Քանի՜ հազար տարի, քանի՜-քանի՜ դարեր
գլխապատառ ընկած, մարդը գալիս էր, որ
մտնի հանգրվանը, մարդկային պարզ սիրո՜
մարդկային մեծ խղճի՜, արդարությա՜ն, ոգու՜,
անթե՜ք ճշմարտության օթեւանը մտնի,
եւ ազատված անմիտ տանջանքների բեռից,
ինքն իր բռնությունից ձերբազատված իսպառ,
փառք քեզ, ոգու մղում, խաղաղություն գտնի:
Նա գալիս էր այդպես գլխապատառ ընկած,
եւ կանգ առավ այնտեղ, ուր որ է կանգ էր առել
երեկվա կարճ օրը, տառապանքով լլկված,
նույնպես հոգնամրմունջ եւ չարչարված դարեր,
նույնպես հրաշագործ մղումներով փրկված,
շռայլելով ցավի արյունալի բառեր,
դարձյալ նույն մարդկային երազանքով գրկված՝
հորիզոնի վրա մայրամուտ էր դառել:
Մարդը կանգ էր առել եւ լսում էր օրվա
նույնպես անկրկնելի հառաչանքը վերջին,
եւ սեղմում էր սիրտը անասելի ցավով
իր հոգեվարքն ապրող օրվա ջանքը վերջին.-
նրան պարուրել էր անմեկնելի մի միտք,
որ լուռ ծավալվել էր հովիտների վրա,
բլուրներով հոսել-թանձրացել էր ցածում…
…որ ծնել էր օրվա այդ տանջանքը վերջին:
Նա չէր կարող շարժվել: Վախից արձանացած,
դեռ չպաղած իսպառ, դիակի պես դեռ տաք,
նրան թվում էր, թե՝ ոտքը փոխի հանկարծ,
ռումբեր պիտի պայթեն ուղիղ ոտքերի տակ:
Ախ, թվում էր նրան՝ եթե շարժվի հանկարծ,
ուղիղ ոտքի տակից հրթիռներ կթըռչեն՝
որ հրկիզեն վերջին շարժումն աշխարհի մեջ
եւ մարդկային վերջին երազանքը ջնջեն:
Եվ նա նայեց շուրջը՝ վախվխելով, զգույշ.-
վերջին քամու, հովի շարժում ամգամ չկար,
բոլոր մարդիկ իր պես արձանացել վախից,
նայում էին իրար՝ անմիտ ու ապիկար:
Բոլորի տակ ասես ռումբեր էին դրված,
չէր շնչում հողն անգամ-ականներով պատած-
միայն միտքն էր շարժվում ազատ ու անկաշկանդ՝
աստվածային կյանքը մահվան դատապարտված:
…Օ՜, Պղնձե քաղաք, օ՜, հեքիաթի մարդիկ,
չարաբաստիկ կամքով հավետ արձանացած,
օ՜, մարդկային մետաքս զգացմունքի թելին
մտքի անասելի ծանր բեռներ բարձած
հեքիաթային ճորտեր մոլեգնության կամքի,
այս ի՞նչ հանգրվանի բերեցիք դուք մարդկանց,
եւ ի՞նչ նվիրումի, եւ ի՞նչ հավատամքի,
ա՞յս էր ձեր երկիրը՝ իդեալներից սարքած,
եւ վախճանը մարդու-տիեզերքի փառքի: