ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏԵԱՆ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «ԵՐԲ ԼՐԱՑԱՆ ՊԵՆՏԵԿՈՍՏԷԻ ՕՐԵՐԸ, ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՐՏ, ՄԻԱՏԵՂ ԷԻՆ: ԵՒ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ԵՐԿՆՔԻՑ ՀՆՉԵՑ ՄԻ ՁԱՅՆ»
Անեղանելիդ Հոգիդ Սուրբ որ ես ընդ Հօր փառակից.
Եւ Էակից գոլով ծոցածին Բանին. Անհասանելիդ Աստուած հարցն մերոց.
Որ ի քառակերպեան Աթոռդ բազմեալ հանգչիս.
եւ սրբաբանեալ օրհնիս ի հրեղէն լեզուացն,անհասանելիդ Աստուած հարցն մերոց:
Այսօր մարդասիրապէս աստուածաբար իջեալ ի սուրբ Վերնատունն.
Եւ զհողեղէն լեզուս բաժանեալ հանգչելով ի նոսա. անհասանելիդ Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Նախ իմանանք, որ ասորերէն լեզուով «պենտեկոստ» թարգմանւում է հինգերորդ, որը նշանակում է Իսրայէլի ժողովրդի հինգ տօները: Նրանց առաջին տօնը բաղարջակերաց տօնն էր, որը յիշատակւում էր նրանց Եգիպտոսից դուրս գալու առթիւ: Երկրորդը տարեմուտն էր, երբ հաւաքւում եւ տօնում էին՝ խոստովանելով Աստծուն, որ Նա է մարդկանց կեանքի եւ տարիների պարգեւատուն: Երրորդը անապատում յիսուն օր յետոյ Սինայ լերան վրայ Աստուծոյ օրէնքների տւչութեան տօնն էր: Չորրորդը քաւութեան տօնն էր, եւ հինգերորդը տաղաւարահարաց տօնն էր: Այս երկուսն իրարից յետոյ կատարում էին Թշրին ամսուայ մէջ՝ ձուլածոյ հորթի համար քաւութեան եւ քառասուն տարի անապատում վրաններում բնակուելու յիշատակութեան համար, որպէսզի նրանց զաւակները չմոռանային Աստուծոյ երախտիքները:
Եւ ոմանք էլ ասում են, թէ «պենտ» նշանակում է հինգ, իսկ «կոստէ» նշանակում է գլուխ՝ ամբողջ տարուայ մէջ հինգ գլխաւոր տօներ ունենալու պատճառով: Այսպէս մենք եւս հինգ գլխաւոր տօներ ունենք՝ Յայտնութիւնը, Տեառնընդառաջը, Զատիկը, Համբարձումը եւ Հոգեգալուստը, իսկ ոմանք էլ հինգ տօները համարում են Ճրագալոյցը, Զատիկը, Նոր կիրակին, Համբարձումը եւ Հոգեգալուստը: Սակայն ստույգ թարգմանութիւնը տալիս է հռոմէացիների լեզուն, ըստ որի «պետայ» նշանակում է յիսուն, իսկ «կոստէ»՝ յիսնեակ: Այսինքն յիսնեակի օրերը լրանում են Քրիստոսի յարութիւնից մինչեւ Հոգեգալուստը, որ յիսուն օր է: Եւ յիսունը հինգ տասն է, որը ազատարար թիւ է: Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին ազատարար է, եւ երբ մարմնի հինգ զգայարաններով մեղանչում ենք տասնաբանեայ օրէնքի դէմ, Նա ազատում եւ թողութիւն է շնորհում: Այսքանը Պենտեկոստէի մասին:
Իսկ այժմ իմանանք, թէ ինչո՞ւ Սուրբ Հոգին չտրուեց Համբարձումից առաջ եւ նախքան Քրիստոսի յարութիւնը: Սա տասը պատճառ ունի:
Նախ. Քրիստոսի չարչարանքները պատճառ եղան Սուրբ Հոգին պարգեւելու համար: Ուրեմն պէտք էր սկզբում չարչարանքները լինէին, որովհետեւ նախ պատճառն է լինում, ապա հետեւանքը:
Երկրորդ. եթէ Քրիստոս նախքան խաչելութիւնը փառաւորուած լինէր այնպէս, ինչպէս խաչելութիւնից յետոյ, ապա կþարգելուէին եւ կը խափանուէին Նրա բոլոր չարչարանքները եւ աշխարհի ու բոլոր մարդկանց փրկութիւնը:
Երրորդ. Քրիստոս պէտք է հովուէր պարզամիտ աշակերտներին, ինչպէս թռչունն իր ձագերին եւ մայրն իր մանուկներին: Իսկ եթէ նախապէս Սուրբ Հոգին ստացած լինէին, ապա նրանց հովուելու կարիք չէր լինի:
Չորրորդ. որպէսզի աշակերտներն իրենց տկարութիւնը ճանաչէին փորձառութեամբ եւ իմանային, որ ընտրուեցին ոչ իրենց արժանիքների համար, այլ որ սովորեն վերցնել նաեւ ուրիշների տկարութիւնները, ինչպէս որ Քրիստոս վերցրեց իրենցը: Իսկ եթէ Հոգին ստանային ի սկզբանէ, չէին կարող վերցնել այլոց տկարութիւնները:
Հինգերորդ. որ իմանային, թէ Հոգին Քրիստոսով պարգեւուեց, իսկ եթէ սկզբում ստանային, կը կարծէին, թէ Հոգու տւչութիւնը եղել է Հայր Աստուծոյ կողմից եւ ոչ թէ Քրիստոսից:
Վեցերորդ. ինչպէս որ նախ սերմանում են, ապա քաղում արդիւնքը, այնպէս էլ պէտք էր նախ ընդունէին Քրիստոսի հաւատի սերմերը եւ ապա կամաց-կամաց աճելով՝ հասնէին Հոգու պարգեւներին եւ պտղաբերեին ուրիշներին:
Եօթերորդ. պէտք էր, որ այս պարգեւի մեծութիւնը երեւար երեքի կողմից: Առաջինը՝ Պարգեւողի կողմից, քանզի երբ Քրիստոս՝ որպէս փառքերի Թագաւոր, մարմնով նստած լինէր Իր թագաւորութեան աթոռին՝ Հօր աջ կողմում, այնժամ Հոգու պարգեւը՝ տրուած փառաւոր Քրիստոսից, աւելի մեծ կը համարուէր: Երկրորդ՝ Սուրբ Հոգին ընդունող առաքեալների կողմից, որովհետեւ նրանք փորձառութեամբ ճանաչում էին Քրիստոսի վարդապետութիւնը, տեսան Քրիստոսի մահը, յարութիւնը եւ այլն: Երրորդ՝ Սուրբ Հոգու կողմից, որով առաւել հռչակուած եւ փառաւորեալ եղաւ, որովհետեւ ընդունելով Սուրբ Հոգուն՝ հրաշագործում էին նոյն պահին՝ վկայելով Քրիստոսին: Սուրբ Հոգին առատապէս լցնում էր առաքեալներին, նրանք էլ՝ ուրիշներին:
Ութերորդ. Հոգին առատապէս պարգեւ է տրւում նրանց, որոնց սրտերում նախ Քրիստոս է փառաւորուած, որոնք մեծարում եւ փառաւորում ոչ միայն Նրա Աստուածութիւնը, այլեւ Նրա աղքատութիւնը, անարգանքը եւ մահը: Եւ նրանք են, որ արժանանում են Սուրբ Հոգու ընդունելութեանը:
Իններորդ. ինչպէս երբ թագաւորները նախ հաշտւում են մահապարտների հետ եւ ապա նրանց պարգեւներ տալիս, այդպէս էլ Քրիստոս նախ եկաւ, խաչուեց, Իր մահուամբ Հօրը հաշտեցրեց մարդկանց հետ, եւ յետոյ միայն Հայր Աստուած պարգեւեց Սուրբ Հոգուն: Եւ քանի որ Սուրբ Հոգին խաչի պարգեւն է, այդ պատճառով երբ յիշատակում ենք Սուրբ Հոգուն, խաչակնքում ենք մեր երեսը:
Տասներորդ. թէպէտ Սուրբ Երրորդութեան անձերի միջեւ ընդհանուր է ամէն բան՝ տէրութիւնը, իշխանութիւնը, Աստուածութիւնը եւ այլն, սակայն եկեղեցու վարդապետներն ասում են, թէ ստեղծելը վայելում է Հօրը, բաշխելը՝ Որդուն, զարդարելը՝ Սուրբ Հոգուն: Այդ պատճառով հարկ էր, որ յայտնի լինի նախ Հայրը, ապա Որդին եւ յետոյ Սուրբ Հոգին:
Այժմ քննենք այն խօսքը, որ ասում է. «Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն: Եւ նրանց երևացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք և նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ»[1]: Իմանանք, որ սուրբ առաքեալը չորս շեշտադրումներ է անում: Նախ՝ ասում է, թէ Սուրբ Հոգին իջաւ հնչմամբ եւ ձայնով: Երկրորդ՝ թէ երեւաց հրի կերպարանով: Երրորդ՝ երեւաց բաժանուած լեզուների պէս: Չորրորդ՝ նստեց իւրաքանչիւրի վրայ: Վարդապետները սրանք այսպէս են քննում:
Արդ, առաջինը, որ ասում է, թէ սաստիկ ձայն արձակեց, վեց մեկնութիւն ունի: Նախ՝ այս խօսքը ցոյց է տալիս, որ Սուրբ Հոգին քարոզութեան միջոցով առաքեալների ձայնը ողջ աշխարհում լսելի դարձրեց, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց»[2]: Երկրորդ՝ ցոյց է տալիս, որ Սուրբ Հոգին, որ Աստուած է եւ ողջ տիեզերքի Թագաւորը, չիջաւ գաղտնի եւ ծածուկ, այլ ահեղ ձայնով եւ որոտմամբ, ինչպէս թագաւորները, երբ քաղաք են մտնում: Երրորդ՝ ձայնը յայտնի է դարձնում է խօսքը: Այդ պատճառով Սուրբ Հոգին իջաւ ձայնով, որպէսզի ամբողջ աշխարհին յայտնի Աստուծոյ Բանի՝ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ Աստուածութիւնը: Չորրորդ՝ ձայնի յատկութիւնն է խօսքի հետ մտնել լսելիքը: Նա չի բաժանւում ինքն իրենից եւ ոչ էլ խօսքից: Այսպէս Սուրբ Հոգին իջաւ ձայնով, որ ամէնուր Իր Աստուածութեամբ անբաժանելիօրէն Բանի հետ է, սակայն առանձին Ինքն Իրենից չի բաժանւում: Հինգերորդ՝ քնած կամ թմրած մարդուն արթնացնում են ձայնով: Այդպէս էլ Սուրբ Հոգին իջաւ ձայնով, որպէսզի թմրութիւնից արթնացնի առաքեալներին՝ աշխարհին քարոզելու համար: Վեցերորդ՝ վարդապետը, որը կամենում է ուսուցանել աշակերտին, ձայնով է պատմում դասը, եւ աշակերտները սովորում են: Այդպէս էլ Հոգին վարդապետեց եւ ուսուցանեց աշակերտներին, ինչպէս որ խոստացաւ Քրիստոս. «Սուրբ Հոգին, որին Հայրը կþուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կþուսուցանի և ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»[3]: Այդ պատճառով Սուրբ Հոգին իջաւ ձայնով եւ աշխարհի քարոզիչներին ուսուցանեց աստուածային վարդապետութիւնը:
Այժմ երկրորդ հարցման մասին, թէ ինչո՞ւ Սուրբ Հոգին երեւաց հրի կերպարանքով: Վարդապետներն ասում են՝ վեց պատճառով:
Առաջին. հուրն այնպիսի յատկութիւն ունի, որ հալեցնում է կարծր իրերը, իսկ թոյլերը՝ ամուր դարձնում, ինչպէս որ հալեցնում է երկաթը, պղինձը եւ այլ նմանները, սակայն թրծում եւ կարծրացնում է կաւէ անօթը: Այսպէս Հոգու զօրութիւնն անհաւատների կարծր սրտերը հալեցրեց այնպէս, որ մէկ օրում հինգ հազար հոգի հաւատացին Քրիստոսին, նաեւ սատանայի զօրութիւնն այնպէս հալեցրեց, որ նա հոսեց ջրի պէս եւ տկարացաւ: Սակայն առաքեալներին թրծեց ու հաստատեց այնպէս, որ նրանք ամուր եղան ընդդէմ այն բոլոր տանջանքների, որ եղան անհաւատների կողմից:
Երկրորդ. հուրը շատ նիւթեր հալեցնում, այրում եւ ամբողջը մի է դարձնում: Այդպէս էլ Հոգին բաժանուած ազգերին եւ լեզուներին միաւորեց մէկ հաւատով եւ ի Քրիստոս կոչման մէկ յոյսով: Այդ պատճառով ողջ աշխարհի բոլոր հաւատացեալներին մէկ ընդհանրական եկեղեցի են կոչում:
Երրորդ. մէկ վառուող մոմը շատ մոմեր է վառում եւ չի սպառւում, եւ մի խռիւը այլ միւսին է վառում եւ աշխարհով տարածւում: Այսպէսէլ Սուրբ Հոգին վառուեց առաքեալների մէջ եւ նրանցից էլ անսպառելի կերպով՝ իրենց աշակերտների մէջ: Եւ ապա նրանցից էլ, մէկը միւսից վառուելով, տարածուեց ամբողջ աշխարհով եւ ամէնքին Իր բնութեանը դարձրեց:
Չորրորդ. հուրն ունի թեթեւ եւ վեր բարձրացող յատկութիւն: Այն բոլոր գեջ նիւթերից դուրս է բերում խոնավութիւնը, գոլորշիացնում ու թեթեւացնում: Այդպէս էլ Հոգին արեց մեր ծանրացած եւ գիջացած բնութեանը. նրան վառեց Իր սիրով, մեղքերի գիջութիւնը վերածեց զղջման տրտմութեան ու արտասուքի եւ մարդկանց հոգին ու միտքը Իր հետ երկինք բարձրացրեց:
Հինգերորդ. որտեղ հուրն է, այնտեղ խաւար չկայ, որովհետեւ հուրն իր լոյսով հալածում է նրան: Այդպէս էլ, որտեղ Սուրբ Հոգին է, այնտեղ անգիտութեան խաւար չկայ, որովհետեւ Նա մարդու հոգուց հալածում է մեղքի, անգիտութեան եւ անհաւատութեան խաւարը:
Վեցերորդ. հուրը զանազանակերպ է տարբեր իրեր այրելիս, բայց երբ դրանք մի տեղ են ժողովում, մի տեսակ է լինում: Սա ցոյց է տալիս, որ քրիստոնէական հաւատը զանազան է ըստ ազգերի ու լեզուների, սակայն բոլոր ազգերի մէջ նոյն հաւատն ու դաւանութիւն է տարածուած:
Այսքան երկրորդ հարցման մասին, թէ ինչո՞ւ Սուրբ Հոգին հրով երեւաց:
Եւ այժմ քննենք երրորդը, թէ ինչո՞ւ լեզուի նմանութեամբ երեւաց: Ասենք, որ վեց պատճառով:
Նախ. ցոյց տալու համար, որ նոյն Հոգին էր, որ աշտարակաշինութեան ժամանակ եօթանասուներկու լեզուներ բաժանեց եւ այժմ էլ նոյն Հոգին է, որ առաքեալներին եօթանասուներկու լեզուների գիտութիւն պարգեւեց:
Երկրորդ. երբ առաքեալներն իմացան այլ ազգերի լեզուները, այլեւս պատճառ չունէին՝ չգնալու եւ նրանց քրիստոնէութեան չդարձնելու համար:
Երրորդ. լեզուն խօսքի սպասաւորն ու գրիչն է, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի»[4]: Այսպէս էլ առաքեալները ծառայ եւ գրիչ եղան Աստուծոյ Խօսքի համար եւ ամէն խօսք գրեցին լսողների սրտում:
Չորրորդ. լեզուն սրաձեւ է: Այդպէս էլ Սուրբ Հոգին մտաւ առաքեալների սիրտը եւ սրեց նրանց մտքերը Աստուծոյ գիտութեան խորքերում, ինչպէս որ առաքեալն է ասում. «Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետև Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը»[5]:
Հինգերորդ. լեզուով ընդունում ենք ամէն ինչի համն ու ճաշակը: Այսպէս Սուրբ Հոգին երեւաց հրեղէն լեզուով եւ առաքեալներին տուեց ողջ հոգեւոր գիտութեան համն ու ճաշակը, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը»[6]:
Վեցերորդ. զգալի խօսքը բխում է սրտից, բայց դէպի մեր լսելիքը գալիս է բերանով եւ լեզուով: Այդպէս էլ Սուրբ Հոգին բխում է միայն Հօրից, իսկ Որդու միջնորդութեամբ, Ով Հօր բերանն ու լեզուն է, իջնում է մեզ մօտ եւ ուսուցանում: Սուրբ Հոգին բխում է Հօրից, ինչպէս որ Քրիստոս ասաց. «Սուրբ Հոգին ելնում է Հօրից»[7] եւ առնում Որդուց: Նաեւ ասաց. «Ինչ որ առնում է Ինձնից եւ կը յայտնի ձեզ»[8]: Եւ աւելացնում է. «Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է»[9], այսինքն զօրութիւնը, իմաստութիւնը, գիտութիւնը եւ այլն: Եւ «Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է»[10], — ասում է առաքեալը: Այդ պատճառով Հոգին Իր անձով բխում է Հօրից, սակայն էութեամբ առնում է Որդուց եւ բաշխում բոլոր արարածներին: Այսքանը երրորդ հարցման մասին, թէ ինչո՞ւ Սուրբ Հոգին երեւաց լեզուի նմանութեամբ:
Այժմ քննենք չորրորդը, որն ասում է, թէ նստեց նրանց վրայ: Ասենք, որ նստելը երեք բան է ցոյց տալիս:
Նախ. ցոյց է տալիս այն, որ երբ սիրելի մարդը կամ բռնուած մէկը ոտքի վրայ է լինում, թւում է, թէ պիտի գայ, գնայ կամ փախչի, բայց երբ նստած է լինում, այս կարծիքը ցրւում է: Այսպէս Սուրբ Հոգին նստեց առաքեալների վրայ, ինչպէս որ Քրիստոս ասաց. «Սուրբ Հոգին ձեզ հետ պիտի բնակուի եւ յաւիտեան ձեզ հետ լինի»[11]:
Երկրորդ. նստելը հանգիստն է ցոյց տալիս, քանզի ամէն ոք ցանկանում է նստել հանգիստ եւ անդորր տեղում, բայց դժուարին ու քարքարոտ տեղում չի նստում: Սա ցոյց է տալիս, որ առաքեալներն ազատ էին ամէն տեսակ մեղքերից եւ պատրաստել էին իրենց անձերը որպես հանգիստ տեղ Աստուծոյ համար: Այդ պատճառով Սուրբ Հոգին նստեց նրանց վրայ եւ հանգստացաւ նրանց մէջ: Այդպէս էլ այժմ Սուրբ Հոգին հանգստանում է նրանց մէջ, ովքեր սրբութեամբ պատրաստում են իրենց անձերը Սուրբ Հոգու համար: Իսկ ովքեր սրբութեամբ չեն պատրաստւում, փախչում է նրանցից, ինչպէս որ Իմաստունն է ասում. «Իմաստութեան Սուրբ Հոգին փախչում է նենգութիւնից եւ այն մարդուց, ով մեղք է գործում»: Նենգ մարդիկ թերահաւատներն են, իսկ մեղքով ընթացողները՝ հեշտասէրները: Նրանց մէջ չի բնակւում Սրբութեան Հոգին, այլ բնակւում է պղծութեան ոգին:
Երրորդ. նստելը ցոյց է տալիս աթոռի վրայ նստած թագաւորին: Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին Աստուած է եւ թագաւոր է, իսկ առաքեալները Նրա աթոռը եւ կառքն են, ինչպէս որ Եզեկիէլը տեսաւ կենդանիներին, որոնք աթոռ եւ կառք էին Աստուծոյ համար, եւ Սուրբ Հոգին նստած էր նրանց վրայ: Սա ցոյց է տալիս, որ Նա չի նստում անշունչ եւ անզգայ աթոռի վրայ, ինչպէս բոլոր թագաւորները, այլ քանի որ Աստուած է եւ Թագաւոր է, նստում է կենդանի եւ բանաւոր աթոռի վրայ, որոնք առաքեալներն են: Դարձեալ՝ այն կենդանիները չորս կերպարանք ունէին՝ Մարդու, Առիւծի, Եզի եւ Արծուի: Եւ սրանք բոլորը թագաւորներ են. մարդը թագաւոր է ամբողջ աշխարհի վրայ, առիւծը թագաւոր է բոլոր գազանների վրայ, եզը թագաւոր է բոլոր անասունների վրայ, եւ արծիւը թագաւոր է բոլոր թռչունների վրայ: Ուստի Սուրբ Հոգին, որ նստում եւ հանգստանում էր նրանց վրայ, թագաւորների Թագաւորն է: Եւ դարձեալ՝ չորս կենդանիները նշանակում են չորս աւետարանիչները. մարդը խորհրդանշում է Մատթէոսը, որովհետեւ նա սկսեց պատմել Քրիստոսի մարդկային ծնունդը, Առիւծը Մարկոսն է, որովհետեւ նա Աւետարանը գրեց արիութեամբ եւ համառօտ ընթացքով: Եզը խորհրդանշում է Ղուկասին, որովհետեւ նա Աւետարանը գրեց մեծ աշխատութեամբ, իսկ Արծիւը՝ Յովհաննէսին, որ Սուրբ Հոգու թեւերով եւ իմացմամբ սլացաւ երկնային զօրութիւններից էլ վեր եւ յայտնեց նախքան յաւիտեանները եւ ժամանակներից առաջ Աստուծոյ Բանի անմարմին ծննդեան մասին: Այդ պատճառով Սուրբ հոգին այսօր իջաւ երկնքից եւ նստեց նրանց վրայ, զօրացրեց առաքեալներին քարոզելու համար եւ աւետարանիչներին՝ Աւետարանի իւրաքանչիւր պատմութիւնը մեզ թողնելու համար:
Բայց այստեղ հարց է առաջանում. որքա՞ն պարգեւներ ընդունեցին առաքեալները Սուրբ Հոգու գալստեամբ: Վարդապետներն ասում են, թէ նրանք արժանացան վեց տեսակ գլխաւոր պարգեւների:
Առաջին պարգեւը մահուչափ մեղքերից մաքրութիւնն էր, որովհետեւ Սուրբ Հոգու գալուստից յետոյ դրանք այլեւս չտիրեցին նրանց:
Երկրորդը հրաշագործելու կարողութիւնն էր:
Երրորդը քարոզելու եւ առանց երկիւղի ազգերի ու թագաւորների առջեւ խօսելու համարձակութիւնն էր, ինչպէս որ Պետրոսը նոյն ժամին երեք հազար հոգու հաւատքի դարձրեց:
Չորրորդը՝ ստացան կատարեալ իմաստութիւն եւ բոլոր մարգարէութիւնների ու Կտակարանների գիտութիւն ըստ այն խօսքի, թէ «Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով, որովհետև Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորին խորհուրդները»[12]:
Հինգերորդը անբաժանելի միաւորումն է Քրիստոսի սիրուն, քանզի խաչելութեան ժամին թողեցին Նրան ու փախան, սակայն Սուրբ Հոգու գալուստից յետոյ բոլորը Նրա անուան համար չարչարուեցին ու մեռան ըստ այն խօսքի, որն ասում է. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը»[13]:
Վեցերորդը բոլոր ազգերի լեզուների գիտութիւնն էր ըստ այն խօսքի, որն ասում է. «Բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս»[14]:
Երկրորդ հարցումն առ այն, թէ ինչպէս էին առաքալները խօսում այլեւայլ լեզուներով: Նիւսացին գրում է, որ առաքեալները խօսում էին մի լեզուով, սակայն իւրաքանչիւրը լսում էր իր լեզուով: Իսկ Աստուածաբանն ասում է, որտեղ հարկ էր լինում խօսել որեւէ լեզուով, խօսում էին եւ իւրաքանչիւր ազգի առաջ իրենց իսկ լեզուով էին խօսում, որ շնորհը լինի խօսողինը եւ ոչ թէ լսողինը:
Երրորդ հարցումը, թէ ինչո՞ւ Հայր Աստուծոյ համար տօն չենք նշում, ինչպէս Որդու եւ Սուրբ Հոգու համար: Պատասխանենք, որ համաբուն[15] եւ համապատիւ է Սուրբ Երրորդութիւնը, որովհետեւ Մէկի փառքը Երեքինն է, եւ Երեքինը՝ Մէկինը: Դարձեալ՝ Հայրը չերեւաց մարմնով, ինչպէս մարմնացեալ Բանը, կամ Սուրբ Հոգին, որ իջաւ աղաւնակերպ եւ հրակերպ:
Չորրորդ հարցումը, թէ ինչո՞ւ ենք ութ օր տօնում, որովհետեւ հաւասար են Ծննդեան, Յարութեան եւ Հոգեգալստեան երեք տօները, եւ ինչպէս որ Ծննդեան եւ Յարութեան ժամանակ տօնում ենք ութ օր, նոյնպէս էլ Հոգեգալստեան տօնի ժամանակ:
Հինգերորդ հարցումը, թէ ինչո՞ւ ենք Քրիստոսի Ծննդեան եւ Յարութեան ութնօրէքն անում, իսկ Սուրբ Հոգու տօնը՝ պահեցողութեամբ նշում: Նախ՝ ասենք, քանի որ Ծնունդը եւ Յարութիւնը մարմնաւոր էր, այդ պատճառով մարմնապէս ենք տօնում, իսկ Հոգու գալուստը տօնում ենք հոգեպէս՝ պահքով ու հոգեւոր երգերով: Երկրորդ՝ Աստուածաբանն ասում է. «Երբ առնես Հոգին, պահի՛ր»: Երրորդ՝ աւետարանիչները յայտնապէս ասում են, թէ երբ Տէրը մկրտուեց, նոյն ժամին Հոգին Նրան անապատ տարաւ եւ պահեց քառասուն օր ու քառասուն գիշեր: Այդպէս էլ երբ մենք առնում ենք Հոգին, տօնում ենք պահեցողութեամբ: Չորրորդ՝ եօթն են Հոգու զօրութիւնները, եւ նրանցից իւրաքանչիւրն իրար հաւասար են եւ ոչ փոքր: Այդ պատճառով ինչպէս որ Հոգու համար տօնում ենք կիրակի օրը, եօթ օր էլ Հոգու եօթ զօրութիւնների համար ենք տօնում: Իսկ ովքեր չեն տօնում եւ փոքր են համարում Հոգու զօրութիւնները եւ յատկապէս Սուրբ Հոգուն, նրանք հաւասարւում են Մակեդոնին եւ այլ հոգեմարտներին: Եւ սուրբ Ներսէսը եւս, համաձայն լինելով Աստուածաբանին, ութօրեայ տօն նշանակեց: Հինգերորդ՝ Սուրբ Հոգու գալստեամբ ընդունեցինք Հոգու եօթ պարգեւները, պահեցողութեամբ նրանց պահեցինք մեզ մօտ եւ պատուեցինք տօնախմբութեամբ:
Քննենք վեցերորդ հարցումն առ այն, թէ ինչո՞ւ Քրիստոսի մկրտութեան ժամանակ Սուրբ Հոգին աղաւնակերպ երեւաց, իսկ առաքեալների վրայ՝ հրակերպ: Պատասխանենք, որ նախ՝ եթէ Քրիստոսի մկրտութեան ժամանակ խռովութիւն կար Աստուծոյ եւ մարդու միջեւ, Սուրբ Հոգին իջաւ աղաւնակերպ, որը խորհրդանշում էր Աստուծոյ հաշտութիւնը եւ քաղցրութիւնը, որովհետեւ աղաւնին դառնութեան լեղի ամենեւին չունի: Քրիստոսի մկրտութեամբ Հայր Աստուած հաշտուեց մեր մարդկային բնութեան հետ, առաքեց ոչ բանաւոր եւ ընտանի կենդանուն՝ աղաւնուն, որպէսզի մեր վայրենացած բնութեանը Իր հետ տանի դէպի մեր հայրենի տուն, որի համար Սուրբ Հոգի Աստուած իջաւ երկնքից: Դարձեալ՝ աղաւնին շնորհների աւետաբեր կենդանի է, ինչպէս երբ ձիթենու ճիւղը Նոյի տապան բերեց: Սա ցոյց է տալիս մկրտուած անձանց զանազան շնորհները, քանզի մէկին Հոգուց տրուած է իմաստութեան եւ գիտութեան խօսք եւ այլն: Իսկ հուրը, որ երկու յատկութիւն ունի՝ լուսաւորելը եւ այրելը, խորհրդանշում է Սուրբ Հոգուն, որը լոյս եւ սրբութիւն է հաւատացեալ հոգիների համար, սակայն պատժում եւ դատապարտում է անհաւատներին, ինչպէս Անանիային եւ Սափիրային:
Այդ պատճառով անմռունչ հեծութեամբ պաղատենք շնորհաբաշխ Սուրբ Հոգուն, որ ազատի մեզ յանցանքների համար դատապարտութեան պատժից եւ մեզ ու Իր բոլոր երկրպագողներին բաժնեկից դարձնի սուրբ առաքեալների պարգեւների սրբութեանը ու շնորհների լուսաւորութեանը: Նրա առաքչին՝ Հայր Աստծուն, մեր Տէր Յիսուս Քրիստոսին եւ էակից ու փառակից Սուրբ Հոգուն, Երեք անձանց եւ մի Տէրութեանն ու Աստուածութեանը փա՛ռք, պատի՛ւ եւ երկրպագութիւն այժմ եւ միշտ ու յաւիտեանս յաւիտենից. ամէն:
[1] Գործք. Բ 2,3:
[2] Սաղմ. ԺԸ 5:
[3] Յովհ. ԺԴ 26:
[4] Սաղմ. ԽԴ 2:
[5] Ա Կորնթ. Բ 10:
[6] Սաղմ. ԼԳ 9:
[7] Յովհ. ԺԵ 26:
[8] Յովհ. ԺԶ 14:
[9] Յովհ. ԺԶ 15:
[10] Ա Պող. Ա 24:
[11] Յովհ. ԺԴ 17:
[12] Ա Կորնթ. Բ 10:
[13] Հռոմ. Ը 35:
[14] Գործք. Բ4:
[15] Համաբուն — բնութենակից:
Աղբյուր՝ shavigh.am