունները: Դրա համար էլ ասաց. նախ՝ սուրբ է և ապա՝ խաղարարար: Եվ քանի որ խաղաղությունը վերին իմաստության դրսևորում է, ասում է. «Խաղաղություն արեց խաչի վրա թափած իր արյամբ» (Կողոս. 1:20), և հաշտեցրեց Հորն արարածների հետ, և նորից. «Նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց» (Եփես. 2:14), և ինքն իսկ է ճշմարիտ խաղաղությունը, և տալով մեզ այն՝ բաժանում դրեց երկրավոր և երկնավոր խաղաղության միջև՝ ասելով. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14:27): Ուստի այս աշխարհի խաղաղությունը լի է խռովքներով, իսկ աստվածայինն անխառն է այդ ամենից, հաշտեցնող է և սրբարար, և հաճելի ամբողջ բնությանը:
Եվ մարդկանցից նրանք, ովքեր իմաստությամբ կարող են նայել ճշմարիտ խաղաղությանը և նույն օրինակով ստանալ խաղաղություն, նախ՝ հոգուց դեպի մարմին, ըստ առաքյալի խոսքերի, իրապես նրանց պատերազմը զատելով, և մարմնին ուղղել՝ հետևելու հոգուն, որպեսզի չըմբոստանա՝ վնասելով հեծյալին և ընդվզելով ապստամբի հոգու դեմ իր չար ներգործությամբ՝ մշտապես իր զենքերով պատերազմ հարուցելով նրա դեմ:
Ապա նաև ուրիշների մեջ էլ խաղաղություն կհաստատի, ովքեր զանազան ախտերի պատճառով խռովքի մատնված լինեն, ուսուցանելով և խրատելով նրանց մի կողմ թողնել մեղքերի պատերազմը, ձեռնամուխ լինել առաքինությունների և աստվածային խաղաղությանը, այսպիսին արժանի է երկնային խաղաղության: Այդ պատճառով էլ ասաց. ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ: Սրանով Հիսուսն ինքն իրեն կոչեց որպես ճշմարիտ խաղաղություն՝ ասելով. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):
Իսկ բարյացկամ, քանզի հոժարակամությամբ ծառայեց, ասում է շատերին և բոլորի մեղքը իր վրա վերցրեց: Եվ բարյացկամ լինելով՝ ձկնորսների ու մաքսավորների տուն էր մտնում, և նույնիսկ հաց ուտում նրանց հետ:
Նույն կերպ պետք է լինի նաև Հիսուսի աշակերտը՝ հեզ և բարյացկամ, հեզ՝ չարության հանդեպ, և բարյացկամ՝ բարության համար: Հեզ էր նաև Մովսեսը՝ Աստծու առաջին աշակերտը, այդ պատճառով էլ աստվածտեսությանն արժանացավ, և ամպի ու մառախուղի մեջ մտնելով՝ Աստծու հետ էր խոսում, իսկ բարյացկամ, քանզի ապերախտ ժողովրդի փոխարեն, որ նրան քարկոծում էին, իր անձն առաջ բերելով՝ իր վրա էր վերցնում Աստծու սաստիկ սպառնալիքները, և խնդրում էր ջնջել իր անունը մատյանից, եթե նրանց մեղքերը չի ներելու (տե՛ս Ելից 32:32):
Հեզ էր նաև Դավիթը, այդ պատճառով էլ ասում էր. «Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը» (Սղմ. 131:1): Դրա համար էլ Աստծուց իր մասին այդպիսի վկայություն ստացավ, ինչը մեզ համար զարմանալի է. գտա, ասում է, Դավթին (տե՛ս Սղմ. 88:21), Հեսեի որդուն, մարդ, ով իմ սրտով է, որ կատարում է իմ բոլոր ցանկությունները: Եվ բարյացկամ, քանզի Աստծու բարկությանը դեմ ելավ, որ ժողովրդի դեմ էր ուղղված՝ ասելով. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա» (Բ Թագ. 24:18):
Տեսնո՞ւմ ես երանելիների իրական հեզությունը և բարյացկամ լինելը, այդ պատճառով էլ մեծագույն իմաստության մարգարեությանն արժանացան, քանզի այնտեղ, որտեղ հեզությունն ու բարյացկամությունն է, այնտեղ է նաև մարգարեության հոգին: Ինչպես, օրինակ, ջուրը միշտ սիրում է զառիվայր հոսել, իսկ զառիվեր հոսել դժվարանում է, և հովիտներում է հավաքվում ու ծով դառնում: Նույնն է նաև Սուրբ Հոգու դեպքում, որ շնորհների աղբյուր է, և հավատացյալի որովայնից հորդառատ գետեր են հոսում, հեզի ու բարյացկամի մոտ հոժարակամ է գնում, իսկ խոնարհից առավել է հոսում, և բնակվում ու ծովանում է նրա մեջ, և գետի պես առաջ շարժվելով՝ նաև շատերի ծարավն է հագեցնում:
Իսկ սրանց հակառակների մեջ, որ ամբարտավանություն են ծնում, չի բնակվում, այլ՝ դժվարանում է, խուսափում և հեռանում, ինչպես իմաստուններից մեկն ասաց, թե հանդիմանության Սուրբ Հոգին չի բնակվում մեղսագործի մեջ:
Այս ամենից հետո հարկ է համարում նաև կարևոր այլ բաների մասին էլ խոսել՝ ասելով. լի ողորմածությամբ և բարի գործերով: Այն ամենը, ինչը վայել է վերին իմաստությանը և անխառն է ստորինից, ներմուծում է, և ոսկե շղթայի պես միմյանցից հեռու է շարում գովասանքի խոսքերը: Ուստի, ինչպես ասաց հեզ, բարյացկամ, ապա նաև ողորմության բարիքն է կողքին դնում՝ զարդարելու համար առաքինությունների շարքը: Արդ, ինչպես ոսկին ինքն իրենով գեղեցիկ է և վայելուչ, իսկ մարգարիտի հետ համադրված կամ արծաթի հետ կիտված առավել ևս գեղեցիկ է դառնում, նմանապես նաև իմաստության այլ առաքինությունները վայելուչ են և պայծառ, սակայն միավորվելով ողորմության հետ՝ առավել գեղեցիկ են դառնում: Հետևաբար մեջտեղում է դնում այն, ինչպես սիրտը մարմնի մեջ՝ ասելով. լի ողորմությամբ:
Լի ասելով ցույց է տալիս, որ բնությամբ է այդպիսին, այլ ոչ թե ձեռքբերովի է, քանզի այն, ինչ ձեռքբերովի է, թերի է և անկատար, իսկ իմաստությունը բնությամբ լի է, և թերությունը չի կարող նրան մոտենալ: Այդ պատճառով էլ ասաց. լի ողորմությամբ: Այս խոսքերը մարդուն չեն կարող վերաբերել, թեկուզ նա չափազանց ողորմած լինի, սակայն նրա մեջ էլ անողորմության մասնիկներ կգտնվեն կամ ժամանակի մեջ կամ գործնականում:
Այլ այն բնությունը, որ վեր է ամեն տեսակ կրքերից, նրան է վայել [լսել] այս ձայնը. լի ողորմութեամբ: Նրան, ում ո՛չ ժամանակը կարող է եղծել նրա ողորմությունը, ո՛չ իրերը կխոչընդոտեն նրան, ո՛չ դառնությունը կբաժանի և ո՛չ էլ ատելությունը կմթագնի, այլ միշտ ողորմած է և ամբողջովին բարի: Դրա համար էլ ասաց. լի ողորմությամբ և բարի գործերով: Իմաստության այն բոլոր պտուղներն, ասում է, որ ողորմություն են ծնում, բարի են, քանզի ծառը պտուղներով է ճանաչվում, թե՛ քաղցրահամ և թե՛ դառնահամ: Եվ ահա այստեղ ոչ միայն ողորմության համար է գովաբանում, այլև՝ բարի գործերի:
Եվ ինչո՞ւ միատեսակ պտուղներ չի դնում, այլ՝ բազմազան, ցույց տալու համար, որ թեև ծառը մեկ է, սակայն պտուղները տարբեր են և տարատեսակ, և բոլորն էլ բարի են ու աստվածահաճո:
Սակայն ծառի պես չէ, որ եթե քաղցրահամ է, սիրելի է և բարի, իսկ եթե դառնահամ է, ապա հակառակն է, այլ՝ իմաստության պտուղներից քաղցրը բարի է հաճելի լինելու և հավանելու համար, իսկ դառը՝ առավել բարի, ինչը, սակայն, դառնացնում են անհնազանդությամբ, նույնպես նաև մյուսները: Այդ պատճառով էլ ասաց. լի ողորմությամբ և բարի գործերով, այսինքն՝ գթալը, մարդասեր լինելը և տալը ողորմությունից է, իսկ հանցավորներին խրատելը պակաս ողորմություն չէ քան առաջինը:
Ապա ավելացնելով ասում է. մաքուր խղճմտանքով և առանց կեղծավորության: Որտեղ կեղծավորություն կա, ասում է, եթե նույնիսկ բարեգործ լինի, եթե նույնիսկ լի ողորմությամբ և բարյացկամ, հեզ և խաղաղարար և սուրբ, սակայն մաքուր խղճմտանքով չի կարող լինել: Իսկ մաքուր խղճմտանքով և առանց կեղծավորության եթե նույնիսկ սաստի, հանդիմանի, եթե նույնիսկ բարկանա, ապա խղճմտանքը մաքուր կլինի, քանզի ինչ անում է, Աստծու փառքի և մարդու փրկության համար է անում: Այդ պատճառով էլ ասաց. մաքուր խղճմտանքով և առանց կեղծավորության: Ուստի, ասում է, խիղճն այն ժամանակ է խայթում մտքին, երբ մեկը առերես կեղծավորում է՝ բարեկամ և ընկեր ցույց տալով իրեն, սակայն սրտի մեջ նենգում է նրան, իսկ այնտեղ, որտեղ նման բաներ չկան, ապա խղճմտանք էլ չկա, և նա միշտ կա և կմնա անկեղծ:
Արդարության պտուղը, ասում է, խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում: Վերևում, երբ ողորմության կողքին գործերը դրեց, բարի անվանեց դրանց, իսկ այստեղ ասելով՝ առանց կեղծավորության, այնուհետև դնում է արդարության պտուղը: Եվ ինչո՞ւ այստեղ հոգնակի չի դնում պտուղը ինչպես այնտեղ: Որովհետև այդպես է վայել ողորմությանը՝ ցույց տալու համար բազմաթիվ բարի գործերը, իսկ այստեղ [եզակի է դնում], որովհետև արդարությունը միատեսակ է և մեջտեղում գտնվելով՝ կարողանում է ընտրություն անել պիղծի և անարատի միջև, կեղծավորի և անկեղծի միջև, վավաշոտի և ողջախոհի միջև, և արդարությունն է, որ կշեռքի նժարի պես զուգակշիռ է և առանց նենգության, այդ պատճառով էլ նրան արդարության պտուղ կոչեց:
Կամ նորից, թվարկելով վերին իմաստության բաղադրիչները, և հաղորդելով ընդունողների մտքին, որպես ամենաբարի և կարևոր, ու կոչելով այն արդարության պտուղ, ինչպես նաև՝ աստվածային սերմ, դրանով հորդորեց այդ իմաստության կրողներին բարեբեր ու արգավանդ հող լինել՝ ընդունելու համար իմաստության սերմերը, և ծլեցնել ու աճեցնել հարյուրավոր թվերով, և քարքարոտ ու փշաբեր հող չլինել, որպեսզի չկորչեն սերմերը: Այդ պատճառով էլ ասաց, որ նա արդարության պտուղ է, այսինքն՝ անխառն ամեն տեսակ անիրավությունից և չարի որոմներից, ու խաղաղությամբ է սերմանում, ո՛չ աղաղակով, ո՛չ խռովությամբ, և ո՛չ պատերազմով, այլ՝ խաղաղությամբ: Եվ թող կարծիք չկազմվի, թե ամեն ցանկացողի համար սերմանում է նա, այլ նրանց համար, ովքեր գործով են խաղաղություն պահում նախ իրենց համար, և հետո՝ օտարների:
Իրենց համար՝ ամեն տեսակ արատածին պատճառները թոթափելով և իրենց անձերից վանելով, որպեսզի մարմինը հնազանդվի հոգուն, և որպեսզի նվազը պատերազմ չբարձրացնի վեհի վրա և ընկճի նրան, այլ առավել հաշտ, դյուրահավան և համամիտ գտնի նրան ամեն տեսակ առաքինություններում:
Իսկ օտարների հանդեպ լցված չլինի նախանձով, հակառակությամբ, վրեժխնդրությամբ, ատելությամբ, ոխակալությամբ և ոչ էլ թշնամություն անի որևէ մեկի հանդեպ, ապա բոլորի կողմից կընդունվի որպես խաղաղարար և բարի համբույրի կարժանանա, այսպիսի մեկի համար արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում, ըստ այնմ, թե. «Տերը բարիք է գործում բարիներին» (Սղմ. 124:4), նաև՝ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:7), նմանապես նաև սրանք, որ իրապես խաղաղարար են Աստծու, իրենց և իրենց ընկերների համար, փոխարենը Աստծուց խաղաղություն կգտնեն:
Եվ երբ այս ամենն ասաց և լսողների սրտերում հաստատեց վերին իմաստության [կարևորությունը], թե ինչպիսի ցանկալի պտուղներ ունի և ինչպես է խաղաղությամբ սերմանվում խաղաղարարների [սրտերում]: Այնուհետև նորից հիշեցնում է նրանց իմաստությանը ոչ հարազատ գործերը և հարց է տալիս նրանց:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը