Կարոտներիցս մի երկու կարոտ
եւ հույսերիցս լոկ մի երկու հույս
շալակած ընկա ճամփան քարքարոտ՝
դեպի երկնքի գահը երկնասույզ:
Անտրտունջ, անվախ, լուռ ու անդադրում
քայլեցի երկար գիշերներ ու տիվ,
ուժերս փուշ ու մացառն էր վատնում,
եւ միտքս՝ ցավի միջատներն անթիվ:
Քայլեցի երկար, եւ կամաց-կամաց
տեսա, որ կյանքը մարմինս է լքում.-
Ես ու՞մ հանձնեի պատյանն այս քամած,
գերեզմանեի ո՞ր ցավի գրկում:
Սակայն ցավալին այն է, հիրավի,
որ կարոտներս նույնքան լուռ, անքուն
իմ հույսերի հետ բազմանում էին
եւ երջանկության սաղմոսում զնգուն:
Ես ձեզ ի՞նչ թողի, ի՞նչ թողի ես ձեզ
պայծառ կյանքի ու հրճվանքի տեղ՝
մի հզոր բանակ լուռ կարոտների
եւ հույսերի մի անպարտելի ցեղ: