Ավ. ըստ Ղուկասի 22.1-30
1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտրում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ տասներկուսի թւում էր: 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի: 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել պասեքը: 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին ու Յովհաննէսին եւ ասաց. «Գնացէք պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: 10 Եւ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաք մտնէք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կմտնի: 11 Եւ կասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է. ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”: 12 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կպատրաստէք»: 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: 16 Բայց ասում եմ ձեզ, որ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծոյ արքայութեան մէջ»: 17 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, որ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծոյ արքայութիւնը»: 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: 21 Բայց ահաւասիկ, իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: 22 Եւ մարդու Որդին աշխարհից կգնայ՝ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի»: 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ով է, որ այդ անելու է: 24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: 28 Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»:
Գործք 28.17-32
17 Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես, ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ, որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18 որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան: 19 Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ՝ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի: 20 Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»: 21 Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին: 22 Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ինչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամէնուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»: 23 Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծոյ արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից: 24 Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներն էլ չէին հաւատում: 25 Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերի հետ՝ 26 ասելով. “Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛. լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք. եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք. 27 որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, եւ իրենց ականջներով ծանր են լսում ու իրենց աչքերը փակել են, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ հոգով չիմանան եւ դարձի չգան, ու ես էլ նրանց չբժշկեմ”: 28 Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծոյ այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կլսեն»: 29 Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին: 30 Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով: 31 Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ: 32 Քարոզում էր Աստծոյ արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին:
Հուդա 1.17-25
17 Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը: 18 Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»: 19 Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին: 20 Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21 պահենք մեզ Աստծոյ սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար: 22 Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23 փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից: 24 Արդ, ով կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25 նրան՝ միակ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում: Ամէն:
Ավ. ըստ Հովհաննեսի 13.31-14.13
13.31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կփառաւորի իրենով. եւ իսկոյն կփառաւորի նրան: 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ «ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ», այժմ այդ ձեզ էլ եմ ասում: 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կգաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կտամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կլինես»:
14.1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մօտ, որպէսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: 5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձնով: 7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: 8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի համար հաւատացէք ինձ: 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: 13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կանեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով:
Ավ. ըստ Մատթեոսի 24.1-26.2
24.1 Յիսուս, տաճարից դուրս ելած, գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: 2 Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: 3 Եւ մինչդեռ նստած էր Ձիթենեաց լեռան վրայ, աշակերտներն առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կլինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի»: 4 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5 որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: 6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է երկունքի: 9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը: 15 Արդ, երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ ովքեր Հրէաստանում կլինեն, թող փախչեն լեռները. 17 եւ ով տանիքի վրայ կլինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18 եւ ով հանդում կլինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: 19 Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: 20 Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը եւ ոչ էլ՝ շաբաթ օրը. 21 որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: 22 Եւ եթէ այդ օրերը չկարճացուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճացուեն: 23 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ “Ահա Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ”, չհաւատաք նրան. 24 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծոյ ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: 25 Ահա ձեզ առաջուց ասացի: 26 Ապա եթէ ձեզ ասեն՝ “Ահա անապատի մէջ է”, չելնէք, կամ թէ՝ “Ահա մառանում է”, չհաւատաք. 27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: 28 Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: 29 Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: 36 Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: 37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. 38 որովհետեւ ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39 ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց, տարաւ բոլորին – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը: 40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ որ ժամին կգայ ձեր Տէրը: 43 Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, կհսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: 44 Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կգայ: 45 Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց: 46 Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կգտնի այդպէս արած: 47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կկարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ: 48 Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, 49 եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50 եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51 նրան կսպանի եւ կեղծաւորների վախճանին կարժանացնի. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում:
25.1 Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք, իրենց լապտերներն առած, փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: 2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: 3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ ձէթի պաշար չվերցրին: 4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: 5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: 6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց. “Ահա փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք”: 7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: 8 Յիմարները իմաստուններին ասացին. “Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգում են”: 9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. “Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք”: 10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: 11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա”: 12 Նա պատասխան տուեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում”: 13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը: 14 Նոյնպէս, մի մարդ հեռու երկիր գնալիս կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15 մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին՝ ըստ իր կարողութեան. եւ գնաց: 16 Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգը եւս շահեց: 17 Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկուս եւս շահեց: 18 Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց: 19 Շատ ժամանակ անց այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ: 20 Ով հինգ քանքար էր առել, մօտենալով հինգ քանքար եւս տուեց ու ասաց. “Տէ՛ր, հինգ քանքար տուեցիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի”: 21 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 22 Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. “Տէ՛ր, ինձ երկու քանքար տուեցիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի”: 23 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 24 Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. “Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես. հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25 վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահաւասիկ, քոնը՝ քեզ”: 26 Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. “Չար եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27 դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես գալով՝ տոկոսով հանդերձ պահանջէի այն, ինչ որ իմն է: 28 Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29 քանի որ ով ունի, նրան պիտի տրուի, եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: 30 Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս՝ արտաքին խաւարը. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում”: 31 Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով, եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից: 33 Եւ ոչխարները իր աջում պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախում: 34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջում են. “Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուեցիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուեցիք խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք”: 37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի”: 40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ, ինձ համար արեցիք”: 41 Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախում են. “Գնացէ՛ք ինձնից, անիծեալնե՛ր, յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուեցիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուեցիք, 43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք”: 44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած կամ ծարաւ կամ օտար կամ մերկ կամ հիւանդ կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք”: 45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ այս փոքրերից մէկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք”: 46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
26.1 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2 «Գիտէք, որ երկու օր յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:
Ավ. ըստ Մարկոսի 14.1-26
1 Եւ երկու օր յետոյ Զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան, նենգութեամբ բռնելով, սպանեն: 2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղն ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ, երբ ուզէք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւէտեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ուր էլ քարոզուի այս աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»: 10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտրում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան: 12 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ Զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում՝ գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»: 13 Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը, եւ երբ այն քաղաքը մտնէք, կպատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից: 14 Եւ նա որ տունը որ մտնի, տանտիրոջը կասէք. “Վարդապետն ասում է. ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ”: 15 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատրաստեցէք մեզ համար»: 16 Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան, ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին: 17 Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ տասներկուսի հետ միասին: 18 Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»: 19 Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ մի՞թէ ես եմ. եւ միւսը թէ՝ մի՞թէ ես եմ: 20 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքն ինձ հետ մտցրեց պնակի մէջ: 21 Ճիշտ է, մարդու Որդին կգնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնուի. լաւ կլինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»: 22 Եւ մինչդեռ ուտում էին, Յիսուս, հաց վերցնելով, օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, այս է իմ մարմինը»: 23 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին: 24 Եւ Յիսուս ասաց նրանց. «Այս է նոր ուխտի իմ արիւնը, որ հեղւում է շատերի համար: 25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու՝ մինչեւ այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծոյ արքայութեան մէջ»: 26 Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը: